HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջհանգիրյանների ընտանեկան «Թեժ» փհէկը (վիդեո)

Մեծ պաշտոնյաների փոքր հէկերը-8

Մեղրաձոր գետի Թեժ վտակի շուրջ 7 կմ-ը այս օրերին գրեթե ցամաքած է: Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի վարչական տարածքում' Թեժ վտակի վրա 2007 թվականից գործում է փոքր հէկ: Այն ՀՀ Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ և նրա եղբոր' Վարդան Ջհանգիրյանների ընտանեկան հէկն է:

Փհէկը գործարկող ընկերությունը «Թեժ վաթերֆոլ» ՍՊԸ-ն է, որի հիմնադիրը Վրեժ Ջհանգիրյանն է' Գագիկ Ջհանգիրյանի որդին: Իսկ ՍՊԸ-ի տնօրենը Վարդան Ջհանգիրյանն է: Փոքր հէկի տնօրեն Հովսեփ Հախվերդյանը հավաստիացնում է, որ փհէկը Վարդան Ջհանգիրյանինն է, իսկ Վրեժ Ջհանգիրյանն էլ ասում է, որ այն ավելի շատ «ընտանեկան հէկ է»:

Հովսեփ Հախվերդյանը Վարդան Ջհանգիրյանի վարորդն է եղել այն ժամանակ, երբ վերջինս «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Գեղամա» մասնաճյուղի տնօրենն էր: Իսկ 2007-ից, երբ կառուցվել է հէկը, դարձել է Ջհանգիրյանների «Թեժ» հէկի տնօրենը:

Փհէկի դրվածքային հզորությունը, ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի լիցենզիայի, 2064 կվտ է, չնայած տնօրենի նշած թիվն այլ էր' 2400 կվտ: Հովսեփ Հախվերդյանի տվյալներով' երկու գեներատոր է աշխատում, յուրաքանչյուրը' 1,2 ՄգՎտ հզորությամբ: Ստացվում է, որ փհէկը լիցենզիայով սահմանված դրվածքային հզորությունից ավելի է արտադրում:

«Թեժ» փհէկը, ըստ տնօրենի, աշխատում է վարարի ժամանակ' 1-2 ամիս: Օգոստոս ամիսը ամենաչոր ամիսն է, երբ գետերում ջրի նվազագույն հոսք է մնում: Այդ ամիսներին հէկերը պետք է դադարեցնեն աշխատանքը, եթե ջուրը չի բավականացնում, որպեսզի գետը չզրկվի ջրից, էկոհամակարգն էլ չչորանա: Սակայն օգոստոսի 13-ին, երբ մենք Մեղրաձորում էինք, «Թեժ» փհէկն աշխատում էր, իսկ խողովակների անցկացման 7 կմ ճանապարհը մնացել էր գրեթե առանց ջրի:

Ինչպես տնօրենն է ասում, այս սեզոնին աշխատում են, որպեսզի մանր-մունր ծախսերը, հարկերն ու աշխատողների աշխատավարձերը կարողանան վճարել: Մոտ 10 աշխատատեղ է ապահովում փհէկը: «Հիմա վարար չի, բայց աշխատում է,  աշխատում է 100 կվտ-ով: Այսինքն' մինչև առավոտ աշխատելու է 24 ժամ, տալու ենք 2400 կվտ: էդ էլ մեզ ձեռք չի տալիս, ուղղակի աշխատում է, որ աշխատողին չկորցնենք, մեխանիզմները չկանգնեն»,- հիմնավորում է Հովսեփ Հախվերդյանը:

Մեր հարցին, թե որքան է սահմանված սանիտարական թողքը, որը պետք է մնա գետում, տնօրենը զարմանքով արձագանքեց. «Ի՞նչը: Այսինքն' ի՞նչ սանիտարական թողք,- ասաց նա ու մեր բացատրությունից հետո շարունակեց,- թիվը չենք իմանում, բայց մենք թողնում ենք: Ոչ թե էս հատվածը վերցնում ենք, կողքերը ցամաքեցնում ենք գետը, ասենք' մենք էդ 100 ԿՎտ-ը չենք ուզում, ասենք' ձուկ ա, չէ, գետի մեջ ապրում, վերջ ի վերջո, հանգստի գոտի է, վերևը պոլիտեխնիկի լագերներն են, ամեն դեպքում մենք էտի պահպանում ենք, կարանք գլուխոյ վեկալենք փակենք, լրիվ ջուրը վեկալենք, բայց թողնում ենք»:

Տնօրենին բացատրեցինք, որ չեն կարող «գլուխոյ վեկալեն ու փակեն», քանի որ գետը կցամաքի, իսկ ջրթույլտվությամբ սանիտարական հստակ նորմ կա, որը պարտադիր պետք է մնա գետում:

«Ես բնապահպանական բոլոր նորմերը պահպանում եմ»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց Վրեժ Ջհանգիրյանը:

Վրեժ Ջհանգիրյանից պարզեցինք, որ ջրթույլտվությամբ սահմանված բնապահպանական թողքը վայրկյանում 20 լիտր է: Սակայն նույնիսկ անզեն և ոչ մասնագիտական աչքով նայելիս կարելի է հասկանալ, որ 20 լիտր ջուր չի հոսում գետի այն մասում, որտեղով անցկացված են խողովակները:

Տնօրենին ասացինք, որ ուզում ենք այցելել վերևի կայան՝ «պլատինա»՝ ձկնուղին ու շրջակա տարածքը տեսնելու: Տնօրենը հավաստիացրեց, որ ձկնուղի ունեն, իսկ վերև բարձրանալը վտանգավոր է, քանի որ ոչ բոլոր մեքենաներն են կարողանում բարձրանալ, իրենց մեքենան «պլատինայում է», և աշխատողները բարձրացել են «սետկաները» մաքրելու, այլապես մեզ էլ իրենց մեքենայով կբարձրացնեին և ցույց կտային. «Մեքենան առավոտվա յոթից բարձրացել է, իրիկունը 4-ին նոր կիջնի, տրակտորը հետը բարձրացել են մաքրելու»:

Մենք, այնուամենայնիվ, բարձրացանք: Իսկ «պլատինայում» ոչ աշխատողներ կային, ոչ էլ ձկնուղին գտանք: «Պլատինայից» վերև Թեժի բնականոն հոսքը բավականին շատ էր, սակայն պատվարներից ներքև ջուրը հազիվ նշմարելի էր:

Թեժի բնականոն հոսքը Գետում մնացած ջուրը

«Թեժ» հէկի հարևանությամբ «Արջաձոր» ՍՊԸ-ն կառուցել է «Արջաձոր» փհէկը: Տեղացիներն ասացին, որ այս օրերին «Արջաձոր» փհէկը չի գործում, քանի որ Թեժ գետի Արջաձոր վտակից շատ քիչ ջուր է հոսում:

Մեկնաբանություններ (2)

Armenyan
Kristine, Where does water go? The plant uses water to generate electricity but they don't consume water. It should continue flow down the stream. Do they divert water?
Levik
Either the water flowing through the turbines is being diverted for other purposes or else it is being pumped back up into the holding reservoir. During the summer, when the river is flowing at low levels anyway, this wouuld make sense from the company's point of view. Thus, they are not allowing a minimum out-take flow for the river's eco-system to survive below the plant. Many of these mini power plants are being financed through the EBRD as part of a sustainable energy program to wean Armenia off its dependence of nuclear power. Unfortunately, Armenian plant operators have no real interest in producing clean energy and are just out to make a quick buck with outside funding.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter