HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ Արցախի նախագահին՝ Ժիրայի Սեֆիլյանի քաղաքացիության հարցով

Նախընտրական արշավի ընթացքում բաց նամակով դիմել եմ ԼՂՀ նախագահի թեկնածուներ Բակո Սահակյանին, Արկադի Սողոմոնյանին և Վիտալի Բալասանյանին, ներկայացրել եմ Արցախյան հերոսամարտի հրամանատարներից Ժիրայր Սեֆիլյանին ԼՂՀ քաղաքացիություն չտալու խնդիրը, հիմնավորել նախադեպերի հաշվառմամբ դրա լուծման հնարավորությունը՝ խնդրելով պատասխանել հետևյալ երկու հարցերին.

ա) ինչպիսի՞ն է այս իրողության վերաբերյալ Ձեր գնահատականը,

բ) ինչպե՞ս կլուծեք Դուք այս խնդիրը, երբ ընտրվեք ԼՂՀ նախագահ:

Թեկնածուներից Վիտալի Բալասանյանն անմիջապես արձագանքեց և դրական դիրքորոշում հայտնեց Ժիրայր Սեֆիլյանին ԼՂՀ քաղաքացիություն տալու վերաբերյալ: Մինչդեռ Դուք և մյուս թեկնածուն մինչ օրս նույնիսկ չեք բարեհաճել որևէ կերպ արձագանքել:

Մյուս թեկնածուի մասին խոսելն այլևս ավելորդ է: Գուցե հիմա՝ Ձեր երդմնակալության արարողությունից առաջ, բարեհաճեք պատասխանել: Պաշտոնական տվյալներով Դուք եք ընտրվել ԼՂՀ նախագահ: Ուստի Արցախում Ձեզանից է ակնկալվում ազգին, նրա պատվին ու արժանապատվությանը վերաբերող հարցերի՝ պետական մակարդակով և իրավունքին համապատասխան լուծումը: Այս պատճառով նման հարցերի վերաբերյալ Ձեր դիրքորոշումը ինքնաբերաբար վերածվում է նաև պատվի ու արժանապատվության վերաբերյալ Ձեր ընկալումների քննության, ինչն իր հերթին դառնում է Ձեր ընտրության և պաշտոնավարման բարոյականության քննություն:

Խուսափելով դրանց պատասխանելուց՝ Դուք զուր կերպով փորձում եք լռությունը վարագույր դարձնել և թաքնվել դրա հետևում, մինչդեռ վարագույրը ձայնի համար խոչընդոտ չէ:

Ուստի, եթե այս անգամ էլ նամակս ու հարցս մնան անպատասխան (կարևոր չէ՝ այն դրակա՞ն կլինի, թե՞ բացասական), մնում է միայն ցավել, որ մարդկային բարոյականության հիմնարար արժեքների վերաբերյալ նման ընկալումներ ունեցող մարդը պետք է ղեկավարի ազատության փշոտ ու դժվարին ճանապարհին գտնվող Հերոսական Արցախը և ամեն վայրկյան պատերազմի մեջ հայտնվելու վիճակում գտնվող նրա բանակը:

Քանի որ այս նամակի պատասխանը ևս ամենայն հավանականությամբ լռությունն է լինելու, ինձ իրավունք եմ վերապահում դրան ևս պատասխանել: Գիտցեք, որ եթե նորից փորձության ժամ լինի, Ժիրայր Սեֆիլյանի տեսակն է թշնամու դեմն առնելու և հաղթելու նրան իր Հավատի ու Հայրենիքի նկատմամբ սիրո զորությամբ: Ուստի այդ տեսակին է հիշում և ապավինում ժողովրդի ձայնի զանգակատունը թե պայքարի կոչնակ զարկելիս և թե հաղթանակի ներբող հնչեցնելիս:

«Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության իրավունքի պաշտպանության» կոմիտեի համակարգող Աղավնի Սահակյան

Մեկնաբանություններ (1)

Վահե-2010
Հարց`-Ժիրայր Սեֆիլյանին քաղաքացիություն չտալով ում հրամանն են կատարում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter