HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարիամ Չախոյան

«Կենտրոն»-ը կատարել է Գլխավոր դատախազության պատվերը

Երեկ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում զրպարտության վերաբերյալ հայցի դատաքննության ժամանակ «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրող Արթուր Հակոբյանը, ով հանդես է գալիս որպես հեռուստատեսության շահերի պաշտպան, անկեղծորեն խոստովանեց, որ Աշոտ Հարությունյանի և Գևորգ Հայրապետյանի մասին պատմող հաղորդումները պատվիրվել են ՀՀ գլխավոր դատախազության կողմից:

«Կենտրոնի» ներկայացուցիչը դատարանի դահլիճում ասաց. ««Կենտրոն» հեռուստաընկերությունը ուղղակի հրապարակային է դարձրել ՀՀ գլխավոր դատախազության պատվերով պատրաստվող հաղորդումը` «Հետաքննությունը», և հաղորդումները պատրաստել է առաջին ատյանի վճռի և մեղադրական եզրակացության հիման վրա»: 

Աշոտ Հարությունյանի և Գևորգ Հայրապետյանի պաշտպան Սեդա Սաֆարյանը պնդեց երկու հայցադիմումներն էլ, առ այն, որ «Հետաքննություն» հաղորդաշարի շրջանակներում թողարկված երկու հաղորդումների մեջ ներկայացվող տեղեկությունները խախտում են իր երկու պաշտպանյալների անմեղության կանխավարկածի իրավունքը, արատավորում են հայցվորների պատիվն ու արժանապատվությունը` հասարակության շրջանում ձևավորելով թյուր կարծիք, և նպատակաուղղված են ազդելու դատական հետագա գործընթացների վրա: Երկու առանձին գործերով հայցվորները պահանջում են հեռուստաժամի տրամադրում` հնարավորություն ընձեռելով պատասխանելու այդ հրապարակումներին և 3-ական մլն դրամ վնասի փոխհատուցում: Այդ գումարի մեջ ներառված են փաստաբանական ծախսերը` 250 և 300 հազար դրամի չափով: Այս մասին ավելի մանրամասն տես այստեղ:

Ըստ փաստաբան Ս. Սաֆարյանի` ՀՀ գլխավոր դատախազության պատվիրած այդ տեսանյութերը հետապնդել են երկու նպատակ` հասարակության մեջ սերմանել կարծիք, որ առաջադրվող մեղադրանքները հիմնավորված են և ազդել դատավարության ընթացքի վրա: Մինչդեռ, իր պաշտպանյալները չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները:

Մասնավորապես, տեսանյութի հեռարձակման ընթացքում չի նշվել, որ բեմականացված ծեծի դրվագը Աշոտ Հարությունյանի գործի լուսաբանման ժամանակ և գումարի գաղտնի փոխանցման դրվագը Գևորգ Հայրապետյանի մասին պատմող նյութում օպերատիվ նկարահանումներ չեն: Չի նշվել նաև, որ այդ գործերը բողոքարկման փուլում են: Այսինքն` չի պահպանվել լուսաբանման համաչափությունը:

Արթուր Հակոբյանը հակադարձեց` ասելով, որ միայն օպերատիվ նկարահանման ցուցադրման ժամանակ է նշվում, որ այն օպերատիվ նկարահանում է, իսկ տեղեկությունը հեռուստատեսությամբ առանց տեսանյութի հրամցնել չէին կարող, դրա համար էլ գեղարվեստական ձևավորմամբ լրացրել են: Ըստ Հակոբյանի` հեռուստադիտողը պետք է հասկանար, որ օպերատիվ նկարահանում չէ, եթե այդ մասին նշված չէ:

Ու թեև դատախազությունը չի պնդում գեղարվեստական մաս ավելացնելու համար, հեռուստաընկերությունը այն լրացնում է:

«Ուղղակի, որ տեքստը դատարկ չընթանա,- ասում է Ա. Հակոբյանը,- հեռուստատեսությամբ տեքստին համապատասխան պետք է կադր լինի: Եթե մեղադրական եզրակացության մեջ ասվում է. «Աշոտ Հարությունյանը ծեծի է ենթարկել…»… դա մեղադրական եզրակացության մեջ ա, ըստ ձեզ ի՞նչ կադր կարող էր լինե՞լ»:

Ահա Աշոտ Հարությունյանի հայցով դատավարության այս հատվածի բառացի շարադրությունը.

Սեդա Սաֆարյան. «Իսկ առաջին ատյանի դատարանի վճռում կա՞ր, որ Աշոտ Հարությունյանը ծեծել է, ինչպես Դուք եք ասում»:

Արթուր Հակոբյան.  «Մեղադրական եզրակացության մեջ»:

Սեդա Սաֆարյան.  «Ի՞նչ կար մեղադրական եզրակացության մեջ»:

Արթուր Հակոբյան.  «Կոնկրետ ձեր ասածները, ինչպես Դուք եք ասում»:

Փաստաբանի հարցին, թե քանի դատական նիստ է նկարել «Կենտրոն» հ/ը Ա. Հարությունյանի գործով, պատասխանողը նշեց` 2-3: Իսկ այն հարցին, թե ինչու չի ցուցադրվել Ա. Հարությունյանի նիստի այն դրվագը, որտեղ նա խոսում է ծեծի վերաբերյալ, Արթուր Հակոբյանը պատասխանեց, որ ամեն ինչ չի, որ հաղորդման մեջ ցուցադրվում է:

Դատավոր Արթուր Սմբատյանի հարցմանը, թե արդյո՞ք նյութերն ուղեկցվել են մեկնաբանություններով, Արթուր Հակոբյանը երկու դեպքում էլ ասաց` բացատրվել են: Դատավորին նաև հետաքրքրեց, թե արդյո՞ք որևէ տեղ նշվում է, որ հաղորդման պատվիրատուն ՀՀ գլխավոր դատախազությունն է: Արթուր Հակոբյանն ասաց` վերջում:

Սեդա Սաֆարյանը Գևորգ Հայրապետյանի մասին պատմող հաղորդման նպատակային լինելը հաստատում է նաև այն փաստով, որ Գևորգ Հայրապետյանի գործով դատական ողջ գործընթացը, չնայած վերջինիս առարկությանը, ընթացել է փակ դռների ետևում, վճիռը հրապարակվել է մասամբ: «Ու հանկարծ մեղադրական եզրակացությունն ու վճիռը հայտնվում են «Կենտրոն» հեռուստաընկերության ձեռքում, որը որպես աղբյուր մատնանշում է Գլխավոր դատախազությանը` պատվիրատուն իրենք են, գնացեք իրենցից հարցրեք, թե ինչպես է հայտնվել մեզ մոտ. սա ինչպե՞ս կբացատրեք»:

Փաստաբան Ս. Սաֆարյանն ասում է, որ անարդարացի է այս աստիճան սևացնել նաև Աշոտ Հարությունյանին, «ով պարզապես քավության նոխազ է դարձել»:

Ըստ փաստաբանի` այս հաղորդումը հաստատապես ծառայում է մեկ նպատակի. հասարակության մեջ տպավորություն ձևավորել, որ դրվագում գումարը գաղտնի փոխանցողը հայրենիքի դավաճանության մեջ մեղադրվող մարդն է, իսկ ծեծող ոստիկանը` հենց Աշոտ Հարությունյանը: 

Նիստի ավարտին դատավորը դատաքննության փուլը հայտարարեց ավարտված և նշեց վճիռների հրապարակման օրը` հունիսի 16, ժամը 17:30 և 17:40: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter