HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Ոճրագործին հանձնելը և ներում շնորհելը կատարվել են կոնվենցիաների խախտումով

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը կարծում է, որ ժամանակն է մտածել Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի միջպետական գանգատ բերելու մասին

- Պրն Ղազարյան, Ռամիլ Սաֆարովի ազատության մեջ գտնվելը հայ դիվանագիտության պարտությունն էր, իսկ իրավաբանության շնորհիվ շրջադարձ  հնարավո՞ր է այս աղմկահարույց պատմության մեջ:

- Ադրբեջանի նախագահը, Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելով, խախտել է և «Դատապարտյալ անձանց փոխանցելու մասին» եվրոպական Կոնվենցիան, և հատկապես կոպիտ կերպով խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Հայաստանը այն Հունգարիայում իրավական գործընթացով կանխելու հնարավորություն չուներ, բայց հիմա իրավական տեսանկյունից շատ ավելի նպաստավոր վիճակում է գտնվում, քան Ադրբեջանը: Այդ ամբողջ գործողությունը կատարվել է մի Կոնվենցիայով, որը կոչվում է «Դատապարտյալ անձանց փոխանցելու մասին» եվրոպական կոնվենցիա»:

Դա Կոնվեցիայի իրավակարգավորում է՝ հումանիտար նպատակներից ելնելով, ըստ որի՝ անձն իր պատիժը կարող է կրել իր հայրենիքում: Պետությունները նախ դատապարտում են անձին, իսկ այնուհետև՝ պատժի մի մասը կրելուց հետո, դրանով առաջնորդվելով հանձնում են. պատժի մնացած մասը շարունակում է կրել ընդունող պետությունում: Ընթացակարգը հետևյալն է. ընդունող պետությունը վարչական կամ դատական վարույթի միջոցով պետք է ճանաչի այդ դատական ակտը և երկրորդ, համապատասխանեցնի պատիժը իր երկրի օրենքներին: Այդ կոնվենցիան Հայաստանն ու Ադրբեջանը վավերացրել են 2001թ., իսկ Հունգարիան` 1987թ.:

Այս Կոնվենցիան կարգավորում է միայն պատժի կատարումը: Ամենախնդրահարույցը 9-րդ հոդվածի 3-րդ մասն է, որին հղում անելով՝ Ադրբեջանն ասում է, որ ընդունող պետությունն իրավունք ունի պատժի կատարման վարույթը իրականացնել իր երկրի օրենքով սահմանված կարգով, ինքնուրույն կերպով: Այսինքն՝ նա պետք է իրավունք ունենա պատժի կատարման վարույթում ինքնուրույն որոշելու, թե ինչ պատժատեսակ պետք է կիրառվի: Կարող է ներում կիրառել, համաներում և այլն: Այսինքն՝ այս կոնվենցիան հնարավորություն է տալիս պետությանը իր հայեցողությամբ որոշելու, թե ինչ պատժամիջոց կիրառի: Կոնվենցիայի 11-րդ հոդվածը նաև ասում է, որ եթե պատժի նվազեցման խնդիր է առաջանում պատժի կատարման վարույթ իրականացնելիս, ընդունող պետությունը չպետք է հաշվի առնի անձի կրած պատիժը: Ադրբեջանը իր հայցողությամբ որոշել է, որ պետք է ներում կիրառի, և թվում է, թե խախտում չկա, բայց...

Միջազգային պայմանագրերի մասին Վիեննեայի կոնվենցիան ասում է, որ ցանկացած միջազգային պայմանագիր պետք է մեկնաբանվի իր կոնտեքստում, այսինքն՝ յուրաքանչյուր փաստ պետք է մեկնաբանվի՝ այդ կոնվենցիայի նպատակներից ելնելով, իսկ կոնվենցիայի նպատակն այն չէ, որ անձը մի պետությունից փոխանցվի մյուս պետությանը, որպեսզի պատժի կրումից ազատվի: Նպատակն այն է, որ հումանիզմի դիրքերից ելնելով՝ ապահովի, որ անձը պատժի մնացած մասը կրի իր պետությունում: Հուգարիան և Ադրբեջանը սրանով պետք է ուղղորդվեին և ոչ թե օրենքի տառի տակ դավադրություն կազմակերպեին և պատժի հետագա մասը Ադրբեջանում կրելու անվան տակ անձին ազատ արձակեին:

- Ակնհայտ է, որ ձեր նշած դավադրությանը մասնակից է նաև Հունգարիայի կառավարությունը, չնայած փորձում է ցույց տալ, որ իր  համար անակնկալ էր Ադրբեջանի նախագահի ներման որոշումը: Ձեր կարծիքով, այդ գործընթացում Հունգարիան պահպանե՞լ է Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները:

- Հունգարիայի արտգործնախարարի տեղակալի երեկվա հրապարակած նամակից պարզ է դառնում, որ սրան նախորդել է մեկ այլ նամակ, որով իբրև թե ադրբեջանական կողմը երաշխիք տվել է, և այս նամակից ենթադրվում է, որ, ըստ երևույթին, Հունգարիան ինչ-որ հարց է տվել, որին Ադրբեջանի իշխանությունը պատասխանել է. «Ի պատասխան ձեր հարցմանը՝ Ռամիլ Սաֆարովի առնչությամբ, որն իր պատիժն է կրում Հունգարիայում, տեղեկացնում ենք, որ արտասահմանյան այլ պետության դատական որոշումների կատարումը՝ կապված դատապարտված անձանց փոխանցման հետ, որպեսզի պատժի մնացած մասը կրի այլ պետությունում, Ադրբեջանի Հանրապետությունում կարգավորվում է «Դատապարտյալ անձանց փոխանցելու մասին» կոնվենցիայի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով»: Այստեղ նշում է, որ ընդունող պետությունն իրավունք ունի այլ պետության դատական ակտը իր պետության ներսում կատարել վարչական վարույթի միջոցով, հետևաբար կարիք չկա այն իրականացնելու դատական վարույթի եղանակով:

Հավանաբար, հունգարական կողմից հարց է եղել` եթե մենք Սաֆարովին հանձնենք, դուք պատժի մնացած մասը որոշելու կամ համապատասխանեցնելու հարցը վարչակա՞ն, թե՞ դատական վարույթի միջոցով եք վավերացնելու, որովհետև այս երկու հնարավորությունն էլ Կոնվեցիան տալիս է: Ադրբեջանը պատասխանում է. «Մենք կիրառելու ենք վարչական կամ դատական վարույթ, նաև հավաստիացնում ենք ձեզ, որ համաձայն Ադրբեջանի քր.օր.-ի 57 հոդվածի 3 կետի՝ Ադրբեջանի Հանրապետությունում ցմահ դատապարտված անձի պատժաչափը կարող է փոխարինվել դատարանի միջոցով կոնկրետ ժամկետով ազատազրկման: Նա պայմանական վաղակետ կարող է ազատ արձակվել միայն այն բանից հետո, երբ 25 տարի կրել է պատիժը»: Ինչպես տեսնում եք, սա երաշիք չէ, որ Սաֆարովը շարունակելու էր կրել պատիժը:

Նրանք ընդամենը դիվանագիտորեն նամակին պատասխանում են, որ երկու կառուցակարգ կա, մեկը Կոնվեցիան է, մյուսը՝ իրենց Քրեական օրենսգիրքը, որը թույլ չի տալիս նրան ազատ արձակել, մինչև 25 տարի պատիժը կրած չլինի: Երկրորդը՝ եթե մենք որոշենք, թե նա ինչպես պետք է կրի պատժի հետագա մասը, դա պետք է  վարչական կամ դատական վարույթով իրականացնենք:

Ինչևէ, լավ կլինի, որ Հունգարիան գաղտնազերծի այս նամակին նախորդող նամակը, որպեսզի ամեն ինչ ավելի պարզ ու հստակ լինի: Հունգարիան, եթե չկարողանա հիմնավորել, որ Ադրբեջանից հստակ երաշիքներ խնդրել է, ապա Եվրոպական դատարանը կարող է եզրահանգել, որ հանձնող պետությունն ընդունող պետությունից բավարար երաշխիքներ չէր պահանջել մինչև հանձնելը, ինչպես եղել է այլ դեպքերում: Երաշխիքները պետք է լինեն հստակ:

- Որո՞նք են լինելու Հայաստանի պետության հակակշիռները դատական գործընթաց նախաձեռնելիս:

- Հայաստանը կարող է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Կոնվենցիայի 2-րդ հոդվածի հիմքով՝ այն, որ խախտվել է դատական բաղադրիչը, խախտվել է օրինականության սկզբունքը, որ ներման որոշում կիրառելով՝ խախտվել են «Դատապարտյալ անձանց փոխանցելու մասին» եվրոպական կոնվենցիայի 9-րդ և 11-րդ հոդվածները և իհարկե Կոնվենցիայի առարկան ու նպատակը, որով պետք է ապահովվի պատժի կրումը: Պետք է հիմնավորվի, որ Ադրբեջանը՝ որպես ընդունող պետություն, կամ Հունգարիան՝ որպես հանձնող պետություն, ի սկզբանե նպատակ են ունեցել, որ այս անձը պատժի կրումից խուսափի, և դա արել են Կոնվենցիան կիրառելու անվան տակ:

Փաստական տվյալները հետևյալն են. Ադրբեջանը, եթե իմիտացիա պետք է աներ, արել է շատ անփույթ: Այլ է, եթե Սաֆարովը հասներ Ադրբեջան, առժամանակ հետո ներման խնդրագիր ներկայացներ, որի հիման վրա վարչական կամ դատական վարույթ իրականացվեր, քննության առնվեր հարցը և այլն: Սակայն այս դեպքում այն տեղի չի ունեցել, նրա հետևից հատուկ օդանավ են ուղարկել, և հենց  հասել է երկիր, արդեն հայտարարվել է, որ ներում է շնորհվել: Այս փաստական տվյալներով կարող ենք ասել, որ ընդունող պետությունը նպատակ է ունեցել նրան ազատ արձակելու, որն արգելվում է Կոնվենցիայով: Կոնվենցիան դրա մասին չէ, սա պատժի մնացածը մասը իր երկրում կրելու մասին է:

- Ասացիք, որ իրավական առումով Հայաստանն ավելի շահեկան վիճակում է: Օրինականությունը վերականգնելու ի՞նչ հնարավոր ուղիներ եք տեսնում:

- Տուժածի՝ Գուրգեն Մարգարյանի ծնողները պետք է դիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ հիմնավորելով, որ Ադրբեջանը չի կատարում Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով ստանձնած պարտավորությունը՝ կյանքի իրավունք, որը շատ հզոր, ուժեղ հիմք է: Նախադեպային իրավունքն ասում է, որ պետությունները պարտավորվում են որոշ հանցագործությունների հիմքով համարժեք, համաչափ պատիժ կիրառել. եթե չեն ապահովում, նշանակում է խախտում են այդ հոդվածները: Խոշտանգման գործերով պատժի կատարման հարցերում այնպիսի միջոցներ, ինչպիսիք են պայմանական վաղակետ ազատումը, փորձաշրջանը, չպետք է կիրառվեն. եթե կիրառվում են, նշանակում է՝ նա պարտակում է հանցագործությունը: Նա, ով խոշտանգում է մեկ այլ անձի, հանրային խարանի դրոշմը պետք է կրի: Եթե սա ասվում է խոշտանգման դեպքերով, նույնը կարելի ասել կյանքի իրավունքի գործերով: Պետությունը եթե դատապարտում է որևէ անձի, պետք է համաչափ պատժի կիրառումը ապահովի. եթե չի ապահովում, նշանակում է՝ չի կատարում իր պոզիտիվ պարտավորությունը, և այս առումով պետք է բողոք ներկայացնել ընդդեմ Հունգարիայի:

Սրանով Հայաստանը չպետք է բավարարվի: Ժամանակն է մտածել միջպետական գանգատ բերելու մասին՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի այն մասով, որ այս երկիրը խախտում է Կոնվենցիան, իրականացնում է քսենոֆոբիա: Եվրոպայի խորհրդում գործող ռասիզմի և անհանդուրժողականության հարցերով հանձնաժողովը, որը պարբերաբար զեկույցներ է հրապարակում պետությունների մասին, 2011թ. մայիսին Ադրբեջանի վերաբերյալ զեկույց է հրապարակել: Հանձնաժողովը խիստ քննադատության է ենթարկել Ադրբեջանի իշխանություններին, որ քայլեր չեն ձեռնարկում հայատյացությունը երկրում վերացնելու համար, բայց այնտեղ խոսք չկա, որ կառավարությունն է այդ քաղաքականությունը վարում: Այս մեկը փաստերի փաստն է. պետության առաջին դեմքն է ներում շնորհել ազգային պատկանելության համար ոճրագործություն կատարած անձին և որոշումը կայացրել է ոչ թե փաստերի հիման վրա, այլ միանձնյա: Ոճրագործը դեռ օդի մեջ էր, նա արդեն ներում է շնորհել, այսինքն՝ մյուս Կոնվենցիան կիրառել է քողարկված կերպով, այլ նպատակ հետապնդելով: Մենք հիմա պետք է առաջադեմ մարդկությանը ցույց տանք, որ հայատյացությունը Ադրբեջանում պետական կառավարման եղանակ է:

- Միջազգային հանրությունը կարծես այնքան էլ տարակուսած չէ կատարվածից: Չնայած խոսքը համամարդկային արժեքները ոտնահարելու մասին է, բայց տպավորություն է ստեղծվում, որ կատարվածը երկու հակամարտող պետությունների միջև հերթական «փոխհրաձգությունն» է:

- Սպիտակ տունն իր մտահոգությունն է հայտնել կատարվածի վերաբերյալ և բացատրություն է պահանջել Ադրբեջանից: Ամերիկային բացատրում են, որ Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 82 հոդվածի 2-րդ կետով ցմահ դատապարտվածի պատժի չափը կարող է կոնկրետ ժամկետի փոխարինվել, կամ նա կարող է պայմանական ազատվել, միայն եթե 25 տարի ազատազրկված է եղել: Երկրորդ, նշում են, որ Հունգարիայում նա 8,5 տարի կրել է պատիժը, և դրա հիման վրա արդեն հնարավորություն են ստացել ազգային մակարդակում փոփոխել նրա պատժաչափը: Բայց Եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածի 1-ին կետում ասվում է, որ ընդունող պետությունը պատժաչափը որոշելիս պետք է հանի այն ազատազկման ժամկետը, որ նա կրել է այլ պետությունում: Այսինքն՝ Ադրբեջանը չի կարող հիմնվել այն տարիների վրա, որ Սաֆարովը կրել է Հունգարիայում: Հունգարիայի կառավարությանն իրենց նամակում մեկ հիմք են տալիս, Սպիտակ տանը բոլորովին այլ հիմք են տալիս, ընդ որում երկու հիմքերն էլ վերաբերելի չեն:

Եվրոպական խորհուրդը զարմանալիորեն լռում է այս դեպքի կապակցությամբ: Եվրախորհրդի անդամ երկրներում երբ մի արտառոց դեպք է կատարվում, այս կառույցն իր քաղաքական գնահատականը չի ուշացնում, իսկ այսպիսի արտառոց դեպք չեմ հիշում պատմության մեջ: Այս խայտառակության վերաբերյալ, որն ամբողջությամբ մերժում է Եվրախորհրդի ժառանգությունը, ոչ մի հայտարարություն չկա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter