HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Ի՞նչ են ԱԺ խմբակցությունները խոստացել ընդդեմ օտարալեզու դպրոցների նախաձեռնությանը

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնությունն առաջիկայում պատրաստվում է դիմել Ազգային ժողովի կուսակցություններին՝ տեղեկանալու համար, թե ինչ են անելու այս կուսակցությունները նախաձեռնության առաջարկներն իրականացնելու համար:

Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին նախորդող շրջանում՝ փետրվարի 20-ին, քաղաքացիական նախաձեռնությունը առաջարկների փաթեթ էր ուղարկել ընտրություններին մասնակցող բոլոր ուժերին՝ առաջարկելով փաթեթի կետերն ընդգրկել նախընտրական ծրագրերում:

Փաթեթով առաջարկվում է վերացնել «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում 2010 թ. կատարված փոփոխությունները, որոնցով օրենսդրորեն ամրագրվում է Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացելու իրավունքը, նաև հայերեն թարգմանել ու տեղայնացնել նորարարական կրթական ծրագրերը, այդ թվում միջազգային բակալավրիատի դիպլոմային ծրագիրը, ստեղծել թվանշային տեխնոլոգիաների հայացման կազմակերպություն, մշակել համաշխարհային գրականությունը հայերեն թարգմանելու ազգային ծրագիր և այլն:

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արամ Ապատյանը «Հետքին» տեղեկացրեց, որ իրենք հանդիպել են «Ժառանգություն», Հայ հեղափոխական դաշնակցություն, Հայ ազգային կոնգրես, նաև Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների հետ: Իսկ «Օրինաց երկրի» անդամները չեն ցանկացել հանդիպել քաղաքացիական նախաձեռնության հետ:

ՀՅԴ-ի նախընտրական ծրագրում տեղ է գտել քաղաքացիական նախաձեռնության առաջարկներից երկուսը (տեղեկատվական տոխնոլոգիաների հայացում, միջազգային բակալավրիատի ծրագրի հայացում): «Ժառանգությունն» ամբողջությամբ կողմ է եղել առաջարկների փաթեթին: ՀԱԿ-ը ևս ասել է, որ կողմ է: Ուստի Արամ Ապատյանը կարծում է, որ այս կուսակցությունների հետ հետագայում համագործակցելու հնարավորություն կա:

ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի անդամները ևս հանդիպման ժամանակ ասել են, որ դեմ չեն քաղաքացիական նախաձեռնության առաջարկներին (որոնք ներառում են «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում կատարված փոփոխությունների վերացում): Անդրադառնալով «Հետքի» այն դիտարկմանը, որ հենց Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները կողմ քվեարկեցին «Լեզվի մասին» և «Հանրակրթություն մասին» օրենքներում փոփոխություններին՝ Արամ Ապատյանն ասաց, որ հանդիպմանը մասնակցող կուսակցականները չէին կարող ներկայացնել ամբողջ կուսակցության կարծիքը:

«Այդ մարդիկ ասում էին, որ անձամբ իրենք կողմնակից են մեր բոլոր առաջարկներին: Անգամ մենք զարմացանք և մտածեցինք, որ միգուցե ուշադիր չեն կարդացել այդ առաջարկները»,- ասաց Արամ Ապատյանը՝ ենթադրելով, որ գուցե ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն կողմ են առաջարկների փաթեթի ընդհանուր բնույթին՝ հանուն հայոց լեզվի հիմքերի ամրացման փոփոխություններին:

Արամ Ապատյանի խոսքով՝ օրենսդրական փոփոխություններ կատարելու առաջարկից բացի՝ մյուս առաջարկներն իրականացնելու համար գուցե պարտադիր չէ, որ օրենքներ փոփոխվեն, բայց խորհրդարանական կուսակցությունները և կառավարությունը պետք է որոշակի քայլեր ձեռնարկեն:

«Հիմնական աշխատանքը մնում է կատարել հիմա՝ սեպտեմբերին: Մենք հիմա պետք է շարունակենք, հանդիպենք այդ կուսակցությունների հետ, որոնց անդամները այսպես թե այնպես ասել են, որ իրենք կողմ են այդ առաջարկներին, և տեսնենք՝ արդյոք ինչպես են նրանք պատրաստվում իրականացնել այդ մեր ծրագրերը, այսինքն՝ համատեղ ծրագրերը»,- ասաց Արամ Ապատյանը:

Վերջին մեկ տարվա ընթացքում օտարալեզու դպրոցների ընդդիմախոսների մտահոգություններն ավելացել են: «Եթե մենք հասնենք նրան, որ հնարավոր լինի ունենալ միջազգային բակալավրիատի հայալեզու տարբերակը, այդ դեպքում մարդիկ կստանան հենց այն կրթությունը, որին ձգտում են, և այդ դեպքում շատ ավելի անհասկանալի կլինի օտարալեզու դպրոցների ստեղծումը ընդհանրապես: Այս պահին նրանք ասում են՝ «տեսեք, նման որակի դպրոցներ գոյություն չունեն, դրա համար մենք պետք է բացենք օտարալեզու դպրոցներ»»,- ասաց Արամ Ապատյանը:

Հիշեցնենք, որ 2010թ. դեկտեմբերի 22-ին Ազգային ժողովը 69 կողմ, 1 դեմ ձայնով երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որը հնարավոր է դարձնում Հայաստանում օտարալեզու դպրոցների բացումը: ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը» չմասնակցեցին քվեարկությանը՝ հավանաբար հուսալով, որ քվորում չի ապահովվի, սակայն Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր» խմբակցությունները կողմ քվեարկեցին:

Օրենքները փոփոխելու՝ կառավարության նախաձեռնությունից հետո քաղաքացիական հասարակությունը բողոքի բազմաթիվ ակցիաներ անցկացրեց, իսկ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» շարժումը հայտարարեց, որ ավելի ոչ լեգիտիմ օրինագծեր դժվար է պատկերացնել: Չնայած դրան՝ նախագահ Սերժ Սարգսյանը 2011 թ. հունվարի 19-ին ստորագրեց Ազգային ժողովի ընդունած օրենքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter