HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեխաները նկարում են Կենդանաբանական այգում

Այս տարի արդեն 4-րդ անգամ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն իրականացնում է Համահայկական նկարչական մրցույթը: Ամենամյա մրցույթի նպատակն է համախմբել բոլոր այն հայ երեխաներին, ովքեր ուզում են իրենց ներդրումն ունենալ հայրենի բնության պահպանման գործում:

Ի տարբերություն նախորդ տարիների` այս անգամ Համահայկական նկարչական մրցույթի մեկնարկը ազդարարեց հունիսի 1-ին Երևանի կենդանաբանական այգում կայանալիք նկարչական մեծ միջոցառումը: Մրցույթի թեմաներն են «Իմ երազած կենդանաբանական այգին», «Իմ հայրենի բնությունը», «Ես ծառ եմ»:

Նախաձեռնության միջոցով հազարավոր երեխաներ պաշտպանեցին ամենակենսական իրավունքներից մեկը` առողջ և բարեկեցիկ միջավայրում ապրելու իրավունքը: Այդ օրը Երևանի կենդանաբանական այգին փոքրիկ բնապահպանների համար ժամանակավորապես դարձավ նկարչական բաց արվեստանոց. երեխաները բնության և նրան սպառնացող վտանգների մասին պատմեցին գույների ու պատկերների միջոցով:

«Արդեն ավանդույթ դարձած նկարչական մրցույթի հիմնական նպատակը բնապահպանական կրթությունն է»,- նշեց Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:

Պատանի բնասերներն իրենց բնապահպանական նկարներով, թղթերից բացի, գունազարդեցին նաև կրթօջախներից բերված ավելի քան հարյուր սեղան: Հետագայում` համապատասխան վերամշակումից հետո, էկոկրթության յուրահատուկ գործիք դարձած սեղանները կվերադարձվեն կրթօջախներ և կդառնան երեխաների առօրյայի մի մասը:

Հունիսի 1-ին Կենդանաբանական այգում կազմակերպվեցին նաև բազմաբնույթ խաղեր, թատերական և կրկեսային բեմադրություններ, հնչեց կենդանի երաժշտություն: Միջոցառումն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ, իսկ երեխանի ազատ մուտքն այգի ապահովում է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը:

Մրցույթը կշարունակվի մինչև սեպտեմբերի 1-ը: Հաղթողներին կորոշի ոչ միայն անկախ ժյուրին, այլև մրցույթի կայքէջի (www.paintingday.sunchild.org) այցելուները: Կայքում իրենց նկարների օն-լայն տարբերակները տեղադրելու հնարավորություն կունենան տարբեր երկրներում ապրող, 5-16 տարեկան բոլոր երեխաները: Քվեարկությունից ստացված ողջ հասույթը կտրամադրվի Երևանի կենդանաբանական այգուն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter