HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփանավանում առաջադրված քաղաքապետի թեկնածուները

Սեպտեմբերի 9-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Ստեփանավանում առաջադրվել է քաղաքապետի 3 թեկնածու: «Երկրապահ» կամավորական ընկերության անդամ, ազատամարտիկ և ֆերմեր Վարդան Գրիգորյանը անկուսակցական է և ինքնառաջադրմամբ է դարձել քաղաքապետի թեկնածու:

Թեկնածու Սերգեյ Մարգարյանը Ստեփանավանի «Արգոս» ՍՊԸ-ի սեփականատերն է, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի և Ստեփանավանի ավագանու անդամ: Նրան ԲՀԿ-ն է առաջադրել քաղաքապետի թեկնածու:

Ստեփանավանում հանրային քննարկումների կիզակետում հայտնված քաղաքապետի թեկնածուն 1998-ից սոցիալական ծառայության Ստեփանավանի տարածքային գործակալություն պետ Միքայել Ղարաքեշիշյանն է: Նա Ստեփանավանի գործող քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանի եղբայրն է:

Միքայել Ղարաքեշիշյանը «Հետքին» հայտնեց, որ 1,5 ամիս առաջ է ընդունվել Հանրապետական կուսակցության շարքերը: Նրա տեղեկացմամբ՝ օգոստոսի 29-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը Ստեփանավանում հրավիրել է հիմնարկների ղեկավարների ժողով և հայտարարել, որ Հանրապետական կուսակցությունը սատարում է իրեն:

Ստեփանավանի կենտրոնական փողոցներում «Հետքի» հարցումներից պարզվեց, որ ընտրողներն այստեղ անբարյացակամությամբ են ընդունում քաղաքապետի պաշտոնում Միքայել Ղարաքեշիշյանի՝ եղբորը փոխարինելու ցանկությանը:

«Ոչ մի ղեկավար ժողովրդին բանի տեղ չի դնում, և ամեն ինչ գնում է ժառանգաբար: Տենց էլ պտի գնա, մինչև կյանքի վերջը: Ով ուժեղ ա ու փող ունի, նա էլ կանցնի քաղաքապետ»,- ասաց ստեփանավանցի Վանիչկա Բաշոյանը: «Ինչ դժվար է իմանալ՝ ով է ընտրվելու. պասիրովկեքով գնում է, էլի»,- վրդովմունք հայտնեց մեկ այլ ստեփանավանցի, ով չցանկացավ հայտնել իր անունը:

Ո՞վ է Միքայել Ղարաքեշիշյանը և սոցիալական ծառայության Ստեփանավանի գործակալության պետի իր պաշտոնավարման 14 տարում ինչո՞վ է աչքի ընկել: Այս հարցին ի պատասխան՝ քաղաքապետի թեկնածու Վարդան Գրիրգորյանն ասաց, որ Ստեփանավանում այնպիսի մարդ չկա, որ տեղյակ չլինի, թե ինչ սկզբունքով են նպաստ բաշխում Միքայել Ղարաքեշիշյանի ղեկավարած սոցիալական գործակալության  աշխատակիցները: «Լոռու մարզում, կարելի է ասել նաև ամբողջ Հայաստանում չկա այնպիսի համայնք, որն իր բնակչության այդպիսի նվազ քանակով այդքան շատ նպաստավորում ունենա»,- ասաց Վարդան Գրիգորյանը։

Ըստ վերջինիս՝ Ստեփանավանի սոցիալական ծառայության աշխատակիցները 4 և ավելի երեխաներ ունեցող և 46 000 դրամ նպաստ ստացողների նպաստից պահումներ չեն անում: Նրանք պահումներ են անում այն նպաստառուից, ում կարողանում են համոզել, որ իրեն նպաստ չի հասնում, սակայն նպաստ են տալիս:

«Այս դեպքում 16 հազար դրամ նպաստ ստացող նպաստառուի 6 000 դրամը սոցիալական ծառայության աշխատողները հետ են վերցնում փոստային աշխատողի միջոցով: Պահվող գումարը մատիտով գրվում է նպաստառուի վճարի կողքին: Փոստային աշխատողի կողմից նվազեցված նպաստը վճարելուց հետո մատիտի նշումները ջնջվում են սոցիալական ծառայության հսկիչների կողմից: Փորձաքննության դեպքում այդ ջնջումները արագ կարելի է հայտնաբերել»,- ասում է Վարդան Գրիգորյանը:

Թեկնածուի նախընտրական հանդիպումների ժամանակ ընտրողները հաճախ են բարձրացնում նպաստների բաշխման հարցը: Այդ պատճառով էլ նա պարտավորվել է քաղաքապետ ընտրվելու դեպքում Ստեփանավանի նպաստների բաշխման գործը վերցնել իր հսկողության տակ:

Վարդան Գրիգորյանը նաև տեղեկացրեց, որ Միքայել Ղարաքեշիշյանի շտաբի անդամները ահաբեկելով ընտրողներին ցուցակագրում են, որպեսզի վերջին օրերին, ըստ այդ ցուցակների, սկսեն ընտրակաշառք բաժանել:

Անդրադառնալով մրցակից թեկնածուի մեղադրանքներին՝ Միքայել Ղարաքեշիշյանը ասաց. «Սոցիալական ծառայության Ստեփանավանի գործակալությունում նպաստային բյուջեն կազմում է 1 միլիարդ 100 մլն դրամ: Գործակալությունում 2012թ. գրանցված են 4700 նպաստառուներ»։ ՍԾՏԳ-ի պետը նպաստառուների մեծ թիվը բացատրեց Ստեփանավանում և հարակից համայնքերում գյուղատնտեսության ծանր վիճակով և աշխատատեղերի բացակայությամբ։

Համաձայն Լոռու մարզպետարանի պաշտոնական կայքի՝ Վանաձորի 105 000 և մարզի 21 համայնքի 28,1 հազար  բնակիչ սպասարկող սոցիալական ծառայության Վանաձորի գործակալությունում 2011թ. հաստատագրվել է 5887 նպաստառու ընտանիք։ Նպաստառուների թիվը 44 500 բնակիչ սպասարկող Սպիտակի սոցիալական ծառայության գործակալությունում կազմում է 5037, իսկ 33 455 բնակիչ սպասարկող սոցիալական ծառայության Ստեփանավանի գործակալությունում հաստատագրված նպաստառուների թիվը կազմում է 5828 ընտանիք:

«Եթե իրավապահ մարմինները այսօր էլ լրջորեն ուսումնասիրեն Ստեփանվանի նպաստների բաշխումը, ապա վստահ եմ, որ ծանր հետևություններ կանեն»,- ասում է քաղաքապետի թեկնածու Վարդան Գրիգորյանը։

Միքայել Ղարաքեշիշյանը չհերքեց, որ իր շտաբի անդամները թաղամասերում ցուցակագրում են ընտրողներին: «Մենք ընդամենը բացահայտում ենք՝ ովքեր են ուսանողներ։ Կան քաղաքում գրանցվածներ, սակայն գյուղերում են ապրում: Մենք ընդամենը բացահայտում ենք՝ ով կա, ով չկա»,- ասաց նա։

Քաղաքապետի թեկնածուին հարցրինք նաև թիվ 32 ընտրատարածքում հայտարարագրված իր սեփականության և տարեկան եկամուտների մասին: «Ունեմ 2 գազի լցակայաններ, քարհանք և քարի ցեխ։ Դրանք գրանցված և հայտարարգրված են կնոջս անունով, իմ անունով սեփականություն չունեմ»,- ասաց նա։ Ընտանիքի հայտարարագրված եկամուտների մասին էլ Միքայել Ղարաքեշիշյանը ասաց. «Տենց չեմ կարա ասեմ»։

Իսկ քաղաքապետի թեկնածու Սերգեյ Մարգարյանը մեզ հետ զրույցում ասաց. «Եթե ես այսօր քաղաքապետի թեկնածու եմ առաջադրված կուսակցության կողմից, հետագայում որևէ բան անելու դեպքում իմ կապրիզները ես պետք է առաջ չքաշեմ, այլ կարևորեմ կուսակցության առաջնորդի կողմից ինձ օգնությունը»:

Անդրադառնալով նրան, թե որքան են Ստեփանավանի համայնքային բյուջեի 2012թ. ծրագրված եկամուտները՝ ավագանու անդամ, քաղաքապետի թեկնածու Սերգեյ Մարգարյանն ասաց. «Ես այդ հարցին շատ բարձր որակով կպատասխանեմ, բայց որ ձայնագրվում էլ ա, չգիտեմ»։ Նա նաև հավելեց. «Բայց ես նաև դրա տակ ստորագրել եմ։ Սենց ասեմ, իմ հարաբերությունները Ստեփանավանի քաղաքապետի հետ մինչև 2012թ. մայիսի ԱԺ ընտրությունները եղել են շատ լավ»:

Ստեփանավանի շարքային ընտրողներից փորձեցինք տեղեկանալ իրենց նախընտրելի քաղաքապետի թեկնածուի մասին: Հարցվածներից Սեդա Հարությունյանն ասաց. «Կուզենայի Ստեփանավանի քաղաքապետը գործունյա ու մի քիչ էլ ժողովրդի կողմից լինի»։

Քաղաքի ավտոկանգառներից մեկում ուղիղ 1,5 ժամ Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամաս գնացող ավտոբուսին սպասելուց հոգնած տիկին Էմման էլ ասաց, որ երազում է Ստեփանավանում տեսնել այնպիսի քաղաքապետ, ով արմատապես կլուծի Աշոտաբերդ թաղամաս գնացող ավտոբուսի հարցը: «Պետք ա, ցավդ տանեմ, հոգնել եմ, 75 տարեկան եմ»,- ասաց տարեց ստեփանավանցին։

Առաջին լուսանկարում՝ ԲՀԿ-ից նախընտրական օգնություն հայցող ստեփանավանցիներ

Մեկնաբանություններ (3)

Վաչագան
ժողովուրդ ջան, կոչ եմ անում ճիշտ ընտրություն անել: Վերցրեք ձեզ առաջարկվող ընտրակաշառք կոչված գումարը, քանի որ դրանք ձեզնից շորթված կոպեկներն են, որոնցով հարստացել են որոշ մարդիկ և կատարեք ճիշտ ընտրություն: Ու էդ ժամանակ թող իմանան թե քցելը որն է:
Կարինե
Փաստորեն, հարգելի Արթուր, հանցանքի մասին բարձրաձայնելն ըստ ձեզ քննադատություն, բամբասանք և ամոթ բան է համարվում: Շատ ծիծաղելի է...
Ռուբիկ
Քաղաքականությամբ մինչ այս երբեք չեմ զբաղվել, և չեմ էլ ցանկանում, պարզապես տպագրված հոդվածը հետաքրքրեց: Լավ ծանոթ լինելով Ստեփանավանի առօրյային՝ կցանկանայի ընտրողների ուշադրությունը հրավիրել հոդվածում նշված մի քանի հարցերի վրա: Առաջին - քաղաքացիները հակված են այն տեսակետին, որ ՝ չհասկանալով ապագա 4 տարիների վիճակի մասին: Մի մասն էլ խոստովանում է, որ : Քաղաքացիների զայրույթն է հարուցել այն փաստը, որ դեռ քաղաքապետ չընտրված՝ Միշա Ղարաքեշիշյանը քաղաքի պաշտոնները արդեն բաշխել է իր մերձավորների միջև: Նպաստառուները վախենում են խոսել՝ նշելով, որ>: Պետք է բարձրաձայնել բոլոր խնդիրների մասին, անկախ թեկնածուից, առաջնորդվել սթափ ուղեղով, ընտրել նորմալ մարդու ,ով բարոյապես պատրաստ է ղեկավարելու քաղաքը,հոգալ հոգսերը, մեծի հետ լինել մեծ, փոքրի հետ՝ փոքր, այլ ոչ թե ասել, թե ով շատ փող ունի, կընտրվի: Երկրորդ- ինչ վերաբերում է թեկնածու Վարդան Գրիգորյանի կողմից թեկնածու Միշա Ղարաքեշիշյանին քննադատելուն, ապա ասեմ, որ դա քննադատություն չէ, այլ համարձակություն բարձրաձայնելու կարիքավորների դժգոհությունները: Վարդան Գրիգորյանը ևս աշխատել է պետական համակարգում, և նրա հասցեին երբեք նման բաներ չեն հնչել, նրա նախկին աշխատակիցները նրա մասին մինչև օրս էլ հպարտությամբ են արտահայտվում: Չէ որ ՀՀ Սահմանադրությունը հռչակում է մարդու ընտրելու իրավունքը: Եթե ժողովուրդը ընտրի այս կամ այն թեկնածուին, ապա ինչ կապ ունի, թե ով շատ փող ունի: Թող քաղաքացիները իրենց պրոբլեմներով և քաղաքի ընդհանուր հոգսերով իրենք առաջնորդեն իրենց առաջնորդին, այլ ոչ թե առաջնորդը իր սեփական նկատառումներով և շահերով առաջնորդի ժողովրդին: Հարգելի Լարիսա, սա հնարավորություն է ինձ համար կոչ անելու իմ համաքաղաքացիներին, որ սխալ ընտրություն չանեն: Ինչպես ասել է հույն փիլիսոփաներից մեկը՝ : Մենք արժանի ենք լավին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter