Երկուշաբթի, 24 նոյեմբերի

Դատարանը մերժեց «Սիվիլիթաս» հիմնադրամի հայցը


18:40, 20 օգոստոսի, 2012

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, մերժեց «Սիվիլիթաս» հիմնադրամի հայցը, որով պահանջվում էր վերացնել Ազգային անվտանգության ծառայության որոշումը, որի հիման վրա «Սիվիլիթաս» հիմնադրամին և վերջինիս հիմնադիր Վարդան Օսկանյանին առնչվող քրեական գործ էր հարուցվել: Նիստը տեղի ունեցավ շաբաթ օրը՝ օգոստոսի 18-ին:

«Դժբախտաբար դա սպասված որոշում էր, որը, բնականաբար, կբողոքարկվի բոլոր ատյաններում, մինչև Եվրոպական դատարան: Անհիմն մեղադրանքները և շինծու պահանջները շեղում են մեր ուշադրությունը, ինչի հետևանքով խոչընդոտվում և ձգձգվում է մեր հիմնադրամի և «Սիվիլնեթ» լրատվամիջոցի բնականոն գործունեությունը: Դա, հավանաբար, այս գործընթացի բուն նպատակն է»,- ասել է «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը:

ԱԱԾ քննիչը, դատարանում եզրափակելով իր ցուցմունքը, հայտարարել էր, որ ԱԱԾ-ն նախաքննությունը իրականացնում է նաև հենց հիմնադրամի շահերը պաշտպանելու նպատակով:

Արձագանքելով այս հայտարարությանը՝ Սալբի Ղազարյանն ասել է. «Դա ոչ միայն անհասկանալի է, այլև անընդունելի է և խախտում է բոլոր տեսակի հասարակական կազմակերպությունների ազատությունները: Ինչպե՞ս կարող է որևէ կառավարական կառույց ինքնուրույն որոշել, որ որևէ հասարակական կազմակերպության իրավունքները ոտնահարվել են և ըստ այդմ, նախաձեռնություն վերցնել պաշտպանելու այդ իրավունքները: «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը հստակ նշում է, որ կազմակերպությունը կառավարվում է իր մարմինների միջոցով, որոնք գործում են օրենքին և կազմակերպության կանոնադրությանը համապատասխան: Օրենքը չի նախատեսում, որ հասարակական կազմակերպությունները պետք է կառավարվեն որևէ պետական կառույցի, այդ թվում՝ ԱԱԾ-ի կողմից»:

Ազգային անվտանգության ծառայության որոշումը վերացնելու դատական հայց ներկայացրել էր նաև «Սիվիլիթասի» հիմնադիր Վարդան Օսկանյանի ներկայացուցիչը, ինչը նույնպես մերժում է ստացել: Այդ որոշումը նա կբողոքարկի:

«Սիվիլիթաս» հիմնադրամ


Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ