HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանցիները արտագնա աշխատանքի են գնում Ջավախք

75-ամյա Ֆելիքս Իգիթյանը առաջինն է եկել Ախալքալաքի շրջանի Ղադո (Ղադոլար) գյուղ, ուսումնասիրել գազաֆիկացման գործընթացը, այնուհետև կանչել խմբի մյուս անդամներին: Հայաստանից ևս երեք խմբեր, Միքայել Միքայելյանի գլխավորությամբ, նույնպես եկել են Ջավախք՝ գազաֆիկացման աշխատանքներ իրականացնելու:

«Ասացին՝ ստեղ սենց աշխատանք կա, մենք էլ բրիգադը հավաքինք եկանք: Ես եկա գործը բռնի, Միքայելյանն եկավ, տեղավորվեցինք, գյուղապետի հետ խոսացինք, եկանք սկսեցինք աշխատել: Մենք հայ ենք, հայաթափ է լինում Ջավախքը, ջեռուցում չկա, գազ չկա, ճաշ եփելու հնարավորություն չկա, անձամբ ես էլ, իմ պետն էլ որոշել ենք օգնել այդ հայաթափության դեմ,-իրենց գալը հիմնավորում է Ֆելիքս Իգիթյանը,- գազաֆիկացումը հայաթափության դեմ է, որ մարդիկ պայմաններ ունենան, կինը պետք է կարողանա ճաշ եփել, մարդը կարողանա ձմռանը աթար չվառի, այլ գազ վառի»: 

Ջավախքի մի շարք գյուղերում լայնածավալ գազաֆիկացման աշխատանքներ են ընթանում: 2013 թվականի ավարտով պետք է ամբողջանա նաև գազաֆիկացումը Ջավախքում: Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններում գազաֆիկացումն իրականացնում է Սանոսյաններին պատկանող «Սամցխե-Ջավախեթիի գազի ընկերությունը» (SJGC), որի գլխավոր տնօրենը ՀՀ ԱԺ նախորդ գումարման պատգամավոր Հայկ Սանոսյանի եղբայրն է՝ Արամ Սանոսյանը: Ախալքալաքի շրջանի 64 գյուղերից գազաֆիկացումն ավարտված է շուրջ 15-ում: Գազաֆիկացման աշխատանքներն ավարտվել են  նաև Նինոծմինդայի շրջաննի 11 գյուղերում, մյուսներում տակավին աշխատանքներ են տարվում:

Ախալքալաք քաղաքից շուրջ 20-22 կմ հեռավորությամբ գտնվող Տուրցխ և Ղադոլար գյուղերում գազաֆիկացման աշխատանքներն իրականացնում են Հայաստանից եկած 4 բրիգադները՝ շուրջ 15 հոգի: «Ջավախքցիները Հայաստան կամ Ռուսաստանի Դաշնություն են գնում արտագնա աշխատանքի, իսկ դուք եկել եք Ջավախք»,- ասում եմ նրանց: «Սա գազ է, բռակ սարքելու բան չէ, պետք է մասնագետ լինես»,- նկատում է Շահումյան գյուղից եկած Ստեփան Սարգսյանը և ծանոթացնում խմբի մյուս անդամների հետ: Ժամանած խմբերը, ինչպես իրենք են ասում՝ բրիգադները, ղեկավարում է Միքայել Միքայելյանը, ով «Տրանսգազշին» ընկերության վարչություններից մեկի նախկին պետն է եղել, Ֆելիքս Իգիթյանը նույնպես վարչության պետ է եղել, իսկ մյուսները ներկայանում են նախկին «գազավիկներ» և «սվարչիկներ»:

Միքայել Միքայելյանն ասում է, որ բացի իրենց խմբերից, Հայաստանից այլ «բրիգադներ» էլ են եկել: Աշխատանքային պայմանների մասին խոսելուց նա խուսափում է: «Ամենացավոտ կողմը վարձատրությունն է»,- ասում են «գազավիկները»: Լևոն Պետրոսյանն է անկեղծանում. մեկ մետրի համար այստեղ վճարում են 400 դրամ, իսկ Հայաստանում իրենք նույն աշխատանքի համար ստացել են 500 դրամ: Պարզապես Հայաստանում նման քանակով ու ծավալով աշխատանք այժմ չկա: Մ.Միքայելյանն ասում է, որ Հայաստանն այս տեսակետից առաջ է Վրաստանից, գազաֆիկացումն այնտեղ մեծ մասամբ ավարատված է:

Գյուղի լքված տներից մեկում են հարմարվել «գազավիկները», բայց «հարմարվելը» կատակով են ասում. Ստեփան Սարգսյանը գյուղացիների համար ճանապարհ ծառայող հատվածում օճառում է գլուխը, որ Միքայել Միքայելյանը սափրի նրա գլուխը: Հարևան տան բակի ծորակից հոսող ջրով Ստեփանը պատրաստվում է լվանալ սափրած գլուխը, իսկ Լևոնը նրան առաջարկում է արևի տակ տաքացած շշերի ջրով լվանալ, ծորակի ջուրը շատ սառն է: «Վայրի պայմաններ են, հեչ գովելու տեղ չունեն, մի բաղնիք էլ չկա»,- կատակով ասում է Լևոնը: Նա այս գյուղը համեմատում է Հայաստանի գյուղերի 1960-ական թվականների վիճակի հետ:  «Գիտեք ինչ եմ հիշում, ոնց որ Ղարաբաղում ըլնեմ հիմա»,- սափրվելու ժամանակ՝ տեղից միջամտում է Ստեփանը: 

Ֆելիքս Իգիթյանը 1982-83թթ-ին եղել է Ջավախքում, այս գյուղերում նույնպես: Միակ փոփոխությունը, որ նկատել է, Ախալքալաքից Արագվա ճանապարհի ասֆալտապատումն է: «Տուրցխ գյուղում, որ մենք հիմա գործ ենք անում, 595 ընտանիք էր ապրում, իսկ հիմա 190 մարդ է գազաֆիկացնում, մնացածները գնացել են, ընտիր տները գոմ են սարքել,- ասում է Ֆ.Իգիթյանը: -Բնակիչ է պետք, որ հողը պահի, մարդ է պետք, որ երկիրը շենանա»:

Տուրցխ գյուղի վիճակը, Ղադոլարի համեմատ, ավելի բարվոք է: Ստեփանը նկատել է, որ Տուրցխում երիտասադրությունն էլ շատ է:

Միքայել Միքայելյանի դիտարկմամբ, Ջավախքի գյուղերում ապրուստն ավելի լավ է, քան սոցիալ-տնտեսական պայմանները: Գյուղացիները միայն հոսանքի համար են վճարում, ոչ ոռոգման և ոչ էլ խմելու ջրի վարձ չեն տալիս, ոչ էլ հողի հարկ են վճարում:  Միքայլեյանն ասում է, որ Վրաստանում իրականացված հարկային քաղաքականությունը մի կողմից լավ է. լավ է, որ գյուղացուն բոլոր տիպի հոգսերից ազատել են, հողի, ջրի հարկ չեն գանձում: Թերությունն այն է, որ ձևավորված գյուղապետարան չկա, որն ունենար իր բյուջեն, ինչ-որ բան աներ իր գյուղի համար (խոսքը Ղադոլարի մասին է-Ք.Ա.), ասենք՝ կամ գյուղի փողոցները բարեկարգեր, ջրագիծ փոխեր և այլն: Այդ ամենը կամ պետք է պետությունն անի, կամ ինչ-որ մեկը:

«Գազ չունեն: Մեծ խողովակով ջուր է գալիս գյուղ, բայց գյուղում ջուր չկա նորմալ, օրվա շատ ժամերին ջուր չենք գտնում, որ խմենք, կամ մեր աշխատանքների համար օգտագործենք, որովհետև մարդիկ խմելու ջրով կարտոշկա են ջրում: էս ստոլբաները` փայտե, փտած, թեք, ամեն րոպե կարող են շուռ գալ ու մարդ զոհվի, Հայաստանում հիմա սենց բաներ չկան, էս իմաստով խնդիրներ կան, իսկ բուն տնտեսական իմաստով Հայաստանի բնակչությունից մի քանի գլուխ լավ են ապրում: Արոտի խնդիր չունեն, բանջարանաբոստանային բույսերի խնդիր չունեն, կարտոշկան ահագին օգնում է մարդկանց, կաթը, կարագը, մածունը, պանիրը տնական են, դրա համար փող չեն տալիս»,- ասում է Մ. Միքայելյանը:

«Պետական մակարդակով այդ ամենի հոգածություն չկա»,-ավելացնում է Ֆ.Իգիթյանը:

«Սա տանելու է նրան, որ մի գեղեցիկ օր ասեն՝ Ջավախքում հայ չկա, թուրքերն եկան, վրացիք են գալիս, մեգրելներն են գալիս և այլն»,- շարունակում է Մ. Միքայլեյանը:

Ջավախցիների աշխատասիրությունը Միքայել Միքայելյանը գնահատում է. «Էս ժողովուրդը շատ աշխատող ժողովուրդ է, իրենք կարողանում են իրենց չարչարանքով ապրել»: «Եթե երիտասարդներն ուզենան էստեղ հիմնադրվել, տարեկան էնքան եկամուտ կստանան, որ դու 10 տարի էնտեղ աշխատես, էդքան եկամուտ չես ստանա»,- ավելացնում է Ստեփանը:

Տեղացի կանանց աշխատասիրությունը չի վրիպել նաև Ֆ. Իգիթյանի աչքից: Նրանց ամուսինները արտագնա աշխատանքի են մեկնել, իսկ իրենք «գերանդին ու փոցխը ուսին՝ ամեն օր գնում են աշխատելու». «Կինը ամեն օր գնում է քյախան է անում, չափա են ասում»: «Սիրուն-սիրուն, գեղեցկուհի աղջկերք կան,- միջամտում է Ստեփանը,- ընկեր Միքայլեյանն էլ, ես էլ՝ տղա ունենք պսակելու, ասում եմ՝ գանք ստեղից աղջիկ տանենք»:

Արդեն իսկ իրենց «լավ սվարչիկ», 20-ամյա Արտակի համար հարսնացու են հավանել. Ստեփանը կատակում է՝ «հարսնացուն հյուսիսից» տանելու են Գեղակերտ: «Մեկի դռան վրա արդեն խաչ ենք արել»,- կատակում է Մ.Միքայելյանը:

Իսկ մինչ այդ, Հայաստանից Ջավախք ժամանած «գազավիկները» դեռ 15-20 օրվա գործ ունեն Ղադոլարում և Տուրցխում: Այլ գյուղեր էլ կգնան և կշարունակեն աշխատել Ջավախքում, թե ոչ, դեռ չգիտեն, բայց հաջորդ անգամ լոգարանի հարցը գուցե լուրջ դնեն:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter