HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Ցմահ դատապարտյալները նորից հացադուլ են անում

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ցմահ դատապարտյալներ Արման Իսկանդարյանը եւ Հարություն Խաչատրյանն արդեն հինգերորդ օրն է` հացադուլի մեջ են: Ավելին` վերջինս նույնիս առաջին երկու օրերին կարել էր բերանը` ընգծելով «ձայնազուրկ» լինելու իր կարգավիճակը:

«Տո մենակ ձայնազուրկ չենք, ամեն ինչից էլ զրկված ենք. լրիվ անուշադրության ենք մատնված»,- ասում է Հարություն Խաչատրյանը: Նրա խոսքերով` տարիներ շարունակ բազմաթիվ դիմում-բողոքներ է գրել երկրի ղեկավարներին ու տարբեր գերատեսչություններին, սակայն քրեակատարողական հիմնարկում դրանք վերցնում, բայց հասցեատերերին չեն ուղարկում:

«Հինգ տարի է` ստեղ եմ: Ոստիկանները ծեծի ու շանտաժի, առանց փաստաբան ունենալու եւ բացատրություն տալու թույլտվության ստիպել են մի սպանություն վերցնել ինձ վրա, որից ընդհանրապես տեղյակ չեմ եղել: Ինչ հոդված մտքներով անցնում էր, դրեցին վրես ու դատեցին: Դիմեցի Վերաքննիչ, բայց դատարանում ինձ պատվերով մեղադրող նույն դատախազը` Կորյուն Փիլոյանը, կանվոյներին հրամայեց, ու քացիներով, ավտոմատի պոչերով, էլեկտաշոկով ինձ ծեծեցին. հիմա բերանումս ատամ չկա, վերեւի ատամնաշարս սաղ թափել են: Ունեմ ուժեղ գլխացավեր, ականջներիս խշշոցը չի կտրվում: Ստիպված դիմում գրեցի ու հրաժարվեցի վերաքննիչ բողոքից, որովհետեւ ասացին` ծեծելով կսպանենք:

Ինձ այդ վիճակում` ծեծված ու շորերս պատռված, բերեցին «Նուբարաշենի» գաղութ, բայց ստեղ էդ վիճակիս մասին ոչ մի արձանագրություն չկազմեցին: Բազմիցս դիմումներ եմ գրել բարձրաստիճան պաշտոնյաներին, բայց դրանք չէին ուղարկում: 2005 թ. արդեն ստեղի աշխատակիցները սկսեցին ինձ ծեծել` անընդհատ բողոքներ գրելու պատճառով: Ասում էին` ձենդ կտրի, սուսուփուս տեղդ նստի:

Ստիպված 16 անգամ կարել եմ բերանս ու աչքերս: Կռուշկի պոչ եմ կուլ տվել, բայց ոչ բժիշկ եկավ, ոչ էլ ինձ տարան բժշկի մոտ. մինչեւ հիմա չգիտեմ` էդ պոչը օրգանիզմո՞ւմս է, թե՞ ոչ: Ճնշումների պատճառով 4-5 անգամ բուկս, թեւերս, փորս փրթել եմ: Մի 20 անգամ հացադուլ եմ արել. ինձ թողում էին նույն խցում, որտեղ մարդիկ աչքիս առաջ հաց էին ուտում. անցյալ տարի 10 օր ինձ այդ վիճակում են պահել»,- պատմում է Հարություն Խաչատրյանը:

Նա նշում է, որ հիմա էլ, թեեւ ծեծ ու ջարդ չկա, սակայն քրեակատարողական հիմնարկում իր նկատմամբ շարունակում են կիրառել հոգեբանական ճնշումներ. «Դիմումներ եմ գրում, բայց նորից կտրոնները ցույց չեն տալիս, որպեսզի համոզվեմ, որ դրանք ուղարկում են: Վերջին անգամ մարտի 24-ին նախագահին դիմում գրեցի, էլի չուղարկեցին: Շմոնչիները եկան շորերս թափեցին գետնին ու սկսեցին ոտքերով տրորել:Ասում եմ` խուզարկություն եք անում, մարդավարի վարվեք: Բա` քեզի ըտենց ա հասնում:

Ստիպված մարտի 31-ին հացադուլ հայտարարեցի ու բերանս կարեցի: Երկու օր հետո ասացին` դիմումդ ուղարկել ենք, ու կտրոնը ցույց տվեցին: Բերանիս կարերը քանդեցի, բայց հացադուլից դուրս չեմ գալու, մինչեւ լրագրողները, համապատասխան կառույցների աշխատողները չգան մեզ այցելության ու տեսնեն, թե ոնց են մեզ ճնշում. պատմելու շատ բաներ կան»,- ասում է Հարություն Խաչատրյանը:

Հացադուլ հայտարարած մյուս ցմահ դատապարտյալը` Արմեն Իսկանդարյանը, պահանջում է, որպեսզի իրեն տեղափոխեն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:

«Ծառայել եմ Լեռնային Ղարաբաղում 94-96 թթ.: Ադրբեջանցիների հետ փոխհրաձգության ժամանակ 96-ի դեկտեմբերին վիրավորվեցի. երկրորդ կարգի հաշմանդամ եմ: Գրանատամյոտը կպել էր ձախ ոտքիս եւ ծնկից ներքեւ կտրեցին:

Արդեն 8-րդ տարին է` սպանության համար գտնվում եմ «Նուբարաշենի» գաղություն: 2004 թ. ոտքիս կտրած հատվածը ուռել, բորբոքվել էր: Մի քանի անգամ դիմեցի, ստեղ սիստեմաներ միացրին, բայց օգուտ չտվեց: Ստիպված տեղափոխեցին «Դատապարտյալների հիվանդանոց», ու մի 3 սմ վերեւից ոտքս նորից կտրեցին: Էդ ժամանակ քրեակատարողականների վարչության պետը Սամվել Հովհաննիսյանն էր: Եկավ ինձ տեսավ ու ասեց, որ ինձ «Նուբարաշեն» կտեղափոխեն նոր պրոտեզ պատրաստելուց հետո: Բայց դեռ ոտքիս վերքերը չլավացած` տեղափոխեցին:

Պրոտեզավորողը նոր պրոտեզը սարքել է բերդային պամաններում, դրա համար էլ, հենց նրա ասելով, նորմալ, ճշգրիտ չի ստացվել: Պրոտեզը ոտքիս հարմար չէ. օրական մի քանի անգամ հանել-հագնելով` մի կերպ տեղաշարժվում եմ:

Դիմում եմ, որպեսզի տանեն հիվանդանոց, չեն տանում, ասում են` պրոտեզը մի 20 օր մի հագի, վերքերը կլավանան: Իսկ ձեռնափայտով խցում շարժվել ուղղակի հնարավոր չէ. մնում եմ մյուս դատապարտյալների հույսին: Բայց ինչքա՞ն կարելի է նման ձեւով` ուրիշներին նեղություն տալով ապրել:

Անցյալ տարի ստիպված հացադուլ արեցի: Պետք է տեղափոխեին հիվանդանոց, բայց նորից չտարան: Պատճառ են բռնում, թե իբր դիտավորյալ եմ ոտքս էդ վճակին հասցնում: Եկեք բախտակիցներիս հարցրեք. ես հո հիվա՞նդ չեմ, որ ինձ դիտավորյալ տանջեմ:

Ներկա դրությամբ ոտքս նորից ահավոր` ուռած, վերքոտված վիճակում է, ինչի համար էլ հացադուլի մեջ եմ: Դրա օգուտն էլ էն ա, որ ավելի քիչ եմ տեղաշարժվում. արդեն զուգարան գնալու կարիք էլ չկա:

Պրոտեզավորողներն ասում են, որ մինչեւ ոտքս լիովին չբուժվի, պրոտեզ հագնել չեմ կարող: Ընդամենն ուզում եմ տեղափոխվել հիվանդանոց, ոտքս նորմալ բուժեն, հիվանդանոցային` մի քիչ ավելի ազատ պայմաններում պրոտեզը ոտքիս հարմարեցնեն ու հետ բերեն գաղութ: Էնքան են անելու, որ վերջը տանելու են հիվանդանոց, բայց արդեն ուշ ա լինելու. ստիպված ոտքս նորից ավելի վերեւից կտրելու են»,- ասում է Արման Իսկանդարյանը:

Վերջինիս կինը` Էմմա Մկրտչյանը, նշում է, որ տարիներ շարունակ նույն խնդրով ինքն էլ է դիմումներ գրել նախագահին, վարչապետին, պաշտպանության, առողջապահության եւ արդարադատության նախարարներին: Սակայն դրանց կամ չեն պատասխանել, կամ էլ մակագրել են Քրեակատարողական վարչություն: Իսկ այստեղից ամուսնուն` Արման Իսկանդարյանին բանավոր պատասխանել են` «Մի քանի օր պրոտեզը մի հագիր, ոտքդ կլավանա»:

«Ախր, այդպես չի կարելի: Պատահել է, որ տեւական ժամանակ նա հատուկ պրոտեզը չի հագել, որպեսզի այն հագնի երեքօրյա տեսակցության ժամանակ: Որովհետեւ չէր ուզում, որ երեխան իրեն տեսնի կտրած ոտքով: Բայց նորից սկսվել է նույն պատմությունը` ոտքը ուռել է, արյունոտվել, նորից ինքն ընկել է ներվայն, սթրեսային վիճակի մեջ»,- ասում է Էմմա Մկրտչյանը:

Նա պատմում է, որ մի քանի օր առաջ փորձել է խոսել քրեակատարողական վարչության պետ Աշոտ Գիզիրյանի հետ. «Բայց քարտուղարուհին հեռախոսը չմիացրես: Ասաց` դատապարտյալների հարցով պետի հետ չեն խոսում»:

Երկու օր է` «Հետքին» չի հաջողվում կապ հաստատել Քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանի հետ. նրա հեռախոսն անջատված է: Դեռ անցյալ տարվանից մենք մի քանի անգամ գրավոր դիմել ենք արդարադատության նախարարին` խնդրելով թույլատրել հանդիպելու երկու դատապարտյալների, այդ թվում` Հարություն Խաչատրյանի հետ: Տասն օր առաջ ուղարկած հերթական դիմումում ներառել էինք նաեւ Արման Իսկանդարյանի անունը: Այս դիմումի պատասխանը դեռ չենք ստացել, իսկ նախորդները, տարբեր պատճառաբանություններով, մերժվել են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter