HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Ղազարյան

Արցախի Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետ. «Անտառը պիտի հատվի, բայց պիտի հատվի ժամանակին և ռացիոնալ կերպով»

Այսօր Արցախի բոլոր շրջաններում անտառահատումներ են տեղի ունենում: Տարբեր նպատակներով ծառահատում կատարող ընկերություններից բացի՝ ծառերը հատում են նաև գյուղացիները: Նրանց մի մասը, սակայն, բողոքում է, որ անտառահատման պատճառով գոլորշիանում են աղբյուրների ջրերը: Ըստ գյուղացիների` ծառահատումներն իրականացնում են բարձրաստիճան պաշտոնյաները:

Մեր զրուցակիցն է ԼՂՀ կառավարությանն առընթեր Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետ Գարի Գրիգորյանը: Գ.Գրիգորյանը՝ որպես մասնագետ, վստահեցնում է, որ անտառահատումներ պիտի իրականացվեն, սակայն ռացիոնալ ձեւով:     

-Պարոն Գրիգորյան, «Հետքը» մոտ մեկ ամիս առաջ անհայտ անձից բնապահպանական վտանգների մասին վկայող լուսանկարներ էր ստացել: Լուսանկարներից մեկում սպանված եղնիկ էր, մյուսներում` անտառահատման մասին վկայող փաստեր: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ:

-Բայց դուք վստա՞հ եք, որ եղնիկը Արցախի տարածքում է սպանվել: Ընդհանրապես, այո, նման դեպքեր լինում են, որոնց կապակցությամբ արձանագրություններ են կազմվում, ու մարդիկ պատժվում են: Իսկ ինչ վերաբերում է անտառահատմանը,  անտառահատումներ էլ են կատարվում: Կան տարբեր անտառահատումներ` սանիտարական, խնամքի, նոսրացման, շինանյութի համար և այլն:

-Իսկ սանիտարական և բրիկետների անվան տակ անտառահատումներ իրականացվո՞ւմ են:

-Բրիկետները պատրաստվում են սանիտարական, խնամքի, անցումային հատման ենթարկված ծառերից:

-Ճի՞շտ է, արդյոք, որ տարբեր շրջաններում անտառահատումներ են իրականացնում տարբեր բարձրաստիճան պատշոնյաներ` շրջվարչակազմի ղեկավարներ, պատգամավորներ, դատական համակարգի ներկայացուցիչներ և այլն:

-Կան գրանցված կազմակերպություններ, որոնք ունեն սղոցարաններ և նման աշխատանքներ են իրականացնում: Իսկ նման փաստեր կա՞ն, որ անտառահատումներով զբաղվում են պետական այրերը:

-Գյուղացիներից կարելի է լսել, որ այս կամ այն անտառահատումն իրականացվում է դատական համակարգի որևէ ներկայացուցչի, ԱԺ պատգամավորի, գյուղապետների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից:  Օրինակ` Ավետարանոցում (Չանախչի) ու Վանքում ո՞վ կամ ի՞նչ կազմակերպություն է անտառահատում իրականացնում:

-Ավետարանոցում գործում է «Տեխնովոդ» կազմակերպությունը, եթե չեմ սխալվում` ՍՊԸ է: Իսկ Վանքում Լևոն Գուրգենովիչի (խմբ.- խոսքը բարերար Լևոն Հայրապետյանի մասին է) կազմակերպությունն էր, բայց կարծեմ հիմա այն չի աշխատում: Նման գործերով հիմնականում կամ ԱՁ-ներն (անհատ ձեռներեց) են զբաղվում կամ ՍՊԸ-ները:

Մենք գնումների գործակալության միջոցով հայտարարում ենք մրցույթ, մրցույթում հաղթող ճանաչվածները դպրոցների, գյուղի բուժկետերի և այլ հիմնարկների համար ծառամթերում են կազմակերպում: Այսօր Արցախի բոլոր շրջաններից էլ բնափայտ է մթերվում: Թե չէ դպրոցներն ու այլ հիմնարկներն այլ կերպ ինչպե՞ս վառելափայտով ապահովենք:

-Մտավախություն կա, որ Ղարաբաղի նախալեռնային գոտիներում անտառահատումներ են իրականացվում: Ընդհանրապես, նախալեռնային գոտիներում թույլատրվո՞ւմ է ծառահատում իրականացնել, չէ՞ որ նախալեռնային գոտիները ծառերի կարիք ունեն:

-Ո՞վ է ասել, որ նախալեռնային գոտիներում ծառահատումներ չեն իրականացնում: Երեկ մի հոգի զանգել է ու նույն բանը ասել, ասում է` ընդհակառակը` նախալեռնային գոտիներում պիտի ծառատունկ իրականացվի: Մենք անտառահատումներն իրականացնում ենք մինչև 800-1400 մ բարձրության վրա, և ստացվում է, որ Մարտունու շրջանից բացի՝ ոչ մի այլ տեղ անտառահատում չպիտի իրականացվի: Մեր ամբողջ տարածքը կամ նախալեռնային է կամ լեռնային: Մենք անտառային ֆոնդի տարածքից կարող ենք ամեն տարի 100-150 հազար տնկի առանձնացնել: Բնական աճից մենք այնքա՛ն մատղաշ ունենք` և հացենու, և լորենու, և կաղնու, և հաճարենու:

րն Գրիգորյան, գյուղացիները բողոքում են, որ անտառահատման պատճառով աղբյուրները ցամաքում են:

-Անտառային պահպանման շերտն այդ գոտիներում կարող է լինել 50, 100 կամ 150 մ: Նշված գոտիներում արգելում ենք անտառամթերման աշխատանքները: Բացի դրանից` կան պահպանման ու ջրապաշտպան գոտիներ, այդ ամենը կախված է անտառի թեքությունից. 30-35 աստիճանից բարձր թեքության դեպքում կարող է լինել ընտրովի ծառահատում: Իհարկե, չի բացառվում, որ կարող են նաև անօրինական հատումներ լինել: 

Մինչև 2008 թվականը մեր ամբողջ հատումների ծավալը տարեկան կազմում էր մոտ 34-35 հազար խորանարդ մետր վառելափայտ: Սրանք անհասկանալի թվեր են: Ինչպես հայտնի էր, դեռ 2000-ականներին Ստեփանակերտի և շրջկենտրոնների բնակիչները փայտե վառարաններ էին օգտագործում: Իսկ ահա 2012-ին կառավարության որոշմամբ բնափայտի մթերման համար հաստատվել էր 60-85 հազար խորանարդ մետր: Մենք արդեն 75 հազար խորանարդ մետր բնափայտի համար տոմս ենք վաճառել: Իրականում մեր երկիրը տարեկան 100 հազար խորանարդ մետր բնափայտի կարիք ունի, մենք դեռ քիչ ենք հատում:

-Իսկ ինչպե՞ս են նման հաշվարկներն արվում:

Վիճակագրական ծառայության համաձայն` մենք N քանակությամբ համայնք ունենք. օրինակ` գյուղում ապրող ամեն մի ընտանիք միջինը 10-15 խորանարդ մետր վառելափայտ է օգտագործում: Սրանք կոնկրետ հաշվարկներ են, և եթե ներառենք Պաշտպանության բանակի կարիքները, ապա այդ թիվը կկազմի 100 հազար խորանարդ մետր:

Անտառը պիտի հատվի, բայց պիտի հատվի ժամանակին և ռացիոնալ ձեւով: Պետք է, օրինակ, կառուցել անտառային ճանապարհներ և ունենալ համապատասխան բանվորական ուժ:

Այսպիսի հասկացություն կա` «անտառային ամբողջություն», որը կազմում է 1 միավոր, և անտառի ամբողջութունը 0.6-ից ցածր չպիտի լինի: Եթե մենք 120 տարեկան հաճարենին կամ կաղնին չենք հատում, ապա մի քանի տարի անց այդ ծառը դառնում է գերհասուն, այսինքն` էլ գործափայտի համար պիտանի չի լինում, և ստիպված ենք լինում օգտագործել որպես վառելափայտ: Նոսրացման աշխատանքների ժամանակ հանվում են տնկիները, և մենք չգիտենք` ինչ անել այդ տնկիների հետ: Բավարար բանվորական ուժ ունենալու դեպքում մենք կարող ենք 50-100 հազար տարբեր տնկիներ տալ Երևանին և Հայաստանի մյուս քաղաքներին: Իսկ Քաշաթաղի շրջանը կարող է միայն 15 հազար խորանարդ մետր թափուկ տալ տարեկան, սակայն այնտեղ բնակչություն չկա:

Ի դեպ, մեզ մոտ գործափայտը ավելի էժան է, քան Հայաստանում:

-Տարբեր պաշտոնյաներ «Հետքի» հետ զրույցում վստահեցրել էին, որ Կաշենի հանքավայրում անտառներ չկան: Պարոն Գրիգորյան, Կաշենի հանքավայրում անտառներ կա՞ն:

-Այդ տարածքում հիմնականում ծառաթփային տնկիներ են, մի հատվածն էլ մտնում է պետական անտառային ֆոնդի մեջ: Մենք դեռ հաշվառում ենք իրականացնում:

-Մաղավուզի քարածխի հանքավայրում աշխատանքներ իրականացնելիս, ասում են, որ բուլդոզերները մտել են անառ ու ոչնչացրել այն: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ:

-Մաղավուզի դեպքում մենք նույնիսկ բնակչությանն ենք խնդրել, որ օգնեն մաքրել տարածքը: Այնտեղից, եթե չեմ սխալվում, 3 հազար խորանարդ մետր վառելափայտ ենք մթերել, հիմա էլ ենք մթերում: Մենք միայն դժգոհություն ենք հայտնել մոտակայքում իրենց վերամշակման գործարանի կառուցման կապակցությամբ, քանի որ նույն տեղում ընկուզենու կուլտուրաներ կան:

-Ստեփանակերտի բնակիչները նույնպես բողոքում են ծառահատումների կապակցությամբ:

-Նման հարցերով ավելի շատ զբաղվում են քաղաքապետարանը և Բուսաբանական այգին` որպես գիտական հաստատություն, նրանք են կարգավորում հատումների և ձևակերպումների հարցերը: Բուսաբանության մեջ կա մի ուղղություն, որը կոչվում է դենդրոլոգիա, նա է զբաղվում` թե որտեղ ինչ ծառ տնկել:

Այս տարիների ընթացքում միայն «Ղարաբաղ տելեկոմն» է մեզ դիմել 4 հատ ծառ տնկելու համար: Այսինքն` իրավունք են խնդրել ոչ թե հատելու, այլ տնկելու համար: Իսկ այսօր շաբաթօրյակներին, որտեղ հնարավոր է, ծառատունկ ենք իրականացնում: Մի քանի տարի հետո, օրինակ, Ստեփանակերտի Մաշտոցի փողոցում (կոլցեվոյից ներքև) պրոբլեմներ են լինելու, իսկ Կառավարության շենքի մոտ 70-ականներին Օրջոնիկիձե քաղաքից բերված արծաթագույն եղևնիները արդեն պիտի հատվեն կամ հանվեն: Դեռ այն ժամանակ որպես մասնագետ ես ասել էի, որ այդ ծառերը պիտի պուրակում դրվեն, այլ ոչ թե շենքի առջև: Եթե այդ ծառերը հնարավորություն լիներ մի 20 մետր հեռու դնել, ապա հիմա հատման կամ տեղափոխման խնդիր չէր ծագի: Իրականում մեծ ծառերը տեղափոխելուց հետո նոր տեղում մեռնում են: Պետք է այնտեղ ծառ տնկել, որտեղ հետագայում դրանք 100-150 տարի կծառայեն մարդկանց: Իսկ Ալեք Մանուկյանի (նախկինում` Էնգելս) փողոցի բարդիների արմատները մտնում էին կոյուղու մեջ ու խնդիրներ առաջացնում: Ստիպված բարդիները հանեցին ու դրանց փոխարեն լորենիներ տնկեցին:

Ուշադրության է արժանի այն փաստը, որ կանաչ գոտին Ստեփանակերտում կազմում է մոտ 50-100 կիլոմետր, այդ կանաչ գոտին հասնում է մինչև Կրասնիի, Մալիբեյլուի, Շոշի, Շուշիի մոտակայքերը: Ստեփակերտի ամեն մի բնակչի մոտ 70-80 մետր կանաչ գոտի է հասնում: Նման բան ուրիշ ոչ մի տեղ չկա:

Մեկնաբանություններ (4)

Ռուբեն (Ստեփանակերտ)
Դենդրոլոգիա՞։ Վերջին ծառը ե՞րբ է տնկվել Ստեփանակերտ քաղաքում։ Կա՞ տենց բան։ Պարզապես ամոթ է Արցախի Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետ նման պատասխաններ տալ։ Ուրիշներն էլ կկարդա ձեր պատասխանները կիմանան ճիշտ եք ասում... (2. Մի մարդ)-ն ամեն ինչ շատ հստակ ասաց ամեն ինչ։ Ունից եք ինչ թաքցնում։ Բնությունը ձեզ դատավոր...
Aram
Good reporting. Keep it up
Մի մարդ
Հադրութում ծարահատում է իրականացնում Վանիկը: Արցախում նաեվ անտառահատոււմ է իրականացնում Գորիսի բանակային կորպուսի հրամանատար Կամո Աղաջանյանը և շրջվարչակազմի ղեակավար Վ. Գևորգյանը: Չանախչիում անտառի ծարերի վաճառքը կատարում են Ղարաբաղի ԱԺ պետիրավական հանձնաշողովի նախագահ Գագիկ Պետրոսյանը: Չանախչիյում նաև նույն գործով են զգաղված անտառտեսության աշխատակից Համլետ Ստեփանյանը, որի կրիշան հանրապետության դատախազը: Ըստ լուրերի, Վանք գյուղում անտառահատում է իրականացնում նախկին գյուղապետ Ֆեդյա Օհանյանը:
Վովա
Արցախում անտառապահի աշխատավարձը 35 հազար է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter