HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյուղնախարարության Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայանը վտարում է բազմազավակ ընտանիքներին (վիդեո)

Քրիստինե Աղալարյան
Մարինե Մադաթյան 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան» ՊՓԲԸ-ն որոշել է վտարել իր ենթակայության շինություններից մեկում ապրող երկու բազմանդամ ընտանիքի: Իսկ քանի դեռ ԴԱՀԿ-ն չի կարողացել այս ընտանիքներին հանել շենքից, արդեն 7 օր է, տնօրենի կարգադրությամբ, նրանց զրկել են հոսանքից, իսկ օգոստոսի 2-ից' դադարեցրել Նալթակյանների գազամատակարարումը:

Աբովյան քաղաքի հարևանությամբ' Կարմիր բանակայինների 6 հասցեի շինությունը մինչ օրս ապաստան է տվել փորձարակական կայանի նախկին աշխատակիցներ Նալթակյանների 14 և Շահնազարյանների 33 հոգանոց ընտանիքներին, այդ թվում' Նալթակյանների 7 և Շահնազարյանների 17 անչափահաս թոռներին:

«Էս մարդկանց էսքան հալածել կլինի՞, մարդու էրեխու գլխին լույս կկտրե՞ն, չենք կարում մի բաժակ չայ տաքացնենք էն էրեխեն խմի»,- ասում է Ժորա Նալթակյանը: «Իրիկունը էնքան դուրսը նստում ենք, գալիս հետո քնում ենք»,- ավելացնում է կինը՝ Թաքուշ Նալթակյանը: «Դուք էլ իմ էրեխեքն եք, կոպիտ ասած' էրեկ էդ դրսի շշերի ջրով եմ լողացել»,-շարունակում է Ժորա Նալթակյանը:

Ժորա Նալթակյան Թաքուշ Նալթակյան

1984-2002թթ. Ժորա Նալթակյանը Ծխախոտի փորձակայանում մեխանիզատոր է աշխատել: Նրան որպես սեփականություն 20 քմ սենյակ է հատկացվել, սակայն 20 քառակուսին փոքր է եղել 7-հոգանոց ընտանիքի համար, և Ժորա Նալթակյանը խնդրել է բարելավել իր բնակարանային պայմանները.

1996-ին Ծխախոտի փորձակայանի արհկոմը որոշել է թույլ տալ Նալթակյաններին' «ժամանակավոր բնակվել պահեստի շենքում մինչև հարցի լուծումը»: Ժորա Նալթակյանը հերթագրված է եղել, որպեսզի բնակարան ստանա, սակայն ԽՍՀՄ-ի փլուզումով ամեն ինչ ավարտվել է. հարցը չի լուծվել, Նալթակյաններն էլ ցայսօր պահեստի այդ շենքում են ապրում:

2000-ին եկած նոր տնօրեն Սամվել Եղիազարյանը, Նալթակյանների խնդրանքով, երկու սենյակ էլ ավելացրել է, որտեղ տեղավորվել են Նալթակյանների որդիներն ու նրանց բազմացած ընտանիքները: «Ինքը 2000 թվին է եկել, որ եկել է էդ երկու սենյակը ինքը մեզ տվել է, եթե ապօրինի ենք մտել, ապօրինի մտնողին սենյակ կավելացնե՞ն»,- հարցնում է Թաքուշ Նալթակյանը: Սակայն տնօրեն Եղիազարյանը հիմա ժխտում է, որ այդ սենյակները ինքն է հատկացրել և հայցադիմումում պնդում է, որ ապօրինի են մտել:

Հարևանությամբ' նույն շինությունում ապրում են Շահնազարյանները: Էմմա Շահնազարյանը ցույց է տալիս «Հերոսուհի մայր» կոչման և մեդալի հավաստագիրը և պարծենում, որ 12 երեխա, այդ թվում' 10 զինվոր է տվել Հայաստանին և 17 թոռ, հիմա իրենց վտարում են և առանց ապաստան թողնում: 

Էմմա Շահնազարյան

Շահնազարյանների ընտանիքը 1988-ին է Շամշադինից տեղափոխվել' ծխախոտի մշակման փորձարարական կայանում (նախկինում' ծխախոտի փորձակայան) աշխատելու և այդ նույն թվականից պահեստի նույն շենքում նրանց ապաստան են տվել: Նույն շենքում այլ ընտանիքներ էլ են ապրել, սակայն նրանց հետագայում տեղափոխել են' ապահովելով կացարանով, իսկ Շահնազարյանները, քանի որ բազմանդամ են եղել և նրանց տեղավորել չեն կարողացել, մնացել են այստեղ:

Ծխախոտի փորձակայանը հետագայում վերանվանվել է «Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան» ՊՓԲԸ-ի, տնօրենը փոխվել է, իսկ փորձարարական կայանն այժմ աշխատում է նվազ ծավալներով. փորձարարական կայանին պատկանող 47 հա տարածքում ընդամենը 3 հա հողատարածքում են ծխախոտ, կտավատ և սոյա աճեցնում:

«Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայանի» գործադիր տնօրենն Սամվել Եղիազարյանը դիմել է դատարան' խնդրելով ապօրինի զբաղեցրած տարածքներից վտարել Նալթակյաններին և Շահնազարյաններին և փոխհատուցել պատճառված վնասը: «Այժմ կայանը հնարավորություն չունի զբաղվելու արտասահմանյան գրանտային ծրագրերի կատարմամբ, որը մեծ եկամուտներ կբերեր մեր հանրապետությանը, կբարելավեր կայանի ֆինանսական վիճակը: Կայանին արտասահմանյան ձեռներեցների կողմից արվել է առաջարկություն մեր իսկ գիտնականների կողմից ստացված ծխախոտի սորտատիպերից սիգարի արտադրության համար հումքի աշխատանքներ կազմակերպել, որի համար նույնպես հիմնական կառույցներ են անհրաժեշտ»,- գրել են հայցադիմումում:

Սամվել Եղիազարյանը դատարանին հայտնել է, որ Շահնազարյանները և Նալթակյանները ապօրինաբար են զբաղեցրել գյուղատնտեսության նախարարության տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայանին սեփականության իրավունքով պատկանող լաբորատոր շենքը, և չնայած բազմաթիվ զգուշացումներին, նրանք հրաժարվում են ազատել վիճելի կառույցը: Ավելին' ապօրինի զբաղեցրել են նաև կառույցի շրջակա հողատարածքները: Շահնազարյանները 2005թ. մայիս ամսին ոչնչացրել են ողջ կայանի արխիվը, փաստաթղթերը և փայտյա դարակները, կտրատել են ձեռնահարկի հիմնասյուները, որը դարձել է փլուզման ենթակա: Շինության դիմացի տարածքը վերածել են ավտովերանորոգման արհեստանոցի, ուր վերանորոգման նպատակով կայանի հրապարակում մշտապես անհատ մարդկանց մեքենաներն են հայտնվում: Անմիջապես լաբորատոր շենքից մի քանի մետր հեռավորության վրա է գտնվում ադմինիստրացիայի շենքը: Տնօրենը նշել է, որ Շահնազարյանները ցերեկային ժամերին իրենց գործունեությամբ խանգարում են /աղմուկով/, գործիքների աշխատանքից առաջացած ձայնից խաթարում են իրենց գիտական աշխատանքները, ինչպես նաև ողջ տարածքը վերածել են աղբակույտի:

Սամվել Եղիազարյանն ասում է, որ Շահնազարյանների որդիներից մեկի «բալգարկան» խելագարության է հասցրել իրեն, ինչի հետևանքով հաճախ թողնում փախնում է աշխատավայրից: «Քո արև, երեխեքիս արև,-մեզ հետ զրույցում երդվում է տնօրենը և շարունակում,-ինձնից բարի մարդ, երևի չգիտեմ, ես ամենաբարի մարդկանցից մեկն եմ, ինձ ըտենց եմ գտնում, ես չեմ կարող ուրիշ բան ասել: Էս մեքենաները փակում են ճանապարհները, դռդռոցը քցում են, անհնարին է նստել, աշխատել, ու խնդրում ենք էլ, ոչ մի բան, ու մեկ էլ տեսար առավոտը 11-12-ին միացնում են արաբական, արևմտյան երաժշտություն»:

«Դրա համար եք վտարում բնակիչներին»,- հարցնում ենք տնօրենին: «Ես՞: Ես իրավունք չունեմ որևիցե բան ասեմ, վտարում է պետությունը»,- պատասխանում է տնօրեն Եղիազարյանը:

Կառույցը, որտեղ ապրում են Նալթակյաններն ու Շահնազարյանները

Հայցադիմումում տնօրենը նշել է, որ Նալթակյանները նույնպես հրաժարվել են ազատել զբաղեցրած սենյակները և հարակից հողատարածքը, որտեղ և նախատեսված է պահպանել իրենց գիտական փորձանմուշները: Նալթակյանների կողմից զավթվել է փորձակայանին պատկանող լիզոմետրերը /փորձամարգ/ և ապօրինաբար օգտագործում են իրենց նպատակների համար: Բացի նախկինում իրենց կողմից ապօրինի զբաղեցրած սենյակից, 2007թ. կոտրել են նաև հարակից երկու սենյակների փականները և տիրացել նաև դրանց: Քանդել են շենքի միջանկյալ պատերը, որով վնաս է պատճառվել կայանին:

Այնինչ, նշված տարածքների համար գույքահարկ ամեն տարի պետական բյուջե վճարում է կայանը: Նալթակյանները 1984թ. կայանից ստացել են բնակարան, իսկ Շահնազարյանները Տավուշի մարզում ունեն սեփական շենք:

Հայցում Սամվել Եղիազարյանը խնդրել է վտարել Շահնազարյաններին և Նալթակյաններին և որպես ընկերության արխիվը ամբողջությամբ այրելու պատճառով հասցված վնասի հատուցում Շահնազարյաններից բռնագանձել 70.000 ՀՀ դրամ, իսկ որպես ընկերության դրամարկղին հարող հիմնական կրող պատը և եզակի հանդիսացող վառարանը քանդելու պատճառով հասցված վնասի հատուցման գումար Նալթակյաններից բռնագանձել 70.000 դրամ:

Էմմա Շահնազարյանն ասում է, որ տնօրենը ստում է, որովհետև արխիվը ոչ թե իրենք են վառել, այլ այն տեղափոխված է ներկայիս վարչական շենք: Էմմայի խոսքերը հաստատում է Թաքուշ Նալթակյանը' ասելով, որ երբ իրենք եկել են 1996-ին, շենքում արխիվ չկար, հետևաբար' 2005-ին չէր կարող այրվել, ինչպես իր ակտում ներկայացրել է տնօրենը: Ավելին' Էմմա Շահնազարյանը Տավուշում անշարժ գույք չունի, դրա մասին է վկայում գյուղապետարանից ներկայացված տեղեկանքը: Իրենց տունը երկրաշարժից փլվել է, իրենք հիմա գնալու տեղ չունեն:

Դատարանը, հաշվի չառնելով Նալթակյանների և Շահնազարյանների ցուցմունքներն ու ներկայացրած փաստաթղթերը, մի մասով բավարարել է հայցը. վտարման վճիռ է կայացրել, իսկ մնացած մասով հայցվորի փաստարկները չապացուցված է համարել և մերժել:

Նալթակյանների սոցիալական վիճակը ծանր է, մի որդին բանակում վիրավորվել է և չի կարող լիարժեք աշխատել, փոքր թոռնիկն էլ սրտի արատով է ծնվել և երեք վիրահատություն տարել: Որդիները մանր-մունր գործեր են անում, երբեմն շինարարություն են անում, բայց կայուն գործ չունեն: Երեք երեխա ունեցող որդին նպաստ չի ստանում, քանի որ հստակ հասցե չունեն' Կարմիր բանակայինների 6 հասեցում գրանցված են նաև Շահնազարյանները:

«Ինչու է այսքան տարի թույլ տրվել այդ ընտանիքները բնակվել փորձակայանի շինությունում» հարցին տնօրեն Եղիազարյանը պատասխանում է. «Ես չգիտեմ ինչու է տրվել, տրվել է, թե չէ, ես տեղյակ չեմ: Դա չի տրված, իրենք հաշվառված են...»: Իսկապես, Շահնազարյաններն ու Նալթակյանները հաշվառված են այդ հասցեում, սակայն թե ինչպես են հաշվառվել մի շենքում, որը նախարարության ենթակայության տակ է գործում՝ առանց հիմնարկի թույլտվության, տնօրենը պատասխան չունի. «Չգիտեմ»:

Ուր պետք է գնան այս ընտանիքները վտարումից հետո, տնօրենին չի հետաքրքրում: «Ունեն 5-6 հատ մեքենա, թող վաճառեն, իրենց տուն առնեն»,- Շահնազարյանների մասին ասաց Ս. Եղիազարյանը: Այնինչ, ինչպես պարզվեց, Շահնազարյանները միայն մի մեքենա ունեն, որը վարկով են վերցրել և դեռ չեն մարել. «Օրվա հաց հայթայթելով և պարտքերի մեջ խրված ենք,- ասում է Էմմա Շահնազարյանը,- մենակ 68 հազար խանութում պարտք ունենք, դեռ մեքենայի վարկն էլ պետք է փակենք»:

Գյուղատնտեսության նախարարության իրավաբանական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գուրգեն Ավագյանը, ով որպես հայցվորի լիազորված անձ մասնակցել է նաև դատական նիստերին, մեր հարցին, թե ինչ հիմունքներով են այդ ընտանիքները ապրել տվյալ տարածքում այդքան տարի և ինչու են հիմա որոշել վտարել բնակիչներին, պատասխանեց. «Չգիտեմ ինչի հիման վրա են ապրել, բայց ընկերությունը իր նախաձեռնությամբ դիմել է' իր վարչական տարածքները օգտագործելու նպատակով»: Հետևաբար, ըստ Գ. Ավագյանի, «վճիռը պետք է ի կատար ածվի»:

Նալթակյաններն ու Շահնազարյաններն ասում են, որ պատրաստ են մաս-մաս գնել տարածքը, եթե վաճառեն իրենց: Գ. Ավագյանն ասաց, որ փորձարարական կայանը, եթե նպատակահարմար գտներ և օտագործելու համար վիճահարույց տարածքը պետք չլիներ, չէր դիմի դատարան' տարածքը ազատելու պահանջով. «Եթե գտնում են, որ վճիռը անհիմն է, ես իրենց խորհուրդ եմ տվել բողոքարկել վերադաս դատարան»,- նշում է գյուղնախարարության իրավաբանական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը:

Նալթակյաններն ու Շահնազարյանները վճիռը բողոքարկելու հետ հույսեր չեն կապում, ինչպես ասում են' քանի որ ոչ փաստաբանի փող ունեն, ոչ էլ «օրենքից բան են հասկանում»: Բնակիչները դիմել են Աբովյանի քաղաքապետարան, պատասխանել են, որ դա քաղաքապետարանի տարածքը չէ, այլ գյուղնախարարությանն է: Նալթակյանները մի քանի անգամ գյուղնախարարություն էլ են գնացել, հանդիպել ինչպես նախկին նախարար Գերասիմ Ալավերդյանին, այնպես էլ ներկայիս նախարար Սերգո Կարապետյանին: Երեկ նույնպես գյուղնախարարի մոտ են եկել, սակայն վերջինս չի ընդունել, Նալթակյանները նախարարության մուտքի մոտ սպասել են նախարարին մինչև դուրս գա: Նախարարը, ըստ Նալթակյանների, ասել է, որ ինքը հոսանքի կամ գազի անջատման հրահանգ չի տվել և տեղյակ չէ կատարվածից: Նախարարը շտապ գործերով տեղ է գնացել և բնակիչները չեն կարողացել նորմալ զրուցել: Նրանք օգոստոսի 31-ին հերթագրվել են նախարարի մոտ:

«Մենք խնդրում ենք վարչապետին, նախագահին' մեզ տեր կանգնել, թե չէ էսքան շունչը փողոցում կհայտնվի»,- ասում է Ժորա Նալթակյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter