Չորեքշաբթի, 22 մայիսի

Հայաստանի «ուժեղ» քաղաքացիական հասարակության առեղծվածը


22:04, 8 օգոստոսի, 2012

Երեկ ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը Մաշտոցի պուրակում հայտարարեց, որ Հայաստանի քաղաքացիական հասարակությունը երկրորդ «ուժեղն է» ԱՊՀ տարածքում: Քլինթոնի այցից հետո Հեֆերնը կարծես այդ զորեղ պետության երկրորդ պաշտոնյան է, ով հստակ կերպով ակնարկում է, որ Հայաստանում վաղուց արդեն բոլոր գործընթացները ծավալվում են հասարակական դաշտում: Չեմ կարծում, որ Հեֆերնին կամ նրա ներկայացրած երկրի կողմից ֆինանսավորվող միջազգային գիշատիչ կորպորացիաներին ձեռնտու է Հայաստանում ունենալ իրապես կայացած եւ գիտակից քաղաքացիական հասարակություն, բայց դա այլ վերլուծության թեմա է: Այժմ անդրադառնանք ավելի կարեւոր մի հարցի` «քաղաքացիական հասարակություն» եզրույթի ձեւակերպմանը եւ նրա գործառույթներին, առավել եւս, որ այդ հարցի շուրջ խորը վերլուծություններ կարծես թե չեն արվում: 

Ինձ համար կա մեկ բացարձակ աքսիոմ. այսօրվա աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային զարգացումների համատեքստում Հայաստանի գոյատեւման, զարգացման եւ հաղթանակների միակ իրական երաշխիքը կայուն եւ իրական ժողովրդավարական հաստատությունների ձեւավորումն է: Իր հերթին, ամուր ժողովրդավարության հաստատման միակ իրական երաշխիքը ուժեղ եւ գիտակից քաղաքացիական հասարակությունն է: Ինչպես «լավ իշխանություն», այնպես էլ «սրտացավ միջազգային հանրություն» չի լինում: Լինում է քաղաքացիական հասարակություն, որը ստիպում է կառավարող վերնախավին լինել լավը, իսկ «քաղաքակիրթ ազգերին»` իր հետ չվարվել որպես հանքահումքային պահեստամասերի ամբարի: 

Որքան էլ զավեշտալի չհնչի, այսօրվա իշխանություններին եւս ձեռնտու է ունենալ ամուր քաղաքացիական հասարակություն, որպեսզի հարկ եղած դեպքում այդ խաղաքարտն օգտագործի, օրինակ` արցախյան հակամարտության կարգավորման ընթացքում զիջումների չգնալու, կամ, օրինակ, Ջերմուկին հարակից Ամուլսարի հանքավայրի շահագործման հանցավոր ծրագրի դեմ «անգլոսաքսոնների» ճնշումներին դիմակայելու համար... 

Բայց այստեղ շատ կարեւոր է հասկանալ, թե ինչ ասել է «քաղաքացիական հասարակություն»: Ինչպե՞ս տարանջատել հասարակական սեկտորը զանազան հայոց արծիվներից, բազեներից, գրպանային «մտավորականներից», կառավարության օրակարգերով տվայտվող ՀԿ-ներից կամ հասարակական դաշտ մխրճվող բիզնես սեկտորից: 

Ի՞նչ է իրականում տեղի ունենում: Իրականում, մի կողմից պետական կառավարման  համակարգը յուրացրել է քաղաքացիական հասարակության գործիքները եւ փորձում է այդ գործիքները կիրառել հասարակության դեմ, մյուս կողմից` բիզնես սեկտորը փորձում է իր անձնական` բիզնես շահերն «անցկացնել» հասարակական պահանջի անվան տակ: Այսպես` որեւէ քաղաքական ուժ հանրահավաք է կազմակերպում, իշխանությունը նրանց դեմ հանդես է գալիս իր սեփական «հայոց արծիվներիով»:

Կամ, երբ «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը» պայքար է սկսում Թեղուտի հանքավայրի անօրինական շահագործման դեմ, հանքավայրի շահագործման լիցենզիա ստացած բիզնեսմենները ստեղծում են իրենց սեփական հասարակական կազմակերպությունը` «Փրկենք Թեղուտը» շփոթեցնող անվամբ, որի նպատակն է ցույց տալ, թե իբր նույն հարցի վերաբերյալ կա նաեւ այլ կարծիք, որը եւս հասարակական կարծիք է:

Ճիշտ է, այդ կազմակերպության անդամներ են գյուղապետներ, պետական եւ տեղական իշխանավորներ, շահագործող ընկերության ներկայացուցիչներ, եւ դրանով իսկ կազմակերպության «հասարակական» իմաստը կորում է, բայց փաստն այն է, որ օրենքը թույլ է տալիս հասարակական կազմակերպության անվան տակ հանդես գալ նաեւ վարչական եւ բիզնես սեկտորը ներկայացնող անձանց: 

Այս երեւույթը այնքան էլ նոր բան չէ, դեռեւս տարիներ առաջ այս «հնարքը» գործածվել է «ժողովրդավարության հայրենիք» Ռուսաստանում` պուտինյան «սուվերեն ժողովրդավարության» հայեցակարգի ներքո: Սույն լիովին բովանդակազուրկ հայեցակարգի ամբողջ իմաստը հետեւյալն է. այդտեղ հավաքված մարդիկ ձեր քաղաքացիական հասարակությունն են, սա էլ իմն է: Ինչո՞վ է իմ ժողովուրդը ձեր ժողովրդից ավելի վատը: 

Քաղաքացիական հասարակության տարբերությունը վարչական եւ բիզնես ոլորտներից այն է, որ քաղաքացիական հասարակությունը բարձրացնում է օբյեկտիվ հիմնախնդիրներ` ելնելով համընդհանուր բարեկեցության եւ պետության ապագայի իր պատկերացումներից եւ ոչ թե խմբակային շահերի պաշտպանությունից: Օրինակ՝ հանքարդյունաբերության դեմ պայքարողները առաջարկում են նախաինդուստրիալ, հանքահումքային տնտեսության փոխարեն ընտրել տնտեսական զարգացման նոր ուղի` պետության երկարաժամկետ եւ մշտական զարգացման համար: Կամ պատասխանատվության ենթարկել տարիներ շարունակ բռնություն քարոզող,  դաժանության տիպար հանդիսացող օլիգարխին` հանուն հասարակության բարոյական առողջացման, արդարության նկատմամբ հավատի վերականգնման: Միեւնույն ժամանակ «քաղաքացիական հասարակության» մյուս անդամները, իրենց վարչական ու ֆինանսական անսպառ ռեսուրսներն օգտագործելով, նույն գործիքներով պայքարում են իրական հասարակական սեկտորի դեմ:

Օրինակ՝ ձեզ մեջ հարց չի՞ առաջանում, թե Նեմեց Ռուբոյի աջակցության համար ստորագրություններ հավաքած «մտավորականները» ի՞նչ մոտիվացիա ունեն դա անելու համար: Երեւի համարում են, որ Նեմեց Ռուբոյի մտավոր պոտենցիալը շատ կարեւոր է Ազգային ժողովում օրենսդրական փաթեթներ մշակելու համար:

Ահա այստեղ է պետական եւ բիզնես ոլորտների տարբերակման հիմնական ցուցիչը հասարակական սեկտորից: Եթե մի հասարակական կազմակերպությունում հավաքված են վարչական լծակներ ունեցող անդամներ, այդ կազմակերպությունը չի կարող հանդես գալ հասարակության անունից, քանի որ հասարակական կազմակերպության իմաստն ու հիմնական գործառույթը հենց վարչական ապարատի նկատմամբ հասարակական վերահսկողությունն է: Պետական պաշտոնյան չի կարող ինքն իր նկատմամբ վերահսկողություն իրականացնել, դա կեղծ է եւ բովանդակազուրկ:

Մյուս կողմից, բիզնես ոլորտը եւս օբյեկտիվորեն չի կարող անշահախնդիր կերպով ներկայացնել համընդհանուր հասարակական շահերը, քանի որ նրա նպատակն է իր բիզնեսի միջոցով գումար վաստակելը եւ ոչ թե մատնանշել իր իսկ գործունեության հետեւանքով շրջակա միջավայրին կամ այլ անձանց պատճառվող վնասները: Իսկ ձեռնարկատերերի եւ աշխատողների իրավունքների պաշտպանության համար կարելի է ստեղծել արհեստակցական միություններ:

Համընդհանուր շահերը պաշտպանող հասարակական սեկտորը եւս միատարր չէ, այստեղ եւս կան շերտավորումներ: Գաղտնիք չէ, որ հասարակական կամակերպությունները հիմնականում գոյատեւում են տարբեր միջազգային կառույցների կողմից տրվող դրամաշնորհային ծրագրերի միջոցով: Այդ նույն դրամաշնորհներով է սնուցվում նաեւ ողջ պետական համակարգը` անհամեմատ ավելի մեծ ծավալներով: Գաղտնիք չէ նաեւ, որ այսօրվա հասարակական սեկտորի անվան տակ հանդես են գալիս նաեւ տարբեր ներկա եւ նախկին պետական չինովնիկների կողմից ստեղծված հասարակական կազմակերպությունները:

Սակայն քաղաքացիական հասարակության «զարգացման» գործում վերջիններիս առաքելությունը հաճախ միայն դրամաշնորհներ ստանալն ու այդ միջոցով գումար վաստակելն է, մինչդեռ մյուսների համար դրամաշնորհը ծառայում է որպես գոյատեւման միջոց` երկրում առկա հիմնախնդիրները բարձրացնելու եւ դրանց կարգավորման համար պայքարելու համար: Այսպիսով, քաղաքացիական դաշտում գործում է միմյանցից որակապես տարբերվող երկու հասարակական թեւ. մեկը ստեղծվել է թուղթ սեւացնելու եւ դրանով փող աշխատելու համար, մյուսը երկրում առկա իրական խնդիրներ է վերհանում եւ փորձում է բերել դրական փոփոխություններ:

Կա նաեւ երրորդ շերտը` քաղաքացիական նախաձեռնությունները, որոնք չունեն պետական գրանցում, չեն վերցնում դրամաշնորհներ, անդամները գործում են կամավորության սկզբունքով` հիմնականում իրենց անձնական դրամական միջոցների հաշվին եւ ամբողջությամբ նվիրված են իրենց կողմից վերհանված խնդիրների լուծման գործին: Ահա այս հատվածն է, որ լակմուսի թուղթ է դարձել հասարակական կազմակերպությունների համար:

Այստեղ ներգրավված են հասարակական այն կազմակերպությունների ներկայացուցիչները, ովքեր, բացի վճարովի աշխատանքից, պատրաստ են նաեւ իրենց միջոցներն ու եռանդը ներդնել՝ հանուն համընդհանուրի բարեկեցության, հանուն այն նպատակների իրականացման, որոնք կազմում են քաղաքացիական հասարակության իմաստն ու էությունը: Սա մի նոր երեւույթ է հասարակության կյանքում, որը դարձել է քննարկման առարկա:

Շատերի մեջ հարց է բարձրանում, թե ինչ միջոցներով են ապրում այն մարդիկ, ովքեր ներգրավված են այդ նախաձեռնություններում: Այդ մարդիկ աշխատում են, ահա պատասխանը: Ոմանք աշխատում են տարբեր պետական եւ ոչ պետական մարմիններում, լրատվամիջոցներում, ոմանք էլ` հենց նույն հասարակական կազմակերպություններում` հաճախ կատարելով այն նույն աշխատանքը, ինչ նախաձեռնություններն են անում: Այդ մարդիկ գումար են վաստակում իրենց վճարովի աշխատանքի դիմաց, որը նրանց թույլ է տալիս անվճար հիմունքներով ներգրավվել քաղաքացիական նախաձեռնությունների աշխատանքում:

Վերջերս հանրային դաշտում ծավալվեց մի դիսկուրս, թե քաղաքացիական նախաձեռնությունների առանձին անդամներ իրենց քաղաքացիական ակտիվությունն օգտագործում են գումար վաստակելու համար: Հիմնավորումը մոտավորապես հետեւյալն էր. եթե չլիներ, օրինակ, Թեղուտի հիմնահարցը, այդ հարցով զբաղվող հասարակական կազմակերպությունները չէին կարող դրամաշնորհային ծրագիր իրականացնել Թեղուտում վրանային ճամբար կազմակերպելու համար: Նրանք, սակայն, մոռանում են, որ այդ նույն դրամաշնորհային ծրագրերի միջոցով հնարավոր եղավ հասնել այն արդյունքին, որ այսօր մենք ունենք Օրհուսի կոնվենցիայի Համապատասխանության կոմիտեի որոշում առ այն, որ Թեղուտում հանքավայրի շահագործման լիցենզիան տրվել է Կոնվենցիայի խախտմամբ, եւ որ այդ փաստաթուղթն այն հաղթաթուղթն է, որով դու կարող ես մտնել հանքավայրի տարածք, ստիպել, որ դադարեցնեն կատարվող աշխատանքները` ձեռքիդ պահած ունենալով այդ որոշումը:

Քաղաքացիական հասարակության անդամները կվազիհասարակությունից տարբերվում են ոչ թե դրամաշնորհ վերցնելու կամ չվերցնելու հանգամանքով, այլ վերցված միջոցները նպատակային եւ արդյունավետ օգտագործելու, դրանցով հասարակական դաշտն իրապես ուժեղացնելու մոտիվացիայով: Ոչ թե «Ազատության» հրապարակում գլխաքանակ ապահովելու, այլ համընդհանուր բարիքի համար կամավոր պայքարելու՝ հանուն դրա զրկանքներ կրելու պատրաստակամությամբ:

Այնպես որ, ճիշտ է Հեֆերնը, Հայաստանում ձեւավորվում է քաղաքացիական հասարակություն: Հասարակական ոլորտում վարչական ռեսուրսի եւ բիզնեսի այս աստիճան ներգրավվածությունն արդեն իսկ խոսուն փաստ է, որ հանրությունը պետության կյանքում արդեն իսկապես գործոն է` գուցե միակ իրական գործոնը, որի հետ հաշվի են նստելու բոլորը` քաղաքական դաշտի խաղացողներից մինչեւ միջազգային գիշատիչ կորպորացիաներ եւ դիվանագիտական ներկայացուցիչներ:

Դա այն գործոնն է, որն ազդելու է երկրի տնտեսական եւ արտաքին քաղաքականությունների վրա: Որը թույլ չի տալու Հայաստանը վերածել մեծ պոչամբարի, իսկ Արցախը` մեծ տերությունների առեւտրային մանրադրամի: Ձեւակերպումներն արդեն տրված են, թացը չորից առանձնացված է:

Արդեն դժվար է լինելու կառավարական ՀԿ-ների ու գրպանային «մտավորականների» միջոցով աղճատել հասարակական կարծիքը: «Սուվերեն ժողովրդավարության» մոդելն այստեղ չի գործում: Եւ սա վերաբերում է թե հայրենական իշխանությանն ու նրա հետ սերտաճած բիզնես սեկտորին եւ թե միջազգային գիշատիչ կապիտալի շահերը ներկայացնող կառույցներին: Մենք ձեզ համար պոչամբարացու հայրենիք չունենք ոչ Հայաստանում եւ ոչ էլ Արցախում:

Արթուր Գրիգորյան
Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (4)
1. Վերլուծաբան12:35 - 9 օգոստոսի, 2012
Այսինքն ի՞նչ, քաղաքացիական հասարակության տարրերն անպայման պետք է հանդես գան պետության հենասյուների դե՞մ, անպայման հայհոյե՞ն ոստիկաներին, ամեն առանձին ողբերգություն դարձնեն պատրվակ ու առիթ Հայաստանում գործարարությամբ զբաղվողներին ընդհանրապես հեղինակազրկելու ու վարկաբեկելու համա՞ր, անպայման խոչընդոտե՞ն տնտեսական ծրագրերի իրականացմանը և այլ «կազմաքանդիչ» բանե՞ր անեն, որ լինեն «իսկական»... Եթե ոչ, ապա կառավարական ՀԿ կամ գրպանային մտավորական են... Չէ՛, «եղբայր», մեզ այնպիսի քաղաքացիական հասարակություն պետք չէ, որի օրակարգը հաստատում են հենց նույն այդ դեսպանատնից, որն այսօր գովերգում է այդ «հասարակության» «ուժը», որի ներկայացուցչին հարցնում ես «ձեռքիդ քանի՞ մատ կա» զանգում է այդ դեսպանատուն, «դաբրո» ստանում, նոր պատասխանում (էդ էլ դրանց ինքնուրույնությունն ու ինքնորոշվածությունը), որը պայքարում է միայն այն բնապահպանական խնդիրների համար, որոնք անխուսափելի են տնտեսական ծրագրերի իրականացման ժամանակ և թքած ունի նրանց վրա, որոնք ոչ մի զարգացման հետ կապ չունեն: Ինչ վերաբերում է հենց հոդվածագրին. քաղաքացիական հասրակության մասին գոնե մի բան կարդալ է պետք, նոր այդ մասին գրել: Դժգոհում է, որ խորը վերլուծություններ չեն արվում եզրույթի բովանդակության ու դրա գործառույթների շուրջ. եթե դու դրանց մասին չգիտես, ապա դա չի նշանակում, որ չեն արվում: Այսօր թե՛ Հայաստանում, թե՛ այլուր քաղաքագետների շրջանում երևի թե ավելի քննարկվող ու խորը վերլուծվող թեմա չկա: Եթե դա քեզ չի բավարարում, ապա քո պատկերացումը ներկայացնեիր, տեսնեինք թե ինչպես ես հասկանում այդ եզրույթը... Շատ չերկարացնելու համար ամփոփեմ հեղինակին ուղղված մի փոքրիկ խորհուրդ- նախազգուշացումով. երբեք չի կարելի մոռանալ, որ հասարակության բարձրագույն քաղաքական ինստիտուտը պետությունն է: Եվ եթե տարբեր դեսպանատներում հաստատվող օրակարգերով, քաղաքացիական հասարակության ինստիտուտների շղարշի ներքո դուք այսօր պայքարում եք ի վնաս Հայաստանի պետական-ազգային շահերի, դուք անպայման պարտվելու եք: Հ.Գ. Սա նույն հեղինակի մասին է. http://emedia.am/hy
2. Վարազ Սյունի (Ամստերդամ)16:33 - 9 օգոստոսի, 2012
Հոյակապ հոդված է: Անատոմիականին հասնող ճիշտ վերլուծություն: Հայաստանի մամուլում վերջին կես տարում իմ կարդացած վերլուծություններից ամենալավը:
3. Հովսեփ12:54 - 10 օգոստոսի, 2012
Հարգելի "Վերլուծաբան", հստակ երևում ա, որ իշխող կլանային տնտեսական համակարգի մի բաղկացուցիչ մասնիկ եք կամ էլ էտ հաամկարգի տրամադրած բարիքներից օգտվողների փոքրաթիվ խմբի մի անդամը: Բոլոր երկրներում պետության զարգացման ու առաջընթացի միակ շարժիչ ուժը եղել և մնում ա քաղաքացիական հասարակությունը: Անձամբ ինձ չի հետաքրքրում, թե որտեղ են հրահանգներ ստանում այդ կազմակերպությունները: Ինձ համար կարևորը բարձրացված հարցերն են, իսկ դրանք, մեր երկրում տեղին են ու իսկապես մտահոգությունների տեղիք են տալիս:
4. Աննա14:43 - 10 օգոստոսի, 2012
Հարգելի Վերլուծաբան, 'Հայաստանի պետական-ազգային շահերի' փոխարեն ճիշտ կլիներ` ասեիք մի խումբ անձանց կարճաժամկետ ֆինանսական շահ':
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ

 
 
  Պատրաստված է՝

Մեր մասին

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն,
Երեւան-0010, Բուզանդի 1/3, 8-րդ հարկ
Հեռ.՝ +374 10 563363
Էլ-փոստ՝ info@hetq.am

Մեջբերումներ անելիս հղումը «Հետքին» պարտադիր է:
© 2013 Հետք online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Աջակցեք «Հետքին»