HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Հայաստանն ընդհանուր սահմա՞ն կունենա Եվրասիական միության հետ

Այսօրվա մամուլի ասուլիսում Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը հավաստիացրեց, որ ինքը կապ չունի Ռուսաստանի հայերի միության հետ: Միաժամանակ Արամ Գ. Սարգսյանն ասաց, որ ինքը Համաշխարհային հայկական կոնգրեսի առաջին փոխնախագահն եմ, իսկ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահը, ինչպես և Ռուսաստանի հայերի միությանը, Արա Աբրահամյանն է:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք կո՞ղմ է, որ Հայաստանն անդամակցի Եվրասիական միությանը, որը հնարավոր է, որ ստեղծվի ապագայում՝ Արամ Սարգսյանն ասաց. «Ես կողմ կլինեմ, եթե ես տեսնեմ Եվրասիական միության ձևավորման բոլոր հեռանկարները և այդտեղ նաև Հայաստանի շահերը, այսինքն՝ ինչպես են նրանք իրականացվելու: Մենք պետք է հանդես գանք՝ պետական շահից ելնելով, ոչ թե զգացմունքային մոտեցումներով: Եթե Հայաստանին դա անհրաժեշտ է, ձեռնտու է, ուրեմն մենք պետք է դա անենք: Եթե ոչ, ապա մենք պետք է կարողանանք այդ ամբողջը հետաձգենք այնքան ժամանակ, ինչքան դա մեզ անհրաժեշտ է»:

Արամ Գ. Սարգսյանը կարծում է, որ Ռուսաստանը, ինչպես էլ վերաբերվենք այդ երկրին, միակ պետությունն է, որը ներդրումներ է արել ու անում Հայաստանի իրական տնտեսության մեջ:

«Այդ տեսանկյունից որքան հնարավոր է մեր հարաբերությունները զարգացնել, ես կարծում եմ, որ դա անհրաժեշտ է: Ինչ վերաբերում է ապագա միություններին, եթե Եվրասիական միությունը ձևավորվի այնպես, ինչպես Եվրամիությունն է (ի դեպ, Եվրամիությունը այսօր շատ ավելի ծանր վիճակում է), ապա կարող են լինել որպես գործընկերներ: Ոչ թե պետք է հակամարտություն լինի, այլ պետք է կարողանան իրար հետ համագործակցել»,- ասաց Դեմկուսի նախագահը:

Եվրասիական միության ստեղծվելու պարագայում Հայաստանի անդամակցությանը դեմ հանդես եկողները փաստարկ են բերում նաև այդ միության հնարավոր երկրների հետ Հայաստանի ընդհանուր սահմանի բացակայությունը: Մինչդեռ Արամ Գ. Սարգսյանի կարծիքով՝ ժամանակակից աշխարհում կան հնարավորություններ՝ լինել ընդհանուր տարածքում՝ չունենալով սահմանային գիծ:

«Իսկ ո՞վ է ասել, որ մենք ընդհանրապես չենք ունենալու ընդհանուր սահմանային գիծ: Կյանք է. մեկ այսպես շուռ կգա, մեկ այնպես: Եթե անհրաժեշտություն եղավ, կարող է և այդպիսի ընդհանուր սահման էլ լինի: Ի դեպ, չմոռանանք, որ կա Կասպից ծովի ավազանը, որը նույնպես թույլատրում է մեզ ապագայում ունենալ հնարավորություն ընդհանուր սահման ունենալ Եվրասիական միության հետ»,- ասաց Արամ Գ. Սարգսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter