Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

«Դինո Գոլդ»-ում ճգնաժամն սկսվեց ստուգումների արդյունքում



«Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ի նախկին աշխատակից Աշոտ Գրիգորյանը դատարան է դիմել ընկերությունից իր նախորդ տարիների չվճարված աշխատավարձերը ստանալու համար: Նա աշխատանքից ազատվել է 2009 թ. ապրիլին` «իր դիմումի համաձայն, բայց` հարկադրված»:

«Պատճառն այն էր, որ չէի հաշտվում ինձ հիմարացնելու մտքի հետ, ասում էի աշխատում եմ` վարձատրեք: Նրանք էլ ասացին` դուր չի գալիս` դուրս արի»: Ա. Գրիգորյանն ասում է, որ 8 ամիս շարունակ դիմել է ղեկավարությանը աշխատավարձը բարձրացնելու համար, իսկ նրանք պատասխանել են` լավ չեք աշխատում: «Լավ չաշխատելը որն էր, որ իմ հերթափոխի ժամանակ ոչ մի բացասական բան չի գրանցվել»,- ասում է նա:

«Դինո գոլդ»-ի պահակային ծառայության նախկին աշխատակիցը պատմում է, որ 2008 թ. իրենց բաժնում կրճատումներ են սկսվել. 12-ից 6-ին կրճատել են` այդպիսով ավելացնելով մյուսների աշխատանքի ծանրաբեռնվածությունը, իսկ աշխատավարձը մնացել է նույնը:

«Նախկին 3 օրը մեկ հերթապահելու փոխարեն, արդեն աշխատանքի էին կանչում 2 օրը մեկ անգամ: Ամիսը օրինակ, 180 ժամ պետք է աշխատեմ, աշխատել եմ 290 ժամ, սակայն նրանք ճիշտ չէին նշում ժամաքանակը, իրականում գրաֆիկով ներկայացնում էին այնքան, որքան պետք է աշխատեի այդ ամիսը»,- ասում է կոմբինատի նախկին աշխատակիցը:

Ա. Գրիգորյանը հիմա դատարանում միայն գիշերավճարն է պահանջում, որովհետեւ հավելյալ աշխատաժամի համար ապացույցներ չի կարողացել ներկայացնել, քանի որ այն ոչ մի տեղ չի գրանցվել, գրաֆիկների վրա տնօրինության կնիքը չկա:

«Նախկինում գրաֆիկ կար` ամիսը այսքան ժամ ավել ենք աշխատել` պետը ներկայացնում էր տնօրենին, որը ստորագրում ու կնքում էր, դրա համար հավելավճար էին վճարում: 4-5 ամիս այդպես վճարեցին` ամիսը 100 հազար դրամ: Հետո «Դինո գոլդ մայնինգ քամփնի»-ի գլխավոր տնօրենը հրաժարվեց վճարել: Դրանից հետո մեզ հետ նոր պայմանագիր կնքեցին, որով սկսեցին 75 հազար դրամ վճարել: Մեզ ասում էին, որ գիշերավճարը այդ գումարի մեջ հաշվարկված է, սակայն, մարդիկ կան, որոնք միայն ցերեկն են աշխատում, բայց նրանք էլ են ամսական 75 հազար դրամ ստանում, ես` էլ»,- զարմանքով ասում է Աշոտը:

Նույն հայցապահանջով 2010 թ. մայիս ամսին դատարան է դիմել «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ի նախկին 13 աշխատակից: Դատարանը ոչ մի գործով դեռեւս վճիռ չի կայացրել: Կոմբինատի նախկին աշխատակիցների շահերը դատարանում ներկայացնող փաստաբան Իրինա Մանուկյանը ձգձգումները պայմանավորում է «Դինո գոլդ»-ի ղեկավարության վերաբերմունքով:

«Մեզ հայցվորների աշխատավարձի փաստաթղթերն էլ չեն տրամադրում: Դրանք ստանալու համար միջնորդություն ենք ներկայացնում դատարանին, որը մեր պահանջը բավարարում է: Սակայն դրանք միայն հարկադիր կատարումով ենք ստանում, իսկ դա երկար ժամանակ է խլում: Դատաքննության 5 ամիսների ընթացքում նրանցից կարողացել ենք ստանալ հայցվորների աշխատավարձի հաշավառման տեղեկագրերը: Նրանք մեր գրավոր հարցումներին չեն պատասխանել: Այդ պատճառով դատարանը որոշում է կայացրել ապացույցներ պահանջել եւ հիմա 13 հայցվորների մասով գիշերային աշխատաժամանակի վճարների հաշվարկ պետք է կատարենք ու ներկայացնենք դատարանին»:

«Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ի հրապարակած տվյալներով` 2008 թ. կոմբինատում 1492 մարդ էր աշխատում, 2009 թ. նրանց թիվն իջավ1168-ի, իսկ 2010 թ.-ին` 1050-ի: Նրանց ասելով 2008-10 թթ. կոմբինատի աշխատողներից կրճատվել են 442 հոգի, իսկ ոչ պաշտոնական տվյալներով` նրանց թիվն անցնում է 476-ից: Դատարան դիմողների թիվն սկսում է աճել, ներկայումս դատարան են դիմել 16-ը, մյուսները դեռեւս սպասում են… «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ում կրճատումները բացատրում են 2008 թ. սկսված տնտեսական ճգնաժամով: «Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» հ/կ-ի իրավախորհրդատու Արթուր Ղազարյանի ասելով, կրճատվածները հիմնականում 2008 թ. նոյեմբեր ամսի գործադուլավորներն են, որոնք պահանջում էին 2005 թ.-ից իրենց չվճարված գիշերավճարները, հավելյալ եւ վնասակար աշխատանքի դիմաց չվճարված աշխատավարձերը: «Ճգնաժամը պատճառ բերելով նրանց հարկադրաբար տուն ուղարկեցին, իսկ այդ ընթացքում կամաց-կամաց կրճատեցին»,- հայտնեց նա:

Դատարան դիմողների ասելով` աշխատանքից կրճատվեցին գործադուլի բոլոր ակտիվիստները, իսկ նրանք, որոնք համարձակություն կունենան հիշեցնելու գիշերավճարների մասին, կարժանանան նույն ճակատագրին:

««Դինո գոլդ»-ը ուրիշ պետություն է այս քաղաքի մեջ»

«Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ի արհմիության նախկին նախագահ Սուրեն Թումանյանն այսպես է բնութագրում ընկերության դերակատարությունը Կապան քաղաքում: Նա պատմեց, որ 2008 թ. նոյեմբերի 7-ին` առավոտյան ժամը 11:00-ին, ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալլետան պահեստների հարթակի մոտ ժողովի հրավիրեց ձեռնարկության վարչական եւ փոքր արտադրամասերի աշխատակիցներին ու հայտարարեց, որ որոշել է կրճատել աշխատողների 60%-ին, իսկ մնացյալ 40%-ի աշխատավարձը կրճատել 50%-ով:

Նրա ասելով` այդ հայտարարությունն անսպասելի էր բոլորի համար եւ աշխատողներն անակնկալի գալով իրենց բացականչություններով շիկացած մթնոլորտ ստեղծեցին, սկսեցին խանգարել տնօրենի ելույթը, իսկ ժողովի ավարտից հետո արհկոմից պահանջեցին կանխարգելիչ միջոցների դիմել: Նույն օրը ընկերության գլխավոր տնօրենը հանդիպում է ունեցել նաեւ Շահումյանի հանքավայրի աշխատողների հետ` նույնը նրանց հայտնելու համար:

«Հանքավայրի աշխատակիցներն ինձ պահանջեցին, եւ այդ հանդիպումից հետո մենք իջանք վարչական շենքի հրապարակ: Նրանք պահանջում էին գործադուլ սկսել: Ես առաջարկեցի 2 ժամով նախազգուշական գործադուլ, որին չհամաձայնեցին: Ակտիվիստներից ստեղծվեց գործադուլային կոմիտե, որը պահանջագիր ներկայացրեց տնօրենին` չկրճատել աշխատատեղերը, աշխատավարձերը հնարավորինս չնվազեցնել»,- պատմեց պրն Թումանյանը:

Գործադուլավորները տնօրենին հայտնել են, որ ընկերությունը ճգնաժամի մեջ է հայտնվել տեղացի եւ արտասահմանցի աշխատակիցների կողմից աշխատանքները ոչ ճիշտ կազմակերպվելու պատճառով: Ս. Թումանյանի ասելով` այս ամենը նախապատմություն ուներ. 2008 թ. սեպտեմբեր ամսին ինքը գրություն է ուղարկել գլխավոր տնօրեն Ռ. Ֆալլետային եւ վկայակոչելով ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 184 հոդվածը պահանջել է վճարել կոմբինատի աշխատողների գիշերային աշխատանքի համար հասանելիք հավելումները:

«Կոմբինատը 2005 թ.-ից սկսած գիշերավճարի դիմաց 360 մլն դրամ աշխատողներին պարտք էր մնացել: Օրենքով գիշերային աշխատանքի ամեն մի ժամի դրույքաչափի համար սահմանված է պաշտոնական դրույքաչափի 1.5-ապատիկի կամ 150% հավելում, իսկ նրանք 50%-ով էին վճարում: Տնօրենը հրաժարվեց կատարել մեր պահանջը, իսկ հոկտեմբերի 9-ին դրան հետեւեց Ռ. Ֆալետտայի գրությունը. «Մենք այլեւս ի վիճակի չենք Ձեզ գույքով ապահովելու եւ Դուք ու Ձեր անձնակազմը 3 օրվա ընթացքում ազատեք տարածքը»»: Արհկոմը կոմբինատի վարչական շենքում այդ տարածքը զբաղեցնում էր շուրջ 40 տարի:

Ս. Թումանյանի ասելով ՀՀ աշխատանքի պետական տեսչության աշխատակիցների միջամտությունից հետո միայն տնօրենը արհեստակցական կազմկերպությանը տեղ հատկացրեց վարչական շենքից դուրս գտնվող մի առանձին շինությունում: Նոյեմբերի 10-ին տնօրենը մերժել է նաեւ գործադուլավորների ներկայացրած պահանջները: Նախկին արհկոմի նախագահի ասելով իրենց այլ բան չէր մնում, քան դիմել աշխատանքի պետական տեսչություն, քանի որ «Դինո գոլդ»-ի գլխավոր տնօրենն այս անգամ էլ խախտել էր Աշխատանքային օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին կետի պահանջը, որով աշխատանքից ազատվողների թվաքանակը 3 ամիս առաջ պետք է ներկայացներ զբաղվածության պետական ծառայություն:

Իրենց բողոքների հիման վրա աշխատանքային տեսչությունը ստուգումներ է սկսել կոմբինատում:

Գիշերավճարները վճարելու հանձնարարականներ ու տուգանքներ

Մեր աղբյուրների տեղեկացմամբ աշխատողների թվաքանակը կրճատելու պատճառը, իրոք, համաշխարհային տնտեսական ճգնաժամը չէր: Ավելին, այդ ժամանակ դեռեւս խոսք չկար տնտեսական ճգնաժամի մասին եւ ճգնաժամը պարզապես զուգադիպել է այս ամենին:

2008 թ. փետրվարին Ռոբերտ Ֆալետտան, ստանձնելով «Դինո գոլդ»-ի գլխավոր տնօրենի պաշտոնը, աշխատողներին հանձնարարել էր ուսումնասիրել կոմբինատում տիրող վիճակը եւ իրեն ներկայացնել պատկերը: Ուսումնասիրությունը ցույց էր տվել, որ 2005 թ. սկսած Կոմբինատը աշխատավարձերի զգալի պարտք ունի. «Դինո գոլդ»-ը չի վճարել աշխատողներին գիշերային, արտաժամյա եւ վնասակար աշխատանքի համար:

2007 թ. մայիսին աշխատանքի տեսչությունը ստուգումներ էր իրականացրել «Դինո գոլդ»-ում եւ արձանագրել հետեւյալ խախտումները.

  • ընկերությունը չունի ներքին կարգապահական կանոնակարգ, 
  • ընկերությունում աշխատում էր 200 չգրանցված աշխատող, 
  • ընկերությունում աշխատողներին պակաս էր վճարվել գիշերային աշխատանքի համար սահմանված վարձատրությունից:

Չնայած հիշյալ խախտումների բացահայտմանը` տեսչությունը ընկերությանը տուգանել է նվազագույն չափով` 100 000 դրամ, արձանագրության մեջ հստակ չնշելով, թե նշված խախտումներից որի համար է սահմանվել տուգանքը: Միաժամանակ, ընկերությանը զգուշացրել է խախտումները վերացնել:

Աշխատանքի տեսչությունը 2008 թ. հոկտեմբերի 16-ին կրկին ստուգումներ է իրականացնում ընկերությունում եւ ներկայացնում բացահայտված խախտումները.

1. շուրջ 1000 պայմանագիր կազմվել է Աշխատանքային օրենսգրքի խախտումներով, բոլոր պայմանագրերում բացակայում է հավելված 1-ը, բոլոր պայմանագրերի հավելված 2-ում բացակայում է կողմերի ստորագրությունը եւ ընկերության կնիքը,

2. էվակուացիայի պլանը փակցված չէ համապատասխան բոլոր վայրերում,

3. ընկերությունը շարունակում էր քիչ վճարել գիշերային ժամերին աշխատող հանքափորներին գիշերային աշխատանքի դիմաց,

4. ընկերությունը չունի աշխատանքի կանոնակարգ եւ այլն:

Հաշվարկների համաձայն` ընկերությունը գիշերային ժամերին աշխատող աշխատողներին պարտք է մնում ամսական 11 մլն դրամ: Այսինքն` տարեկան 264 մլն դրամ պարտք ուներ միայն գիշերավճարների մասով: Համաձայն տեսչության հաշվարկների` գիշերավճարների պարտքը «Դինո գոլդ»-ում սկսվում էր 2007թ. սեպտեմբերից, եւ վճարումը կատարելու համար տեսչությունը ընկերությանը ժամանակ էր տվել: Մեկ տարի հետո տեսչությունը կրկին ընկերությանը առաջարկում է փոփոխել գիշերավճարը վճարելու կարգը հետեւյալ բանաձեւով` բազային աշխատավարձ + 150%:

Մեր աղբյուրների տեղեկացմամբ` հայտնաբերված խախտումների համար տուգանքների չափը հասնում էր 135 մլն դրամի, որից 50 մլն դրամ կարող էին տուգանել միայն աշխատանքային պայմանագրեր չունենալու համար, մնացյալը` գիշերավճարները չվճարելու եւ մի քանի մլն դրամ` հայտնաբերված այլ խախտումների համար: Սակայն, մեր աղբյուրների վկայությամբ ընկերությունը տուգանվում է 10 մլն դրամի չափով` միայն աշխատողներին գիշերային աշխատանքի համար սահմանված գումարը պակաս վճարելու համար:

Ընկերության եւ տեսչության միջեւ համաձայնություն է կայացվում` կազմել ժամանակացույց գիշերավճարները 1 տարում վճարելու համար: Աշխատանքի պետական տեսչության շարունակական ներողամտության պատճառը նախընտրեցինք լսել տեսչության ղեկավարությունից: Պարզվեց, որ նրանք բացատրություն չունեն, իսկ 2008 թ. սեպտեմբերի 30-ից մինչեւ հոկտեմբերի 16-ն ընկած ժամանակամիջոցում իրականացված ծրագրային ստուգման մասին հայտնում են. «Արդյունքում արձանագրվել է, որ գործատուի եւ թվով 100 աշխատողների հետ կնքված աշխատանքային պայմանագրերը չեն համապատասխանում ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջներին: Նշանակվել է վարչական տուգանք` ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 169.5-րդ հոդվածի 1-ին մասով 5.000.000 (հինգ միլիոն) դրամ»:

Այս պատասխանում, փաստորեն, աշխատանքային օրենսդրության պահանջներին անհամապատասխան կնքված պայմանագրերի թիվը տեսչությունը 1000-ից իջեցրել է 100-ի, իսկ գիշերավճարների մասին ընդհանրապես խոսք չկա, մինչդեռ այդ խնդիրը ընկերությունում առկա էր եւ է մինչ օրս: Տեսչությունը ինչո՞ւ չպետք է նկատեր այն: Մենք կարող ենք ՀՀ աշխատանքի պետական տեսչության տրամադրած այս տեղեկությունը ստույգ չհամարել, քանի որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին ուղղված մեր պաշտոնական գրությանն ի պատասխան ուղարկված տեղեկությունները թերի են եւ ոչ պաշտոնական, քանի որ չեն վավերացվել նախարարի կամ պատասխանատու այլ պաշտոնյայի կողմից: 2007 թ. հոկտեմբերին «Դինո գոլդ»-ում ստուգումներ է իրականացրել նաեւ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, որոնց տրամադրած տեղեկատվության համաձայն` կոմբինատը չի վճարել շահութահարկ, ավելացված արժեքի հարկ, բնապահպանական վճար, սոց. վճարներ:

«Արտաժամյա աշխատանքի համար վարձատրությունը ոչ թե ավելացրել են 1.5 հավելումով, այլ ավելացրել են 1.5 անգամ, ինչպես նաեւ չի հաշվարկվել հավելավճար վնասակար պայմաններում աշխատելու համար»,- նշվում է ակտում:

Նշված բոլոր խախտումների համար համատեղ տույժեր ու տուգանքներ կիրառելով հարկայինը ընկերությանը տուգանել է 39 մլն108.5 հազար դրամ: «Դինո գոլդ»-ի մեր աղբյուրը վկայում է, որ «Դինո գոլդ»-ի գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալետտայի զայրույթի պատճառը հենց այս տուգանքներն էին, որոնց արդյունքում նա հայտարարեց աշխատողների եւ քանակը, եւ աշխատավարձերը կրճատելու մասին: Սակայն, ինչպես նշում են կոմբինատի աշխատակիցները, դրա մեղքը ոչ թե կոմբինատի բանվորներինն էր, այլ ինչպես նրանք են ներկայացրել տնօրենին ուղված իրենց գրավոր դիմումում` ընկերության վարչական աշխատողներինը:

Նրանց վրդովեցրել էր կոմբինատում աշխատող օտարերկրացիների, մայրաքաղաքից եկածների ու տեղացի աշխատողների աշխատավարձերի միջեւ եղած ահռելի տարբերությունը. նրանց ներկայացրած հաշվարկներով` մեկ օտարերկրացու ամսական աշխատավարձը 6 մլն դրամ է, իսկ հանք մտնող 20 հոգու աշխատավարձի ֆոնդը` 3,5 մլն դրամ: Հետաքրքիր է, որ Պետական եկամուտների կոմիտեն 2009 թ., ստուգումներ իրականացնելով ընկերությունում, դեկտեմբերի 25-ին կազմած ակտով կրկին նույն խախտումներն արձանագրել է` շահութահարկ, ավելացված արժեքի հարկ, բնապահպանական վճար, սոցվճարների մասով հայտնաբերված խախտումներ, որոնց համար ընկերությանը այս անգամ տուգանել է 20 մլն 853.4 հազար դրամ:

«Խախտվել է ՀՀ Կառավարության 2003 թ. դեկտեմբերի N1907 որոշման պահանջը` գիշերային աշխատանքների համար վճարվել է 50% հավելում 150%-ի փոխարեն»,- նշված է արձանագրության մեջ: 2009 թ. նոյեմբերին «Դինո գոլդ»-ում ուսումնասիրություն է իրականացրել նաեւ աշխատանքի պետական տեսչությունը եւ կրկին արձանագրել, որ ընկերությունը 18 մլն դրամ հավելավճարների պարտք ունի աշխատողներին.

1. Ընկերության մեքենավարներին, մեքենավարների օգնականներին եւ հորատանցող մեքենավարներին գիշերային աշխատանք կատարելու համար չի հաշվարկվել եւ չի վճարվել գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար սահմանված hավելավճարը, որը կազմում է` 11.367.374 դրամ:

2. Աշխատանքի վարձատրման մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասում առողջության համար վնասակար աշխատանք կատարողներին չի հաշվարկվել եւ չի վճարվել տարիֆային աշխատավարձի 50%-ի չափով հավելումը` 6 մլն.742 հազար դրամ:

Այս անգամ տուգանքներ չեն կիրառվել, քանի որ ինչպես ներկայացրեց մեզ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի պետական տեսչության պետի տեղակալ Արմեն Սմբատյանը` ուսումնասիրության ժամանակ տուգանք չի կիրառվում:

«Նպատակը եղել է աշխատանքային օրենսդրության կիրառման հսկողություն իրականացնելը, որի դեպքում մենք տալիս ենք գրավոր հանձնարարական, որ գործատուն վերացնի օրինախախտումները եւ վերականգնի աշխատողի իրավունքը»,- հայտնեց նա: Թե ինչու է այդ վիճակը ստեղծվել ու շարունակվում է մինչ օրս, պրն Սմբատյանը մեզ հետ զրույցի ժամանակ ասաց. «Գիշերային աշխատանքի ամեն ժամի համար պետք է վճարվեր հավելում ժամային դրույքաչափի 1,5 անգամից ոչ պակաս մինչեւ 2010 թ. օգոստոսի 7-ն ընկած ժամանակահատվածում, որից հետո օրենքով հաշվարկի նոր կարգ է սահմանվել: Այս ձեակերպումը նրանք հասկանում էին 50% հավելում եւ ոչ թե 150%:

«Դինո գոլդ»-ը գիշերավճարը սխալ էր հաշվարկել եւ ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված հավելավճարների մասին տեսչությունը գրավոր հանձնարարական է տվել նրանց»: Փաստորեն, 2007 թ.-ից սկսած տեսչությունը ամեն տարի նույն հանձնարականը տալիս է ընկերությանը գոնե գիշերավճարների մասով, եւ մինչ օրս էլ նույն խախտումները շարունակում են տեղ գտնել ստուգողների արձանագրություններում, որը նշանակում է` ընկերությունը շարունակում է վճարել նշանակված տույժերն ու տուգանքները ու չի վերացնում խախտումները: Պատճառը գուցե այն է, որ մինչ օրս էլ «Դինո գոլդ»-ի գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալետտան համոզված է, որ ճիշտը 50% վճարելն է:

Մեզ հետ ունցած զրույցի ժամանակ պրն Ֆալետտան այդ մասին հայտնեց. «Քանի որ ընկերության ղեկավար անձինք օտարերկրացիներ են, պարզ է, որ հիմնականում նրանք ընթերցում են այն` ինչը թարգնված է անգլերեն, եւ Աշխատանքային օրենսգրքի այն հատվածը, որ վերաբերում էր գիշերավճարներին` ես հասկանում էի, որ պետք է վճարել 50% եւ ոչ թե 150%: Ավելին, անգամ, հայերենով ձեւակերպված հոդվածը հայերը կարդալով երկակի էին մեկնաբանում: Ի սկզբանե 150% չէր նախատեսված, պարզապես այն այնպես էր շարադրված, որ այդպես էր հասկացվում: Օրենսգքրի հեղինակը հենց 50% էր նախատեսել եւ ոչ թե 150%»:

Աշխատանքի պետական տեսչության պետի տեղակալ Արմեն Սմբատյանին ուղղված մեր հարցին` իսկ ի՞նչ պետք է անի տեսչությունը նման դեպքերում, երբ ընկերությունը վճարում է տուգանքը, սակայն չի վերացնում խախտումները, նա պատասխանեց. «Ժամկետ ենք նշանակում վճարելու համար, բայց քանի որ այդ հարցով գործը գտնվում է դատարանում, որպես վարչական մարմին` մեր գործառույթները սպառվել են, եւ վարույթը կարճվել է»:

Նրան հիշեցրինք, որ աշխատավարձի հաշվարկման այդ բանաձեւը ընկերությունը կիրառել է բոլոր աշխատողների համար եւ տարիներ շարունակ: Ավելին, դատարան են դիմել նրանք, որոնք այլեւս ընկերության աշխատակիցներ չեն, սակայն «Դինո գոլդը» դեռեւս չի մարել աշխատակիցներին ունեցած աշխատավարձերի պարտքը: «Այո, բայց քանի որ խնդիրը դատարանում վիճարկվում է` արդեն ամբողջությամբ դառնում է մասնավոր իրավունքի խնդիր»,- դարձյալ պնդեց պրն Սմբատյանը: «Այսինքն, եթե մյուսներն էլ աշխատավարձերի վճարման հետ կապված հարց բարձրացնեն` պետք է դատարանով լուծե՞ն»,- հարցրի նրան: «Այո»,- եղավ պատասխանը:

շարունակելի

Հետաքննությունը կատարվել է Հետաքննական լրագրության դանիական ասոցիացիայի (SCOOP) աջակցությամբ:


Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ