HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Գևորգյան. միգրացիան վերածվել է մեր հասարակության համար լուրջ մարտահրավերի

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց Շվեդիայի միգրացիայի և ապաստանի քաղաքականության նախարար Թոբիաս Բիլսթրոմին, ով Հայաստանում է միգրացիայի ոլորտում իրականացվող Եվրամիության «Թվինինգ» ծրագրի մեկնարկի կապակցությամբ:

Նշելով, որ միգրացիայի կառավարման գործընթացները շարունակում են Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում մնալ` Ա. Գևորգյանը  ոլորտում առկա հիմնախնդիրների լուծման հարցում կարևորեց միջազգային համագործակցությունը և հատկապես ընդգծեց Շվեդիայի հետ փոխգործակցությունը:

Կողմերն ադյունավետ համարեցին վերջին տարիներին երկու երկրների աշխատանքները ինչպես «ՀՀ կառավարության և Շվեդիայի Թագավորության կառավարության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման  մասին» համաձայնագրի, այնպես էլ Եվրամիության Շոդերկոպինգի գործընթացի շրջանակում: Երկուստեք գոհունակություն հայտնվեց, որ համագործակցությունը  շարունակվելու է նաև «Թվինինգ» ծրագրի շրջանակում, որը ԵՄ կողմից իրականացնելու է շվեդ-լեհական կոնսորցիումը:

«Թվինինգ» ծրագիրն  ուղղված է Հայաստանում միգրացիայի և ապաստանի կառավարման համակարգի բարելավմանը` Միգրացիոն պետական ծառայության ինստիտուցիոնալ ամրապնդման միջոցով:

Հայկական կողմից ծրագրի շահառուներն են Տարածքային կառավարման  նախարարության Միգրացիոն պետական ծառայությունը, ինչպես նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ոստիկանությունը, պետական այլ մարմիններ: Ծրագրի տևողությունը 27 ամիս է:

Հանդիպումից հետո Արմեն Գևորգյանն ու Թոմաս Բիլսթրոմը մասնակցեցին «Թվինինգ» ծրագրի մեկնարկն ազդարարող միջոցառմանը:

Փոխվարչապետը հանդես եկավ «Աջակցություն միգրացիոն պետական ծառայությանը՝ ամրապնդելու միգրացիոն կառավարումը Հայաստանում» TWINNING ծրագրի մեկնարկի կապակցությամբ բացման խոսքով, որը ներկայացվում է ստորև:

Մեծարգո նախարար պրն Բիլսթրոմ,
հարգելի դեսպաններ,
հարգարժան գործընկերներ,
տիկնայք և պարոնայք

Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ուրախ եմ ձեզ ողջունելու այս միջոցառմանը:

Սրանով  երկար սպասված TWINNING ծրագրի մեկնարկն է ազդարարվում. ծրագիր, որի կյանքի կոչման համար սկսած 2010թ.-ից իրականացվել են մեծածավալ նախապատրաստական աշխատանքներ:

Հարկ է նշել, որ միգրացիոն քիչ թե շատ ակտիվ գործընթացներ մշտապես տեղի են ունեցել հայ իրականության մեջ: Սակայն վերջին երկու տասնամյակում միգրացիոն հոսքերը գրանցեցին աննախադեպ մեծ ծավալներ ու որակական առանձնահատկություններ: Արդյունքում այդ երևույթն առանձնացավ բնականոն գործընթացների շարքից` վերածելով մեր հասարակության համար լուրջ մարտահրավերի:

Հանրապետությունում բնակչության միգրացիայի կարգավորումը մշտապես գտնվել է Հայաստանի Հանրապետության կառավարության ուշադրության կենտրոնում, իսկ վերջին 3 տարիների ընթացքում կառավարությունն այս բնագավառում իրականացնում է հետևողական աշխատանք: Կցանկանայի թվարկել միգրացիոն հիմնախնդիրների պետական կարգավորման հետ կապված որոշակի խոշոր քայլերը.

- 2009թ. միգրացիայի պետական կառավարման համակարգում իրականացված բարեփոխումների արդյունքում ՀՀ տարածքային կառավարման նախարարության համակարգում ստեղծվեց Միգրացիոն պետական ծառայությունը: Այդ գործում իր մեծ նպաստը բերեց Շվեդիայի միգրացիոն խորհրդի աջակցությամբ  իրականացված «ՀՀ-ում միգրացիայի կառավարման ոլորտի ուսումնասիրություն»-ը, և, առիթն օգտագործելով, կցանկանայի այդ կապակցությամբ մեկ անգամ ևս մեր խորին երախտագիտությունը հայտնել շվեդական կողմին:

- 2011թ. հունվարին ուժի մեջ մտավ միգրացիայի և ապաստանի ոլորտում պետական քաղաքականության համապարփակ փաստաթուղթը` ՀՀ բնակչության միգրացիայի պետական կարգավորման հայեցակարգը.

- 2011թ. նոյեմբերին ՀՀ կառավարությունն ընդունեց այդ հայեցակարգի իրականացման 2012-2016թթ. գործողությունների ծրագիրը:

Միգրացիոն հիմնախնդիրների լուծման ջանքերը մեր կողմից լիարժեք չեն կարող լինել առանց միջազգային ակտիվ համագործակցության: Այս տեսանկյունից գոհունակությամբ պետք է նշեմ հատկապես ներկայումս ԵՄ-ի հետ մեր համագործակցության հետևյալ հարթակները.

- Արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով Հայաստան-ԵՄ համագործակցության ենթակոմիտեի աշխատանքները

- ԵՄ խորհրդատվական խմբի` մասնավորապես միգրացիոն հարցերով խորհրդատվական աշխատանքները

- ԵՄ-Հայաստան «Շարժունակության շուրջ գործընկերություն» համատեղ հռչակագիրը, որն ստորագրվել է 2011թ. հոկտեմբերին Լյուքսեմբուրքում, և որի շրջանակներում Հայաստանի հետ միգրացիայի և ապաստանի ոլորտում համագործակցելու պատրաստակամություն են հայտնել ԵՄ 10 երկիր.

- մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացի դյուրացման, ինչպես նաև ռեադմիսիայի հարցերով բանակցությունները ԵՄ-ի հետ ավարտված են և առաջիկայում կկնքվեն համաձայնագրերը.

- Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում ապաստանի և միգրացիայի հարցերով ձևավորվել է նոր աշխատանքային պանել, որում ակտիվորեն մասնակցում է նաև Հայաստանը:

Քանի որ ՀՀ կառավարությունը ձեռնամուխ է եղել Միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016թթ. գործողությունների ծրագրին, ուստի TWINNING-ի այս ծրագիրը ժամանակի առումով նույնպես արդարացված է: Ծրագրի շրջանակներում շվեդական և լեհական գործընկերների հետ մեր համագործակցության շնորհիվ ակնկալվում են հետևյալ արդյունքները`

ա) միգրացիայի բնագավառը կարգավորող իրավական դաշտի ներդաշնակեցում ԵՄ օրենսդրությանը,

բ) միգրացիայի հարցերով գործառույթներ ունեցող հայաստանյան դերակատարների միջև արդյունավետ համակարգում,

գ) ապաստանի և միգրացիայի վերաբերյալ տեղեկատվական համակարգի ներդրում:

Հարգելի գործընկերներ,

Հայաստանի կառավարությունը ձգտում է ոչ միայն միգրացիայի, այլ նաև համագործակցության բոլոր բնագավառներում ներդնել և կիրառելի դարձնել ԵՄ-ում գործող ժամանակակից իրավական մոտեցումներն ու մեխանիզմները: Դրանք բխում են մեր ընդհանուր արժեհամակարգից, իսկ այն պահպանելու համար մշտական ջանքեր են պահանջվում:

Սակայն ԵՄ անդամ Հունգարիայի կառավարության կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը Ադրբեջանին, որտեղ էլ նրան այդ երկրի նախագահը ներում է շնորհում, ինչպես մեր հանրության, այնպես էլ կառավարության շրջանում հարցեր է առաջացնում այդ իրավական մեխանիզմների վերաբերյալ:

Յուրաքանչյուր զարգացած ժողովրդավարության իրավական համակարգի հիմքում արդարության պաշտպանության գաղափարն է, և եթե նման մեխանիզմները թույլ են տալիս, որ դաժան մարդասպանը խուսափի համապատասխան պատիժը կրելուց, ապա դա խափանում է այդ համակարգի գործունեությունը:

Որպեսզի անվստահությունը չխորանա, և նման իրադարձությունների կրկնությունը հետագայում բացառվի, կարծում ենք, որ կատարվածին պետք է համարժեք գնահատական տրվի միջազգային հանրության կողմից:

Վերադառնալով այսօրվա հանդիպման թեմային, ցանկանում եմ նշել, որ վստահ եմ մեր առջև դրված նպատակներին հասնելու հարցում, քանի որ արդեն իսկ ունենք շվեդական գործընկերների հետ համագործակցության հաջողված փորձ: Ողջունելով ծրագրի մեկնարկը, սրտանց շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր աջակցել են դրա կայացմանը:

Մաղթում եմ ծրագրին բարի երթ և միաժամանակ հավաստիացնում, որ այն գտնվելու է Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter