Հայաստանը կիսում է 48-րդ տեղը Բելգիայի ու Մոնղոլիայի հետ
Երեկ ուշ երեկոյան գյումրեցի նիզականետորդ Մելիք Ջանոյանը որակավորման փուլում B ենթախմբում ցույց տվեց 72,64 մ արդյունք, ինչը բավականին ցածր ցուցանիշ է եւ անգամ ցածր է Ջանոյանի լավագույն արդյունքից: Ենթախմբի 22 մասնակիցների մեջ Ջանոյանը զբաղեցրեց ընդամենը 18-րդ տեղը: Նշենք, որ ենթախմբի առաջատար չեխ Վիտեսլավ Վեսելին նիզակը նետեց 88,34 մ, ինչը լավագույնն էր որակավորման փուլի բոլոր մասնակիցների մեջ: Եզրափակիչ դուրս եկան 12 մարզիկներ, որոնց ամենավատ արդյունքը 80,39 մ-ն էր: Հիշեցնենք, որ սրանից առաջ պայքարից դուրս էր մնացել նաեւ մեկ այլ գյումրեցի նիզականետորդ՝ Քրիստինե Հարությունյանը:
Այսօր Հայաստանը ներկայացնող մարզիկներ ելույթ չեն ունենա: Իսկ ահա վաղը՝ Երեւանի ժամանակով 16:00-ին, կսկսվեն 55 եւ 74 կգ ազատոճային ըմբիշների նախնական գոտեմարտերը: 55 կգ քաշային կարգում մեր երկիրը կներկայացնի Միհրան Ջաբուրյանը: Կրկին վաղը՝ Երեւանի ժամանակով 14:45-ին, թաեքվոնդոյիստ Արման Երեմյանը մինչեւ 80 կգ քաշային կարգի նախնական մենամարտում կմրցի կանադացի Սեբաստիեն Միշոյի հետ: Հաջողության դեպքում Արմանը դուրս կգա 1/4, որտեղ նրա մրցակիցը կլինի Ահմեդ-Մոլետ եգիպտահոլանդական զույգի հաղթողը:
Ոչ պաշտոնական թիմային հաշվարկում 1 արծաթով ու 2 բրոնզով Հայաստանն այս պահին 48-րդ տեղն է կիսում Բելգիայի եւ Մոնղոլիայի հետ: Ընդհանուր առմամբ մեդալ է նվաճել 76 երկիր:
Ցուցակը կրկին գլխավորում են չինացիները՝ 36 ոսկի, 22 արծաթ, 19 բրոնզ, երկրորդ տեղում ամերիկացիներն են՝ 34, 22, 25: Մեծ Բրիտանիան երրորդն է՝ 22, 13, 13, իսկ Հարավային Կորեան՝ չորրորդը՝ 12, 7, 6: Հինգերորդ տեղ է բարձրացել Ռուսաստանը՝ 11, 19, 23:
Նախկին ԽՍՀՄ երկրներից Ղազախստանը 11-րդն է (6 ոսկի, 2 բրոնզ), Բելառուսը 16-րդն է (3-ական ոսկի եւ արծաթ, 4 բրոնզ), ուկրաինացիները 19-րդն են (3 ոսկի, 1 արծաթ, 6 բրոնզ), Վրաստանը 35-րդն է (1-ական ոսկի, արծաթ, բրոնզ), Լիտվան 38-րդն է 1-ական ոսկով ու բրոնզով, Ադրբեջանը 44-րդն է 2-ական արծաթով ու բրոնզով, 51-րդ տեղում գտնվող Էստոնիան ունի 1-ական արծաթ եւ բրոնզ, 62-րդ տեղում գտնվող Մոլդովան ունի 2 բրոնզ, իսկ 66-րդ հորիզոնականում հանգրվանած Ուզբեկստանը՝ 1 բրոնզ:
Մեր հարեւաններից թուրքերը շարունակում են հետնապահ մնալ իրենց 1 բրոնզով ու կիսել 66-րդ տեղը, իսկ ահա իրանցիները 14-րդն են՝ 4 ոսկի, 3 արծաթ, 1 բրոնզ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել