HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Անքննելի են համայնքների ղեկավարների գործերը

«Լավագույն աշխատանքը թափանցիկությունն է, հաշվետվողականությունը և հանրության մասնակցությունը»,- սա իմ համոզմունքն է, և հինգ տարի առաջ այս կարգախոսով սկսեցինք մեր աշխատանքը տեղական ինքնակառավարման ոլորտում: Տեսականորեն մեզ հաջողվեց Կառավարության քաղաքականության մաս դարձնել այն. Կառավարությունը «Հայաստանի հանրապետության մարզերի զարգացման ծրագրերի կազմման ու իրականացման հայեցակարգ» մշակեց, որում գերակա խնդիր հռչակեց տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների արդյունավետության և ներդաշնակության, թափանցիկության ու հաշվետվողականության բարձրացումը: Մշակվեց Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2008-12թթ. միջոցառումների ծրագիր, որով նույնպես կարևորվեցին ՏԻՄ-երի գործունեության թափանցիկությունն ու հրապարակայնությունը:

Հինգ տարվա համառ աշխատանքի արդյունքում մեզ և ՏԻՄ ոլորտում գործունեություն ծավալող մեր գործընկերներին հաջողվեց համայնքներում ներդնել թափանցիկությունն ու հրապարակայնությունն ապահովող տեխնիկական և ժամանակակից տեխնոլոգիական միջոցները: Քաղաքային, նաև գյուղական խոշոր համայնքների մի փոքր մասը կամավոր կամ պարտադրված ստեղծեց պաշտոնական կայքեր, վերափոխվեցին մարզպետարանների կայքերը, տեղեկատվական ցուցատախտակներ տեղադրվեցին:

Մեզ չհաջողվեց ամենագլխավորը՝ համայնքների ղեկավարների մտածելակերպը փոխել, և այդ ամենը, չնչին բացառություններով, ընդամենը գույքային նշանակություն ունեցավ: Մեզ չհաջողվեց ՏԻՄ ոլորտը ղեկավարողներին ընկալելի դարձնել, որ տեղական իշխանության ընդունած որոշումների հրապարակումը «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով սահմանված պարտադիր պահանջ է, ոչ թե ցանկություն: Նույն օրենքն է պարտավորեցնում Կառավարությանը, Ազգային ժողովին, դատական իշխանությանը հրապարակել ընդունված օրենքները, որոշումները, իրավական ակտերը: Եվ ինչ կստացվի, եթե նրանք նույնպես չկատարեն օրենքի պահանջը:

Տարածքային կառավարման նախարարությունը GTZ կազմակերպության բավականին ծանրակշիռ ֆինանսական աջակցությամբ մեծաթիվ համայնքներում տեղեկատվական կառավարման համակարգ ներդրեց: Խելամիտ համայնքապետներն այն կիրառելի դարձրին ոչ միայն իրենց աշխատանքը հեշտացնելու՝ աշխատակազմի գործունեությունը տեսադաշտում պահելու, այլև համայնքի բնակչությանը ներկայանալու առումով՝ միաժամանակ դրանք վերածելով վեբ կայքերի: Ոմանց «չգոհացրեց» կայքերի կառուցվածքը, և նրանք պատվիրեցին իրենց ճաշակին ու մտածելակերպին վայել կայքեր, որտեղ, բնականաբար, տեղական ինքնակառավարումը ներկայացված չէ: Նպատակը մեկն էր՝ ապահովել ատրիբուտներն՝ առանց բովանդակության (Չարենցավան, Հրազդան, Գավառ, Նոյեմբերյան, Իջևան և այլն): Եղան նաև համայնքապետներ, որոնք նախարարության տրամադրած համակարգչից ջնջեցին տեղեկատվական կառավարման ծրագիրը ու այն փոխարինեցին խաղերով (Գառնիի համայնքապետարան):

Վերջին ամիսներին աշխատանքներ էինք իրականացնում մի շարք համայնքների հետ՝ ցանկանալով, թափանցիկությունն ու հրապարակայնությունն ապահովելուց բացի, վերջապես ընկալելի դարձնել ավագանու դերակատարությունը ու նրա ընդունած որոշումների կարևորությունը համայնքի կյանքում: Թվում էր, թե մեր աշխատանքով հասանք ինչ-որ բանի, որոշ համայնքներում ստեղծվեցին նոր կայքեր կամ ակտիվացրին դրանց գործունեությունը: Սակայն կարճ ժամանակ անց ցավալիորեն արձանագրեցինք, որ դա աշխատաոճ չդարձավ համայնքների ղեկավարների համար:

Խաբեության միամիտ տարբերակներով, մանկան մտածելակերպով պարտավորություններից խուսանավելու վարքագիծը, որ որդեգրել են համայնքների ղեկավարները և որոշ մարզպետներ, ոչ այլ ինչ է, քան քաղաքակրթությունը մերժելու դրսևորում:

Վանաձորի քաղաքապետարանն, օրինակ, նոր կայք ստեղծեց, որն իր կառուցվածքով համապատասխանում է ՏԻՄ օրենսդրությամբ սահմանված պահանջներին, սակայն հապաղում է ամենակարևոր տեղեկատվությունը՝ ավագանու որոշումները հրապարակել: Կայքում տեղադրված են 2012թ. փետրվարի 3-ին տեղի ունեցած ավագանու նիստի որոշումները: Օրենքով սահմանված է, որ ավագանու նիստերը պետք է տեղի ունենան երկու ամիսը մեկ անգամ, ասինքն՝ մինչ օրս պետք է առնվազն երեք հերթական նիստ հրավիրված լիներ: Այդպես էլ եղել է. Լոռու մարզպետարանի կայքում տեղադրված են Վանաձոր քաղաքի ավագանու վեջին 4 նիստերի որոշումները: Հինգերորդը տեղի է ունեցել օգոստոսի 14-ին, որի մասին քաղաքապետարանի կայքի նորություններ բաժնում տեղեկատվություն է տեղադրված:

Աշխատանքների իրականցման ընթացքում Կոտայքի մարզի Եղվարդի քաղաքապետարանը նոր կայք ստեղծեց, և այն միակն է ներկայում մարզի քաղաքային կայքերից, որում հրապարակվում են ավագանու որոշումները: Հրազդանի քաղաքապետն այդ հարցի լուծումը տվեց՝ տեղեկատվական կառավարման կայքին հղում անելով, սակայն մի քանի շաբաթից, երբ ավարտվեցին քաղաքապետի ընտրությունները, լինքն այլևս ակտիվացված չէր: Մեր դիտողությանը ամիսներ առաջ պատասխանեցին, թե տեխնիկական խնդիր կա: «Տեխնիկական խնդիրը» վերացնելու ցանկություն այլևս չունեն, շտապելու հարկ չկա. մինչև Հրազդանի քաղաքապետի հաջորդ ընտրությունները դեռ չորս տարի կա: Իսկ մինչ այդ գտել են ելքը. կայքի նորություններ բաժնում տեղեկատվություն է հրապարակվում ավագանու հերթական նիստի մասին, որն ավարտվում է շատ բազմանշանակ մի արտահայտությամբ. «... և ավարտվեց հերթական ավագանու նիստը»:

Չարենցավանի քաղաքապետարանը նույնպես չմերժեց օրենսդրության շրջանակներում գործելու մեր առաջարկը. քաղաքապետարանի կայքում անգործության մատնված «Պաշտոնական» կոչվող բաժնում խառնափնթոր լցրին համայնքի ղեկավարի ու ավագանու կայացրած որոշումները: Այս քաղաքապետարանում թերևս ամեն օր գրության ու դիտողության էին սպասում, որը դադարեցվելու հետ միասին կայքից անհետացավ ամբողջը: Աբովյանի քաղաքապետի մոտեցումը թերևս ավելի ազնիվ էր. նա ոչինչ չխոստացավ և կարևորություն էլ չի տալիս մի կայքի ձևական գոյությանը, որը կիրառելու անհրաժեշտությունը չի տեսնում:

Սակայն, ի տարբերություն Լոռու մարզպետարանի կայքէջի, որը հնարավորություն է  տալիս ծանոթանալու համայնքների ղեկավարների և ավագանու որոշումներին, լրացնելով համայնքների բացթողումը, Կոտայքի մարզպետարանի կայքը, ինչպես մարզպետ Կովալենկո Շահգալդյանն էր մի գրությամբ պատասխանել, «շարունակական վերազինման» փուլն այդպես էլ չի հաղթահարում: Սա ամենաթափանցիկի համարում ունեցող մարզպետարանն է, որտեղ փորձարկվում են նորարարական տեխնոլոգիաները, որտեղ «մամուլի սենյակը» հոգևոր ծեսով են բացում:

Համայնքապետներն ի՞նչ են այդքան խնամքով թաքցնում բնակչությունից, որի քվեն են ակնկալում հենց այս պահին, ինչո՞ւ չեն ուզում ընկալել, որ բնակչությանը ոչ թե պետք է տեղեկացնել ավագանու նիստը կայանալու մասին, այլ պետք է հրապարակել ընդունած որոշումները: Որոշումները հրապարակման պահից են համարվում ուժի մեջ մտած, և բնակիչը, անհրաժեշտության դեպքում, գործ կունենա պաշտոնական փաստաթղթի հետ: Արդյոք սա տեղական իշխանության մենաշնորհում չէ՞ մեկ անհատի ձեռքում, որն իր պատկերացումներով, իր շահերով է պայմանավորում համայնք ղեկավարելը և ոչ թե ոլորտը կարգավորող օրենքներով:

Բնակչությանը իրազեկելու համար օրենսդրությունը բազմաթիվ միջոցներ է նախատեսել. գյուղական համայնքների համար դրանք ամենից առաջ տեղեկատվական ցուցատախտակներն են, ապա համայնքի պաշտոնական և մարզպետարանի էլեկտրոնային կայքերը, վերջապես ավագանու նիստերը, որոնց մասնակցելու իրավունք ունեն համայնքի բնակիչները, լրատվամիջոցները: Քաղաքային համայնքներից շատերն ունեն լրատվության պատասխանատուներ, մարզպետարանները՝ արդի տեխնիկայով հագեցած մի ամբողջ բաժին, անգամ հեռուստաընկերություններ: Սակայն բոլոր միջոցները, անգամ պետական ռեսուրսը ծառայեցվում են համայնքի ղեկավարի շոուն կազմակերպելուն. դրամական օգնություն տրամադրեց, այցելեց դպրոց կամ մանկապարտեզ, պարգևատրեց այսինչին, կամ պարգևատրեցին իրեն:

Քաղաքակրթությունն այդպես էլ մուտք չգործեց համայնքներ

Պարզվում է, որ համայնքապետներն ավագանու որոշումները միայն բնակիչներից չէ, որ թաքցնում են: Շիրակի մարզպետարանն, օրինակ, Գոգհովիտ գյուղում այս տարի վարչական հսկողություն է իրականացրել և ակտում արձանագրել. «Համայնքի ղեկավարը խախտել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածով սահմանված կարգը և համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից 2009-11թթ.-ին ընդունված նորմատիվ բնույթի ոչ բոլոր իրավական ակտերն է պետական իրավական փորձաքննության համար ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն»:

Այնուամենայնիվ, ի՞նչ է լինելու այն ակտերի հետ, որոնք կիրառության մեջ են դրվում՝ առանց նախարարության եզրակացությունն ստանալու ու հրապարակելու: Արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության սահմանադրական և վարչական իրավունքի բնագավառի իրավական ակտերի փորձաքննության բաժնի պետ Ահարոն Խաչատրյանն ասում է, որ տվյալ դեպքում այդ որոշումներն օրինական ուժ չունեն: Այսինքն՝ երկու տարի Գոգհովիտի համայնքապետը կիրառել է որոշումներ, որոնք իրավական ուժ չունեն, քանի որ պետական իրավական փորձաքննություն չեն անցել և չեն հրապարակվել:

Բացի դրանից՝ հնարավոր է, որ այդ որոշումներն օրենքին հակասող ակտեր են եղել, քիչ չեն նման որոշումները, որոնք նախարարությունը վերադարձնում է փոփոխելու, օրենքին համապատասխանեցնելու  ու կրկին հաստատման ներկայացնելու համար: «Խնդիր կա այստեղ: Եթե դրանց օրինականությունը վիճարկվի, դատարանն անվավեր կճանաչի»,- ասում է բաժնի պետը:

Ա. Խաչատրյանը կարծում է, որ նորմատիվ ակտերը պաշտոնական տեղեկագրում հրապարակելը ոչինչ չի տալիս համայնքի բնակչին՝ բացի նրանից, որ որոշումն օրինական ուժ է ստանում: Նրա կարծիքով՝ այդ խնդիրն էլ է լուծված, «դրանք այսպես թե այնպես համայնքի սահմանված վայրերում հրապարակվում են»: Բաժնի պետի լավատեսությանը չենք կարող համամիտ լինել. համայնքներում ցուցատախտակներին ամենից շատ կարող ես հանդիպել վարկային կազմակերպությունների հայտարություններին և կուսակցություններին անդամագրվելու կոչերին, բայց ոչ ավագանու որոշումներին: Մի բան, որի մասին համայնքի բնակիչը չպետք է իմանա, հենց ավագանու ընդունած որոշումն է:

Ամիսներ առաջ «Հետքի» թղթակիցը պարզել էր, որ Լոռու մարզի Լորուտ գյուղի համայնքապետարանը փաստաթղթերով խոշոր դրամական օգնություն էր հատկացրել համայնքի մի քանի բնակչի, որի նպատակը հարկահավաքության ցուցանիշն ապահովելն էր: Համայնքապետին հարցրել էր, թե գյուղացիները տեղյա՞կ են հատկացրած օգնություններից, նա, ի պատասխան, խնդրել էր գյուղացիներին չհայտնել տրամադրված գումարների մասին:

Քանի որ մեր երկրում արդեն համակերպվել են այն մտքի հետ, որ համայնքի ղեկավարի գրագետ լինելը համայնք ղեկավարելու պարտադիր պայման չէ, և նորմատիվ որոշումները չեն ուղարկվում ԱՆ փորձաքննության՝ այն պատճառով, որ համայնքապետարաններում չեն տարբերակում անհատական որոշումները նորմատիվից, նաև մեր միջամտությամբ արդարադատության նախարարությունը մեթոդական ուղեցույց պատրաստեց համայնքապետների համար: Ինչպես նախարարությունում են ասում, ձևն արդեն սահմանված է, և այն լրացնելու համար իրավաբան պետք չէ լինել:

Ընդամենը 8 անուն նորմատիվ իրավական ակտ է թվարկված, բայց անգամ այս դեպքում համայնքապետարաններում «շփոթ» է առաջանում. անհատական ակտերն ուղարկում են արդարադատության նախարարություն, նորմատիվները` ոչ: Նախարարությունում անհասկանալի են համարում, թե ինչու այդ դեպքում անհատական ակտերը չեն  ուղարկում հերթական համարով: «Գալիս է 23-ը, հետո 46-ը, բա մյուսներն ինչո՞ւ չեն ուղարկում»,- հարցնում է բաժնի պետը: Ա. Խաչատրյանն արդեն համոզվել է՝ եթե համայնքի ղեկավարը չցանկանա նորմատիվ որոշումներն ուղարկել փորձաքննության, միևնույնն է, ձևը կգտնի: «Անհատական որոշման տակ կանցկացնեն, կպատճառաբանեն, թե չեն իմացել, որ նորմատիվ ակտ է, այդ պատճառով չեն ուղարկել, և միանգամից կկիրառեն ընդունման պահից»,- ասում է նա:

Տեխնոլոգիաների ոլորտում առաջընթացն անկասելի է, ծրագրային նորամուծություններ են արվում նաև համայնքային ոլորտում: Վերջին թարմ օրինակը www.kargibereq.am կայքն է, որի խնդիրը համայնքային բնակչությանը համայնքի կառավարմանը մասնակից դարձնելը, խնդիրներին արձագանքող բնակիչներ ունենալն է: Բայց քանի՞ համայնք է ծրագիրը ներդրել իր կայքում...

Երկու տարի առաջ Դիլիջանի քաղաքապետը տեղեկատվական կառավարման համակարգը ներկայացնելիս ասում էր, որ այն արդեն անփոխարինելի է իր համար. աշխատասենյակում նստած կառավարում է աշխատակազմի գործունեությունը և ցանկացած վայրից կարող է հետևել քաղաքապետարանի աշխատանքներին: Հրազդանի քաղաքապետի աշխատասեղանին նույնպես համակարգիչ կար դրված. նա էլ վերահսկում էր միջանցքի և ընդունարանի ելումուտը: Ցավալին այն է, որ համայնքների ղեկավարների մեջ այս տեսակն է գերակշռողը:

Մեկնաբանություններ (4)

Alvard
տեղական կառավարման թափանցիկությունը եւ հաշվետվողականությունը անմիջականորեն պայմանավորում է մեր երկրի հեռանկարը. բոլորս էլ գիտենք թե ինչ անօրինականություններ են տեղի ունենում Երեւանում ու թերեւս ավելի շատ շրջաններում, եւ այս ամենը ավելի կվատթարանա եթե ձեւեր չգտնվեն զսպելու անձնական շահերը եւ պաշտպանելու հանրայինը: Իհարկե, մենք դեռ մեծ հույսեր ենք կապում թվանշայի տեխնոլոգիաների հետ, հավատալով որ նրանք կարող են մեզ ընձեռել պետական պաշտոնյաների գործունեությունը վերահսկելու լծակներ: Թերեւս տեսականորեն՝ այո: Բայց վերեւի հոդվածը գալիս է ապացուցելու որ եթե պետական պաշտոնյան թափանցիկ գործելու ցանկություն չունի, ապա տեխնոլոգիան ոչինչ է: Իսկ բնական է որ պետական պաշտոնյան ձգտի ՛գլուխը հանգիստ՛ իր փողն աշխատել, իր ուզածով ապրել, նրան պետք են ավելորդ գլխացավեր?...ահա այստեղ է որ գալիս հանգում ենք ամենախորքային խնդրին՝ ովքեր են այդ պաշտոնյաները, ինչպես են նրանք նշանակվում կամ ընտրվում այդ պաշտոնին, ում է շահեկան ունենալ նման մարզպետեր, քաղաքապետեր ու գյուղապետեր? Երկիրը գլխից է կոռումպացված ու անգործունակ ու իրատեսական չէ ակնկալել ժողովրդավարություն գյուղերում, եթե կենտրոնական կառավարման համակարգը խրված է երկրի ալան-թալանի մեջ /իհարկե հնարավոր են բացառություններ, էնթուզիաս-ղեկավարներ ովքեր կարող են մինի ժողովրդավարություններ ստեղծել իրենց տարածքներում / ի դեպ, կուզեի իմանալ, կան առհասարակ նման ղեկավարներ, կոնկրետ անուններ գիտեք?, Սառա..../: Կարծում եմ տարածքների կառավարումն էլ-մակարդակի անցումը հնարավոր կլինի այն դեպքում երբ երկրի կառավարությունը նրանց առաջ դներ գործուն վեբ կայքի պահպանման ու համալրման մոդելներ ու պարտադրեր տարածքային կառավարիչներին ապահովել տեղական կայքի աշխատանքը՝ ըստ հանձնարարված ստանդարտների ու ուղեցույցերի: Այս աշխատանքը բավարար ձեւով չկատարելու դեպքում, որոշակի պատիժներ սահմանվեին: Իհարկե, այս ամենը ռեսուրսներ է պահանջում՝ մարդիկ ովքեր կհետեւին տարածքների աշխատանքին տվյալ ոլորտում, մարդիկ ովքեր կօգնեին նրանց հաղթահարել դժվարությունները...ՏՏ մասնագետների առկայություն տեղում ու նրանց վճարելու միջոցներ....ու նաեւ լրագրողներ ու քաղաքացիական խմբեր ովքեր կլուսաբանեին ու նաեւ որոշակի ճնշում կգործադրեին...մինչեւ վեբ կայքի պահպանումն ու շարունակական զարգացումը մտներ պետական կառավարման մշակույթի մեջ: Թե չէ տեխնոլոգիական կամ ժողովրդավարական մտածողությունը իրեն-իրեն դժվար ստեղծվի էդ մարդկանց մոտ: Այսինքն մի կողմից կա նրանց անգրագիտությունը, մյուս կողմից անկարողությունը /ռեսուրսների պակաս/, բայց ամենակարեւորը՝ ցանկության պակաս՝ ինչու դեմ գնալ սեփական շահերին, եթե կարելի է առանց հաշվետվության ուզածդ անել...օրինակի համար կարելի է հիշել տարբեր միջազգային կազմ-նների գրանտներով ու վարկերով իրականացված բազմաթիվ ազգային ՏՏ ծրագրերը՝ ուղղված հարկային, մաքսային, պետական գնումների, արդարադատության ու այլ ոլորտների թափանցիկությանը: Սրանցից քանիսը ներդրվեցին ու էական փոփոխություն բերեցին? չնչին է սրանց թիվը: Ինչու՝ որովհետեւ խփում է կոնկրետ մարդկանց գրպանների: Բայց սա հասկանալով՝ սկսել են, փողերը կերել, ձեւ արել թե մտածում են դեմոկրատիայի մասին ու հետո՝ գիտենք թե հիմա ինչ ունենք: Ու այս ամենը գալիս հանգում է նույն հիմնային խնդրին՝ ինչպես են ընտրվում մեր ղեկավարները, ովքեր են նրանք?....արդյոք կենտրոնական կառավարության պաշտոնյաները շահագրգրռված են որ տարածքներում կառավարումը դառնա ավելի բաց ու հաշվետու?...ինչու պետք է շահագրգռված լինեն? իսկ տեխոնոլոգիական ինչ մտածողության տեր են?...սրանք կարեւոր հարցեր են: ՈՒ սուտի-մուտի ռազմավարություններ գրելով չէ որ պիտի հավատանք թե կառավարությունը մտածում է երկրում տեխնոլոգիաների ներդրման մասին, ու ոչ էլ ամերիկյան ՏՏ ընկերություններին այստեղ գրավելով: Զարգացումը սկսվում է Հայաստանի փոքր ու մեծ տարածքներում, յուրաքանչյուր գյուղում ժողովրդավարություն ներդնելով, մարդկանց շահերը պաշտպանելով, ռեսուրսները արդար բաշխելով, որ մարդիկ չհիասթափվեն ու զզվեն հեռանան: Իսկ սա նշանակում է որ կառավարությունը պետք է ձգտի գտնել միջոցներ ու գործուն եղանակներ, որոնց օգնությամբ տարածքներում կձեւավորվեն կառավարման ժողովրդավարությանն ուղղված ենթակառուցվածքներ ու աշխատաոճեր: Սա ամենեւին չի նշանակում որ կառավարությունը պիտի իրականացնի ՄԱԿ-ի կամ այլ զարգացման գործակալության հետ մեկ այլ բազմամիլիոն արժեքանոց անիմաստ ծրագիր, որի արդյունքում ինչ-ինչ բյուրոկրատներ հերթական անգամ գրպանները կլցնեն: Նոր ձեւեր պետք է մտածել, ներգրավելով տեղական կազմակերպություններին, քաղաքացիական խմբերին ու փորձառու մասնագետներին:
Մասնագետ
Բազմաթիվ համայնքային կայքեր կան, որոնք Ձեր առաջադրած պայմաններին բավարարում են, դեռ մի բան էլ ավելին: Ձեր լրագրողական վերլուծությունը թերի է: Փնտրեք եւ կգտնեք դրանք...
Սառա Պետրոսյան
Հարգելի Մասնագետ, ես ծանոթ եմ բոլոր համայնքների ոչ միայն կայքերին, այլեւ գործունեությանը, հոդվածում նշել եմ՝ «չնչին բացառություններով» արտահայտությունը, այսինքն՝ դրական օրինակներ կան: Իմ խնդիրը դրանք անուն առ անուն թվարկելը չէր, դա կլիներ հաշվետվություն, այլ ոլորտում առկա իրավիճակը ներկայացնելը, վարչարարության ցածր մակարդակը, որը ցավալիորեն շատ բացասաբար է անդրադառնում համայնքային կյանքի վրա: Իմ մեծագույն ցանկությունը օրինակելի համայնքների քանակն ավելացնելն է, որպեսզի ոչ թե «փնտրելով գտնենք» նրանց, այլ դա պարտավորություն է բոլոր համայնքների ղեկավարների համար, դա օրենքի պահանջ է, հանրության վստահությունը շահելու միջոց...
Մասնագետ
Հարգելի՛ հեղինակ, ես՝ որպես ընթերցող, ուզում եմ համակողմանիորեն ծանոթանալ խնդրին, այլ ոչ թե «սա քըխ է», «սա փուֆ» է՝ «չնչին բացառություններով»: Ես լիովին համաձայն եմ Ձեզ հետ, որ համայնքների գերակշիռ մասի ղեկավարները չեն պատկերացնում տվյալ հարցի լրջությունը, օրենքի պահանջը... Թվարկման կարիք չկա, պարզապես իմ կարծիքով, այս հոդվածը խնդիրը միակողմանի է վեր հանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter