HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

«Թույլ է տնտեսություն-գիտություն կապը». ARMSCOOP գիտական համագործակցության միավորում

Սոցիալական ցանցերում անընդհատ գիտական աշխարհի նորությունների թարմացման, կրթաթոշակների մասին տեղեկությունների եւ անվճար հայտարարությունների մասին ինֆորմացիա տարածող ARMSCOOP (Հայկական գիտական համագործակցություն միավորում)-ի գործունեությանն ավելի մանրակրկիտ ծանոթանալու համար զրուցեցինք համահիմնադիրներ Արմեն Մարտիրոսյանի (իրավաբան) եւ Սամսոն Հովհաննիսյանի (պատմաբան) հետ: 

Ինչպե՞ս առաջացավ միտք՝ ստեղծելու «Հայկական գիտական համագործակցություն» միավորումը: Ի՞նչ գործունեություն է ծավալել այն մինչ օրս: 

Արմեն Մարտիրոսյան- «ARMSCOOP»-ը գիտական ցանցը ստեղծվել է 2010թ. դեկտեմբերի 19-ին, մինչ այդ, ուսումնասիրելով համացանցը, նկատեցինք, որ գիտության զարգացմանը նպաստող կայքեր գրեթե չկան, իսկ եղածներն էլ այնքան էլ արդյունավետ չէին, որոշեցինք ստեղծել կայք, որը գիտնականների համար հարթակ կհանդիսանա ներկայացնելու իրենց գիտական գործունեության արդյունքները։ Քանի որ ինքներս հումանիտար ոլորտի ներկայացուցիչներ ենք, նախապատվությունը տվեցինք հենց այդ ուղղությանը։ Չափազանց կարևորելով համացանցային տիրույթում հայատառ գիտական բովանդակության առկայությանն ու զարգացմանը՝ որոշեցինք կայքում ստեղծել առանձին բաժիններ, որտեղ ներկայացված կլինեն հումանիտար գիտություններին (բանասիրություն, պատմություն, իրավագիտություն, սոցիոլոգիա, քաղաքագիտություն և այլն) առնչվող գիտական արժեք ունեցող հոդվածներ, մենագրություններ և տարբեր գիտական աշխատություններ։

Ցանցի համահիմնադիրներն են մասնագիտությամբ պատմաբաններ Սամսոն Հովհաննիսյանը, Խաչիկ Հարությունյանը եւ կիբերնետիկ Լեւոն Հարությունյանը: 

Այս ժամանակահատվածում արդեն իսկ կա՞ համագործակցություն գիտական ոլորտում գործունեություն ծավալող երիտասարդների հետ:

Սամսոն Հովհաննիսյան-Կայքի հիմնական նպատակներից է համախմբել առկա գիտական ներուժը և ընդհանուր համագործակցության դաշտ ստեղծել հայաստանյան և արտերկրի հայ գիտնականների, ինչպես նաև տարբեր գիտական կազմակերպությունների միջև։ Ներկայումս արդեն կայուն համագործակցություն ունենք ՀՀ ԳԱԱ մի շարք ինստիտուտների և որոշ բուհերի երիտասարդ գիտնականների հետ, իրագործվել են մի շարք համատեղ ծրագրեր՝ հայագիտական գիտարշավային դասընթացներ, գիտաժողովներ, սեմինար-քննարկումներ։ Կայքում հրապարակվող հոդվածների զգալի մասի հեղինակները երիտասարդ գիտնականներն են։

Գիտական ցանցի հիմնադիրները պարբերաբար մասնակցում են երիտասարդ ակտիվիստների կողմից կազմակերպված՝ գիտության ներկա վիճակին առնչվող քննարկումներին և հանդես գալիս այդ խնդիրների լուծման առաջարկներով։ 

Հետեւելով ձեր կայքի թարմեցումներին` հաճախ գիտական կրթաթոշակների, ուսումնական ծրագրերի մասին տեղեկություններ եմ կարդում: Ի՞նչ կասեք երիտասարդ հայ գիտնականների ակտիվության մասին: Շատե՞րն են դիմում արտերկրում սովորելու համար եւ ի՞նչ հաջողություններ են ունեցել մինչ այս: 

Արմեն Մարտիրոսյան- Հստակ վիճակագրություն չունենք, թե ինչ թվով երիտասարդ գիտնականներ են, օգտվելով մեր կայքից, մասնակցում տարբեր միջազգային գիտական և կրթական ծրագրերի, սակայն, դատելով ստացված արձագանքներից և մեզ ուղղված բազմաթիվ նամակներից, կարող ենք փաստել, որ մոտավորապես ավելի քան հարյուր հոգի հաջողությամբ մասնակցել են տարբեր միջազգային ծրագրերի՝ գիտաժողովներ, սեմինարներ, ամառային դպրոցներ, ստացել ակադեմիական կրթություն, իրագործել տարբեր համատեղ միջազգային ծրագրեր։ 

Որպես երիտասարդ գիտնականների հետ առավել քան շփում ունեցող, ոլորտում անընդհատ նոր տեղեկություններ ստացող ցանցի ներկայացուցիչներ, ի՞նչ եք կարծում `շարունակվում է գիտական ներուժի արտահոսքը դեպի արտերկիր: 

Սամսոն Հովհաննիսյան- Ցավոք, դեռևս գիտության զարգացմանն ուղղված որոշակի քայլերը բավարար չեն մեզ մոտ բարենպաստ գիտական միջավայր ապահովելու համար, շատ թույլ է տնտեսության և գիտության կապը, արդեն ձևավորված երիտասարդ գիտնականը չի կարողանում իրացնել իր հնարավորությունները, թերևս այդ է պատճառը, որ շատ երիտասարդներ լքում են Հայաստանը՝ թուլացնելով մեր՝ առանց այն էլ թույլ գիտական ներուժը։ Ստեղծված իրավիճակում առնվազն անհրաժեշտ է գործուն մեխանիզմներ ստեղծել արտասահմանոմ սովորող և աշխատող երիտասարդ գիտնականների և հայրենիքի միջև կայուն համագործակցություն ձևավորելու և զարգացնելու համար։ 

Առաջիկայում նոր ծրագրեր, համագործակցության առաջարկներ կա՞ն: 

Արմեն Մարտիրոսյան-Առաջիկա համատեղ իրականացվելիք ծրագրերից է հոկտեմբերի մեկից վեցը կազմակերպվող Հայոց լեզվի պատմության հիմնահարցերին նվիրված հայագիտական դասընթացը, որտեղ դասախոսելու է Լեյդենի համալսարանի դոկտոր, լեզվաբան Հրաչ Մարտիրոսյանը (հայոց լեզվի պատմության հիմնահարցերին նվիրված մեկշաբաթյա անվճար դասընթացն, ի դեպ, անվճար է, եւ ցանկացողերը կարող են դիմել մեզ` մուտք գործելով armscoop.com կայքը):

Հաջորդ կարևոր համագործակցային ծրագրերն են մեր գիտական ցանցի կողմից ԵՊՀ-ում հոկտեմբեր ամսին իրականացվելիք հայ գրատպության 500-ամյակին և ԵՊՀ ՈՒԳԸ-ի հիմնադրման 65-ամյակին նվիրված միջազգային ուսանողական գիտական նստաշրջանի, ինչպես նաև աշնանը AEGEE-Երևանի կողմից իրականացվող «Հայաստան Եվրոպական միություն» մոդել-համաժողովի տեղեկատավական աջակցությունը;

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter