HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայկական հիվանդություն. Հայաստան-Իրան` 1:3

Երեկ «Հրազդան» մարզադաշտում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ընկերական խաղում 1:3 հաշվով պարտվեց Իրանի հավաքականին: Վերջինիս կազմում հանդես էին գալիս գերազանցապես Իրանի ներքին առաջնությունում խաղացող ֆուտբոլիստներ, իսկ մեր հավաքականում ընդգրկված էին նաեւ լեգեոներները, այդ թվում` դանիական «Ռանդերսի» հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով վերջերս է համալրել ազգային թիմի շարքերը:

Հանդիպումը ակտիվ սկսեցին մեր ֆուտբոլիստները, սակայն առաջին իրական պահը ստեղծեցին իրանցիները: Նրանց հարվածներից մեկը ցնցեց ուղղահայաց դարպասաձողը: Ընդհանուր առմամբ առաջին կեսն ընթացավ հավասար պայքարում: Սակայն որտեղից որտեղ 37-րդ րոպեին Աղվան Մկրտչյանի` ձախ եզրից կատարած լայնակի փոխանցումը դեպի տուգանային հրապարակ վերածվեց յուրօրինակ գոլի: Մեր տղաները ընդմիջման գնացին բարձր տրամադրությամբ:

Հենց նման տրամադրությամբ էլ հայ ֆուտբոլիստները սկսեցին երկրորդ կեսը` անընդհատ լարվածության մեջ պահելով մրցակցի պաշտպաններին: Դրվագներից մեկում իրանցիներն իրենց տուգանային հրապարակում աքցանների մեջ առան Մարկոսին, ու վրացի մրցավարը ցույց տվեց 11 մ նշակետը: Գնդակին մոտեցավ Էդգար Մանուչարյանը, որը ուզբեկների հետ վերջին ընկերական խաղում երկու գոլի հեղինակ էր դարձել, որոնցիցի մեկը` 11 մ-ով: Բայց, չգիտես ինչու, նա հարվածելու իրավունքը զիջեց Լեւոն Պաչաջյանին, ով, ի դեպ, հանդես է գալիս իրանական «Սանաթ Նավթ»-ում: Պաչաջյանը, որը հավաքականում «հաստիքային» 11 մ իրացնող չէ, հարվածեց ուղիղ դարպասապահի վրա, որը հետ մղեց այն, իսկ վրա հասած Սամվել Մելքոնյանը բարձր հարվածեց: Մերոնք, սակայն, ոչ թե հիասթափվեցին այս դրվագից, այլ ավելի ուժեղացրին ճնշումը: Արթուր Եդիգարյանի հեռահար հարվածից հետո իրանցիների դարպասապահը հազիվ շեղեց գնդակի ուղղությունը, որը դիպավ հորիզոնական դարպասաձողին, բայց չհատեց դարպասի գիծը: Հետո էլ նույն Պաչաջյանը մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի դեմ, բայց թույլ հարված կատարեց նրա վրա:

Իրանցիները ձգտում էին գցել հանդիպման տեմպը: Ու մտավախություն կար, որ կրկին կարող է գործել ֆուտբոլային հայտնի օրենքը. «Դու չես խփում` քեզ են խփում»: Այդպես էլ եղավ: Անկյունայիններից մեկի խաղարկման ժամանակ դարպասապահ Ստեփան Ղազարյանը կորցրեց իրեն, անտեղի դուրս եկավ տեղից, հետո կրկին հետ քաշվեց ու խառնաշփոթ իրավիճակում կրկին օդային պայքարի մեջ մտավ մրցակցի խաղացողի հետ, որն ավելի բարձր ցատկեց ու գլխով գնդակն ուղարկեց մեր դապասը: Խաղը ցույց տվեց, որ Ղազարյանը բավական վստահ է գործում հեռահար հարվածները հետ մղելիս, բայց շատ անզգույշ ու անվստահ է, երբ գնդակը կախում են մեր տուգանային հրապարակ: Թերեւս իր դերն է խաղում նաեւ Ղազարյանի ոչ շատ բարձր հասակը: Առաջին գոլից հետո իրանցիները անմիջապես ոգեւորվեցին, ինչպես մերոնք` երկրորդ կեսի սկզբում: Արդյունքում` ծնվեց Աղվան Մկրտչյանի գոլի երկվորյակը, բայց արդեն մրցակցի կատարմամբ: Անփույթ գործեց Ստեփան Ղազարյանը, որի գլխավերեւով գնդակը հայտնվեց ցանցում:

Հենց այստեղ էլ ջարդվեց մեր թիմի ողնաշարը: Կրկին գլուխ բարձրացրեց հայկական թիմերի հիվանդությունը` հոգեբանական անկայունությունը: Պարտվող թիմը մինչեւ խաղավերջ այդպես էլ լուրջ պահ չկարողացավ ստեղծել մրցակցի դարպասի մոտ: Եվ սա այն պարագայում, երբ 78-րդ րոպեին, երկրորդ դեղին քարտը ստանալով, դաշտից հեռացվեց իրանցիների ավագ Ջավադ Նեկունամը: Այնպիսի տպավորություն էր, թե մեր ֆուտբոլիստներն են հաղթողի դերում ու առանձնապես չեն մտածում գրոհների մասին: Այնինչ հակառակն էր: Մրցակիցը գնդակ էր պահում, իսկ մերոնք վազում էին աննպատակ: Կարելի է ասել, թե հայ ֆուտբոլիստները հոգնել էին, բայց չէ՞ որ բաց թողած երկու գոլից րոպեներ առաջ հենց այդ տղաներն էին լարվածության մեջ պահում մրցակցին: Պատճառը զուտ հոգեբանական է. երբ մարզիկն այլեւս չի հավատում հաջողությանն ու թեւաթափ է լինում: Փոխարենը 10 հոգով խաղացող իրանցիները ավելացված ժամանակի վերջին րոպեին սուր գրոհ կազմակերպեցին ու մեր պաշտպաններից պոկվելուց հետո ստիպեցին Ղազարյանին խախտել կանոնները սեփական տուգանայինում: Նշանակված 11 մ-ը հստակ իրացնելով` մրցակիցը ցույց տվեց, թե ինչպես պետք է կատարել այդ հարվածը:

Սա վերջին փորձամրցումն էր «Եվրո-2012»-ի ընտրական փուլի մեկնարկից առաջ: Բայց հավաքականում կան մեծ բացեր, որոնք շուտափույթ չլրացնելու դեպքում ապագա պաշտոնական հանդիպումներում հայ հանդիսատեսին ոչ մի լավ բան չի սպասվի: Առաջիկա հանդիպումը կլինի սեպտեմբերի 3-ին Երեւանում Իռլանդիայի դեմ:

Նշենք, որ մեր գալիք մրցակիցները` Ռուսաստանը, Սլովակիան, Իռլանդիան, Մակեդոնիան, Անդորրան, նույնպես ընկերական խաղեր են անցկացրել: Ռուսաստան-Բուլղարիա` 1:0, Սլովակիա-Խորվաթիա` 1:1, Իռլանդիա-Արգենիտինա` 0:1,Մալթա-Մակեդոնիա` 1:1, Կիպրոս-Անդորրա` 1:0:

Հ.Գ. Երեկ «Հանրապետական» մարզադաշտում ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը «Եվրո-2011»-ի ընտրական փուլում իր նախավերջին խաղում 2:3 հաշվով զիջեց վրացի հասակակիցներին: Մեր տղաներն այսպիսով կորցրին նաեւ խմբից դուրս գալու տեսական հնարավորությունները: Վերջին հանդիպումը սեպտեմբերի 7-ին կլինի նույն վրացիների հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter