HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետն այցելել է Արարատի և Վայոց ձորի մարզեր

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց  Արարատի եւ Վայոց ձորի մարզեր` առաջնահերթ խնդիրների լուծման երրորդ հրատապ ծրագրով իրականացվող շինաշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով:

Արարատի մարզին երրորդ  հրատապ ծրագրով հատկացվել է 1 մլրդ 305 մլն դրամ, որով մարզում իրականացվում է  60 ծրագիր: Արդեն ավարտված է  ընդհանուր աշխատանքների 50 տոկոսը:

Փոխվարչապետն  Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի ուղեկցությամբ  այցելեց Ոսկետափ համայնք, որտեղ երրորդ հրատապ ծրագրով հատկացված 10 մլն դրամով վերանորոգվում է համայնքի բազմաբնակարան շենքի տանիքը:Աշխատանքների ավարտը նախատեսված է օգոստոսի վերջին:

Ավշար համայնքում  Ա. Գեւորգյանը ծանոթացավ համայնքային մանկապարտեզում  իրականացվող շինմոնտաժային աշխատանքների ընթացքին, որի համար երրորդ հրատապ ծրագրով հատկացվել է 25 մլն դրամ: Աշխատանքներն իրականացվում են սահմանված ժամկետներում եւ  սեպտեմբերին մանկապարտեզը  կունենա նորացված ենթակառուցվածքներ: Համայնքային մանկապարտեզի վերանորոգումը սկսվել է  դեռեւս հրատապ երկրորդ ծրագրով, որի համար  հատկացվել էր  10 մլն դրամ:

Փոխվարչապետը նշեց, որ աշխատանքները պետք է կատարվեն ըստ ժամանակացույցի եւ որակով, եւ հորդորեց մարզպետին մշտապես ուշադրություն դարձնել հրատապ ծրագրով մարզում իրականացվող շինաշխատանքների որակին:

Առաջնահերթ խնդիրների լուծման երկրորդ եւ երրորդ հրատապ ծրագրերի ֆինանսավորմամբ  Արարատ քաղաքն ունի  վերանորոգված մշակույթի տուն: Մշակույթի տան վերանորոգումը սկսվել եւ  ավարտին է հասցվել  առաջնահերթ խնդիրների լուծման երկրորդ եւ  երրորդ հրատապ ծրագրերով հատկացված համապատասխանաբար  36 եւ  25 մլն դրամով:

Ա.Գեւորգյանը կարեւորեց համայնքներում վերանորոգված,  բարվոք պայմաններով մշակույթի տների առկայությունը, ընդգծելով դրանց կարեւորությունը  մարզերում երիտասարդների ժամանցի կազմակերպման առումով:

Ընդհանուր առմամբ Արարատի մարզին առաջնահերթ խնդիրների լուծման հրատապ երեք ծրագրերով հատկացվել է 3 մրդ 915  մլն դրամ: Իրականացվել է  եւ շարունակվում է  ենթակառուցվածքների, կրթական, մշակութային, համայնքային նշանակության կառույցների  վերանորոգմանը, հիմնանորոգմանն ուղղված 185 ծրագիր մարզի  87 համայնքում: Կան համայնքներ, որտեղ աշխատանքները վերջնական ավարտելու համար երեք   ծրագրով էլ աշխատանքներ են կատարվել:

Արարատի մարզից Ա.Գեւորգյանը մեկնեց  Վայոց ձորի մարզ: Մարզպետ Էդգար Ղազարյանի ուղեկցությամբ Ռինդ գյուղում ծանոթացավ համայնքի կոյուղագծի շինարարության ընթացքին: Կոյուղագիծն անցկացվել է երկրորդ հրատապ ծրագրով հատկացված 25 մլն դրամով: Փոխվարչապետի հետ քննարկվեց  համայնքում կոյուղաջրերի մաքրման կայանի կառուցման համար ֆինանսական աղբյուրների հնարավորությունները: Հաշվի առնելով դեղձի  այս տարվա առատ  բերքը,  Ռինդ համայնքի ղեկավարը Ա. Գեւորգյանի մոտ բարձրացրեց  դեղձի  իրացման խնդիրը եւ մթերման կազմակերպման հարցում ակնկալեց կառավարության աջակցությունը:

Մարզի  Մարտիրոս համայնքի երիտասարդական կենտրոնը վերանորոգվել է  ՕՔՍՖԱՄ բարեգործական կազմակերպության աջակցությամբ, սակայն աշխատանքները կիասավարտ են մնացել: Համայնքում Ա. Գեւորգյանի մոտ բարձրացվեց  երրորդ հրատապ ծրագրով տնտեսված գումարներից 2,4 մլն դրամն  անավարտ աշխատանքների համար հատկացնելու հարցը: Համայնքի բնակիչները  Ա.Գեւորգյանին  ներկայացրին  մի  շարք խնդիրներ, նշելով, որ հատկապես առաջնահերթ են  համայնքի վթարային բնակելի տների հարցի լուծումը, ինչպես  նաեւ  համայնքային մշակույթի տան վերանորոգումը:

Բարձրունի համայնքում փոխվարչապետը քննարկեց դպրոցի շենքի  ամրացման աշխատանքների ընթացքը: Երրորդ հրատապ ծրագրով այս նպատակով հատկացվել է 10,5 մլն դրամ: Փոխվարչապետին զեկուցվեց, որ նախագծային աշխատանքներն ավարտված են, շուտով կմեկնարկեն շինաշխատանքները եւ կավարտվեն հոկտեմբերին:Համայնքի բնակիչները Ա. Գեւորգյանին դիմեցին ոռոգման ցանցի վերանորոգման հարցով, որը  հնարավորություն կտա մշտապես ոռոգելի դարձնել եւ մշակել  100 հա գյուղատնտեսական նշանակության հող: Գյուղացիները բարձրացրին  նաեւ  Սերս-Բարձրունի ճանապարհի վերանորոգման խնդիրը  եւ ակնկալեցին կառավարության աջակցությունը: 

Վայոց ձորին առաջնահերթ խնդիրների լուծման հրատապ երեք ծրագրերով հատկացվել է 780  մլն դրամ: Ընդհանուր առմամբ` երեք ծրագրերով մարզի 16  համայնքներում  իրականացվել  եւ ընթացքի մեջ  է 51 ծրագիր:  

Այցի ավարտին փոխվարչապետը  մարզպետարանում հրավիրված խորհրդակցության ընթացքում մարզպետարանի  պատասխանատուների հետ  քննարկեց մարզի առաջնահերթ խնդիրներին` սեփական եկամուտների հավաքագրմանը,  գյուղատնտեսական բերքի իրացմանը, ոռոգման կազմակերպմանը վերաբերող հարցեր:  Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության  հասարակայնության հետ կապերի բաժինը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter