HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Հասարակության ակտիվ մասը հետամուտ է լինելու «Հարսնաքարի» գործի բացահայտմանը և մեղավորների պատժին

«Հարսնաքար» ռեստորոնային համալիրրում ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահացու ծեծից անցել է մոտ երկուսուկես ամիս, բայց մեղավորները դեռ համարժեք պատիժ չեն ստացել: Սակայն հասարակությունը չի լռում: ՀՀ իրավական համակարգի գործառույթները որոշել են ստանձնել հասարակության ակտիվ անդամները, որոնք այսօր հանդես եկան հայտարարություններով:

«Վահե Ավետյան» հասարակական շարժման ղեկավար Գարեգին Չուգասզյանը հայտարարեց, որ նախատեսվում է ստեղծել «Հանրային արդարության տրիբունալ», որի առաջին ֆորումը կլինի երեք օրից: Նրա խոսքով՝ Վահե Ավետյանի սպանությունը և նրա ընկերներին դաժան ծեծելն ընդամենը առաջին հանցագործությունն է, երկրորդ հանցագործությունը, որն ավելի կործանարար է, պետական իրավական համակարգի անգործությունն է, իրական մեղավորներին պատժելու ցանկության բացակայությունը, տուժող կողմի հանդեպ անհարգալից վերաբերմունքը (Վահե Ավետյանի հորը միայն 40 օր անց է պետությունը ճանաչել որպես նրա իրավահաջորդ), դատաքննական փորձաքննության ակնհայտ կեղծ արդյունքները, քննչական մարմինների դիտավորյալ անգործությունը հանցագործության բացահայտմանն գործում, Վահե Ավետյանի իրավահաջորդի փաստաբանների աշխատանքը խոչընդոտելը:

«Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խմբի անդամ Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ այս գործով պետությունն իր հիմնական գործառույթը չի կատարում ոչ թե անգրագիտության պատճառով, այլ պարզապես չի ցանկանում: Արդյունքում Հայաստանում չկա վստահություն՝ իրավական համակարգի հանդեպ:

«Պահանջում ենք պատժել Հարսնաքարում տեղի ունեցածի բոլոր մեղադրյալներին» նախաձեռնության անդամ Զառա Հովհաննիսյանը հավելեց, որ Վահե Ավետյանի սպանությունը և իրավական մարմինների անգործությունը դեպքի մանրամասների բացահայտման և մեղավորներին պատժելու հարցում մարտահրավեր են ՀՀ յուրաքանչյուր քաղաքացուն, նրա հիմնարար ազատություններին և ՀՀ Սահմանադրությանը:

Վահե Ավետյանի իրավահաջորդի՝ նրա հայր Գառնիկ Ավետյանի շահերի ներկայացուցիչներ, փաստաբաններ Տիգրան Եգորյանը և Լուսինե Հակոբյանը, հայտարարեցին, որ մերժվել են իրենց ներկայացրած շուրջ 20 միջնորդությունները, ինչը նշանակում է, որ նախաքննությունն իրականացնող մարմինը չի ապահովում բազմակողմանիություն և լրիվություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter