Չորեքշաբթի, 19 հունիսի

Ամեն ինչ արվում է, որ «Հարսնաքարի» գործը չբացահայտվի, և իրական մեղավորները չպատժվեն


11:00, 9 օգոստոսի, 2012

Երեկ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունը, համարելով, որ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի բակում 2012 թ. հունիսի 17-ին տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված և վարչությունում քննվող քրեական գործով հավաքվել են բավարար ապացույցներ, հայտարարել է մի մասով նախաքննությունն ավարտելու և գործի նյութերը կողմերին, դրանց ծանոթանալու նպատակով, տրամադրելու մասին:

Տեղեկացնում ենք, որ մեզ՝ Վահե Ավետյանի իրավահաջորդի և այժմ արդեն մնացած չորս տուժողների ներկայացուցիչներիս, գործի նյութերը տրամադրվել են երեկ՝ ժամը 22.00-ի մոտակայքում նույն վարչության քննիչ Ռոման Սարդարյանի կողմից, որն անձամբ ներկայացել էր մեր գրասենյակ՝ դրանք հանձնելու: Գործի բոլոր նյութերը երեք հատոր են, որոնց էջերի թիվը 1000-ից ավելի է:

Մենք ծանուցվել ենք, որ օգոստոսի 10-ին՝ ժամը 10.00-ին, հրավիրվում ենք վարչություն՝ ներկայացնելու գործով մեր միջնորդությունները: Եվ սա արվում է այն պարագայում, երբ նույն վարչության Մարդու կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործությունների բաժնի պետ Արսեն Այվազյանը մեզ նույն օրը՝ առավոտյան, տեղեկացնում է, որ գործի մասին դատախազություն զեկուցելու ընթացքում ձեռք է բերել համաձայնություն փաստաբաններին գործի նյութերին ծանոթանալու ողջամիտ ժամկետ տրամադրելու մասին:

Ակնհայտ է, որ մեզ տրամադրած ժամկետը ողջամիտ չէ սույն գործին ծանոթանալու և միջորդություններ ներկայացնելու համար: Այն ողջամիտ չէ անգամ ավելի փոքրածավալ գեղարվեստական ստեղծագործություն կարդալու համար, մի բան, որի համար լուրջ վերլուծություններ և դրանց հիման վրա միջնորդություններ ներկայացնել չի պահանջվում:

Համոզվելու համար ընդամենը առաջարկում ենք Արսեն Այվազյանին մասնակցել մեր առաջադրած փաստաբանական փորձարարությանը և այսօր՝ ժամը 17:30-ից մինչև հաջորդ օրը՝ ժամը 17.30, ՀԿԳ վարչության շենքի դիմաց մեր և սույն գործի արդարացի ելքով մտահոգ բոլոր քաղաքացիների առջև բարձրաձայն կարդալ «Գանձերի կղզին» որը, չի բացառվում, որ բաց է մնացել նրա դպրոցական ծրագրից:

Իսկ ՀԿԳ քննության վարչությունից և դատախազությունից, հաշվի առնելով գործի լրջությունը և արդեն իսկ նկատելի լրջագույն խախտումները և բացթողումները, պահանջում ենք գործի նյութերին ծանոթանալու համար մեզ տրամադրել մեկամսյա ժամկետ, ինչի պարագայում միայն հնարավոր կլինի գործուն մասնակցություն ունենալ նախաքննությանը, հասնել գործի բացահայտմանը և իրական մեղավորների պատասխանատվությանը:

Փաստաբաններ
Տիգրան Եգորյան
Լուսինե Հակոբյան


Գլխավոր էջ

Տպել    |  In English

Տես նաև՝



Մեկնաբանություններ (3)
1. Մլեհ13:15 - 9 օգոստոսի, 2012
Ժամանակ շահեցան` լմնցաւ-գնաց: Այս փորձուած տակտիկան շատ յաջող կերպող գործարկեցին շատ աւելի վտանգաւոր ոճրագործութիւններու` "Հոկտեմբեր 27"-ի և "Մարտի 1"-ի պարագային և "հայ հասարակութիւն" (Հայաստան-Արցախ-Սփիւռք) կոչուածն ալ շատ լաւ կուլ տուաւ: Վահէ Աւետեանին ալ "հալբաթ" կը մոռնան շուտով յանուն արդարութեան այսօր թպրտացող արդարամիտները :
2. Թլկատինցի16:01 - 9 օգոստոսի, 2012
"Մենք ծանուցվել ենք, որ օգոստոսի 10-ին՝ ժամը 10.00-ին...." Հարգելի փաստափաններ.....հայերէնում ծանուցվել բայը գոյութիւն չւոնի...Ուրեմն.....Մենք տեղեկացել ենք....Մենք իմացել ենք... Մենք իրազեկ եղանք....եւ այլն....
3. la22:12 - 9 օգոստոսի, 2012
Ս/թ օգոստոսի 1-ին ՀՀ մշակույթի նախարարը բանավոր հրամայում է հեռացնել ցուցահանդեսային կենտրոնի փոխտնօրեն Կարինե Իսահակյանին, որը մինչ այդ բարեխղճորեն էր կատարել իր վրա դրված բոլոր առաջադրանքները: օգոստոսի մեկին, աշխատանքային օրվա ավարտին չծանուցելով և աշխատացնելով ամբողջ օրը հենց օգոստոսի մեկով էլ ՀՀ աշխատանքային օրենսգիրքը խախտելով Կարինեին հեռացնում են աշխատանքից: Կարինեն որոշում է դիմել դատարան իր իրավունքերը պաշտպանելու: Նույն գիշեր Կարինեն ընկնում է խորը կոմայի մեջ , որից դուրս չգալով օգոստոսի 5-ին մահանում է: Բուժող բժշկի ասելով նա այդ վիճակին է հասել ուժեղ սթրեսի պատճառով/արյան մեջ շաքարի պարունակությունը ուժեղ սթրեսի պատճառով ընկել էր /: Կարինեն աշխատում էր այդ հիմնարկում ավելի քան տասնվեց տարի և ուներ բավական փորձ, եռանդ և գիտելիքներ: կենտրոնի փոխտնօրեն էր 2012թ.-ի ապրիլից: Հոգեհանգիստը օգոստոսի 7-ին էր, Վահե քառասունքի մոմավառության օրը: Ճակատագրի հեգնանք? Հայաստանում վատ բաները կրկնվելու սովորություն ունեն
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ

 
 
  Պատրաստված է՝

Մեր մասին

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն,
Երեւան-0010, Բուզանդի 1/3, 8-րդ հարկ
Հեռ.՝ +374 10 563363
Էլ-փոստ՝ info@hetq.am

Մեջբերումներ անելիս հղումը «Հետքին» պարտադիր է:
© 2013 Հետք online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Աջակցեք «Հետքին»