Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Լուսանկարչուհին, ում հետ շփվում ես առանց խոսքերի



Սիլվա Բինգազի դեմքի արտահայտությունը միանգամից փոխվում է` ֆոտոխցիկը ձեռքը վերցնելուն պես։ Հանգիստ, մի փոքր էլ անտարբեր թվացող կնոջ աչքերում միանգամից կիրք եւ մեծ հետաքրքրություն է հայտնվում այդ պահին իրեն շրջապատող յուրաքանչյուր օբյեկտի հանդեպ։ 

Ստամբուլում ճանաչված լուսանկարչուհին ծնվել է Թուրքիայի Մալաթիա շրջանի հայկական ընտանիքում։ Սիլվայի հետ այս մասին խոսելիս հասկանում ես, որ նա երբեք էլ կարեւորություն չի տալիս ազգություններին, ավելին՝ ձանձրանում է հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսակցություններից։ 

- Ես կառուցում եմ իմ ներքին աշխարհը` որ երկրում էլ լինեմ։ Իմ գործերը տեղի ու ժամանակի ազդեցությունն են․ սիրում եմ մարդկանց պատկերել՝ տվյալ վայրի ու ժամանակի հետ համադրելով։ Եւ հենց սա է պատճառը, որ քաղաքն ինձ շատ է գրավում․ յուրաքանչյուր քաղաք ունի իր յուրահատուկ միստիկան, շունչն ու ոգին, որով էլ ոգեշնչում է ստեղծագործողին։

Ինչպե՞ս ես ընտրում հերոսներիդ։ 

Ինձ համար լուսանկարելուց առավել կարեւոր են մարդկային շփումները։ Երբ Ճապոնիայում լուսանկարների շարք էի անում, ինձ հետ վերցրել էի մի խտասկավառակ, որտեղ ներառել էի արդեն արված լուսանկարները։ Ծանոթանում էի մարդկանց հետ, այդ սկավառակը տալիս ու ասում՝ ես լուսանկարիչ եմ եւ կուզենայի ձեզ նկարել։ Հենց այդ պահն է կարեւոր, երբ մարդու հետ որոշակի շփման արդյունքում լուսանկար է ստեղծվում։ Իրականում խոսելն այդքան կարեւոր չէ, որքան շփումը․ շփում հայացքի ու ժեստերի միջոցով։ Ես մշտապես փնտրում եմ մարդկային բնության հիմնական հատկանիշներն ու պատկերում դրանք իմ լուսանկարներում․ որեւէ հատուկ կամ արտասովոր բան չկա իրականում, քանի որ մենք բոլորս նման ենք իրար։ Իմ նկարների հերոսները միայն մարդիկ չեն, ամեն ինչ կարող է դառնալ ստեղծագործելու առիթ՝ ձկները, ծառերը, ժայռերը եւ այլն։  Ինձ ուղղակի անհրաժեշտ է շրջապատող աշխարհ, որում կտեսնեմ իմ ներքին արտացոլանքը։ Ինձ հետաքրքիր է պահը լուսանկարչության մեջ։ 

Կարելի՞ է ասել, որ փնտրում ես նաեւ ինչ-որ մարդկային բնավորություններ։ 

Չէ, հատուկ ոչինչ չեմ փնտրում, քանի որ լուսանկարն իմ ստեղծագործությունն է, այնտեղի իրականությունը եւս իմ իրականությունն է, միգուցե կապ չունի էլ հերոսի հետ։ Իհարկե, մարդիկ ու քաղաքները կարող են օգնել քեզ, բայց միայն քո իրականությունն առավել ուժեղ զգալու համար։ Մարդիկ շատ նման են իրար, միայն իրադրություններն են տարբեր։ 

Դա՞ է պատճառը, որ սիրում ես մերկացնել հերոսներիդ։ 

Հա, ես սիրում եմ մի քիչ մերկացնել հերոսներիս, դա պարզություն է հաղորդում իրավիճակին։ Ոչ ամբողջովին, բայց մարմնի որոշ հատվածները լավ է, երբ մերկ են լինում։ 

Դու ճանաչված ես նաեւ որպես լավագույն ատամնաբույժերից մեկը կա՞ կապ լուսանկարչության եւ ատամնաբուժության միջեւ։

Լինել բժիշկ, լուսանկարիչ, թե ատամնաբույժ, նույն բանն է։ Դու շփվում ես մարդկանց հետ որպես ատամնաբույժ կամ որպես լուսանկարիչ, կրկին, կարեւորն այդ շփումն է։ Ինձ համար առաջնային է մարդկանց ըմբռնելը՝ թե´ որպես ատամնաբույժ, թե´ որպես լուսանկարիչ։ Բայց պիտի նշեմ, որ հիմա թողել եմ ատամնաբուժությունը եւ ամբողջովին պատրաստվում եմ լուսանկարչությամբ զբաղվել։ Եթե երկու Սիլվա լիներ, ինչը կերազեի, մեկը կզբաղվեր  ատամնաբուժությամբ, մյուսը՝ լուսանկարչությամբ. երկուսը համատեղելու ժամանակ չեմ ունենում ուղղակի։ 

Ուզում եմ՝ մի քիչ կիսվես, թե քո նոր լուսանկարներում ինչ թեմատիկա ենք տեսնելու։ 

Իմ ոգեշնչման աղբյուրն այժմ Ստամբուլն է, որտեղ ապրում եմ։ Իհարկե, նախկինում նույնպես լուսանկարում էի քաղաքը, բայց այժմ ուզում եմ լուսանկարել քաղաքից։ Երբ քաղաքը քոնն է, նկատում ես այնտեղ ամեն ինչ, որքան էլ այն մեծ լինի։ Հիմա որոշել եմ շրջել Ստամբուլով ու նկատել այն։ Գիտեմ՝ դա կրկին լինելու է ինքնակրկնողություն, որովհետեւ ես սովորաբար կրկնում եմ ինքս ինձ։ 

Չե՞ս կարծում, որ ամեն ինչի հիմքում էլ կրկնողությունն է։ 

Հա, մենք փորձում ենք կրկնել ինքներս մեզ՝ յուրօրինակություն փնտրելով հենց այդ կրկնության մեջ։ Բայց մենք բախտավոր ենք, քանի որ միակը չենք, որ այդպիսինն ենք։

Ինչպե՞ս ես զգում քո հայ լինելը Թուրքիայում։ 

Ես ուրախ եմ, որ այն մարդկանցից եմ ծնվել, ովքեր փոքրամասնություն են Թուրքիայում․ դա ինձ ուժեղացնում է։

Եղե՞լ ես Հայաստանում։ 

Այո, հորս եմ ուղեկցել։ Նա միշտ երազում էր Հայաստան գնալ եւ քանի որ արդեն բավականին մեծ էր տարիքով, մտածեցի, որ պետք է շտապել, քանի որ տարեց մարդկանց ժամանակն ավելի արագ է անցնում։ 2005-ին միասին մեկնեցինք Հայաստան։ 

ՀԳ Սիլվայի հետ մեկ օր անցկացրի, ծանոթացա նրա քաղաքին, իսկ վերադարձիս` մի տեսակ կարոտած մնացի Սիլվայի Ստամբուլին:


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ