HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Մարտի 1-ին ո՞րն էր ընդդիմության մեղքը

Այսօրվա ասուլիսում լրագրողներից մեկը մեջբերեց 2008թ մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ Նիկոլ Փաշինյանի ասածները. «Ժողովուրդ, սիրտս երանություն է ապրում, երբ տեսնում եմ՝ ոնց եք զենքը խլում ոստիկաններից»: Այնուհետեւ նույն լրագրողը հարցրեց, թե արդյոք նման հայտարարությունները չէի՞ն, որ դարձան մարտիմեկյան ողբերգության պատճառ:

Փաշինյանն ասաց, որ մեջբերումը սխալ էր արված, եւ հույս հայտնեց, որ դա հետեւանք է ոչ թե դիտավորության, այլ անուշադրության:

«Ես ասել եմ՝ «ժողովուրդ, չեք պատկերացնի՝ հոգիս ինչպես փառավորվեց, երբ տեսա, որ ոստիկիանների ձեռքից մահակներ եւ վահաններ եք խլել»: Դրանք տարբեր բաներ են»,- նշեց «ՀԺ» գլխավոր խմբագիրը եւ մանրամասնեց, որ ՀՀ Քրեական օրենսգրքով՝ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի իր անձը պաշտպանել ապօրինի ոտնձգություններից, ընդ որում՝ այդ իրավունքը քաղաքացուն տրվում է ոչ միայն այն ժամանակ, երբ իրական վտանգ է սպառնում իր կյանքին եւ առողջությանը, այլեւ այն ժամանակ, երբ իրական վտանգ է սպառնում իր իրավունքների իրացմանը:

Ըստ Փաշինյանի՝ մարտիմեկյան ողբերգությունում ընդդիմության մեղքի մասնաբաժինը նրանում է, որ թույլ է տվել Հայաստանում ձեւավորվի այնպիսի լկտի իշխանություն, որը կարող է մայրաքաղաքի կենտրոնում գնդակահարել սեփական քաղաքացիներին:

«Եվ ես պաշտոնապես ասում եմ, որ ՀՀ ընդդիմությունը նման բան այլեւս թույլ չի տա: Հայաստանում այլեւս չի լինի այնպիսի իշխանություն, որ կարողանա սեփական քաղաքացիներին գնդակահարել սեփական մայրաքաղաքի կենտրոնում:

Բոլոր այն իշխանությունները, ովքեր կմտածեն, թե կարող են ՀՀ քաղաքացուն իր օրինական իրավունքներն իրացնելիս ծեծել եւ քշել, կծեծվեն եւ կքշվեն ժողովրդի կողմից՝ անկախ նրանից՝ ով կլինի այդ իշխանության ներկայացուցիչը, քաղաքական ինչ ուժ կներկայացնի»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Մեկ այլ լրագրող նկատեց, որ ժողովրդին ծեծելու, ընտրությունները կեղծելու ավանդությը Հայաստան է բերել հենց ՀԱԿ առաջնորդը: Չհամաձայնվելով ասվածի հետ՝ «ՀԺ» գլխավոր խմբագիրը նշեց, որ 1996թ. հայաստանյան տպագիր մամուլի այն քիչ ներկայացուցիչներից էր, ով մանրամասն լուսաբանել է տեղի ունեցող բոլոր դեպքերը: Սակայն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո, մեծ հաշվով, չի քննադատել նախկին իշխանություններին, որովհետեւ այն պարպել է այն ժամանակ, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանրապետության ղեկավարն էր:

«Ես չեմ ուզել նմանվել նրանց, ովքեր սպասում եմ, որպեսզի իշխանությունները դառնան նախկին եւ հետին թվով սկսեն ցույց տալի իրենց, այսպես ասած՝ լրագրողական կամ քաղաքացիական քաջությունն ու համարձակությունը: Ինձ այս պահին քաղաքական գործութնեության առումով չի հետաքրքրում, թե ինչպիսին է եղել հայաստանը 1991, 95, 98 կամ 2000 թվականներին: Ինձ հետաքրքրում է, թե ինչպիսին կլինի Հայաստանը 2020թ.»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter