HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Դեմկուսի ղեկավարը «թեթևսոլիկություն չի անի» և չի առաջադրվի նախագահական ընտրություններում

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյան չի առաջադրվելու առաջիկա նախագահական ընտրություններում: «Թեթևսոլիկություն չանենք»,- այսօրվա մամուլի ասուլիսում ասաց նա:

Նրա կարծիքով՝ սեպտեմբերին սպասվող ՏԻՄ ընտրություններն անցնելու են նույն սկզբունքով, ինչ խորհրդարանական ընտրությունները, քանի որ ոչինչ չի փոխվել:

«Իշխանության մեխանիկական փոփոխության անիմաստ է գնալ: Համակարգը պետք է փոխվի: Այս համակարգով ոչինչ չի ստացվի: Մինչև հանրապետության նախագահը քաղաքական կամք չդրսևորի, որևէ բան չի փոխվի»,- ասաց Արամ Գ. Սարգսյանը:

Նրա կարծիքով՝ այս 4,5 տարվա ընթացքում Սերժ Սարգսյանը լուրջ խոչընդոտներ ու խանգարողներ չի ունեցել իրական փոփոխություններ կատարելու գործում և այսօր ևս չունի: «Էնպես որ, ես կարծում եմ՝ եթե այդպիսի ցանկություն ինքը ունի և կդրսևորի այդ կամքը, ինքը էդ հնարավորությունն ունի: Սպասենք»,- ասաց Արամ Գ. Սարգսյանը:

Լրագրողը հարցրեց, թե ինչպե՞ս է հնարավոր համարում համակարգային փոփոխությունները այն նախագահի օրոք, ով հենված է հենց գործող համակարգի վրա: «Ես ընդամենը դիմում եմ իրեն, ներկայացնում եմ վիճակը և համարում եմ, որ ինքը այդ հնարավորությունը ունի: Ես դեռ հույս տածում եմ: Մեզանից շատ բան է կախված, հենց հասարակության պահանջարկը պետք է լինի: Հիմա հնարավորություն կա նախագահին և կառավարությանը մինչև նախագահական ընտրությունները որոշ քայլեր իրականացնել, որոնք կհաստատեն, իրենց վճռականությունը՝ փոփոխություններ կատարելու ուղղությամբ»,- Դեմկուսի նախագահը: Նա հնարավոր է համարում, որ Դեմկուսը կսատարի իշխանության ծրագիրը:

Քանի որ Դեմոկրատական կուսակցությունը պարտվել է խորհրդարանական ընտրություններում, բայց համոզված է, որ իր նախընտրական ծրագրի դրույթների իրականացումն անհրաժեշտ է, այժմ ձևավորում է հասարակական խորհրդարան, որը Ազգային ժողովին է ներկայացնելու առաջարկներ: ԱԺ Նստաշրջանի սկզբում Դեմկուսը դիմումներ է ուղարկելու խմբակցություններին: Առաջին առաջարկը վերաբերելու է Արցախի խնդրին:

Նախագահական ընտրություններին ընդառաջ քննարկվող հնարավոր բոլոր թեկնածուներին (Վարդան Օսկանյան, Սերժ Սարգսյան, Լևոն Տեր-Պետրոսյան) Դեմկուսի նախագահը համարում է նույն համակարգից ծնված և նույն համակարգում եղած: «Էդ համակարգը արդեն իսկ մեզ համար անընդունելի է: Դրա համար մեզ համար միևնույն է, թե այդ համակարգը ներկայացնող որ անձը ավելի մեծ շանսեր ունի»,- ասաց նա:

Բանախոսի կարծիքով՝ ՀԱԿ-ի գաղափարական հենքը նույնն է, ինչ այսօրվա իշխանությունը, և ՀԱԿ-ը բացարձակապես այլընտրանք չէ իշխանությանը: «Իսկ ՀԱԿ կա՞, որ ես նրանց էլ իրենց այլընտրանք տեսնեմ: Մի 2-3 հոգով հավաքվել են, հիմա մնացել են էդքանով, համարում ենք մենք նրանց մի ամբողջ այլընտրա՞նք: Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը անընդունելի է համարել ՀՀՇ-ի գաղափարախոսությունը հենց առաջին օրվանից մինչև այսօր»,- ասաց Արամ Գ. Սարգսյանը:

Խոսելով ընդդիմության հնարավոր միասնական թեկնածուի մասին՝ բանախոսն ասաց, որ մի բան է, եթե ընդդիմությունն ունենա ընդհանուր պլատֆորմի հիման վրա մեկ միասնական թեկնածու, որը ընդհանուր ծրագրի տերն է և իրականացնողը: Բայց եթե պետք է լինի ինչ-որ մեկը, որին բոլորը ասեն՝ «դու եղիր, միայն թե այս իշխանությունը փոխվի», Դեմկուսը դեմ է նման թեկնածուի:

Օրինակ՝ ՀՅԴ-ի և ՀԱԿ-ի միավորումը Արամ Գ. Սարգսյանը համարում է ոզնու և օձի հիբրիդ՝ 1 մետր փշալար: Նրա կարծիքով՝ Դաշնակցությունն ու ՀԱԿ-ը կարող են միավորվել միայն հանուն այս իշխանությունից ազատվելու: «Իսկ դա նպատակ չի: Դա ինքնանպատակ է»,- ասաց Արամ Գ. Սարգսյանը:

Մեկնաբանություններ (1)

դեմո
ափսոս, դնեիր էլի թեկնածությունտ, մեկա բոլորն ել գիտեն որ մեկից մեկ անցնելու եիր, հուսախաբ արեցիր ամբողջ հայ ժողովրդին, լավ գոնե էն հայրիկյանը դներ ու փրկեր ազգը կործանումից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter