HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մինաս Ավետիսյանի «Հայկական հովվերգություն» մեծածավալ որմնանկարը վտանգված է

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը ստացել է «Մինաս Ավետիսյան» բարեգործական հիմնադրամի նախագահ Արման Ավետիսյանի նամակի պատճենը՝ ուղղված Շիրակի մարզպետի տեղակալ Ս.Պետրոսյանին, այն մասին, որ Գյումրու քաղաքապետարանը չի կատարում Մինաս Ավետիսյանի «Հայկական հովվերգություն» մեծածավալ որմնանկարի վերականգնման համար հիմնադրամի հետ կնքված պայմանագրային պարտավորությունների մի մասը, և այդ պատճառով այդ որմնանկարի փրկությունը վտանգված է:

Նամակում ասվում է, որ քաղաքապետարանը, բացի վերականգնող կազմակերպությանը վճարելու պարտավորությունից, ստանձնել էր մի շարք աշխատանքների կատարման պարտավորություն, որոնք չի կատարում կամ թերի է կատարում, ինչպես, օրինակ, շինարարական աշխատանքները, ջրամատակարարումը, կապի և համացանցի մատակարարումը, բեռնափոխադրումը և բարձումը, տպագրությունը և թարգմանչական ծառայությունները, տրանսպորտային ծախսերը, լուսանկարչական ծախսերը, Հայաստանում ձեռք բերված նյութերի և պարագաների ծախսի փակումը, վերականգնողների կեցության ծախսերը և այլն: Հիմնադրամը այս աշխատանքների թերակատարումը գնահատում է 13 մլն դրամի չափ և հայտնում է, որ այդ աշխատանքները ինքն է կատարել ու կատարում:

Բացի դրանից՝ ըստ հիմնադրամի նախագահի նամակի՝ Գյումրու քաղաքապետարանը նախահաշվում հիմնադրամին վերապահված ժամանակացույցով նախատեսվածից պակաս է վճարել ևս 13 մլն դրամ:

«Այսպիսով, ազգային արժեք ներկայացնող որմնանկարի վերականգնումը, որը ամբողջությամբ անջատված է պատից և փռված է գետնին, ունի կոնկրետ տեխնոլոգիական պրոցեսի ժամկետ, և ժամկետի խախտումը կհանգեցնի հուշարձանի կորստի, ուստի հիմնադրամը խնդրում է Ձեր միջնորդությունը ՀՀ կառավարությանը անհապաղ լուծում տալու վերը նշված խնդրին»,- ասվում է նամակում:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը այս նամակում բերված հանգամանքների վերաբերյալ Գյումրու քաղաքապետարանի պարզաբանումները կներկայացնի հաջորդիվ:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter