HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մահմեդականացած հայերի հայրենադարձությունը. աշխարհաքաղաքական նոր կամուրջներ Հայաստանի համար

Հովսեփ Խուրշուդյան
ՌԱՀՀԿ ավագ փորձագետ

Հայտնի է, որ մահմեդականացած հայերի թիվն աշխարհում առնվազն 1 միլիոն է, եւ նրանք կենտրոնացած են գերազանցապես Արեւմտյան Հայաստանում, Կիլիկիայում, Ստամբուլում, մասամբ էլ (համշենահայերի իսլամադավան հատվածը` 300-400 հազար մարդ)` Ռուսաստանում, Վրաստանում (Աբխազիայում), Միջին Ասիայում (հիմնականում Ղրղըզստանում, Տաջիկստանում) եւ Ղազախստանում:

Ընդհանրապես` իսլամադավան հայերի հանդեպ վերաբերմունքի հարցը Հայոց Մեծ Ազգահավաքի հեռանկարի անկյունաքարերից մեկն է: Այս հարցի վերաբերյալ մեզանում այսօր առկա է երկու հիմնական մոտեցում:

Առաջինը ավանդական այլատյաց պսեւդոազգայնական մոտեցումն է, որը ժառանգվել է այն ժամանակներից, երբ հայոց պետականության կորստի պայմաններում հայ ժողովրդի մշակութային եւ վարչաիրավական կենսագործունեությունը կարգավորող հիմնական ազգային ինստիտուտը Հայ Առաքելական եկեղեցին էր: Ըստ «մեկ ազգ - մեկ կրոն - մեկ մշակույթ» մոտեցման, եթե կաթոլիկ եւ ավետարանական հայերը մի կերպ ընդունվում են որպես թեկուզ «խոտանված», սակայն, այնուամենայնիվ` հայ, ապա մահմեդականի հայ լինելու հնարավորության մասին խոսք անգամ լինել չի կարող:

Մյուս մոտեցումը` պոստազգայնականը, որքան արդիական, այնքան էլ «լավ մոռացված հին» մոտեցում է, որի անկյունաքարային կատեգորիաներն են «պետությունը» (իսկ հայկական նորագույն անկախ պետականությունների դեպքում` «ազգային պետությունը») եւ «քաղաքացին»: Ըստ այս մոտեցման, Հայաստանի Հանրապետությունն իր քաղաքացիներով աշխարհասփյուռ հայ ազգի գլխավոր հիմնասյունն է:

Այս պարագայում ՀՀ քաղաքացու կրոնական եւ մշակութային պատկանելությունը դառնում է երկրորդական, եւ դրա բազմազանությունը ազգային պետության եւ քաղաքացիության շրջանակներում չի դիտվում որպես ազգի կամ պետության անվտանգության սպառնալիք: Միեւնույն ժամանակ «ազգային պետությունը» տեղ չի թողնում պոստազգայնականության այն ծայրահեղության համար, ըստ որի` ազգային պատկանելությունն ընդհանրապես նշանակություն չունի, ինչպես, օրինակ, ԱՄՆ-ում է:

Իրականում առաջին մոտեցումը ինքն է ուղղակի սպառնալիք հանդիսանում ազգային պետականությանը, քանի որ ենթադրում է անհամատեղելիություն ոչ միայն իսլամադավան հարեւանների (օրինակ` «հայերը եւ թուրքերը անհամատեղելի են» արտահայտությունը այս մոտեցման տիպիկ ցուցիչներից է), այլեւ անգամ ուղղափառ վրացիների հետ («վրացիները թուրքից էլ վերան են»): Մինչդեռ երբ դու ամբողջ տարածաշրջանը դիտում ես որպես օտար եւ քեզ հետ անհամատեղելի օրգանիզմ` դու ինքդ ես դառնում օտար եւ անընդունելի մարմին տարածաշրջանում ապրող ժողովուրդների համար եւ քո անվտանգությունը ապահովելու համար ստիպված ես լինում եւ լինելու ապավինել արտատարածաշրջանային հզոր ուժերին` լինի դա Հյուսիսում, թե Արեւմուտքում, որոնց նպատակները միշտ չէ, որ համահունչ են քո շահերին: 

Եթե 90-ականների սկզբերին պետական, այդ թվում հատկապես արտաքին քաղաքականության մեջ իշխող վերնախավի մի հատվածի կողմից փորձ արվեց ներդնել երկրորդ մոտեցումը, սակայն այժմ ազգային «վերնախավը» նորից վերադարձել է առաջին մոտեցմանը, որի բնական հետեւանքն էլ արտաքին ուժեղ ձեռքին` «երրորդ ուժին» ապավինելու անայլընտրանքայնությունն է` պետական ինքնիշխանության հետզհետե կորստի գնով:

Այսպիսով, որքանով է հավանական մահմեդականացած հայերի վերադարձը հայկական ինքնության: Այս խնդրին անդրադարձած բազմաթիվ հետազոտողներ նշում են, որ առավելագույնը 2-3 միլիոնի հասնող մահմեդականացած հայերի շուրջ մեկ միլիոնը թեկուզ մասնակիորեն պահպանում են իրենց հայկական ինքնագիտակցությունը, իսկ եւս 500.000-1.000.000` կրիպտոհայերը երբեւէ այն չեն էլ կորցրել:

Հետաքրքիր փաստ. 80-ականների վերջերին, ազգամիջյան հարաբերությունների սրումից հետո, դեռ 1941-ին Աջարիայից Ղազախստան տեղահանված համշենահայերի ժառանգները դիմել էին Մոսկվային` Հայաստան տեղափոխվելու խնդրանքով: Սակայն մերժում էին ստացել: Այն ժամանակ Հայաստանում խոսակցություն տարածվեց, որ այդ մերժման հիմքում ընկած է եղել Էջմիածնի բացասական դիրքորոշումը:

Հայաստանի անկախացումից հետո նկատվում է Թուքիայի իսլամադավան հայերի ազգային ինքնագիտակցության աճ: Դրան մեծապես նպաստեց անգամ Հրանտ Դինքի ողբերգական մահը: Հայտնի են թուրքական մամուլում հնչած այն կարծիքները, որ Հրանտ Դինքի սպանությունից հետո «Ես Հրանտ Դինքն եմ», «Ես հայ եմ» պաստառներով Ստամբուլի փողոցները հեղեղած բազմահազարանոց ցույցերի մասնակիցների մի մասը կրիպտոհայեր էին` ծպտյալ հայեր:

Այստեղ ավելորդ չէ նշել, որ Թուրքիայում ո'չ կամավոր մահմեդականացած, ո'չ էլ, առավելեւս, բռնի մահմեդականացված հայերը առանձնապես ջերմեռանդ մահմեդականներ չեն: Օրինակ` Համշենում աննշան թվով մզկիթներ կան, սակայն անգամ դրանք առանձնապես հանրաճանաչ չեն համշենահայության շրջանում:

Համշենահայերը, ի դեպ, նաեւ որեւէ խնդիր չունեն, օրինակ, ոգելից խմիչքներ օգտագործելու հետ: Պատահական չէ, որ Աջարիայի դարեր առաջ կամավոր մահմեդականացած լազավրացական բնակչության շրջանում վերջին տարիներին նկատվում է դեպի քրիստոնեություն «դարձի գալու» աշխույժ գործընթաց (ի դեպ` ոչ միայն վրացի ուղղափառ եկեղեցին, քանի որ այստեղ աշխուժորեն աշխատում են նաեւ ավետարանական եկեղեցիները), էլ չենք խոսում զուգահեռաբար ընթացող ապակղերականացման (սեկուլյարացման) գործընթացի մասին:

Այս վերջինին մեծապես նպաստում են ուրբանիզացման գործընթացները: Այնպես որ, եթե Հայաստան տեղափոխված հայ մահմեդականները դեմ չլինեն բնակվել առանձին բնակավայրերում, օրինակ` ազատագրված տարածքներում կամ Հայաստանի քաղաքների առանձնացված թաղամասերում, դրանից ինտեգրման գործընթացը կտուժի միայն ժամանակավորապես, քանի որ արդիականացման եւ ուրբանիզացման ընթացքը, միեւնույն է, ժամանակի, թեկուզ տասնամյակների ընթացքում բերելու է նրանց մեծ մասին ամենակուլ Երեւան եւ Հայաստանի մյուս խոշոր քաղաքներում դիսպերս բնակեցման:

Ակնհայտ է, որ 10.000-ից 20.000, իսկ հնարավորության դեպքում` անգամ ավելի համշենահայերի, քրդահայերի, զազահայերի եւ թրքահայերի վերաբնակեցումը  Հայաստանի Հանրապետությունում եւ նրանց հանդեպ հոգատար պետական եւ հանրային վերաբերմունքը.

  1. հիմքեր կստեղծի նրանց մեջ հայկական ինքնության ամրապնդման եւ զարգացման, սեփական անկախ պետականության սահմանների ներքո նրանց ադապտացման եւ Հայաստանի հասարակության մեջ լիարժեք ինտեգրման, իսկ նրանց մի մասի համար էլ` դեպի քրիստոնեական հավատք վերադարձի համար,
  2. կնպաստի մեզանում տարածաշրջանի մահմեդական ժողովուրդների, նրանց կենսաձեւի ավելի լավ ճանաչմանն ու նրանց հետ առավել ներդաշնակ համակեցության մշակույթի ձեւավորմանը (ամեն դեպքում այդ խնդրի լուծման առումով մահմեդական հայերը առավել գերադասելի են Իրանից ժամանող պարսիկ, հաճախ էլ ազերի մահմեդականներից. ի դեպ, Հայաստանում արդեն այժմ մշտական կամ ժամանակավոր բնակություն են հաստատել մի քանի հազար իրանցի մահմեդականներ),
  3. հոգեբանական, մշակութային, կրոնական, քաղաքական եւ այլ կարգի կամուրջներ կգցի ոչ միայն դեպի Թուրքիայի իսլամադավան հայության խմբերը, այլեւ դեպի բուն թուրք, քուրդ, լազ էթնոկրոնական զանգվածները:

Միայն հիացմունք կարելի է ապրել Իսրայելում հրեաների ազգահավաքի («Ալիյա») մեթոդաբանությունը դիտարկելիս: Քանի որ այդ ժողովրդի ազգաստեղծ գլխավոր գործոնը, ի տարբերություն հայերի, ոչ թե էթնիկ, այլ կրոնական պատկանելությունն է, այնտեղ գրկաբաց ընդունում էին եւ են անգամ այլ ռասայի պատկանող եթովպական հրեաներին, ընդ որում հայրենադարձող խմբերին օդանավակայանում աղուհացով դիմավորում էին ամենաբարձր մակարդակով` պետական պաշտոնյաները եւ կրոնական առաջնորդները: Եվ այսօր եթովպահրեաները, ռուսական հրեաները Իսրայելի զինված ուժերի առավել մարտական հատվածն են կազմում:

Հայության դեպքում ազգահավաքի հենքը լինելու է հայկական ծագումը` արյունը, գենետիկան, որը մենք, որքան էլ «մեզ ոչ մեկից չենք գերադասում», սակայն արժեւորում ենք եւ համարում մեծ բնական ներուժ պարունակող: Ի վերջո, կրոնները, գաղափարախոսությունները անցողիկ են, մնայուն է միայն մարդը, նրա գենետիկան, իսկ մեր դեպքում, հուսանք, նաեւ նրա ազատությունն ապահովող անկախ պետականությունը եւ նրա հայրենիքը` հողի եւ հայրենակիցների տեսքով:

Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելիք իսլամադավան հայությանը եւս, մեր կարծիքով, պետք է դիմավորեն պետության ղեկավարները եւ Հայ Առաքելական եկեղեցու հովիվները: Եվ երիցս սխալվում են նրանք, ովքեր կարծում են, թե համատարած արտագաղթի պայմաններում կազմակերպել հայրենադարձության նոր ալիք դեպի Հայաստան` անիմաստ է կամ անհնար. հայրենադարձությունն իր մեջ նաեւ արտագաղթի չափերի նվազեցման հսկայական հոգեբանական ներուժ է պարունակում եւ այդ հարցում արժե մեծ ջանքեր գործադրել:

Արդեն մոտ ապագայում Թուրքիայում հայ ազգային շարժում ձեւավորելու նպատակով անհրաժեշտ է բաց թողնել այդ երկրում ապրող իսլամադավան եւ ծպտյալ հայության համար դեպի լիարժեք հայկական ինքնություն վերադարձի բոլոր ուղիները` Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ դառնալուց մինչեւ իսլամադավան մնալը: Իսկ երես թեքել սեփական արյունակից եղբայրներից միայն այն բանի համար, որ նրանք այլ կրոնի հետեւորդներ են եւ այդ հիմքով թույլ չտալ նրանց վերադառնալ տուն, սեփական հայրենիք` փոքրոգության ու թուլության նշան է, որը չի տեղավորվում պետական մտածողության շրջանակներում:

Վերջապես` սա տարածաշրջանում առաջիկա տարիներին տեղի ունենալիք դրամատիկ աշխարհաքաղաքական փոփոխություններին պատրաստ լինելու համար անհրաժեշտ քայլերից մեկն է:

Լուսանկարը՝ azatutyun.am-ի

 

Մեկնաբանություններ (8)

Վ.Եսայան
Շատ ճիշտ մտքեր կան էստեղ ավելացնեմ ևս մեկ հանգամանք դա շատ կարեվոր է մեր գենոֆոնդն վերադարձնելու հարցում. Եվ ամենակարևորը եթե կա ճանապարհ, որը կարող է տանել դեպի հաղթանակ Թուրքիային հանդեպ ապա հենց ծպտված ու թուրքացած հայերի մեջ հայկականության վերադարձն է. Որը ցավոք հնարավոր չէ Հայաստանի այսօրվա տնտեսական վիճակի պարագայում. Հարկավոր էգիտակցել որ այսօրվանից է կախված թե հետագայում ում օգտին կաշխատի ժամանակը թուրքերի ? թե մեր....
Գոհար Արշակյան
Ամբողջությամբ չհասցրի կարդալ, այդուհանդերձ, կարշում եմ ՀՀ-ն իր ծնունդներով պետք է ապահովի բնական աճը, իսկ իսլամացացծ հայերը պետք է մնան Պատմական Հայաստանում, որպեսզի այն հավերժ չկորցնենք, գուցե կգա ժամանակն ու նրանք կամովին կվերադառնան իրենց արմատները չվտանգելով սեփական կյանքն ու ունեցվածքը...
Shavarsh
Շատ զգույշ պետք է լինի մեր պետությունը` ընդունելով մահմեդականացված հայերին, քանի որ. այդ հայերի մեջ շատ հնարավոր և հավանական է, որ լինեն ծպտված թուրք և ազերի գործակալներ և այստեղ իրենք իրենց հայ անվանելով, փորձեն լրտեսությամբ և ահաբեկչությամբ զբաղվել: Այնպես, որ մենք պետք է շատ զգույշ և ուշադիր լինենք, թե ինչու են, ասենք Թուրքիայի որոշ քրդախոսներ իրենց հայ համարում և արդյոք դրանով թուրքերը չեն ուզում Հայաստանին նոր ծուղակի մեջ գցել:
***
Վարազ Սիւնի SHUT UP եղիր, եւ մնա քո նոր Հայրենիք Ամստերդամում։ Բերանդ շատ մեծ ես բացում ուրիշների վրա դու քո աչքի գերանդ հանելու փոխարեն Allochtoon։ Հետքում ուրիշների վրա ուսուցչություն անել չփորձվես։ Արցախը մինչեւ 1988 Սովետական Ադրբեջանի կարգում չէ՞ր։
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Լավ ու ճիշտ հոդված է: Հայը ՄԻԱՅՆ ՄԻ ԲԱՆ ունի,որ իրեն տարբերում է մնացած բոլոր ազգերից.դա հենց ՀԱՅ լինելն է,այսինքն` Հայկական գենոֆոնդը,իսկ ժողովրդի լեզվով ասած` ջիղը: Նույնիսկ վիրավորական է,որ ԴԵՌ այսօր էլ այսպես կոչված «լուսավորիչների» անունով փողոցներ ու հիվանդանոցներ կան: Ինչի մինչև այս «լուսավորիչների» գալը Հայը խավարի մե՞ջ էր ապրում. ինչ վիրավորանք ազգի նկատմամբ: Երբ ԿՐՈՆՆ ու ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ է դառնում ազգի չափանիշը,արդյունքը իրեն երկար սպասել չի տալիս- գյոլից գյոլ Հայաստանիկ` սոված մարդկանցով,բայց ամեն սարի գլխին օտարին պաշտող մի եկեղեցի:
Marina
shat lav hodvac e, mahmedakan hayery iroq mi milionic avel en, yev petq e amen inch anel vor hetagayum nranq ch'integrven urish azgeri mej u moracven.... arcax, hayastan petq e berven u tarineri yntacqum nranq irenc armatnerin kveradarnan, jhamanak e petq, shat shnorhakalutyun hodvaci hamar! qnqshoren petq e verabervel nranc het....yexbayrakan sirov... nrants hayrenasirutyuny ev ujhy petq e hayastanin, arcaxin...
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Levik(2) - Թվերի գիտական ստույգությունը կամ ենթադրականությունը կարևոր չէ: Խոսքը ազգի (նոր) գաղափարախոսության մասին է,որը ՊԻՏԻ հիմնված լինի զուտ ՀԱՅԿԱԿԱՆԻ վրա:
Լեվիկ
Շատ կը ներէք, բայց սա փորձագէտը այդքան ալ քաջատեղեակ չէ իրական կացութեանը: Այդ նոր գաղափարախօսութիւնը որ կը հրամցնէ յիմնուած է պատրանքներու վրայ: Աջ ու ձախ, թիւեր կը նետէ մասնակի Իսլամացած եւ Crypto- հայերու մասին փորձելով իրական հիմք տալու իր երեւակայութիւններուն: Հարց....Այս Հովսեփ Խուրշուդյան երբեւիցէ այցելա՞ծ է Համշենը կամ արեւելեան Թուրքիոյ որեւէ շրջան: Արդեօք երեւիցէ խօսա՞ծ է այդ մասնակի կամ ծպտեալ հայերուն հետ: Չեմ կարծեր, այլապէս չէր առաջակեր նման անհեթեթութիւններ: Սա փորձագէտը թող իր ուշադրութիւնը դարձնէ աւելի այժմէական եւ տարրական խնդիրներուն լուծմանը - զօրինակ, ինչպէս հաշտեցնել (reconcile) ներկայ հայ իրականութեան երկու բեւեռները - արեւելահայ եւ արեւմտահայ (կարդալ - Հայաստանի Հանրապետութիւն եւ Սփիւռք): Սա փորձագէտը կը խօսի Ցեղասպանութեան մնացուկները ի մի բերելու մասին, սակայն կ՛անտեսէ առաջնային խնդիրը: Կայ հսկայ հոգեկան, մսակույթայաին, մտածելակերպի անջրպետ միլիոնաւոր Սփիւռահայի եւ միլիոնաւոր Հայաստանցու միջեւ: Նախ, այս բացը հնարաւորին չափ փակենք եւ միգուցէ յետոյ կարելի կ՛ըլլայ մեր հայացքը աւելի հեռուներուն վրայ սեւեռելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter