HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հիմա էլ Արփի լճի ձկնապաշարների վերջն են տալիս

Գերմանացիներն իզո՞ւր էին փող տվել

Սևանա լճի ձկնապաշարների վերջը տալուց հետո հիմա էլ հերթը հասել է Շիրակի մարզում գտնվող Արփի լճին: Եթե ոչ ավելի վաղ, ապա մայիսից սկսած ընդհուպ մինչև օգոստոս՝ լճի պատվարի գրեթե հակառակ կողմում՝ ծայրամասային Շաղիկ գյուղի հարևանությամբ նավակների օգտագործմամբ տեղադրվում են ձկնորսական ձգովի ցանցեր, ու սկսվում է ծածանի (սազանի) ու կարպի անխնա որսը: Հնարավոր է՝ այդպիսի ցանցեր տեղադրվում են նաև լճի այլ հատվածներում, ենթադրելի է, որ որսը շարունակվում է նաև հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, բայց դրա վերաբերյալ ստույգ տեղեկություններ չունենք:

Վերոնշյալ իրողությունը պետք է համարել ՀՀ բնապահպանության նախարարության և անձամբ նախարարի անգործության հերթական հետևանք: Կասկած չկա, որ եթե այսպես 2-3 տարի էլ շարունակվի, ապա Արփի լճից նշված ձկնատեսակները կվերանան, ինչպես ոչնչացվեցին Սևանա լճի սիգի արդյունագործական պաշարները: Համոզվելու համար բավական է թեկուզ հարցնել շրջակա գյուղերի բնակիչներին, նրանք կպատմեն, թե Արփի լճից ինչ չափերի և քանակի ձկներ էին բռնվում 20 կամ նույնիսկ 10 տարի առաջ, և ինչ է բռնվում այսօր: Էապես նվազել են և բռնվող ձկների քանակը, և չափերը, չկանոնակարգված և անթույլատրելի որսի հետևանքով Արփիում, փաստորեն, աստիճանաբար վերանում են ծածանի և կարպի մայրական կազմերը: Ճիշտ նույնը կատարվեց Սևանա լճի սիգի հետ:

«Սովետի ժամանակ թուրքերն ըստեղ հսկում, պահակություն էին անում, թույլ չէին տալիս ցանցերով բռնել, ձկնորսները մենակ կարթերով էին բռնում»,- պատմեց շաղիկցիներից մեկը:

Ճիշտ է, Հայաստանի հյուսիսարևմուտքում՝ Թուրքիայի և Վրաստանի սահմանների մոտ, գտնվող Արփի լիճը «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում է, բայց հիշենք, որ Սևանա լիճն էլ «Սևան» ազգային պարկի տարածքում է, ինչը ձկնագողերին բնավ չխանգարեց իրենց գործում, ինչպես նաև նշանակություն չունեցավ նրանց համար, ովքեր կոչված ու պարտավոր էին հսկել ու վերահսկել լճի ձկնապաշարների պահպանությունը:

Արդյունքում, չկանոնակարգված, գիշատչային, ագահ որսի հետևանքով սիգի արդյունագործական պաշարները վերացան, գործնականում գրեթե ամբողջությամբ վերացել են կողակի, իշխանի և բեղլուի կենսաբանական պաշարները: Մի քիչ կարաս (մանրածածան) է մնացել, բայց եթե այսպես շարունակվի, այն էլ է վերանալու:

Շաղիկի մեկ այլ բնակչի տեղեկացմամբ՝ գյուղի տակ անցյալ տարի էլ, այս ամռանն էլ ցանցերով ձուկ բռնող տղաներից մեկը՝ Շիրակի մարզի Մարմաշեն գյուղից, դրա համար նույնիսկ թույլտվություն՝ լիցենզիա ունի: Այսինքն՝ բոլորը չէ, որ ձկնագողությամբ են զբաղվում: Այդ դեպքում, սակայն, մի շարք հարցեր են առաջ գալիս, մասնավորապես՝ ո՞վ է տվել նրան այդ արտոնագիրը և ինչո՞ւ: Ինչո՞ւ հաշվի չի առնվել վերջին տարիներին լճի ձկնապաշարների էական կրճատումը: Տվյալ արտոնագիրն ունեցող ձկնորսը թեկուզ այս տարվա արդյունագործական ձկնորսության համար ո՞ւնի պայմանագիր, ինչի առկայությունը, արտոնագրից բացի, պարտադիր պայման է արդյունագործական ձկնորսությամբ զբաղվելու համար: Պայմանագրում որսասեզոնի ընթացքում բռնելու ենթակա ձկան առավելագույն ի՞նչ զանգված է նշված, և իրականում որքա՞ն է բռնում տվյալ ձկնորսը, ո՞վ է հսկում և ինչպե՞ս: Խնդիրն այն է, որ իրականում չկա հսկողություն, ինչպես չեղավ ու չկա այդպիսի հսկողություն Սևանա լճում:

Մեր ստացած տեղեկատվության համաձայն՝ ձկնորսներից մեկն այս տարվա օգոստոսի սկզբին նույնիսկ ցանցը գցել, բայց հաջորդ օրն ինչ-ինչ պատճառով չի եկել, որ հանի, եկել է մոտ 10 օր հետո, հանել ցանցը, որ վրա բազմաթիվ սատկած ծածաններ են եղել, մի մասն արդեն՝ նեխած:

Ավելին, վերջերս Շաղիկ գյուղի մոտ գտնվող անտառակի հետնամասում բենզԱսղոցի գործադրմամբ հատվել են ծառեր: Թե քանի՞սը՝ տեղեկություններ չունենք, բայց դատելով ամենից՝ հատումն եղել է ապօրինի: Եվ սա՝ այն դեպքում, երբ ԶԼՄ-ներում անցյալ տարի հրապարակված տեղեկատվության համաձայն՝ «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 2011թ. ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման համար Գերմանիայի Դաշնության տեխնիկական աջակցության կազմակերպությունը, ՀՀ բնապահպանության նախարարությունը և Բնության համաշխարհային հիմնադրամը հատկացրել են 800 հազար եվրո: 800 000 եվրոյին համաժեք գումար էլ տրամադրել է Գերմանիայի կառավարության KfW բանկի կողմից ֆինանսավորվող «Համայնքային զարգացման ծրագիրը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter