HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

«Դինո գոլդ»-ի հետ բանակցությունների սեղանին անձնական խաղաքարտերն էին

Սկիզբը

Կապանցիների սոցիալական կայունության երաշխավորներն ավելի առաջնային հարցեր ունեին լուծելու

Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատը, որը ներկայումս կոչվում է «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ը, համարվում է Կապանը սնուցող երակը, Կապանի սոցիալական կայունության հիմնական երաշխավորը: Այս հանգամանքը շատ լավ գիտակցում են տարբեր տարիներին Կապանի հանքավայրերի շահագործումը ստանձնող ընկերությունները, որոնք կոմբինատի սեփականության իրավունքը ձեռք բերելուց հետո սկսում են շահարկել այդ հանգամանքը` առավելագույն արտոնությունների հասնելու համար:

Սակայն Կապանում սոցիալական կայունությունը սկսում է տեղի տալ, երբ կողմերը որոշում են իրենց բոլոր խնդիրները լուծել շարքային աշխատողների իրավունքներն անտեսելու հաշվին: Կոմբինատը մի քանի տարին մեկ անգամ մի սեփականատիրոջից մյուսին է փոխանցվում, եւ պատմությունը կրկնվում է նույնությամբ:

Այդպես եղավ 2004 թ., երբ կոմբինատի նախորդ սեփականատերը` շվեյցարական «Դենո» ընկերությունը սնանկացման ճանապարհով ազատվեց աշխատողներին ունեցած 100 մլն դրամի պարտքից: Կոմբինատի նոր սեփականատերը` «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ն, որը 2005 թ.-ից ստանձնել է հանքավայրի շահագործումը, իրականացնում է նույն քաղաքականությունը, քանի որ այն կառույցները, որոնք մեր երկրում կոչված են աշխատողների իրավունքների պաշտպանությանը` Աշխատանքի պետական տեսչությունը եւ արհմիությունը, մոռացության են տվել իրենց հիմնական առաքելությունը …

Այլ կերպ չես բացատրի այն հանգամանքը, որ 2008 թ. նոյեմբերի 7-ին սկսված գործադուլը, որը տեւեց 5 օր, ոչ մի աջակցություն չստացավ հանրապետական արհեստակցական կազմակերպությունից: Կոմբինատի արհեստակցական կազմակերպության նախկին նախագահ Սուրեն Թումանյանի ասելով` այն արդեն դառնում էր անկառավարելի, եւ աջակցություն ստանալու ակնկալիքով ինքը 3 անգամ դիմեց Հայաստանի լեռնագործների, մետալուրգների եւ ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային միության նախագահ Անաստաս Փահլիվանյանին: «Նա պատասխանեց, թե ոչինչ չի կարող անել:

Կոմբինատի 1500 աշխատողներից 950-ը այդ ժամանակ արհեստակցական կազմակերպության անդամ էին, եւ նրանցից ավելի քան 150-ը հրաժարվեց արհմիությանն անդամակցելուց: Ես անդամության վճարների 20%-ը փոխանցում էի հանրապետական արհմիությանը, սակայն նրանց աջակցությունը, դերակատարությունը չտեսա որեւէ հարցում»,- պատմեց Ս. Թումանյանը:

ՀՀ արհմիությունների համադաշնության նախագահ Էդիկ Թումասյանը մեր հարցին, թե ինչու չեն արձագանքել գործադուլավորների պայքարին, պատասխանեց. «Մեզ դիմեցին աջակցության համար եւ դա համընկավ վարչապետի` նախարարներին գործուղելու հանձնարարությանը: Բոլորիս նպատակը համընկավ այնտեղ, որ պատրաստ ենք պաշտպանել աշխատատեղերը: Մենք մի քանի օրվա ընթացքում գոհացուցիչ ձեռքբերումներ ունեցանք` պաշտպանվեցին աշխատատեղերը եւ որոշ մասին սկսեցին վճարել նվազագույն աշխատավարձը»:

«Դինո գոլդ»-ի ղեկավարության հետ Կառավարության անդամների բանակցություններին մասնակցել են նաեւ ՀՀ արհմիությունների համադաշնության նախագահ Էդիկ Թումասյանը, համադաշնության իրավաբանական բաժնի վարիչ Միքայել Փիլիպոսյանը եւ լեռնագործների արհմիության ճյուղային միության նախագահ Ա. Փահլիվանյանը:

«Մենք շատ լուրջ հարցեր ենք քննարկել «Դինո գոլդ»-ի գլխավոր տնօրենի հետ, ես առանձին հանդիպել եմ նրա եւ գործադուլավոր ակտիվիստների հետ: Վերջիններիս բացատրվել է, որ, իրոք, այդ ժամանակ մետաղների գներն իջնում էին, եւ սեփականատիրոջը ձեռնտու էր իրենց չաշխատելը, բացատրեցինք, որ դրանով մեծ օգնություն են ցույց տալիս նրանց, եւ մարդիկ հասկացան: Ճիշտ է, պետական մոտեցումը, լծակները լավ օգտագործվեցին, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարն այնպես արեց, որ աշխատատեղերը չկորցնեն եւ ինչ-որ տեղ փոխհամաձայնությամբ հասանք հաջողության»,- ասաց պրն Թումասյանը:

Կոմբինատի արհմիությունը կոլեկտիվ պայմանագիր չի ունեցել գործատուի հետ, եւ արհմիության առաջին աջակցությունը եւ առաջին պահանջը գործատուից պետք է լիներ այս հարցը իրավական հիմքի վրա դնելը: Պրն Թումասյանն ընդունում է, որ կոլեկտիվ պայմանագիրը նման կառույցներում պարտադիր պայման է, իսկ թե ինչ է արվում դրան հասնելու համար` հայտնեց, որ լեռնագործների ճյուղային միությունն է զբաղվում այդ հարցով: Լեռնագործների արհմիության ճյուղային միության նախագահ Անաստաս Փահլիվանյանը հայտնեց, որ կոլեկտիվ պայմանագրի նախագիծն արդեն պատրաստ է եւ կարծում է, որ մինչեւ նոյեմբերի 15-20-ը կստորագրվի «Դինո գոլդի»-ի արհմիության ու սեփականատիրոջ միջեւ:

«Սեփականատերերն ընդհանրապես խուսափում են կոլեկտիվ պայմանագիր կնքելուց, բայց հիմա նրանք պետք է որ պատրաստ լինեն ստորագրելու: Ամբողջ փաթեթը քննարկել են համատեղ»,- ասաց պրն Փահլիվանյանը: Նա խոստովանեց նաեւ, որ սեփականատերերը պատրաստ են աշխատավարձերը բարձրացնել, բայց կոլեկտիվ պայմանագիր չկնքել, չնայած, ինչպես նշեց` «դա մեր անձնագիրն է, առանց դրա աշխատելը դժվար է»:

Պրն Փահլիվանյանի իրատեսությունը գնահատելի է. «Դինո գոլդ»-ի գլխավոր տնօրենը մեզ խոստովանեց, որ ոչ մի պայմանագիր կնքելու մտադրություն չունի: «Ես ասացի, որ պատրաստ եմ արհմիության ներկայացրած ցանկացած առաջարկ քննարկել: Ինձ ներկայացվել է երկու առաջարկ, որոնք ընդունելի չէին, եւ հիմա երրորդ կոլեկտիվ պայմանագիրն է ներկայացվել, որը ես նայելու ժամանակ չեմ ունեցել, բայց, ամեն դեպքում, ես այն կնայեմ»,- ասաց տնօրենը:

Փաստաբան Իրինա Մանուկյանը, ով դատարանում ներկայացնում է կոմբինատի նախկին աշխատակիցների շահերը, տարօրինակ է համարում այն, որ կոմբինատի արհմիության նախագահը գործատուի հետ կոլեկտիվ պայմանագիր չունի, իսկ բանվորի հետ ունի: «Եթե դու չես գնում այդ քայլին, նշանակում է` ներքին պայմանավորվածություն ունես գործատուի հետ, որ նրան ոչինչ չես կարող պարտավորեցնել, հավաքում ես անդամավճարները ու ինչպես ուզում, այնպես էլ օգտագործում ես»: Ինչպիսի՞ փոխհամաձայնություն կարող էր լինել սեփականատիրոջ եւ ՀՀ արհմիությունների համադաշնության ղեկավարության միջեւ, եթե ամենակարեւոր հարցը` կոլեկտիվ պայմանագիրը չէր կնքվել:

Բանակցությունների ավարտից մի քանի ամիս անց կոմբինատի արհմիությունը ստանում է Ա. Փահլիվանյանի որոշումը` արհմիության ղեկավարի ընտրություններ նշանակելու մասին: «Այն դեպքում, երբ դեռեւս 4 ամիս կար իմ պաշտոնավարման ժամկետի ավարտին»,- նշում է Սուրեն Թումանյանը եւ ավելացնում, որ իր համոզմամբ` վերադաս արհեստակցական կազմակերպության ղեկավարն այդ որոշումը կայացրել էր «Դինո գոլդ»-ի գլխավոր տնօրեն Ռ. Ֆալետտայի ցուցումով: Ա. Փահլիվանյանը մեր հարցին, թե որն էր պատճառը, որ ժամկետից շուտ որոշվեց արհկոմի նախագահի ընտրություններ նշանակել, պատասխանեց. ««Դինո գոլդ»-ի ղեկավարությունն ու արհմիության նախագահը համատեղ չէին կարողանում աշխատել, եւ 2010 թ. ապրիլի 30-ին մենք նոր ընտրություններ արեցինք:

4 ամիս այս կողմ ու այն կողմ` ոչինչ չի փոխում: Արհմիության գործն այն չէ, որ գործադուլ անի, մեր կարծիքով` սա ճիշտ չէր, արհմիությունը նախապես իր պահանջները գրավոր պետք է ներկայացներ սեփականատիրոջը, քննարկեր նրանց հետ, հնարավոր է, որ ընդունում էին նրանց պահանջները, բայց նրանք միանգամից դուրս էին եկել գործադուլի»: Հայաստանի լեռնագործների, մետալուրգների եւ ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային միության նախագահն, այնուամենայնիվ, խոստովանեց, որ գործադուլն իր նշանակությունը ունեցավ` հարկադրեց Կառավարությանը պատվիրակություն ուղարկել Կապան, հակառակ դեպքում աշխատողները, 9 ամիս պարապուրդում գտնվելով, չէին վճարվի: Արհմիության նոր նախագահի ընտրվելուց հետո, նրա ասելով, վիճակը զգալիորեն բարելավվել է, 140-160 հոգի կրկին անդամակցել են արհմիությանը:

Կապանի «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ իրավախորհրդատու Արթուր Ղազարյանի տեղեկացմամբ` «Դինո գոլդ»-ի եւ արհմիությունների համադաշնության միջեւ մեկ այլ համաձայնություն էլ է կայացվել. 2009 թ. հոկտեմբերին «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ն ՀՀ արհմիությունների համադաշնության իրավաբանական բաժնի վարիչ Միքայել Փիլիպոսյանի հետ պայմանագիր է կնքել որպես կադրերի բաժնի խորհրդատուի` 1,5 մլն դրամ վճարով: Արհմիությունների համադաշնության նախագահ Էդիկ Թումասյանը ժխտում է այդ հանգամանքը:

«Ո՞նց կարող է նման բան լինել, Մ. Փիլիպոսյանը աշխատանքային օրենսգրքի լավ գիտակ է, նրան հետներս տարել էինք, որ աշխատողների դիմում-բողոքներն ուսումնասիրի` այդպիսի տպավորություն է ստեղծվել»,- ասաց նա: Միքայել Փիլիպոսյանին աշխատանքի ընդունելու հարցին պրն Ֆալետտան հստակ պատասխան չտվեց. «Գաղափար չունեմ, թե ում մասին եք հարցնում: Մենք համագործակցում ենք երեւանյան երկու իրավաբանական գրասենյակների հետ, միգուցե նա պատկանում է այդ գրասենյակներից որեւէ մեկի՞ն: Ես այնքան էլ լավ չեմ կարողանում հիշել հայկական ազգանունները, գուցե ա՞յդ պատճառով»:

Կառավարության աննախադեպ զիջումները` ոչնչի դիմաց

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշումով էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Արսեն Համբարձումյանը 2008 թ. նոյեմբերի 9-ին գործուղվեցին Սյունիքի մարզ` Կապան, Քաջարան եւ Ագարակ, լեռնահանքային արդյունաբերությունում ստեղծված իրավիճակին ծանոթանալու նպատակով, քանի որ այդ օրերին ծանր վիճակ էր ստեղծվել մարզի բոլոր հանքավայրերում։

Նախարարներին հանձնարարվել էր ուսումնասիրել լեռնահանքային արդյունաբերությունում ստեղծված իրավիճակը, հանդիպել լեռնահանքային արդյունաբերության բնագավառի ձեռնարկությունների եւ արհեստակցական կազմակերպությունների ղեկավարների հետ, գործուղումից վերադառնալուց հետո արձանագրված խնդիրների լուծման վերաբերյալ երկօրյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել ՀՀ վարչապետին։

2008 թ. նոյեմբերի 13-ին Կառավարության նիստում հաշվետվություն է ներկայացրել էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ով հիմնական բանակցողն էր, որպես հանքարդյունաբերության ոլորտի պատասխանատու: Պրն Մովսիսյանը ներկայացրել է, որ վերջին երկու ամիսների ընթացքում սկսված միջազգային ճգնաժամը լրջագույն ազդեցություն է ունեցել ապրանքային շուկաների գների անկման վրա: Մասնավորապես` մետաղների գները երկու եւ ավելի անգամ նվազել են, եւ գնանկումը շարունակվում է:

«Միջազգային շուկաներում տիրող նման իրավիճակը ազդել է նաեւ Հայաստանի հանքարդյունաբերության վրա, քանի որ արտադրանքը հիմնականում արտահանվում է»,- հայտնել է նախարարը: Լուծումները, ըստ նախարար Մովսիսյանի, պետք է լինեն հավասարակշռված` հաշվի առնելով աշխատակիցների զբաղվածության եւ սոցիալական պաշտպանվածության խնդիրները, նաեւ` տնտեսվարող ընկերությունների շահերը:

Նախարարը տեղեկացրել է, որ նշված ընկերությունների հետ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի առաջիկա երեք ամիսներին աշխատակիցների կրճատումներ չիրականացնեն, հնարավորինս պահպանեն աշխատավարձի մակարդակը եւ երեք ամիս հետո, ելնելով միջազգային շուկաներում տիրող իրավիճակից, համատեղ քննարկումների արդյունքում կայացնեն համապատասխան որոշումներ:

«Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդգծել է, թե հաջողվել է երկխոսություն կազմակերպել, ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որոնք բավարարում են երկու կողմերին էլ: Կառավարության ղեկավարը նշել է, որ նախարարների գործուղման արդյունքները դրական են, որովհետեւ նաեւ աշխատավորական կոլեկտիվները գիտակցեցին, որ անտեսված չեն եւ շատ խնդիրներ, որ բարձրացվում են նրանց կողմից, ուղղակի սոցիալական արդարության ապահովման խնդիրներ են: Վարչապետն ընդգծել է, որ այդ դժվարությունների բեռը հավասարաչափ պետք է կիսեն բոլոր կողմերը, այն չպետք է միայն ընկնի աշխատողների վրա, սեփականատերերն իրենց մասը պետք է վերցնեն, Կառավարությունը` իր մասը, աշխատավորական կոլեկտիվը` իր»,- տեղեկանում ենք Կառավարության նիստի մասին պաշտոնական տեղեկատվությունից:

Բանակցության մասնակիցներից մեկը, ով չցանկացավ իր անունը նշել, հայտնեց, որ «Դինո գոլդ»-ի գլխավոր տնօրենին առաջարկվել է ձեռնպահ մնալ սոցիալական լարվածություն ստեղծելուց` հակառակ դեպքում ընկերությունը չի ստանա Կառավարության աջակցությունը մյուս հարցերում, որոնք առաջանում են աշխատանքի ընթացքում, եւ որոնց վրա Կառավարությունն «աչք է փակում»:

Այսպիսով, մեր աղբյուրների տեղեկացմամբ` եռօրյա բանակցության արդյունքում ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի եւ «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալետտայի միջեւ ստորագրվում է համաձայնագիր, համաձայն որի`

- «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ն վերադարձնում է Կենտրոնական հանքավայրը, որի շահագործումը ստանձնել էր 25 տարվա լիցենզիայով,

- էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը համաձայնել է եւս 12 տարով երկարաձգել Շահումյանի հանքավայրի լիցենզիայի ժամկետը (ընկերությունն այն 15 տարով էր ստանձնել, այս հանքը բազմատեղային է, այստեղ հազվագյուտ մետաղներ կան, որ ոսկուց էլ թանկ են),

- փոփոխել լիցենզիայի պայմանագրում նշված հանքարդյունահանման ծավալները ըստ նախագծի` վերագնահատված պաշարների հիման վրա: Լիցենզիայի պայմանագրով սահմանված արդյունահանված հանքաքարի տարեկան ծավալը սահմանել 300.000 տոննա,

- Կառավարությունը կաջակցի «Դինո գոլդ»-ին լեռնահատկացման տարածքում գյուղատնտեսական, անտառային եւ այլ նշանակության հողերի կատեգորիաների` ողջամիտ ժամկետում արդյունաբերականի փոփոխելու հարցում,

- ճգնաժամի պայմաններում արտադրական տարեկան սահմանված ծավալները պետք է ինքնաբերաբար նվազեցվեն` այդ իրավիճակի պատճառով կրած արտադրության պարապուրդին համապատասխան,

- Կառավարությունը կօժանդակի ԱԱՀ-ի հետվճարման գործընթացին, որպեսզի դրանք սահմանված ժամկետներում կատարվեն,

- Կառավարությունը վերադարձրել է կոմբինատի` անցնող տարիներին վճարած ավելացված արժեքի հարկը, որն օրենքով սահմանված կարգով պետք է վերադարձներ ընկերությանը որպես արտահանող ձեռնարկության,

- նախարարությունը համաձայն է օգնել ընկերությանը` իրականացնելու չվճարված գիշերավարձերի դիմաց փոխհատուցման գործընթացը 2009 թ. հուլիսի 1-ից: Վճարումները կկատարվեն ընկերության կողմից ողջամտորեն կազմված ժամանակացույցի հիման վրա` համաձայնեցված նախարարության հետ:

Համաձայնագրի բովանդակությունն, իհարկե, չի հանրայնացվել. նկատենք, որ 8 կետից կազված համաձայնագրի 7 կետերը ՀՀ Կառավարության պարտավորություններն են, եւ միայն մեկը` վերջինը, «Դինո գոլդ»-ինը:

Կառավարությունը, փաստորեն, իրականացրել է համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները, եւ պրն Ֆալետտան գոհ է Կառավարության վերաբերմունքից: Ըստ Ֆալետտայի` միակ հարցը, որ դեռեւս վերջնական լուծում չի ստացել, վերաբերում է Կենտրոնական հանքավայրի լիցենզիայի վերադարձին: «Երբ այդ փաստաթղթերը ստորագրվեն, երկկողմ ստանձնած պարտավորությունների իրականացումն ավարտված կլինի: Այո, ես բավարարված եմ»,- հայտնեց նա «Հետք»-ին տված հարցազրույցում:

Գլխավոր տնօրենն ավելացրեց, որ «Դինո գոլդ»-ը նույնպես ամբողջությամբ կատարել է իր ստանձնած պարտավորությունները: Հիշեցնենք, որ «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ն պարտավորվել էր պահպանել աշխատատեղերը, պարապուրդի շրջանում վճարել աշխատողների աշխատավարձի 2/3-ը, ռոտացիոն կարգով վերադարձնել նրանց աշխատանքի, վճարել գիշերավարձերը 2009 թ. հուլիսի 1-ից` համաձայն կազմված ժամանակացույցի:

Պրն Ֆալետտային հիշեցրինք, որ իրենց իսկ հրապարակած պաշտոնական տվյալներով` 428 մարդ է կրճատվել 2008-10 թթ. ընթացքում: Կրճատումները նա բացատրեց Շահումյանի հանքավայրում ընթացող հետախուզական աշխատանքների դադարեցումով, որտեղ, նրա ասելով, զբաղված էր 400 մարդ: «Դինո գոլդ»-ի մեր աղբյուրների տեղեկացմամբ` կրճատվածներից 250-ն են եղել հետախուզական բաժնի աշխատողներ, իսկ մյուսները հանքավայրի աշխատակիցներ էին: Ընկերությունը չի կատարել նաեւ իր մյուս պարտավորությունը` դեռեւս մաս-մաս վճարում է միայն 2007-2008 թթ. չվճարված գիշերային աշխատավարձերը, եւ միայն` կոմբինատում ներկայումս աշխատողներին, իսկ 2005-06 թթ. եւ 2009-10 թթ. պարտքերը մնում են:

Բացի այդ, չեն վճարում աշխատանքից ազատվածներին, որոնց թվում կան նաեւ մահացածներ, մի զգալի մասը հեռացել է հանրապետությունից եւ այլն: Այդ մասին կրկին ահազանգել է «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ն, որը 2010 թ. մայիսի 19-ին աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարին ուղղված դիմումում գրում է. «2008 թ. աշխատանքի պետական տեսչության հերթական ստուգայցից հետո ակնկալվում էր, որ ընկերությունը պետք է վճարեր այդ գումարները, բայց անհասկանալի պատճառներով ստուգումը արդյունք չտվեց:

Խնդրում ենք պարտադրել «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ին, որպեսզի վճարի 2005-2009 թթ. չվճարված գիշերային աշխատավարձերը ոչ միայն դատարան դիմողներին, այլեւ այսօր ընկերությունում աշխատող բոլոր աշխատակիցներին»: Կառավարության եւ «Դինո գոլդ»-ի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` աշխատողներին չվճարված հավելավճարների պարտքերը 2009 թ. հուլիսի 1-ից 1 տարում մարելու վերաբերյալ ժամանակացույցի կատարմանը պետք է հետեւեր աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը` հանձինս իր կառույցում գործող աշխատանքի պետական տեսչության:

Հետաքրքրական է, որ մեր հարցին` ի՞նչ վիճակում է պարտքերի մարումը ներկայումս, տեսչությունը չի պատասխանել: Անտեղյակ են… Պրն Ֆալետտան մեզ հայտնեց, որ այդ ժամանակացույցը կազմել են, եւ վճարումները կատարվում են համաձայն ժամանակացույցի: «Եթե չեմ սխալվում, 2007-08 թթ. համար պետք է վճարված լինի»,- նշեց նա: «Աշխատանքից ազատվածները նույնպես տարիներ շարունակ չեն վճարվել, ինչպիսի՞ն է Ձեր մոտեցումն այդ հարցին, նրանք բոլորը կարող են դատարան դիմել»,- դիմեցինք պրն Ֆալետտային:

«Միգուցե խոսքն այն վճարումների մասին է, որոնք «Դինո գոլդ»-ը իրենց պարտք է 2005-06 թթ. համար, երբ մենք դեռ սեփականատեր չէինք, բայց մենք այդ հարցին էլ ենք ուզում լուծում տալ: Ոչ, մենք չենք սպասելու, որ դատարանը որոշում կայացնի, մենք ինքներս այդ մարդկանց հետ կկապվենք, երբ պահը գա, եւ գումարը կփոխանցվի անմիջապես այդ մարդկանց եւ ոչ թե նրանց իրավաբաններին»,- հայտնեց տնօրենը:

Վերջինս պնդում է, որ «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ն կոմբինատի տնօրինությունը ստանձնել է 2006 թ. հոկտեմբերից, սակայն ՀՀ Կառավարության հետ լիցենզիայի պայմանագիրը կնքվել է 2005 թ. ապրիլին:

Այս ամենից շահեց «Դինո գոլդ»-ը, իսկ Հայաստանի կառավարությունը շարունակում է հուսադրել կապանցիներին

«Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալետտան շատ դրական է համարում Հայաստանի տնտեսական քաղաքականությունը օտարերկրյա ներդրողի համար:

«Ես կարծում եմ, որ Հայաստանը շատ դրական հնարավորություններ ունի, եւ Կառավարությունն այդ ուղղությամբ մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի գրավի օտարերկրյա ներդրողներին: Մեր ընկերությունը բարի հարաբերություններ ունի Կառավարության հետ, եւ նրանք բազմիցս ապացուցել են իրենց բարի վերաբերմունքը մեր նկատմամբ»,- հայտնեց նա:

«Դինո գոլդ»-ի մեր աղբյուրը, խոսելով ընկերության ղեկավարի հետ կնքած համաձայնագրով Կառավարության աննախադեպ զիջումների մասին, շեշտեց, որ Հայաստանի պրակտիկայում դեռեւս նման բան չի եղել, որ հանքավայր վերադարձնեն միայն այն պատճառով, որ, ինչպես բացատրեց պրն Ֆալետտան, «կենտրոնական հանքավայրը լավ հանք է եղել ժամանակին, սակայն հիմա այնքան էլ շատ հանքանյութ չի մնացել այնտեղ:

Ինչքան խորանում է հանքային երակը, այնքան հզորությունը փոքրանում է, եւ մեզ համար տնտեսապես շահավետ չէր դրա շահագործումը» (մամուլում բազմիցս հրապարակումներ են եղել կենտրոնական հանքավայրը ընտրովի շահագործելու, այսինքն` միայն հարուստ երակներից հանքանյութը հանելու մասին):

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար պրն Մովսիսյանին ուղղված մեր հարցը, թե հիշյալ բանակցությունների արդյունքում ստորագրված համաձայնագիրը որքանո՞վ էր նպաստավոր ձեռնարկության աշխատողների համար, որքանո՞վ էր շահեկան Կառավարության համար եւ որքանով` «Դինոյի», ի վերջո, նշված երեքից ով ավելի շահեկան վիճակում հայտնվեց դրանից հետո, մնաց անպատասխան:

Նախարարը մեկուկես ամսվա ընթացքում մեզ հանդիպելու ժամանակ չգտավ: Այս տարվա նոյեմբերի 15-ին նախարարն այցելեց Կապան, որից հետո տված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով իրեն ուղղված մեր հարցերից մեկին, հայտարարեց, որ «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ում աշխատատեղերի կրճատում չի եղել: Նախարարը հերքեց կրճատումների փաստը, հակառակ դեպքում անհասկանալի կդառնար, թե հանուն ինչի այդքան մեծ զիջումների գնաց Կառավարությունը:

Նախարարը չանդրադարձավ նաեւ կոմբինատի աշխատողների վճարումների հարցին, որն ամենացավոտն է, եւ որի համար պայքարում էին նրանք: Միակ ձեռքբերումն այն եղավ, որ բանվորները մասնակի վճարվեցին պարապուրդի 9 ամիսների ընթացքում եւ միայն այն պատճառով, որ Կառավարությունը ընկերությանը վերադարձրեց նրանց վճարած ավելացված արժեքի հարկը: Նախարարը, սակայն, հուսադրեց կապանցիներին` ասելով, որ «Դինո գոլդ»-ում նախատեսել են եկող տարի ավելացնել աշխատողների թիվը, քանի որ տնտեսական իրավիճակը փոխվել է, եւ կոմբինատը սկսել է շահույթով աշխատել:

Հ.Գ. - Հոդվածը պատրաստելու ժամանակամիջոցում մի դրական բան արձանագրվեց. նոյեմբերի 30-ին «Դինո գոլդ»-ի ներկայացուցիչը դատարանում առաջարկեց հաշտության համաձայնագիր կնքել 13 հայցվորների հետ` պատրաստակամություն հայտնելով բավարարել նրանց գումարային պահանջը մինչեւ դեկտեմբերի 26-ը:

Հետաքննությունը կատարվել է Հետաքննական լրագրության դանիական ասոցիացիայի (SCOOP) աջակցությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter