HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Սարգիս Ասատրյան. «Քնած մարդուն սպանելը նույնպես կարելի է անվանել ահաբեկչություն»

Ադրբեջանում ընթանում են իսլամացման գործընթացներ, և այդ երկրի շատ քաղաքացիներ հարում են ծայրահեղական իսլամական կազմակերպությունների: Այս մասին այսօրվա մամուլի ասուլիսում ասաց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը՝ հավելելով, որ պարբերաբար տեղեկություններ են ստացվում, որ, օրինակ, Պակիստանում կամ Աֆղանստանում հակաահաբեկչական գործողությունների արդյունքում սպանվել են Ադրբեջանի, Թուրքիայի քաղաքացիներ:

«Իսլամիստական, արմատական կազմակերպությունները խորը արմատներ են ձգել տարածաշրջանում, և այդ գործընթացը շարունակվում է: Իսկ Ադրբեջանում դա արդեն բավական վաղուցվա պրոցես է: Չմոռանանք, որ ղարաբաղյան պատերազմի ժամանակ բավական մեծ թվով իսլամական ծայրահեղականներ եկել էին Ղարաբաղ և կռվում էին հայերի դեմ: Իհարկե, նրանց օգտագործեցին հայերի դեմ, բայց դա չէր կարող իր հետևանքը չունենալ Ադրբեջանի հասարակության համար, որովհետև նրանք սկսեցին ներգրավել իրենց շարքերը երիտասարդ արբեջանցիների»,- ասաց Սարգիս Ասատրյանը:

Ադրբեջանի դեպքում արդիական է նաև վահհաբիզմի հարցը: Վահհաբիզմը իսլամի ամենածայրահեղական ճյուղերից է, որը չի ընդունում ոչ մի ուրիշ կրոն և ուղղություն: Վահհաբիզմի, որն, ի դեպ, Սաուդյան Արաբիայի պետական կրոնն է, հեռահար նպատակն է կուլ տալ բոլոր մյուս կրոնական ուղղությունները:

Որքանո՞վ է հավանական, որ ադրբեջանցի մարդասպան Սաֆարովի արտահանձմունից հետո այդ երկրում վերելք ապրած ազգայնական ալիքը մոտակա տարիներին կհանգեցնի շիա կարգերի հաստատման: Անդրադառնալով այս հարցին՝ Սարգիս Ասատրյանն ասաց, որ Ադրբեջանում իսլամիստական ուղղությունները, ծայրահեղ իսլամը և Սաֆարովի հերոսացումը փորձ են՝ լցնելու երկրի հասարակության մեջ առկա գաղափարական վակուումը:

«Դժվար է ասել, որ մոտակա ժամանակներում Ադրբեջանում կարող են հաստատվել, այսպես ասած, շարիաթի օրենքներ՝ իսլամի օրենքներ, և Ադրբեջանը դառնա իսլամական հանրապետություն: Այնուամենայնիվ, իսլամիզացիան ընթանում է: Հասարակության բավական լայն շերտեր ներգրավված են դրանում»,- ասաց Սարգիս Ասատրյանը:

Նրա խոսքով՝ Ալիևի վարչակարգի կողմից Սաֆարովի հերոսացումը ուղղված էր ներքին լսարանին: Նպատակն էր ցույց տալ, որ հային սպանելը, նույնիսկ եթե քնած է, գովելի արարք է, և «հերոսի» կերպարի միջոցով ադրբեջանցիների ուշադրությունը շեղել ներքին խնդիրներից:

«Իհարկե, շատ վտանգավոր գործընթաց է սա: Սա ստեղծում է ռադիկալ նացիոնալիզմ ադրբեջանական հասարակության մեջ: Եվ պարզ է դառնում, որ խաղաղության հաստատման բոլոր փորձերը այս դեպքում բավական վտանգվում են, որովհետև եթե հասարակությունում քարոզում են ատելություն, ապա անիմաստ է խոսել որևէ հաշտության կամ խաղաղության մասին տվյալ դեպքում, որովհետև, ի վերջո, երկու ժողովուրդներ պետք է միասին ապրեն, իսկ դա ներկա պահին հնարավոր ես չեմ համարում այս քարոզչության պայմաններում»,- ասաց Սարգիս Ասատրյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե Հայաստանը կարո՞ղ է դառնալ ահաբեկչական հարձակման զոհ՝ ադրբեջանագետը կանխատեսեց, որ կոնկրետ Հայաստանի տարածքում տեղի չեն ունենա ահաբեկչական գործողություններ, համենայն դեպս մոտ ապագայում: Հայաստանում չկա լուրջ իսլամական գործոն կամ որևէ ազգային փոքրամասնություն, որը ձգտում է անկախության, և ահաբեկչության միջոցով իր ձայնը կհասցնի միջազգային կառույցներին:

Հայաստանին ուղղված ամենամեծ սպառնալիքները տեղային բնույթի են: «Քնած մարդուն սպանելը նույնպես կարելի է անվանել ահաբեկչություն: Խոսքը լոկալ ահաբեկչությունների և սպանությունների մասին է, որոնց կարող են ենթարկվել Հայաստանի քաղաքացիները դրսում, որովհետև հերոսացնելով այդ մարդուն՝ Ալիևը հստակ մեսիջ հղեց իր քաղաքացիներին, որ «սպանեք հային, հային սպանելը անգամ քնած ժամանակ դատապարտելի արարք չէ»: Ահա այս է խնդիրը»,- ասաց Սարգիս Ասատրյանը՝ հավելելով, որ Ադրբեջանում, փաստորեն, օրինականացվեց հայի սպանելը:

Իսլամական որևէ պետություն կամ կազմակերպություն Սաֆարովի արտահանձնման և հերոսացման կապակցությամբ մինչ այսօր չի արել Ադրբեջանին սատարող հայտարարություն: Միակ արձագանքողը եղել է Ադրբեջանում Պակիստանի դեսպանը, ով հայտարարել է, որ «Սաֆարովն ամբողջ իսլամական աշխարհի հերոսն է»:

Սարգիս Ասատրյանը նշեց, որ սա Պակիստանի դեսպանի անձնական կարծիքն է: «Քնած մարդուն սպանելը, անգամ ըստ արևելյան բարքերի, համարվում է ստորություն և տղամարդուն անհարիր արարք: Այնպես որ, խոսել «համայն իսլամական աշխարհի հերոսի» մասին, ուղղակի ծիծաղելի է: Այստեղ արդեն կարելի է խոսել զուտ Պակիստանի հակահայկական քաղաքականության մասին»,- ասաց բանախոսը:

Ընդհանրապես Պակիստանը բազմիցս է հայտարարել, թե Հայաստանն իբր խանգարում է իսլամական աշխարհի միավորմանը, ու իբր, «օկուպացրել է Ադրբեջանի հողերը»: Եվ Պակիստանի դեսպանի հայտարարությունը այս շարքից է:

Սակայն իսլամական որևէ երկիր կամ կազմակերպություն նաև չի արել Ադրբեջանին դատապարտող հայտարարություն: Ադրբեջանագետը դա բացատրում է նրանով, որ քաղաքականության մեջ որոշիչ է մեծ փողերի, նավթի, ածխաջրածնային ռեսուրսների խնդիրը: Ուստի, ոչ մի երկիր, որն ուղղակի կամ անուղղակի կախված է ադրբեջանական նավթից ու գազից, չի ուզում սրել հարաբերությունները այդ երկրի հետ: Սարգիս Ասատրյանի կարծիքով՝ Ադրբեջանին հաջողվում է որպես լծակ օգտագործել իր բնական ռեսուրսները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter