Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

«Ես հայ եմ, որն ունի երկու հայրենիք». Ջեք Պողոսյան



«Արարատ» ֆիլմը դիտելուց հետո արգենտինահայ կինոգործիչն առաջին անգամ այցելեց Հայաստան

Արգենտինահայ կինոգործիչ, դերասան Ջեք Պողոսյանը այս տարի սովորականից ուշ մեկնեց Արգենտինա. այստեղ արդեն ընկերների շրջանակը մեծ է, հետաքրքրությունները` շատ: Երկար տարիներ լինելով «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ժյուրիի կազմում, առնչություններ ունենալով հայակական մշակույթի եւ միջավայրի հետ` Ջեքը տարիների ընթացքում ընդլայնել է կապերը: Սակայն կինոռեժիսորի առաջին այցը պայմանավորված էր այլ հանգամանքներով.

«Երբ առաջին անգամ` 2001 թ.-ին, որոշեցի գալ Հայաստան, անսովոր բաներ էի լսում, որոնք պարզվեց այնքան էլ իրական չէին: Ինձ համար անհասկանալի էր սփյուռք-Հայաստան կապ արտահայտությունը. ինֆորմացիան, որը հասնում է մեզ` սփյուռքահայերիս, պաշտոնական է եւ չի կարող հույզեր առաջացնել: Հետո հասկանում ես, որ դա ուրիշ բան է... Իսկ քո առնչությունը քո արմատներին` ուրիշ: Ես եկա եւ փորձեցի սովորել հայերեն... Հիմա հասկանում եմ լեզուն, խոսում եմ որոշ չափով:

Ամեն մեկն իր անձական փորձով չի կարող ստույգ սահմանել, թե ինչ կապեր են առաջանում սփյուռքահայի եւ Հայաստանի միջեւ: Մենք երեք եղբայր ենք. իրավաբան եղբայրս այցելեց Հայաստան եւ առանձնապես չոգեւորվեց, մյուսը, որը չի եղել Հայաստանում, սիրում է երկիրը հեռավորության վրա... Իսկ ես գիտակցում եմ, որ հայ եմ եւ ունեմ երկու հայրենիք»,- ասում է Ջեքը:

Մեծացել ես հայկական ընտանիքում, Արգենտինայում կա նաեւ հայկական համայնք. առնչություններն արմատներիդ պետք է որ այնտեղ սկսվեին...

Ծնվել եմ Մոնտեվիդեոյում եւ ավարտել օտարալեզու դպրոց: Այստեղ առնչություններ գրեթե չկային: Ճիշտ է` ես չունեի հայկական կրթություն, բայց ունեի հայկական ընտանիք եւ արյանս մեջ էի զգում հայկական միջավայրի, լեզվի տաքությունը: Ավելի ուշ Արգենտինայում սկսեցի հաճախել հայկական ակումբ, որտեղ ուսումնասիրում էին հայկական մշակույթը, հայոց պատմությունը: Սկսեցի աշխատել հայ համայնքի համար, բայց, ցավոք, ամեն տարի կրկնվում էին կամ գրեթե կրկնվում էին այն միջոցառումները, որ իրականացնում էինք: Ես ուզում էի նույնի մեջ չմնալ: Որոշ առումով դադարեցրի աշխատանքս: Հետո հետաքրքիր բան կատարվեց. լսեցի Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմի մասին, դիտեցի, որից հետո էլ որոշեցի գալ Հայաստան. այն ժամանակ դեռ «Ոսկե ծիրանը» չէր մեկնարկել:

Առաջին այցից հետո դու ամեն տարի պարբերաբար այցելում ես Հայաստան հիմնականում «Ոսկե ծիրան» կինոփառատոնի անցկացման օրերին:

Արգենտինայում «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացումից առաջ մի փառատոնի շրջանակներում հայկական ֆիլմեր ներկայացնելու նպատակով Արգենտինա էին այցելել Հարություն Խաչատրյանը եւ Սուսաննա Հարությունյանը: Նրանց միջոցով էլ ես իմացա ինչ ասել է հայկական ֆիլմարտադրություն: Այստեղից ծնունդ առավ նաեւ իմ ծրագիրը` սփյուռքում եւ արտասահմանում ներկայացնելու մեր ֆիլմերը:

Հենց այդ ժամանակ հասկացա, որ շատ բան չգիտեմ հայկական կինոյի մասին: Եվ «Ոսկե ծիրանը» լավագույն հնարավորությունն էր բացահայտելու հայկական մշակույթը, կապեր ստեղծելու եւ տենդեցներին հետեւելու համար:

Արդեն ավանդույթ է դարձել ամեն տարի լինել մայրաքաղաքում մշակութային այդ իրադարձության ժամանակ: Այս տարիների ընթացքում հաճախ եղել ես փառատոնի ժյուրիի անդամ, դիտել հարյուրավոր ֆիլմեր: Մշակույթի ոլորտում զարգացումն ինչպե՞ս ես գնահատում:

«Ոսկե ծիրանի» մասին համարձակորեն կարող եմ ասել, որ տարածաշրջանում տեսակի մեջ ամենայուրօրինակ եւ հայտնի կինոփառատոնն է. եւ ծրագիրը, եւ հյուրերը... Ընտրությունը գերազանց է: Խոսել եմ, գրել դրա մասին... Եվ վերջապես կարող եմ Արգենտինայում տալ նոր ռեժիսորների, նոր ֆիլմերի անուններ:

Ինձ դուր է գալիս հայ երիտասարդ սերունդը. ակտիվ է... Ամեն մեկն ունի յուրահատուկ բազմակի դրսեւորում: Գուցե հիմա այդ ամենը ներսում շատ լավ չի երեւում, բայց հաստատ տալու է արդյունքներ:

Կրկին վերադառնում ես Արգենտինա. մեր տարբեր զրույցների ժամանակ ասել ես, որ եթե հնարավորություն լինի այստեղ մնալու եւ աշխատելու, սիրով կապրես Հայաստանում: Որո՞նք են հետագա պլաններդ ֆիլմարտադրության եւ թատերական ասպարեզում:

Կապերս մշակույթի հետ մշտապես սերտ են եղել: Թատրոնն այս առումով կախարդական մի վայր է, որտեղից դժվար թե մեկն ընկնելուց հետո ցանկանա հեռանալ: Եվ այն ամենն, ինչ անում եմ ես, ներսային դերասանիս ցանկությունն է: Այս պահին աշխատում եմ Գարսիա Լորկայի կյանքի բեմադրմամբ: Լորկան մեծ ազդեցություն է ունեցել ոչ միայն իր գրածներով, այլ նաեւ գեղանկարչությամբ. նա գրող էր, նկարիչ, երաժիշտ եւ նույնիսկ կարելի է ասել դերասան, եթե ուշադրություն դարձնենք, թե նա ինչպես էր ներկայացնում իր դասախոսությունները:

Այս տարի նաեւ առաջին անգամ խաղացի հայկական ֆիլմում. այն միաժամանակ եւ լավ, եւ դժվար փորձառություն էր: Հայերենով աշխատելն ինձ ուրիշ աշխարհ էր տեղափոխել:

Որպես հայկական ֆիլմերը արտերկրում ներկայացնող մեկը` ես կարողանում եմ կապեր հաստատել հայ ռեժիսորների, դերասանների հետ: Այս տարի մի քանի ֆիլմերի նախագծեր նույնպես կան: Զբաղված եմ մեկ այլ շատ կարեւոր գործունեությամբ նույնպես. սա վերաբերում է արդեն մեր գոյության հետեւողականությանը: Այս պահին փորձում եմ ավարտել ազգային խոհանոցի մասին գիրքս, որի վրա աշխատում եմ ութ տարի եւ կարող եմ ասել, որ երկարատեւ հետազոտություններից հետո թերեւս կարող եմ ցույց տալ հայկական խոհանոցը արտերկրում:

Դժվար է ապրել եւ լինել հեռվում: Եվ նույնիսկ Բուենոս Այրեսում ունեցածս լավ կյանքին զուգահեռ ես անընդհատ կարոտում եմ Հայաստանը:

Մյուս տարի անպայման «Ոսկե ծիրանի» օրերին կլինեմ Հայաստանում, որն արդեն կլինի տասը տարեկան, եւ մենք կտոնենք այդ իրադարձությունը, որովհետեւ այն պատկանում է բոլորիս: Իմ պարագայում շատ բաների համար պարտական եմ հենց այս փառատոնին:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ