HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Նոր հանգամանքներ գոմեշի մսի գործով

ԼՂՀ պաշտպանության բանակում հայտնաբերված գոմեշի մսի գործով նախաքննությունը դեռ շարունակվում է: Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին 2-րդ կայազորային զինդատախազության կողմից ուսումնասիրություններ էին կատարվել ԼՂՀ ՊԲ պարենային կենտրոնական պահեստում եւ հարուցվել էր քրգործ՝ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ «Խարդախությունը (խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը), որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով, պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»: Գործը գտնվում է ՊՆ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերով քննչական բաժնի վարույթում:

Ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը «Հետքի» հետ զրույցում, մասնավորապես, ասաց. «Քրեական գործով կատարվում է բազմակողմանի, լրիվ քննություն: Եվ ոչ միայն այն ուղղությամբ, ինչի կապակցությամբ (ստուգումների ժամանակ հայտնաբերված խախտումների) քրեական գործը հարուցվել էր, այլ նաեւ, օրինակ, հարկերից ու պարտադիր այլ վճարումներից խուսափելու: Համապատասխան փորձաքննություններ են նշանակված: Այս պահի դրությամբ ուրիշ տվյալներ նախաքննության մարմինը նպատակահարմար չի գտնում տրամադրել»: Սարգսյանը հրաժարվեց նշել՝ արդյոք կան գործով մեղադրյալներ կամ կասկածյալներ:

«Հետքն» արդեն գրել է, որ հարուցված քրեական գործը եւ դրանից առաջ բարձրացած աղմուկը ՊԲ-ում հայտնաբերված գոմեշի մսի վերաբերյալ, խոսում են այն մասին, որ լուրջ չարաշահումներ են տեղի ունեցել, եւ մսի մատակարար(ներ)ը խաբել է ՊՆ-ին՝ տավարի մսի փոխարեն տրամադրելով գոմեշի ավելի էժան միս: Խոսքը ավելի քան 3 մլն դրամի հափշտակման մասին է, որովհետեւ Քր.օր.-ի 178 հոդվածով առանձնապես խոշոր չափ է համարվում նվազագույն աշխատավարձի 3000-ապատիկը գերազանցող գումարը: Մ. Սարգսյանի փոխանցմամբ՝ առայժմ նոր հոդված չի ավելացվել քրգործին, սակայն եթե առկա է նաեւ հարկերից խուսափելու հանգամանք, ապա պետք է սպասել գործի վերաորակմանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter