HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժաննա Սարգսյան

«Թեղուտը»՝ Սեւանա լճում

Շուտով Արտանիշի ծոցում «Կիլիկիայի»` «Նաիրիի» նոր մեթոդով կառուցված առագաստանավի ու «Red pepper»-ի կողքին կկայանի հերթական նավը: Սևանա լճի այս հատվածում արդեն մի քանի օր է՝ պլաստիկե շշերով կառուցվում է «Թեղուտը»:

Մեկնարկը տրված է. մի խումբ կամավորներ լվանում են շշերը, մյուսները նախագծի համաձայն պատրաստում են կաղապարը․մաքրված շշերը հերմետիկ փակվում են ու հատուկ եղանակով կապվում: Մի գաղափարի շուրջ համախմբվել են տարբեր բնապահպանական միջոցառումների ժամանակ ծանոթացած ու անծանոթ մարդիկ և  փոխադարձ հարգանքի մթնոլորտում հոսքագծի մեթոդով կատարում են ցանկացած աշխատանք։ Ինչպես ասում են՝ լավ սկիզբը գործի կեսն է:

Կազմակերպիչներից Անի Խաչատրյանի կարծիքով՝ սա ամենահեշտ փուլն է: Դժվարը սկզբում էր, երբ պետք էր հավատ արթնացնել խենթ գաղափարի նկատմամբ։

Նավ կառուցելու մտահաղացումը «Փրկենք Թեղուտը» քաղաքացիական նախաձեռնության անդամներինն է: Երբ Անին, Արմանն ու Վահագնը մտմտում էին գաղափարի շուրջ, շատերը լուրջ չէին վերաբերվում դրան։ Հավատացին, երբ մայրաքաղաքի Հաղթանակի զբոսայգում ջուրն իջեցվեց փորձնական նավակը՝ «Թեղուտիկը»։

Մայր «Թեղուտի» նկրտումները փոքր չեն․ այն պիտի լինի իր տեսակի մեջ աշխարհում ամենամեծը և տեղավորի առնվազն 20 մարդ (գուցե Գինեսի ռեկորդների գրքում էլ գրանցվի)։ Սակայն այս ձեռնարկի գլխավոր նպատակը իրազեկումն է։

Մասնակիցների խոսքերով՝ չքայքայվող ու անպիտան թափոններից կառուցվում է էկոնավ։ Անվճար նավարկությունների ժամանակ ուղևորները ծանոթանալու են հանրապետությունում առկա բնապահպանական խնդիրներին, հատկապես՝ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի հետ կապված իրավական, էկոլոգիական, պատմամշակութային կարևոր հարցերին։

Հիշեցնենք, որ տարիներ ի վեր քաղաքացիական բողոքի ալիք է բարձրացել, որը կասկածի տակ է առնում «Թեղուտ» ՓԲԸ-ի գործունեությունը բնապահպանական, իրավական և բարոյական (այլ) հարթություններում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter