HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Բենեդեկ Ժիգմոնդ. Հունգարիայում սկսվել է լայնածավալ բողոքի ակցիաների ալիք

Ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու Հունգարիայի որոշումից հետո հունգարացի հայագետ Բենեդեկ Ժիգմոնդը ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ ամաչում է, որ հունգարացի է: Այսօրվա մամուլի ասուլիսում նա ասաց, որ նորից հպարտ է, որ հունգարացի է, «որովհետև հունգար ազգը ցույց է տվել, որ իսկապես հայ ազգի բարեկամն է նաև այս շատ դժվար պահին», որովհետև Հունգարիայում բողոքի ակցիաների շարք է սկսվել, և շատ հունգարներ ներողություն են խնդրում հայերից:

«Հունգար ժողովուրդը պահանջում է կառավարությունից, որ այս հարցը լուծվի, և կառավարությունը ներողություն խնդրի Հայաստանից, և նաև կոնկրետ Սաֆարովի հետ կապված հարցը լուծի կառավարությունը հիմա միջազգային ֆորումներում: Ամբողջ հունգար ժողովուրդը հայերի կողքին է այս պահին: Դրա պատճառով կարող եմ ասել, որ նաև հունգար ժողովրդի անունից եմ խոսում, թեև ոչ պաշտոնաբար»,- ասաց Բենեդեկ Ժիգմոնդը:

Նրա խոսքով՝ արտահանձնման հենց առաջին օրը հունգարական բոլոր թերթերն անդրադարձել են այդ իրադարձությունը՝ խիստ քննադատելով կառավարության որոշումը: Սեպտեմբերի 2-ին Հունգարիայում անցկացվել է բողոքի երկու ակցիա: Դրանց մասնակցել են «Կարող է ուրիշ լինել քաղաքականությունը» կուսակցությունը (LMP), Սոցիալիստական կուսակցությունը և «Դեմոկրատական կոալիցիա» կուսակցությունը:

«Կարող է ուրիշ լինել քաղաքականությունը» կուսակցությունը տարածել է հայտարարություն, որում, մասնավորապես, ասվում է. ««Կարող է ուրիշ լինել քաղաքականությունը» կուսակցությունը իր համերաշխությունն է հայտնում հայ ժողովրդի հետ: Մենք համամիտ ենք հայերի վրդովմունքին այն առթիվ, որ Հունգարիայի կառավարությունը Ադրբեջանին է արտահանձնել Ռամիլ Սաֆարովին և նրան հիմա պաշտում են Ադրբեջանում որպես հերոսի: Հունգարիայի կառավարությունը պարտավոր է բացատրություն տալ առաջին հերթին վիրավորված հայ ժողովորդին ու նաև միջազգային հանրությանը»:

Ընդդիմադիր քաղաքական գործիչ Գաշպար Միկլոշ Տամաշը նույնպես տարածել է ընդարձակ հայտարարություն, որում, մասնավորապես, ասվում է. «Նա, ով այս որոշումը կայացրել է Բուդապեշտում, խելք չունի»:

Հայտարարությամբ է հանդես եկել Հունգարիայի հռոմեական կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, Էստերգոմի և Բուդապեշտի արքեպիսկոպոս, կարդինալ Փիթեր Էրդոն: Նա նշել է. «Հունգարիայի կաթոլիկ եպիսկոպոսների կոնֆերանսը իր համերաշխությունն է հայտնում բոլոր հայ քրիստոնյաների և բազում տառապանքներ կրած հայ ժողովրդի հանդեպ»:

Սեպտեմբերի 4-ին Հունգարիայում տեղի կունենա բողոքի մեծամասշտաբ ակցիա, որին մասնակցելու համար գրանցվել են հազարավոր մարդիկ: «Այսինքն՝ կարելի է ասել, որ լայնածավալ բողոքի ակցիաների ալիք է հիմա սկսվել Հունգարիայում»,- ասաց Բենեդեկ Ժիգմոնդը:

Բազմաթիվ հունգարացիներ ֆեյսբուք սոցիալական ցանցում համերաշխություն են հայտնում հայերին և ներողություն խնդրում հայ ազգից: «Եվ շատերը ասում են, որ այս պահին մենք հիմա ամաչում ենք, որ հունգարացի ենք»,- ասաց Բենեդեկ Ժիգմոնդը:

Մեկնաբանություններ (4)

Մլեհ
Շատ յարգեցի Բենեդեկին: Հունգարացին հաստա՛տ աւելի գրագէտ և գեղեցիկ հայերէն կը խօսի քան հայերու հայազգիներու և հայանուններու 95%-ը: Ցաւօ՛ք:
Յովհաննէս
Ասանկ չեղաւ, Մլե՛հ:
Garo
Հունգարիան պէտք է հատուցէ Հայաստանին եւ առաւել եւս ճանչնայ Հայոց Ցեղասպանութիւնը:
Մլեհ
Յովհաննէ՛ս ջան, իսկ քու թանին ո՞վ թթու ըսաւ: Կ'երևի իրազէկ չես ազգիս վիճակէն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter