HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շարլ Ազնավուրը` Վիրահայոց թեմի Սուրբ Էջմիածին եկեղեցում

2012 թվականի օգոստոսի 15-ը թբիլիսահայության կյանքում հիրավի դարձավ պատմական:

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու հրավերով Վրաստանում հյուրընկալվող ֆրանսահայ շանսոնյե Շարլ Ազնավուրը,  Ախալցխա ուղեվորվելու նախորդ օրը Թբիլիսիում այցելեց Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Սուրբ Էջմիածին տաճարը:

Հակառակ օգոստոսյան կիզիչ արևին, բազմամարդ էր Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակը: Ժողովուրդը եկել էր իր խոնարհումը բերելու աստվածաշնորհ տաղանդով և ազգապահպան գործունեությամբ աշխարհին հայտնի Շարլ Ազնավուրին: Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանի ուղեկցությամբ, երգչին եկեղեցու բակում դիմավորեցին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, հայ հոգևոր դասը, թբիլիսահայ հասարակայնությունը:

Հինավուրց եկեղեցու ներսում բարի կամքի դեսպանը, վիրահայոց առաջնորդի ուղեկցությամբ, աղոթք բարձրացրեց Հայաստան և Վրաստան աշխարհների բարեկամության և աշխարհասփյուռ հայության միասնության աղերսով: Սրբազան Հայրը գնահատանքի և օրհնության խոսք ուղղեց մեծ շանսոնյեին, իր կարճատև դադարի ընթացքում հայկական եկեղեցում մոմ վառելու և թբիլիսահայության հետ հանդիպելու առիթը բաց չթողնելու համար:

Այնուհետև Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուբենկյան սրահում կայացավ Շառլ Ազնավուրի հանդիպումը թբիլիսահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ողջունելով մեծ մարդասերին և բարեգործին` Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը հավաստեց այն սերն ու հարգանքը, որ տածում է թբիլիսահայությունը իր հայրենակցի նկատմամբ: Դեսպանն ակնածանքով հիշեց այն ջերմությունը, որով մեկ տարի առաջ տեղի հայությունը հայոց եկեղեցում դիմավորել է Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ. Տ.Տ. Գարեգին Երկրորդին և այսօր հանդիպում է աշխարհահռչակ հայ երգչին:

«Հայարտուն» մշակույթի կենտրոնի համակարգող և մշակույթի բաժնի պատասխանատու Լևոն Չիդիյանը Շարլ Ազնավուրին և ֆրանսիացի հյուրերին ներկայացրեց կենտրոնի ծաված գործունեությունը:

Մեծ ազգասերին իրենց ստեղծագործությունները նվիրեցին թբիլիսահայ նկարիչ Թենգիզ Միկոյանցը, խեցեգործ Լևոն Օսիպովը, երաժիշտ Լևոն Շահբազյանը: Շարլ Ազնավուրը վրացահայ հայրենակիցներին արեւշատություն բարեմաղթեց վրացական «Քինձմարաուլի» գինով:

Երեկոյան ի պատիվ ֆրանսահայ շանսոնյեի Վրաստանում ՀՀ դեսպանության անունից տրվեց պաշտոնական ընթրիք:

Ավելացնենք, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու հրավերով Վրաստան ժամանած Շարլ Ազնավուրը, 22 հոգուց բաղկացած իր երաժշտական խմբի հետ օգոստոսի 16-ին կմասնակցի Ախալցխայում Ռաբաթ վերականգնված ամրոցի բացմանը: Լեգենդար շանսոնյեն իր նախնիների ծննդավայր Ախալցխայում առաջին անգամ հանդես կգա համերգով:

Վիրահայոց թեմի մամլո դիվան

Պատասխանատու՝ Սուսաննա Խաչատրյան 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter