HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Լրագրողները չեն կարող պաշտպանություն ակնկալել իշխանություններից

Հայաստանյան ժողովրդավարության փորձաքարը ընտրություններն են. 2012 թվականը ընտրական է, եւ իշխանությունները խոստացել էին ամենաժողովրդավարական ընտրություններն անցկացնել, ինչպիսին չի եղել երբեք: Չնայած  խոստմանը, այնուամենայնիվ, ոչ ոք Հայաստանում ընտրություններն առանց միջադեպերի չի պատկերացնում: Խոսքի ազատության սահմանափակման, լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու, բռնություններ կիրառելու հիմնական դեպքերը գրանցվում են հենց ընտրությունների ժամանակ:

Պետք է ասել, որ նախորդ համապետական ընտրությունների համեմատությամբ առաջընթաց արձանագրվեց՝ 2012թ. գրանցվեց լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու 7 դեպք: Այն քանակապես զիջեց 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ գրանցված՝ լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքերին (գրանցվել էր 18 դեպք), նաեւ՝ 2009-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ գրանցված 11 դեպքին: Սակայն բռնությունները ձեւի առումով չմեղմացան, չփոխվեց նաեւ իշխանությունների վերաբերմունքը՝ իրավապահ մարմինները շարունակեցին անպատիժ թողնել լրագրողների նկատմամբ բռնություններ կիրառողներին:

Խորհրդարանական ընտրություններին նախորդել էր Հրազդանի քաղաքապետի ընտրությունը (2012թ., փետրվարի 12), որի ժամանակ գրանցված բռնության դեպքը տարածվել էր համացանցում եւ լայն արձագանք գտել: 2012թ. փետրվարի 12-ին՝ Հրազդանի քաղաքապետի ընտրության օրը, «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը տարածեց «Հարձակում լրագրողի վրա (տեսագրությունը պարունակում է հայհոյանքներ)» վերնագիրը կրող հաղորդագրություն եւ տեսանյութ: «Չենք լռելու»-ն պատմում էր, որ Հրազդանի համատիրություններից մեկն իր գրասենյակից ամբողջ օրվա ընթացքում ընտրակաշառք էր բաժանում 5000 դրամի չափով: Նկատելով լրագրողներին` ընտրակեղծարարները հարձակվել են նրանց վրա:

Փաստի առթիվ քրեական գործ հարուցվեց, այնուհետեւ ոստիկանությունը հաղորդագրություններ տարածեց՝ խնդրելով «տեսանկարահանողին եւ ականատեսներին ներկայանալ ոստիկանություն»: Ճիշտ է, «YouTube»-ի հիշյալ՝ «Ընտրություններ» անունը կրող էջում, որով տարածվել էր տեսագրությունը, որեւէ տվյալ չկա «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության մասին, բայց ոստիկանության համապատասխան մասնագետների համար դժվար չէր նրանց գտնելը: Տեսանյութը տարածողները նախաքննական մարմնին աջակցել էին այդ հարցում՝ ներկայացնելով նրանց տվյալները, բայցեւայնպես կարճ ժամանակ անց իրավապահները «խուլիգանությունն» իրականացնողներին անպատիժ թողնելու հնարը գտան. Կոտայքի մարզի դատախազի տեղակալի որոշումով կարճվեց քրեական գործի վարույթը, եւ քրեական հետապնդումը դադարեցվեց՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Որ խուլիգանությունը կատարված փաստ էր՝ անհերքելի է, կատարողները նույնպես հայտնի են, սակայն չկար նկարահանողը, թեպետ հայտնի չէ, թե նրա ի հայտ գալն ինչ կփոխեր «խուլիգանություն» որակված նրանց արարքում: Ինչեւէ, նախաքննություն իրականացնողները որոշեցին չփնտրել նկարահանողին, քանի որ նկարահանողը՝ տվյալ դեպքում՝ «Չենք լռելուն», նման է անգլուխ ձիավորին: Նա աներեւութական է՝ ե՛ւ կա, ե՛ւ չկա, ու, փաստորեն, ամենապատասխանատու պահերին կարող է չգոյություն համարվել (քանի որ իրավաբանական անձ չէ)` իր կատարածի ողջ պատասխանատվությունը թողնելով տարածողներին:

Այս պատմությանը վերջակետ դրեց Վճռաբեկ դատարանը՝ վիրավորանքի եւ զրպարտության գործով 2012 թ. ապրիլի 27-ին կայացրած որոշումով նախազգուշացրեց լրագրողներին ու լրատվամիջոցներին, որ այսօրինակ տեղեկատվության  աղբյուրներից օգտվելու ռիսկն իրենցն է: Եվ եթե նույնիսկ տեղեկատվության վերարտադրությունը բարեխիղճ կերպով է կատարվել, դա չի նշանակում, որ լրատվամիջոցը կարող է ինքնըստինքյան ազատվել պատասխանատվությունից: Աղբյուրը, որից օգտվել է լրատվամիջոցը, ըստ այս որոշման, պետք է հանդիսանա հեղինակ`ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 6-րդ մասի իմաստով. եթե ինֆորմացիան տարածում է այնպիսի աղբյուրի անունից, որն իրավաբանական անձ չէ, չպետք է ընդունի, հակառակ դեպքում տարածողներն իրենք են պատասխանատվություն կրելու նյութի համար:

Մայիսի 6-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու 7 դեպք գրանցվեց: Դրանցից 4-ով քրեական գործ հարուցվեց Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի հիմքով՝ «Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը»: Քրեական գործերի քննության ընթացքը պարզորոշ ցույց է տալիս, որ իշխանությունների վերաբերմունքը չի փոխվել՝ լրագրողները չեն կարող պաշտպանություն ակնկալել իրավապահներից:

Ոստիկանությունը կարճեց «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Էլինա Չիլինգարյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքով հարուցված քրեական գործը՝ իր պատճառաբանությունների մեջ հասնելով աբսուրդի: Լրագրողը մեղավոր համարվեց  իր մասնագիտական գործունեությունը բարեխղճորեն չկատարելու համար, իսկ բռնություն կիրառողի գործողությունների համար արդարացում գտնվեց:

Մայիսի 6-ին ժամը 11:00-ի սահմաններում, թիվ 178 դպրոցում տեղակայված 12/32 ընտրատեղամասի բակում նկարահանումներ անելիս «Վարդան» անունով ներկայացած անձը հարվածել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Էլինա Չիլինգարյանի ձեռքին և փորձել խլել «ՖԼԻՊ» տեսակի նկարահանող սարքը: Հետագայում պարզվել է, որ նա Հովիկ Համբարձումյանն է: «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Էլինա Չիլինգարյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը, ոստիկանության Էրեբունու քննչական ծառայությունը հուլիսի 13-ին կարճել է՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Գործը կարճելու մասին որոշման մեջ նշվում է. «Էլինա Չիլինգարյանը տեսանկարահանումներ կատարելիս չի ներկայացել որպես լրագրող, լրագրողին հատուկ տարբերիչ նշան չի կրել, նրա օգտագործած տեսախցիկը նույնպես տարբերանշան չի ունեցել:

Նման պայմաններում նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներն իրենց համակցության մեջ գնահատելով՝ հիմնավորված պետք է համարել, որ Հ. Համբարձումյանը չի գիտակցել եւ պարտավոր չէր գիտակցել, որ Էլինա Չիլինգարյանը լրագրող է եւ իրականացնում է մասնագիտական գործունեություն: Հ. Համբարձումյանի դիտավորությունն ուղղված չի եղել Չիլինգարյանին ծեծելուն, մարմնական վնասվածք կամ ֆիզիկական ցավ պատճառելուն: Նկարահանվելուց խուսափելու նպատակով նա հարվածել է նկարահանողի ձեռքին, որի հետեւանքով տեսախցիկն ընկել է գետնին»:

2012թ. մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացքում լրագրողների դեմ բռնության մյուս երեք դեպքերը գրանցվեցին Գյումրիի ընտրատեղամասերում: Եթե Էլինա Չիլինգարյանի գործը կարճելու պատճառը  «լրագրողի հատուկ տարբերիչ նշան չկրելն էրե, ապա «Մաքսինֆո» լրատվական-վերլուծական գործակալության լրագրող-օպերատոր Կարեն Ալեքյանին դա էլ չի փրկել:

ՀՀ Ազգային ժողովի 2012թ. մայիսի 6-ի ընտրությունների օրը՝ ժամը 0930-ին, թվով չորս անհայտ անձանց կողմից Գյումրու թիվ 34/26 ընտրատեղամասում «Մաքսինֆո» լրատվական-վերլուծական գործակալության լրագրող-օպերատոր Կարեն Ալեքյանի տեսախցիկը խլելու, նրա հագուստին ամրացված լրագրողի անցագիրը պոկելու և ընտրատեղամասից հեռանալու, դրանով վերջինիս մասնագիտական լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ 2012թ. մայիսի 8-ին ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Այս եւ Գյումրիի ընտրատեղամասերում նույն ձեռագրով կատարված բռնության մյուս երկու դեպքերը միացվել են մեկ վարույթում եւ փոխանցվել Հատուկ քննչական ծառայությանը (ՀՔԾ)՝ քննություն կատարելու համար: Սակայն առ այսօր առաջընթաց չկա, քննության 4 ամիսների ընթացքում որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել։ ՀՔԾ-ից «Հետք»-ին պատասխանել են, որ մինչև օրս երեք գործերով կասկածյալներ կամ ձերբակալվածներ չկան, նախաքննությունը շարունակվում է, և «միջոցներ են ձեռնարկվում հանցանք կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»: 

1. ՀՀ Ազգային ժողովի 2012թ. մայիսի 6-ի ընտրությունների օրը՝ ժամը 0830-ին, անհայտ անձանց կողմից Գյումրու թիվ 34/21 ընտրատեղամասում «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրող-օպերատոր Վլադիմիր Խաչատրյանի տեղադրած տեսախցիկը վերցնելու և ընտրատեղամասից հեռանալու, դրանով վերջինիս մասնագիտական լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ 2012թ. մայիսի 8-ին ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործը:

2. ՀՀ Ազգային ժողովի 2012թ. մայիսի 6-ի ընտրությունների օրը՝ ժամը 0830-ին, Գյումրու թիվ 34/25 ընտրատեղամասում «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրող-օպերատոր Վարազդատ Պապիկյանի տեղադրած տեսախցիկը վերցնելու և ընտրատեղամասից հեռանալու միջոցով վերջինիս լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ 2012թ. մայիսի 8-ին ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:

Հայտնի չէ, թե ՀՔԾ-ն որտեղ է փնտրում «հանցանք կատարած անձանց», բայց արժե հիշեցնել, որ «Կենտրոն» հեռուստաընկերության օպերատոր Վարազդատ Պապիկյանի ձեռքից տեսախցիկը վերցնելու մասին ոստիկանությանը տեղեկացրել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձը: Նա հայտնել էր, որ Գյումրու քաղաքապետի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, «Կենտրոն» հեռուստաընկերության օպերատոր Վարազդատ Պապիկյանի ձեռքից վերցրել է տեսախցիկը և նրան դուրս հանել ընտրատեղամասից:

Խորհրդարանական ընտրությունների եւ դրան նախորդած օրը տեղի ունեցած մի քանի այլ դեպքերով իրավապահ մարմինները մերժել են քրեական գործի հարուցումը: Այսպես՝

«Գալա» հեռուստաընկերության լրագրող Նաիրա Նալբանդյանի ներկայացրած հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Գյումրիի քննչական բաժինը մերժել է քրեական գործի հարուցումը: Լրագրողը ոստիկանությանը հայտնել էր, որ ընտրությունների նախորդ օրը դիմել է թիվ 33 ընտրատարածքի հանձնաժողովի նախագահ Գ. Հովհաննիսյանին՝ պարզաբանումներ ստանալու համար, սակայն նա հրաժարվել է տեղեկություններ տրամադրել, վիճաբանել և խոչընդոտել է լրագրողի գործունեությանը:

«Առավոտ» օրաթերթի լրագրող Նելլի Բաբայանի աշխատանքը խոչընդոտել են մայիսի 6–ին Դավիթաշեն վարչական շրջանի թիվ 5/11 ընտրատեղամասում: Տեղամասում ընտրողների կուտակումները հեռախոսով նկարելու ժամանակ անհայտ անձը փորձել է  լրագրողի ձեռքից խլել հեռախոսը: Նա չի ներկայացել և փորձել է «ապացուցել», որ լրագրողը նկարելու իրավունք չունի: «Ավելի շատ փորձում էր հոգեբանական ճնշում գործադրել, վախեցնել»,- ասել է Նելլի Բաբայանը: Քիչ հետո երիտասարդը վերադարձրել է հեռախոսը, սակայն այդպես էլ չի ներկայացել:

mynews.am կայքի թղթակից Արթուր Հարությունյանն ահազանգել է, որ մայիսի 6-ին, Արարատի մարզի Նոր կյանք գյուղի 18/17 ընտրատեղամասում խոչընդում են իր աշխատանքը: «Ընտրությունների հենց սկզբից տեղամասում մթնոլորտը լարված էր: Նկատվում էին մարդկային  կուտակումներ տեղամասի առջեւ եւ ներսում: 09:45-ի սահմանում, երբ պարզապես ցանկանում էի նկարել տեղամասը, թե ինչպես  են քաղաքացիները գալիս քվեարկության, ՏԸՀ անդամ Արմեն Աբրահամյանը ստիպեց ինձ չնկարել եւ իմ աշխատանքը որակեց «մեյմունություն»` ինձ մեղադրելով ոչ անաչառ գործողությունների մեջ: Ինձ ստիպեցին զբաղեցնել լրագրողների համար նախատեսված տեղը:

Վերջին երկու դեպքերի կապակցությամբ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից «Հետք»-ին տեղեկացրել են, որ «06.05.2012թ. ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում Դավիթաշեն վարչական շրջանի թիվ 5/11 ընտրատեղամասում «Առավոտ» օրաթերթի լրագրող Նելլի Բաբայանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու» և «06.05.2012թ. ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի թիվ 18/17 ընտրատեղամասում ՏԸՀ անդամ Արմեն Աբրահամյանի կողմից լրագրող Արթուր Հարությունյանի աշխատանքը խոչընդոտելու» վերաբերյալ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով որոշումներ են կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի մարզային վարչության Մաշտոցի բաժնի կողմից՝ հանցակազմի, իսկ Արարատի մարզային վարչության Արարատի բաժնի կողմից՝ հանցադեպի բացակայության պատճառաբանությամբ:

Ներկայացված օրինակները փաստում են, որ իրավապահներն անտարբեր են քրեական գործերի քննության նկատմամբ անգամ այն դեպքերում, երբ անվանապես հայտնի են լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտողները, բռնություն գործադրողները: Քրեական գործերի հարուցումը զուտ ձեւական բնույթ է կրում՝ ընտրական խախտումներին արձագանքողի տպավորություն թողնելու, լարվածությունը թուլացնելու համար ժամանակ շահելու նպատակով:

Իրավապահները, սակայն, նույնքան հանդուրժող չեն լրագրողների նկատմամբ: 2012 թվականը նշանավորվեց «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու, լրագրող Հայկ Գեւորգյանի ձերբակալումով, որն անակնկալի բերեց ոչ միայն լրագրողական համայնքին, այլեւ քաղաքացիական հասարակությանը:  

2012թ. փետրվարի 3-ին, առավոտյան աշխատանքի գնալիս քաղաքացիական հագուստով անձիք բերման են ենթարկել «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու, լրագրող Հայկ Գեւորգյանին: Ոստիկանության Կենտրոն բաժին ներկայացնելուց քիչ ավելի ուշ՝ կալանավորել և տեղափոխել  են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնի աշխատակիցները լրագրողին կալանավայր տեղափոխելու որոշումը բացատրել են նրանով, որ դեռևս հունվարի 23-ից Հայկ Գևորգյանը գտնվել է հետախուզման մեջ:

Դեպքն արտառոց էր, եւ ոստիկանությունը պարտավոր էր բացատրություն տալ կատարվածին: Նույն օրը երեկոյան տեղեկություններ տրամադրեցին ոստիկանությունը և «Հայկական ժամանակի» խմբագրությունը:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը հայտարարեց, որ դեռեւս հունվարի 23-ից Հայկ Գեւորգյանը հետախուզման մեջ է գտնվել հունվարի 13-ին վրաերթ կատարելու եւ դեպքի վայրից փախուստի դիմելու փաստի առթիվ: Ոստիկանությունը վրաերթ կատարելու հանգամանքը հիմնավորել է հունվարի 23-ին կատարված լուսանկարով ճանաչման ներկայացնելու արձանագրությամբ եւ նույն օրն էլ Հայկ Գևորգյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել:

Լրագրողներն այս հայտարարությանը թերահավատորեն վերաբերվեցին այն պահից, երբ ոստիկանությունը հայտարարեց, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նա չի հայտնաբերվել: Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ Հայկ Գևորգյանը պատշաճ կերպով, ինչպես փոստով, այնպես էլ ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից, հունվարի 17-ին ծանուցվել է ՃՏՀ քննության բաժին հարցաքննության ներկայանալու համար:

«Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրությունը փաստում է, որ Հայկ Գեւորգյանը, ինչպես հունվարի 23-ից առաջ, այնպես էլ դրանից հետո ամենօրյա ռեժիմով շարունակել է իր լրագրողական գործունեությունը, վարել է նույն ավտոմեքենան, ամեն օր այդ մեքենայով է ներկայացել աշխատանքի, վերադարձել տուն, մասնակցել կառավարության նիստերին, լուսաբանել բարձրաստիճան պաշտոնյաների ասուլիսները եւ այլն: «Հայկական ժամանակի» խմբագիր Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ Հայկ Գևորգյանն այս ընթացքում նաև մի քանի հեռախոսազրույց է ունեցել ճանապարհային ոստիկանության՝ նրա նկատմամբ հետախուզում հայտարարած քննիչի հետ և ասել, որ պատրաստ է ներկայանալ քննության, եթե իրեն ծանուցագիր ուղարկվի: Գործով քննիչին հայտնվել է նաև Հայկ Գևորգյանի վարած ավտոմեքենայի գտնվելու վայրը և առաջարկվել այն զննության ենթարկել տեղում:

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը հրավիրած ասուլիսում հայտարարեց, որ Հայկի կալանավորումը կարող է կապված լինել նրա մասնագիտական գործունեության հետ, իր կարծիքով՝ այն պատվիրված հետապնդում է եւ մասնավորապես կապված է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մասին հրապարակումների հետ:

Հայկ Գևորգյանին ազատ արձակելու պահանջով հանդես եկան մի շարք լրագրողական և իրավապաշտպան կազմակերպություններ՝ նրա կալանավորման հիմքերը համարելով շինծու: Նրանք երկրի քաղաքական իշխանությանը կոչ արեցին արդյունավետ քայլեր ձեռնարկել լրագրողների եւ լրատվամիջոցների նկատմամբ անհիմն հետապնդումները, մեղադրանքները եւ ճնշումները բացառելու նպատակով: Հավանական են դիտվում «Հայկական ժամանակի» այն ենթադրությունները, որ խափանման միջոցի ընտրությունը պայմանավորված է լրագրողի մասնագիտական գործունեությամբ: Փետրվարի 6-ին Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում պետք է քննվեր Հայկ Գևորգյանի խափանման միջոց կալանքի հարցը, սակայն նույն օրը քիչ ավելի վաղ դատախազությունը որոշում կայացրեց խափանման միջոց կալանավորումը փոխարինել բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությամբ:

«ՀԺ» գլխավոր խմբագիր Հայկ Գեւորգյանը ստացել է ՀՀ ոստիկանության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Ա. Ասատուրյանի՝ հուլիսի 3-ին Գեւորգյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճելու մասին որոշումը՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: «Հայկական ժամանակ»-ն այդ կապակցությամբ իր հրապարակման մեջ նշեց, որ սա բավականին «խորամանկ» որոշում է: Թերթի կարծիքով՝ եթե գործը հասնի դատարան, ապա այնտեղ միանշանակ կապացուցվի, որ «վրաերթը» սարքվել է եւ սարքվել է ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանի հրահանգո, կամ առնվազն որեւէ բարձրաստիճան ոստիկան փորձել է նրան լավություն անել: Գործը կարճելով` ՀՀ ոստիկանությունը փորձում է խուսափել այս հեռանկարից: Հ. Գեւորգյանը բողոքարկել է կարճման որոշումը՝ նպատակ ունենալով ապացուցել «վրաերթի» սարքված լինելը ու պատասխանատվության կանչել գործում ներգրավված բոլոր անձանց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter