HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Տալվորիկում կարոտ են ամեն ինչի. համայնքապետի տեղակալն իր ավտոմեքենան ավտոբուսի փոխարեն է օգտագործում

Արմավիրի մարզի Տալվորիկ համայնքը ոչ սահմանամերձ գյուղ է, ոչ էլ հեռավոր. մարզկենտրոն Արմավիրից ընդամենը 22 կմ է հեռու, սակայն իր կոմունալ հարմարություններով, մարդկանց սոցիալական վիճակով այնքան հեռու է նվազագույն պայմաններից, որ նույնիսկ սահմանամերձ գյուղերից շատերը նախանձելի վիճակում են:

Տալվորիկում ոչ մշակույթի տուն կա, ոչ մանկապարտեզ, ոչ էլ նորմալ դպրոց: Նախկին ծննդատան շենքը այսօրվա դպրոցի շենքն է: Այն գտնվում է փոսի մեջ, եւ անձրեւաջրերը լցվում են նկուղային հարկ` թուլացնելով առանց այդ էլ խարխուլ պատերը: Դպրոցը 8-ամյա է, ուր սովորում է մոտ 20 աշակերտ:

8-րդ դասարանն ավարտելուց հետո երեխաները կրթությունը շարունակելու նպատակով հաճախում են կամ հարեւան գյուղերի դպրոցներ, կամ էլ` Արմավիր քաղաք, ինչը մեծ գլխացավանք է թե աշակերտների, թե նրանց ծնողների համար: Բանն այն է, որ Տալվորիկ համայնքը երթուղային տրանսպորտ չունի: Եթե երեւանցիները դժգոհում են միկրոավտոբուսների անհարմարություններից, ապա այս գյուղում «Գազելն» արդեն  ճոխություն է համարվում: Գյուղացիները փաստացի զրկված են ազատ տեղաշարժվելու հնարավորությունից: Պատճառն այն է, որ գյուղի ճանապարհները քանդված են եւ հողածածկ, իսկ գծատերերը չեն համաձայնում այդ պայմաններում ավտոբուս կամ միկրոավտոբուս շահագործել:

Տալվորիկում չեն հիշում, թե իրենց համայնքում վերջին անգամ երբ է նորմալ ասֆալտ եղել, կամ արդյոք եղել է: Համայնքապետարանի ուժերով շատ թե քիչ ճանապարհների փոսերը հարթեցվել են, սակայն դրանով խնդիրը չի լուծվել: «Մարզպետարան դիմել ենք, որտեղ ասես դիմել ենք, բայց հարցը չի լուծվում, ասում են ճանապարհները վատ ա, տրանսպորտ չի լինի: Դաշտամիջյան ճանապարհներն ինչքան կարողացանք վերանորոգեցինք, բայց դրանով հարցը չի լուծվում, լուրջ ներդրումներ են պետք, ինչի հնարավորությունը չունենք»,-«Հետքի» հետ զրույցում ասում է Տալվորիկի համայնքապետի տեղակալ Իսրայել Թամոյանը:

Համայնքապետի տեղակալը պատմեց, որ իր հնամաշ փոքր ավտոմեքենան ավտոբուսի փոխարեն ծառայում է գյուղացիներին: Ամեն առավոտ նա է հարեւան գյուղերում սովորող աշակերտներին տանում դպրոց, իսկ կեսօրին հետ բերում: Ճիշտ է, մեկ ավտոմեքենայի մեջ իրար գիրկ նստելով տեղավորվում է 5-6 երեխա, իսկ իջնելուց մեկի ոտքն է ցավում, քանի որ աշակերտներից մեկն իր գիրկն է նստում, մյուսի՝ ձեռքը, բայց դրանից երեխաները չեն դժգոհում, հակառակ դեպքում ստիպված են 8-10 կմ ոտքով քայլել:

Երիտասարդները գյուղում զբաղմունք չունեն: Դժվարանում են նույնիսկ գնալ քաղաքում աշխատելու, պատճառը դարձյալ տրանսպորտի բացակայությունն է:

Տալվորիկը ոչ միայն ավտոբուսի է կարոտ, այլեւ խմելու նորմալ ջրի: Իսրայել Թամոյանի ասելով` գյուղը խմելաջուր ստանում է արտեզյան հորերից: Ըստ նրա` ջրի որակը վատ է, քանի որ աղը շատ է ջրում: Ով հնարավորություն ունի, ջուրը գնում է Թալինից ցիստեռներով բերվող բեռնատարներից` դույլը 100 դրամով, իսկ գումար չունեցողները շարունակում են խմել վատ որակի ջուրն ու բողոքել փորացավից:

Ինչպես ասում են, Տալվորիկում խնդիրների մի ամբողջ շղթա է: Պարզվում է՝ առողջական խնդիրներ ունեցողները ժամանակին չեն էլ կարող բժիշկի դիմել: Մի քանի գյուղերին սպասարկում է ընդամենը մեկ բժիշկ, որը նստում է Հուշակերտ համայնքում: Բժիշկը Տալվորիկ գալիս է ամիսը 1-2 անգամ, սակայն շատ է պատահել, որ հիվանդներն այցելել են Հուշակերտի բուժկետ ու պարզվել է, որ իրենց սպասարկող բժիշկն այլ գյուղերում է, կամ վերապատրաստման դասընթացների է մեկնել:

Տալվորիկի բնակիչներին սպասարկող բուժքույրը նույնպես այլ գյուղից է: Նա ապրում է Արտամետ գյուղում եւ դարձյալ սպասարկում է մի քանի գյուղերի: Բուժքրոջ մոտ հասնելու համար տալվորիկցիները դարձյալ բախվում են տրանսպորտի բացակայության խնդրին: Կամ համայնքապետի տեղակալին են խնդրում, որ գնա հարեւան գյուղից բուժքրոջը բերի, քանի որ վերջինս ավտոմեքենա չունի, կամ էլ հիվանդին են տանջելով հասցնում Արտամետ:

Իսրայել Թամոյանն ասում է, որ գյուղի բյուջեն մոտ 15 մլն դրամ է կազմում, 3.5 մլն էր դոտացիան էր, սակայն այս տարի կառավարությունը դոտացիան կրճատել է՝ թողնելով 1 մլն դրամ: Դոտացիայի կրճատումը պայմանավորված է բնակչության թվաքանակի ցածր ցուցանիշով:

Համայնքապետարանի պատին գնացուցակ է փակցված այն մասին, որ վճարովի հիմունքներով պատճենահանման աշխատանքներ են կատարվում: Մեր այցելության պահին «քսերոքսի ապարատը» փչացել էր, սակայն Իսրայել Թամոյանն ասաց, որ համայնքապետարանում պատճենահանման աշխատանքներ կատարելը ավելի շատ գյուղացիներին օգնելու համար է, իսկ աշխատանքների համար սահմանված վճարն ընդամենը ներկի գումարն է:

Թե Տալվորիկում խնդիրները երբ կլուծվեն, տեղական իշխանությունները դժվարանում են ասել, իսկ հասարակ գյուղացիների հույսը ընտրություններն են, որ այդ օրերին թեկնածուները թեկուզ «աչք կապելու» համար որոշ աշխատանքներ կկատարեն:

Հ.Գ. Տալվորիկում մեծահարուստների խոշոր հողերի ու գյուղի նկատմամբ նրանց վերաբերմունքի մասին կանդրադառնանք առաջիկայում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter