HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՆ. «Վաղարշապատի ծննդատան ծնարանում հիգիենիկ, հակահամաճարակային անմխիթար վիճակ է»

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ այսօր եղավ Արմավիրի և Վաղարշապատի բուժհաստատություններում։ Արմավիրի բժշկական կենտրոնը 2 տարի առաջ հիմնանորոգվել և ժամանակակից սարքավորումներով հագեցվել է Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակներում։

«Իհարկե, ես տեղյակ եմ, թե մարզային հիվանդանոցներն ինչ արդյունավետությամբ են աշխատում։ Այս այցերի նպատակն է տեղում տեսնել, թե ինչ ծանրաբեռնվածությամբ են օգտագործվում սարքավորումներն ու ստեղծված հնարավորությունները։ Այս կենտրոնը հանրապետության առաջատար կլինիկաներից մեկը կարող է դառնալ։ Մենք համարում ենք, որ նման հագեցվածություն ունեցող բուժհաստատություններում որոշակի ծառայություններ կարող են երկրորդ մակարդակ ապահովել, ինչը հնարավորություն կտա որոշակի բարդությունների դեպքում տեղում համապատասխան բուժօգնություն ապահովել։ Դրանով ևս կկրճատվի հիվանդների արտահոսքը մայրաքաղաք»,- ասաց Դերենիկ Դումանյանը։

Եթե Արմավիրի բժշկական կենտրոնում բարձր տեխնոլոգիաների, մասնավորապես հեռահաղորդակցային բժշկական խորհրդատվության արդյունավետ օգտագործման խնդիր դրվեց, ապա Վաղարշապատի ծննդատանը ներկայացվող պահանջները խիստ կենցաղային էին։ Բավական է ասել, որ ծնարանում հիգիենիկ, հակահամաճարակային անմխիթար վիճակ է։ Ծննդատունը չի համագործակցում նույն շենքի հակառակ թևում գտնվող կանանց կոնսուլտացիայի հետ։ Այս ամենի արդյունքում 2011 թ.-ին այստեղ հաշվառված 1600 հղի կանանցից մոտ 1000-ը ծննդաբերել է Երևանի տարբեր կլինիկաներում։ Իրավիճակը չի փոխվել նաև ընթացիկ տարում։

«Նախարարը և մարզպետը որոշեցին առաջիկայում քննարկել այս ծառայության բարելավման հարցը»,- հայտնում է առողջապահության նախարարության կայքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter