HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռամիլ Սաֆարովը, Թուրքիան, հունգարաադրբեջանական գործարքը եւ պատերազմի թուրք-ադրբեջանական արկածախնդրությունը-2

սկիզբը

19 փետրվարի 2004թ. Բուդապեշտ. Պատվիրված սպանությո՞ւն, թե՞ ներարկված հայատյացության անխուսափելի հետեւանք

2004թ. փետրվարի 19-ի լուսադեմին` ժամը 5:00-ին, Գուրգեն Մարգարյանի սպանության ու Հայկ Մակուչյանի դեմ մահափորձի քրեական գործի ուսումնասիրության առումով ամենաանաղարտ աղբյուրը նախեւառաջ Ռամիլ Սաֆարովի առաջին հարցաքննության արձանագրությունն է, ինչպես նաեւ` գործով անցնող վկանների ցուցմունքներն ու տարատեսակ բժշկական ու դատահոգեբանական փորձաքննություների եզրակացությունները:

Սաֆարովի այդ ցուցմունքը անաղարտ է, քանի որ այն վերցվել է անմիջապես հանցագործության օրը` փետրվարի 19-ի ժամը 14:28-ից մինչեւ 16:08-ը: Կարճատեւ ընդմիջումից հետո նրա հարցաքննությունը վերսկսվել 16:15-ին եւ շարունակվել առնվազն 1-1.5 ժամ (անգլերեն թարգմանված տեքստում բացակայում է հարցաքննության ավարտի ժամը, եւ երկրորդ մասի տեւողությունը մոտավոր է գնահատված` համադրելով առաջին ու երկորդ մասերի տեքստերի ծավալները):

Հարցաքննությանը, բացի քննիչից ներկա են գտնվել մարդասպանը, նրա հունգարացի պաշտպանը` դոկտոր Հորնիակ Գաբորը (Dr. Hornyak Gabor), ռուսերենից հունգարարեն լեզուների թարգամանիչը` Թիմար Ժուժանան (Timar Zsuzsanna), ով էլ պատրաստել է արձանագրությունը:

Թեպետ ցուցմունք տալիս հանցագործին թույլատրվել է օգտագործել իր մայրենի լեզուն` ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր ձեւերով, այդուհանդերձ նա նախընտրել է ցուցմունք տալ ռուսերեն: Ի դեպ. հարցաքննության սկզբում Սաֆարովը հաստատել է, որ հասկանում է թարգմանիչին եւ ոչ մի առարկություն չունի նրա դեմ: Սակայն այս օրերին ադրբեջանական կողմը ներկայացնում է, թե ռուսերենի վատ իմացության պատճառով Ռամիլը ժամանակին չի կարողացել ինքն իրեն լավ պաշտպանել ու «ճշգրիտ» ցուցմունքներ տալ:

Միանշանակ է, որ դեպքի օրը Սաֆարովի հարցաքննությանը մասնակցած հունգարացի պաշտպանը չէր օգնի գիտակցված ու առանձնակի դաժանությամբ սպանություն կատարած մարդասպանին (հենց հարցաքննության ամենասկզբում արարքին քննիչի տված որակումն է, ինչին նա չի առարկում ու ընդունում է) կեղծել ցուցմունքները եւ բացառապես հետաքրված կլիներ իր պաշտպանյալի հարցաքննության իրավական կողմով, ի տարբերություն ադրբեջանցի պաշտպան Ադիլ Իսմայիլովի, ով հետագայում  Բաքվից Բուդապեշտ ուղարկվեց նախապես մշակված ծրագրով Ռամիլ Սաֆարովին ուղղորդելու ու արդարացնելու նպատակով:

Մինչեւ առաջին հարցաքննությունը ու անգամ դրանից օրեր հետո «ոչ մի ադրբեջանցի պաշտոնյայի չի թույլատրվել խոսել Սաֆարովի հետ»,- 2012թ. սեպտեմբերի 10-ին «Ազատություն» ռադիոկայանին տրամադրած իր ուշագրավ գիտական հետազոտության մեջ նշել է ԱՄՆ Վաշինգթոնի համալսարանի հաղորդակցության ամբիոնի դոցենտ Քեթի Փիրսը (Katy Pearce)` այդ կապակցությամբ վկայակոչելով ադրբեջանական պաշտոնական տեղեկատվությունը. Սաֆարովի հետ առաջին ադրբեջանցի պաշտոնյաների` Ադրբեջանի ՊՆ պատվիրակների, Ավստրիայում այդ երկրի դեսպանության ռազմական կցորդի ու առաջին քարտուղարի հանդիպման մասին հաղորդվել է միայն 2004թ. փետրվարի 23-ին, օրինակ` «Ազադ Ազարբայջան» հեռուստաընկերության նորությունների 16:30-ի թողարկման ժամանակ: Հետեւաբար մինչ այդ հանդիպումը, որի ընթացքում է միայն պատվիրակներին «մանրամասն տեղեկատվություն տրվել միջադեպի մասին», Ռամիլ Սաֆարովին ուղղորդողներ չեն եղել:

Բացի այդ, դեռեւս գտնվելով իր «հերոսական» արարքի թարմ տպավորությունների ներքո ու կատարածի համար չդրսեւորելով ափսոսանքի գեթ նշույլ, հանցագործը կատարելապես «երգել» է` շատ դեպքերում ունենալով անթույլատրելի անկեղծացումներ, որոնց շտկումը հետագայում կամ բարդ, կամ անհնար դարձավ:

Ասել, թե այդ հարցաքննության ժամանակ Սաֆարովը չի ստել, իհարկե ճիշտ չէ: Խոր վերլուծության պարագայում տեսանելի է, թե ինչի՞ց է նա ցանկանում երկար խոսել, որ դեպքերո՞ւմ է պատասխանները կարճ կապում, ի՞նչ հարցերի ուղղակի չի պատասխանում ու սկսում է խոսել իրեն ցանկալի հանգամանքներից, ինչի՞ց է ընդհանրապես խուսափում խոսել, եւ որ ամենակարեւորն է` ի՞նչն է խնամքով թաքցնում:

Ի դեպ, Ռամիլ Սաֆարովի համար նշանակված տարատեսակ փորձաքննական եզրակացությունները հաստատել էին ոչ միայն Սաֆարովի մեղսունակությունը եւ նրա արարքի գիտակցված բնույթը, այլեւ չափազանց ցածր ինտելեկտուալ մակարդակը: Մասնավորապես բժշկական փորձաքննության եզրակացության մեջ նշվել է. «Միջազգայնորեն ընդունված պրոյեկտիվ մեթոդը հաստատել է, որ Ռամիլ Սաֆարովը հասել է հանրակրթական դպրոցի մակարդակի ինտելեկտի: Նույն մեթոդով ամբաստանյալի ինտելեկտի մակարդակը 5 բալանոց սանդղակով գնահատվել է 1 միավոր»:

Այսինքն, կասկածից վեր է, որ վերոնշյալ գործոնների պայմաններում Սաֆարովին ոչինչ չէր մնում, քան անկեղծանալ ու աքլորանալ, իսկ միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանին կամ ըստ 5 բալանոց սանդղակի 1 միավորին համապատասխանող նրա ուղեղը ունակ չէր լինելու կեղծել ու թաքցնել պրոֆեսիոնալին հատուկ ձեւերով, անգամ երբ ցուցմունքի տեքստը նախապես անգիր սովորացրել էին...   

Խրոնիկ հայատյացն ու ֆաշի՞ստը, թե՞ բեմականացված «վրիժառություն»

Որեւիցե ժամանակ հայատյացության հողի վրա հանցագործություն կատարելու իր անփոփոխ մտադրության մասին բազմաթիվ հանցածին մտքեր Ռամիլ Սաֆարովը բարբաջել է հենց առաջին հարցաքննության տարբեր հատվածներում: Այսպես. ներկայացնելով «վերժխնդրության» արմատներն ու 14 տարեկանում նորաստեղծ ադրբեջանական բանակ մտնելու իր որոշման դրդապատճառները, նա ամենասկզբում նշում է. «Ուզում եմ ասել, որ այս ամբողջը հասնում է մինչեւ 1988-ի հայ-ղարաբաղյան պատերազմը, որից հետո հրադադար եղավ, սակայն ոչ մեկ չպահեց այդ հրադադարը, իսկ բուն ողբերգությունը, որի մասին խոսում էի, տեղի է ունեցել 1992թ. փետրվարի 26-ին: Այդ ժամանակ հայ զինվորները հարձակվեցին Ղարաբաղի Խոջալու տարածքի վրա, որտեղ միայն քաղաքացիական անձինք էին, մասնավորապես` երեխաներ,  կանայք եւ տարեցներ, եւ շուրջ 8000 մարդ սպանվեց: Դա իմ արյունն է, եւ ես նրանց հետագայում իմ հարազատները համարեցի: Հայերը 1 տարի անց` 1993թ. օգոստոսի 25-ին գրավեցին իմ ծննդավայրը: Դա հիշարժան է նաեւ այն առումով, քանի որ տեղի ունեցավ իմ ծննդյան օրը: Ես չգիտեմ, թե քանի մարդ սպանվեց այդ ժամանակ, չնայած որ դա մեծ թիվ է: Դա այն ժամանակն է, երբ ես կորցրեցի իմ մերձավոր հարազատներին նույնպես: Ես բանակ դիմեցի 1991թ., դա միջնակարգ զինվորական դպրոց էր: 1 տարի անց ես հետագա ուսուցում անցա Թուրքիայում, որտեղ ես ստացա վկայական (միջնակարգ եւ բարձրագույն կրթության): Իմ միակ մոտիվացիան հայերի դեմ կռվելն էր եւ կռվի ժամանակ հնարավորինս շատ հայ սպանելը: Ես, լինելով ադրբեջանցի զինվոր, զենք վերցրեցի իմ տունը պաշտպանելու համար, ու այլ պատճառներ եւս կային, ինչպիսին էր Խորհրդային միության փլուզումից հետո բանակի կազմաքանդումը, եւ ես զգացի, որ նոր բանակն իմ կարիքն ունի: Այդ նոր բանակում բոլոր զինվորները ադրբեջանցի են: Ես հայտարարում եմ, որ այդ ժամանակ որեւէ այլ հայ չեմ սպանել, միայն օգնել եմ վիրավոր զինվորներին հոսպիտալ հասնելուն: Դրան էլ հավելեմ, որ  ափսոսում եմ, որ մինչեւ հիմա ոչ մի հայ չեմ սպանել…»:

Թե որքանով է ճշմարտությանը համապատասխանում Ռամիլ Սաֆարովի հորինվածքը, որ նա 14 տարեկանում նման առաքելություն է ունեցել ռազմի դաշտում, երբ նա 1991թ. Ջաբրայիլից տեղափոխվել էր Բաքու, իսկ պատերազմի կրիտիկական շրջանում էլ` 1992-94թթ., այդ թվում` 1993թ. օգոստոսին իր հայրենի Ջաբրայիլի «գրավման» ժամանակ (իր երկիրը հայերի հաղթական հակահարձակումներից պաշտպանվելու կարիքն ուներ) գերադասել է ուսման պատրվակով փախնել Թուրքիա, այլ քննարկման թեմա է: Ադրբեջանական աղբյուրները այս կապակցությամբ ընդամենը նշում են, թե նրա մայրը բուժքույր է եղել հիվանդանոցներից մեկում, որտեղ Ռամիլ Սաֆարովը «օգնել է» վիրավոր ադրբեջանցի զինվորներին, ինչպես նաեւ` սննդամթերք, քաղցրավենիք ու նման բաներ է մատկարարել (ամենայն հավանականությամբ, սա եւս կատարյալ հորինվածք է նրա համար «ի ծնե վրիժառու հերոսի կերպար» հյուսելու նպատակով):     

Ամեն գնով ու բոլոր հայերին սպանելու թեման նա շարունակում է մեկ այլ հարցի ներքո. «Ես 14 տարեկանից մինչեւ այժմ զինվոր եմ, սակայն ես չեմ կարող պատասխանել, թե արդյո՞ք ես կսպանեի, եթե քաղաքացիական անձ լինեի: Չեմ մտածել այն հարցի շուրջ, թե արդյոք հայերին կսպանեի, եթե ես քաղաքացիական լինեի: Իմ գործը նրանց բոլորին սպանելն է, որովհետեւ քանի դեռ նրանք ողջ են, մենք տառապում ենք: Սա նոր կոնֆլիկտ չէ եւ ձգվում է 100-200 տարի»,- դարավոր թշնամանքով է բացատրում իր խրոնիկ հայասապան էությունը Ռամիլ Սաֆարովը, ի ցույց դնելով նաեւ այն, որ հայ չսպանելու հարցը երբեւեէ չի էլ դրել իր առջեւ: Իսկ իբրեւ զինվորական, իր համար այդ հարցի պատասխանը տրված է ապրիորի` անխտիր սպանել բոլոր հայերին ու ամենուր:  

Մեկ այլ տեղ էլ հոխորտում է. «Եթե ես սա չանեի, ես նույնը կանեի այլ ժամանակ ու այլ վայրում: Եթե դպրոցում ավելի շատ հայեր լինեին ու ես հնարավորություն ունենայի, ես կփորձեի սպանել ոչ միայն երկու անձանց, այլեւ նրանց բոլորին: Սակայն, սա առաջին դեպքն է ու այդ գործողությունը կատարելու համար հնարավորություն չունեցա ավելի պունկտուալ պատրաստվել»: 

Բուդապեշտում քրեական գործի քննության ընթացքում նշանակված փորձաքննությունները նույնպես հաստատել են, որ «հանցագործի մոտ ռասիստական բնույթի հայացքների առկայության արդյունքում հնարավոր է նրա կատարմամբ կրկնահանցագործությունը»:

Անշուշտ, անհերքելի է հայերի հանդեպ նրա խրոնիկական թշնամանքը օբյեկտիվ ու սուբյեկտիվ առումներով, եւ այդ մասին գրվել է նաեւ վերլուծության առաջին մասում: Սակայն դատելով նրանից, թե ինչ հաճուքով է նա «պատմություն կարդում» քննիչի գլխին, որքան է ծավալվում այդ թեմայով, սկսում ես մտածել, թե նա կատարելապես դերի մեջ է եւ ի սկզբանե մշակել կամ նրան տրված է եղել «ելույթի տեքստը»: Եւ բնական է, որ գիտակցված հանցագործության գնացողը, այն էլ Բուդապեշտում ու այդ դասընթացների շրջանակում, ով ոճրագործությունը կատարելուց հետո չի էլ փորձել թաքնվել, խելոք հանձնվել է ոստիկաններին, պետք է որ կանխավ իմանար, թե ինչ է պատմելու արդարանալու համար... Իսկ պատմածում էլ լինելու էին հակասություններ, հորինվածքներ, որոնք ավելի ու ավելի էին ստիպելու կասկածել, որ սպանությունը ոչ միայն անխուսափելի էր, ոչ միայն ծրագրավորված էր, այլեւ պատվիրված...  

Անառիթ սպանություն ծրագրված էր ի սկզբանե  

Ինքը` ոճրագործը այսպես է նկարագրում հանցագործության նախապատրաստումը. «Իմ բանակն ինձ ուղարկել է այս կուրսերին, եւ այստեղ գտնվելով, ես պետք է գործ ունենայի այն փաստի հետ, որ երկու հայեր էլ են սովորում իմ հետ: Ես պետք է դա ասեմ, քանի որ անձնական տհաճության պատճառով իմ մեջ ատելության զգացումը աճեց: Սկզբում միմյանց ողջունում էինք, ավելի ճիշտ կլինի ասել` նրանք ինձ «hi/հայ» ասացին (թեպետ անգլերեն բառի իմաստը ողջույնն է, բայց հնչում է իբրեւ «հայ», ինչը հավանաբար խոցել է «հերոսին»-հեղ.), բայց ես նրանց չպատասխանեցի: Եւ այս ամբողջում հետաքրքիրն այն է, որ երբ նրանք իմ կողքով անցան, հայերեն ինչ-որ բան քչփչացին ու իմ վրա ծիծաղեցին: Հենց այդ ժամանակ ես որոշեցի, որ պետք է սպանեմ այդ երկու հայերին` ես պետք է նրանց գլուխները կտրեմ: Դրա պատճառն այն է, որ հայերն ադրբեջանցիներին նույն եղանակով են սպանում: Դա այն է, ինչը ես նշեցի` 8000 մարդու կոտորածը հայերի կողմից նույն եղանակով է տեղի ունեցել: Ես երկու հայերի սպանությունը այդ օրվա վրա չէի պլանավորել, այլ հենց փետրվարի 26-ին, հաշվի առնելով տարելիցը (Խոջալուի դեպքերի-հեղ.), սակայն իմ վրա ծիծաղելու պատճառով ատելության զգացումը ավելի ու ավելի մեծ դարձավ եւ այդ իսկ պատճառով որոշեցի, որ այդ օրը լուսաբացին կսպանեմ նրանց երկուսին էլ: Այդ իսկ պատճառով երեկ` 18-ին, մոտավորապես 19:00-ին ես Նեպստադիոնի «Տեսկո»-ում կացին գնեցի: Ես կացնի վրա կանգ առա, որովհետեւ, չնայած որ դանակ ունեի, մտածեցի, որ այդուհանդերձ դա չեմ օգտագործի, քանի որ եթե ես նրանց դանակահարեմ, նրանք կարող են գոռալ, օգնություն կանչել, իսկ եթե ես նրանց գլխին կացնով հարվածեմ, նրանք գիտակցությունը կկորցնեն եւ ի վիճակի չեն լինի օգնության կանչել: Այն ամենը, ինչ ես կատարել եմ այս առավոտյան, երեկ է մտածվել իմ կողմից, սակայն ինչպես ավելի առաջ նշեցի, ես պալանավորում էի երկուսի սպանությունը փետրվարի 26-ին: Ուզում եմ նշել, որ կացնի ու դանակի համար սրոցաքար էլ էի գնել»:

Մարդասպանի առաջին իսկ հարցաքննությունից ակնհայտ է եղել, որ սպանությունը ծրագրված էր հենց սկզբից` առանց պատճառի: Նա անգամ չի էլ թաքցրել, որ անկախ իր կողմից հորինված միջադեպից (իբր իր կողքով անցնելով հայ սպաները ծիծաղել են իր վրա, ինչը հերքվել է նախաքննության ու դատաքննության ընթացքում, քանի որ խոսքը ընդամենը վերաբերում է ժպիտով ողջունելուն), նա անառիթ էլ փորձելու էր փետրվարի 26-ին` Խոջալուի դեպքերի տարելիցի օրը սպանել երկու հայ սպաներին....

Մինչեւ ընդհուպ խորհրդային շրջանը հին թրքական/ադրբեջանական սովորություն է եղել հայ մատաղ անելը որեւէ նշանավոր տարելիցին կամ սրբազան օրը, օրինակ Նովրուզ Բայրամի տոներին... Բնական է, որ սեփական ազգի արյունարբու այս էությունը նա չէր բացահայտելու որպես «անառիթ» մարդասպանության սովորույթ, եւ դրա համար էլ վկայակոչելու էր դարավոր թշնամանք ու փորձելու էր հորինել «միջադեպ»` նախ իր արարքին իրավիճակային բնույթ հաղորդելու ու այն հոգեբանորեն «արդարացնելու» համար, ապա` հայերի «իրական դեմքը մերկացնելու» նպատակով, իբրեւ թե` հայերն ադրբեջանցիներին «հալածել» են ոչ միայն պատմականորեն, ոչ միայն Արցախում, այլեւ շարունակում են «հալածել» անգամ եվրոպական մայրաքաղաքներից մեկում ու անգլերեն լեզվի դասընթացների ժամանակ: 

Անհաջող հորինված միջադեպը

Ռամիլ Սաֆարովի վկայությամբ «հայերի վերաբերյալ վաղօրոք կայացված մահավճռի» իրականացումն ընդամենն արագացրել է «ողջույնի միջադեպը», այն դեպքում երբ ինքը հայ սպաների հետ որեւէ շփման կամ վեճի դրվագ չի հիշատակում իր ցուցմունքում: Ավելին, պատմելով այն  մասին, թե ինքը անգամ չի պատասխանել հայերի բարեւին, Սաֆարովն ուղղակի անհերքելի ապացույց է տրամադրել նրանց հետ հարաբերությունների բացակայության մասին:

Հայ ու ադրբեջանցի սպաների միջեւ կոնֆկլիկտի բացակայության փաստը համատարած հաստատել են նաեւ ցուցմունք տված այլազգի մյուս զինվորականները: Առաջին հերթին կարեւոր է դասընթացների ավելի քան 38 օրերի զգալի մասը Գուրգեն Մարգարյանի հետ անցկացրած հուգարացի Կուտի Բալազի ցուցմունքը, ում հետ Գուրգենը մնում էր միեւնույն սենյակում ու սովորում նույն` ուժեղների խմբում:

Գուրգենին բավականին դրական, հոգատար ընկեր ու խաղաղ մարդ բնութագրելով, նա պատմել է. «Մեր հարկում, բացի հունգարացիներից, կային նաեւ սերբեր, ուզբեկներ եւ այլ ազգության մարդիկ, սակայն երեբեւ որեւէ կոնֆլիկտ տեղի չի ունեցել: Երբ մենք նոր էինք ծանոթացել, խոսակցություն եղավ միջազգային տարբեր հարցերի շուրջ, բայց դրանցից հետագայում ոչ մեկ չխոսեց: Գուրգենը շատ քիչ խոսեց հայ-ադրբեջանական հարցի մասին, բայց դրանից հետո այդ կարգի որեւէ զրույց չեղավ անգամ մեր երկուսի միջեւ: Անար անունով մի տղա նույնպես սովորում էր մեր խմբում, եւ այն բանից հետո, ինչ տեղի ունեցավ (հավանաբար խոսքը հայ-ադրբեջանական կոնֆլիկտի շուրջ փոքր խոսակցության մասին է) ես հայտնաբերեցի, որ նա ադրբեջանցի է, եւ նշեցի, որ նա եւ տուժողը պետք է միմյանց հետ հաճախ խոսեն: Ես որեւէ լարվածություն չեմ նկատել Գուրգենի ու ադրբեջանցու հարաբերություններում: Գուրգենը նույնպես դրա մասին չի հիշատակել»:

Հունգարացի սպան մի ուշագրավ բան էլ պատմում. «Քննիչն ինձ ցույց տվեց Սաֆարովի լուսանկարը: Ես բացատրեցի, որ դա այն անձը չէ, ում հետ ես կուրսերին եմ մասնակցում, այլ դա այն անձն է, ով կացինը ձեռքին կանգնած էր իմ սենյակում ու հարվածներ էր հասցնում իմ ընկերոջը»: Այսինքն, օրվա մեծ մասը Գուրգենի հետ անցկացրած հունգարացի սպա Կուտի Բալազը Ռամիլ Սաֆարովին գիտեր իբրեւ մարդասպան, ըստ երեւույթին` ավելի շատ ոճիրից հետո, բայց ոչ իբրեւ իրենց հետ կուրսերին մասնակցած սպա: Այսպիսով, Գուրգեն Մարգարյանը իր սենյակցու հետ ոչ միայն չի խոսել հայ-ադրբեջանական դիմակայությունից, այլեւ ադրբեջանցի սպաների հետ որեւէ միջադեպից: Իսկ Կուտի Բալազն էլ ոչ առանձին է ճանաչել Ռամիլ Սաֆարովին, ոչ էլ, ասենք տեսել կամ լսել է, որ Գուրգենը նրա հետ «միջադեպ» է ունենում:   

Դրա պատճառն այն էր, որ Կուտի Բալազի ու Գուրգեն Մարգարյանի հետ անգլերենի նույն խմբում սովորում էր ոչ թե Ռամիլ Սաֆարովը, այլեւ հայ երկրորդ սպան` Հայկ Մակուչյանն ու Ադրբեջանի հատուկ զորքերի սպա եւ հետախույզ Անար Ալիեւը: Եւ Կուտի Բալազը հիշատակում է հայ սպաների ու Անար Ալիեւի, բայց ոչ Ռամիլ Սաֆարովի միջեւ շարունակություն չունեցած զրույցը հայ-ադրբեջանական թեմայով:

Ցուցմունքում ադրբեջանցի սպա Անար Ալիեւը իր, Ռամիլ Սաֆարովի, հայ սպաների հետ հարաբերությունների մասին ասել է. «Ես ուժեղների խմբում էի, այդ իսկ պատճառով մենք սովորում էինք տարբեր խմբերում, իսկ ինքը` (Ռամիլը-հեղ.) թույլ խմբում: Ես արդեն եղել եմ տարբեր երկրներում, ու իմ համար շատ կարեւոր էր անգլերեն լեզվին լավ տիրապետելը: Այդտեղ սովորում էին միայն սպաներ, հետեւաբար ես չէի կարող ենթադրել, որ ինչ-որ տեղական կոնֆլիկտների պատճառով պրոբլեմներ կլինեն: Իմ համար շատ կարեւոր էր կրթությունը, իսկ Ռամիլի համար միեւնույնն էր»: Ասել է թե` Ռամիլ Սաֆարովը Գուրգեն Մարգարյանի ու Հայկ Մակուչյանի հետ որեւէ շփում ունենալու ավելի քիչ հնարավորություն է ունեցել, քան Անար Ալիեւը: Անարն ինքն էլ անուղղակի ակնարկում է «ինչ-որ տեղական կոնֆլիկտ»,` կամ ղարաբաղյան հակամարտության թեմայով իրենց չշարունակված զրույցը, կամ պարզապես բուն հակամարտությունը, սակայն, «զարմանք հայտնելով», որ դրա արդյունքում «պրոբլեմներ կլինեն»....

Լիտվացի սպա Սաուլյուս Պաուլյուսն էլ, ում բարձրացրած աղմումը Գուրգեն Մարգարյանի սպանությունից հետո տապալել էր մարդասպանի` երկրորդ հայ սպային սպանելու պլանը եւ դրանով իսկ փրկել Հայկ Մակուչյանի կյանքը, իր  ցուցմունքում նշում է. «Լարված մթնոլորտի պատճառը (նրանք չէին բարեւում միմյանց) երկու երկրների միջեւ կոնֆլիկտն էր: Ինչ վերաբերում է տղաների միջեւ հարաբերություններին, ապա ես այդպիսի բան չեմ նկատել: Ուսանողների մեջ խոսակցություններ էին ընթանում, որ ադրբեջանցի տղաները նեղացած են հայերի վրա, բայց ոչ կոնկրետ այդ երկու ուսանողների վրա, այլ ընդհանրապես…»: Այս մի վկան էլ, հաստատում է մարդասպանի ասածը հայ սպաների ու Ռամիլ Սաֆարովի` միմյանց չբարեւելու, ասել է թե` որեւէ շփում չունենալու փաստը:

Հայ սպաների կողմից ադրբեջանցիներին վիրավորելու միջադեպը հունգարական մի թերթում բացառել է նաեւ Զրինի Միկլի ինստիտուտում սպաների անգլերենի ուսուցման ծրագրի ռեկտորը, նշելով, որ «հայ եւ ադրբեջանցի սպաները լավ հարաբերությունների մեջ են եղել եւ հաճախ են կատակել միմյանց հետ»: Ակնհայտորեն ադրբեջանցիներից խոսքը վերաբերում է Անար Ալիեւին, քանի որ մարդասպանն ինքն է խոստովանել, որ անգամ հայ սպաների բարեւին չի պատասխանում, էլ ուր մնաց` կատակեր:

Ինչպես նկատում ենք Ռամիլ Սաֆարովի ցուցմունքներից, Անար Ալիեւի այս պահվածքը այնքան էլ մարդասպանին դուր չի եկել, ինչի կապակցությամբ նա նշել է. «Ինձ թվացել է, որ նա (Անարը-հեղ.) անգամ չի նկատել կամ չի ցանկացել նկատել հայերի սանձարձակությունները»: Եթե հայ ու ադրբեջանցի սպաներին մոտ կանգնած այլազգիները նշում են, թե հայ-ադրբեջանական թեմայով զրույց Անարի ու հայ սպաների միջեւ ընդամենը մեկ անգամ է եղել, ու դրանից հետո ոչ մեկը չի շարունակել այն, բնական էլ ենթադրել, որ ռեկտորի հիշատակած «հաճախակի» կատակները նրանց միջեւ վերաբերել են ոչ քաղաքական թեմաներին, իսկ Սաֆարովի բնութագրմամբ` դրանք եղել են «սանձարձակություններ»:

Հարցաքննության վերջնամասերում, կրկին մոռանալով «միջադեպը», մարդասպանն իր արարքներն ու գործողությունները վերստին բացատրել է հայերի հանդեպ ընդհանրական ատելությամբ, դրա հետ միասին եւս մեկ անգամ նշելով, որ հայատյացության հիմքի վրա «վրիժառությանը նախապատրաստվել է վաղօրոք, մինչեւ փետրվարի 18-ը ու շատ երկար ժամանակ: Երբ քննիչը նրան հարց է ուղղում, թե Գուրգեն Մարգարյանի սենյակում սպանությունն իրականացնելուց ու ծխելուց հետո ինչո՞ւ է ծխախոտը նրա վրա նետել, նա պատասխանում է. «Քանի որ ես նրանց շատ եմ ատում եւ ես վրիժառության նախապատրաստվել էի շատ երկար, դա ինձ թեթեւացրեց ու հանգստացրեց: Քանի որ այդ ժամանակ նրա մասին չէի մտածում, ու նշանակություն չուներ, թե ես ծխախոտը գետնին եմ գցում, նրա անկողնում, թե՞ նրա աչքերին» (ոճրագործի պատմելով ծխախոտի մնացորդը նետել է սպանված Գուրգեն Մարգարյանի կրծքին, որտեղից ընկել էր նրա գիշերանոցի վրա):

Գիտեր, որ դուռը գիշերը բաց է լինում, հունգարացին լավ տղա է, որ առաջինը Գուրգենին պետք է սպաներ

Այս ամենից հարց է ծագում. եթե մարդասպանը գաղափարաբանորեն, հոգեբանորեն ու հմտությունների առումով միանգամայն նախատրամադրված, նախապատրաստված ու վարժեցված էր ցանկացած պահի, վայրում ու գործիքով հայ սպանելուն, եթե մինչեւ «հորինված միջադեպն էլ» որոշել էր սպանել երկու հայերին, եւ իրականությանը համապատասխանում է այն, որ հանցագործության գործիքները` կացինը, դանակը, սրոցաքարը նա գնել ու սպանության համար պատրաստ վիճակի է բերել սպանության նախորդ օրը` փետրվարի 18-ի երեկոյան, ինչպես այս ամենի մասին ինքն է խոստովանել, ապա ի՞նչ «երկար նախապատրաստության» մասին է նա խոսում:

Դժվար չէ եզրահանգել, որ նա առնվազն պետք է «հետախուզած» լիներ, թե ո՞ր սենյակներում են ապրում հայ սպաները, ինչպիսի՞ն է նրանց շարժը հանցագործությանը նախորդող ժամանակահատվածում, առաջինն ո՞ւմ պետք է սպանել եւ ինչո՞ւ, ե՞րբ եւ ինչպե՞ս պետք է ներխուժի նրանց սենյակ, ո՞վքեր են նրանց սենյակցիները (քանի որ հայ սպաները նույն սենյակում չէին մնում), եւ նմանատիպ այլ հարցեր:

Առաջին իսկ հարցերի կապակցությամբ Սաֆարովը պատմում է. «Կացինը գնելուց` ժամը 19:00-ից հետո վերադարձա Hungaria. krt.-ի հանրակացարանը: 219/A-ի իմ սենյակում միայնակ էի, քանի որ իմ սենյակցին` ուկրաինացի զինվորը մեկնել էր տուն` իր հարազատներից մեկի մահվան պատճառով: Ես կացինը, դանակը ու սրոցաքարը թաքցրեցի անկողնուս տակ: Դրանից հետո կատարեցի անգլերենի տնային աշխատանքս, բանալիով փակեցի դուռս եւ սկսեցի սրել (կացինը, դանակը-հեղ.): Դրանից հետո դուրս եկա միջանցք` լոգարանում ծխելու: Արթուն մնացի մինչեւ լուսադեմի ժամը 5-ը, ու ընդհրանրապես չեմ քնել, այնուհետեւ վերցրեցի կացինը, դանակը դրեցի աջ գրպանս: Այդ կանուխ ժամանակն ընտրելու պատճառն այն էր, որ ինչպես ես գիտեմ, դա այն ժամն է, երբ խորը քուն են մտնում, երբ փոքր աղմուկից չեն արթնանում, ու նաեւ ես պետք է վստահ լինեի, որ մարդը, ում ես ուզում եմ սպանել, այնտեղ քնած է, քանի որ նրա սենյակցին Հունգարիայի քաղաքացի է: Ես չէի ուզում նրան ցավ պատճառել, քանի որ նա իսկապես լավ տղա է: Իմ նպատակն առաջինն այդտեղ գնալն էր, քանի որ դա մոտ էր իմ սենյակին, եւ երբ նրա հետ ավարտեի, ետ էի գալու միջանցքի վերջը: Դրա մյուս պատճառն այն էր, որ նա, ում ուզում էի սպանել, մկանուտ է, ավելի աթլետիկ կառուցվածքով եւ ես որոշեցի նրանից սկսել»:

Նկատելի է, որ Ռամիլ Սաֆարովը գիտեր Գուրգեն Մարգարյանի սենյակի տեղը (այն իրեն մոտ էր): Հանցագործության ժամի ընտրության պատճառը ոչ միայն իր նկարագրածն է, այլ նաեւ այն վստահությունը, որ երկու զոհերն էլ իրենց սենյակում ու քնած կլինեն, հետեւաբար կոնկրետ այդ պահին նրանց շարժին հետեւելու կարիքն էլ չկա: Բացի մարդասպանին ավելի մոտ լինելը, Գուրգեն Մարգարյանը առաջին թիրախ էր դառնում նաեւ իր սպորտային կազմվածքի պատճառով, որպեսզի երկրորդ հայ սպային սպանելու ժամանակ նա արդեն մահացած լիներ, այլ ոչ թե հակառակը` արթնանար մյուս հայ սպայի հանդեպ ոճրագործության աղմուկից հետո` դրանից բխող բոլոր հետեւանքներով:

Բացի ասվածը, Գուրգենի` առաջին թիրախ լինելու հետ կապված մեկ այլ ենթադրություն է ծագում Ռամիլ Սաֆարովի այն դժգոհությունից, որ նա  հայտնում է հայ սպաների հետ հայ-ադրբեջանական թեմայով զրույց ունեցած Անար Ալիեւի վերաբերյալ, ով ոճրագործի տպավորությամբ «անգամ չի նկատել կամ չի ցանկացել նկատել հայերի սանձարձակությունները»: Հստակեցնելու համար հայտնածս կասկածը, նշեմ, որ թվում է, թե ավելի վաղ Ռամիլ Սաֆարովն ու Անար Ալիեւը զրույց են ունեցել, որի ընթացքում Անարը Ռամիլին պատմել է հայերի հետ իր զրույցը հայ-ադրբեջանական թեմայով ու կատակները, իսկ Ռամիլն էլ Անարին հանդիմանել է, թե ինչո՞ւ վերջինս հայերի հետ հարաբերություններում իրեն «հավուր պատշաճի»` «իսկական ադրբեջանցու նման չի պահում», «ինչո՞ւ չի նկատում նրանց սանձարձակությունները», «ինչո՞ւ է վախենում արժանվույնս պատասխանել հայերին»: Տպավորություն կա, որ Սաֆարովը կամ հարցին սպառիչ պատասխան չստանալով, կամ Անարի տված պատասխանից ենթադրել է, որ նա վախենում է հայ սպաներից, ու հատկապես «մկանուտ, ավելի աթլետիկ կառուցվածքով», հանրակացարանի մարզասրահում մշտապես մարզվող Գուրգեն Մարգարյանից (ցավոք այս եւ բազմաթիվ այլ հարցերի նախաքննությունն ու դատաքննությունը պատասխան չեն տվել): Իսկ դա նրան եւս մեկ պատճառով էր առաջին թիրախ դարձնում:    

Հանրակացարանի հարկաբաժնում ավելի մոտ լինելով Գուրգեն Մարգարյանի սենյակին, մարդասպանը չէր կարող չիմանալ նաեւ մի շատ էական հանգամանք, որի մասին պատմում է Գուրգենի հունգարացի սենյակցին. «Ես պետք է ասեմ, որ մենք երբեք գիշերները չենք փակել մեր դուռը, այլ` միայն այն ժամանակ, երբ բացակայում էինք երկար ժամանակով»: Սա ավելի էր հեշտացնում Գուրգենի սենյակ ներխուժելը, քանի որ մեծ հավանականությամբ եւ ինչպես միշտ, դուռը կարող էր բաց լինել, ի տարբերություն Հայկ Մակուչյանի սենյակի, որի դուռը մշտապես փակ է եղել: Այս կարեւոր դետալների մասին չէր կարող չիմանալ հանցագործությանը «երկար նախապատրաստված» մարդասպանը: Ու բոլոր տեսակի ռիսկերը բացառելու համար էլ նա նաեւ եւս մեկ պատճառով էր հանցագործության գործիք ընտրել կացինը, քանի որ այն կարող էր պետք գալ նաեւ այն դեպքում, եթե պարզվեր, որ Գուրգենն ու Կուտին այդ գիշերը դուռը «կանոնից դուրս» փակել են…

Ռամիլ Սաֆարովի հարցաքննության մեջ բացառիկ են քննիչի ուղղած հարցերը, որոնք նա շրջանցում է եւ ուղիղ պատասխաններ չի տալիս, ինչի համար էլ այդպիսի հարցադրումները չափազանց կարեւորն են դառնում: Այդպիսիներից է քննիչի այն հարցը, թե` «Դուք գիտե՞ք այն մարդկանց անունները, ո՞ւմ վրա հարձակվել եք կամ ցանկանում էիք հարձակվել»: Նա ոչ ավել ոչ պակաս այս պարզ ձեւակերպված հարցին պատասխանում է. «Ես հասա այն միջանցքի միջնամասը, որտեղ որ պետք է գնայի, փորձեցի բացել դուռը, այն բացվեց, այն փակ չէր: Ես միացրեցի լույսը եւ սենյակում տեսա հետեւյալը. դռնից մտնելիս ձախ մահճակալում հայն էր պառկած` դեմքով դեպի պատը: Հունգարացին աջակողմյան մահճակալին էր, եւ ես ուշադրություն չդարձրեցի, թե նա ինչ դիրքով է պառկած: Երբ ես լույսը միացրեցի, հայը շրջվեց դեպի ետ` փորձելով աչքերը բացել, բայց այդ ժամանակ ես կացնի հարթ երեսով հարվածեցի նրա ճակատին: Այդ ժամանակ   հունգարացի տղան արթնացավ ու ինձ անգլերենով ասաց` «Խնդրում եմ, խնդրում եմ.. (շարունակությունը Սաֆարովի հարցաքննության հունգարերեն տեքստում անընթեռնելի է եղել, թեպետ այս հատվածի կապակցությամբ Կուտի Բալազը պատմել է, որ «Ես վեր թռա անկողնուցս ու հունգարարեն, ոչ անգլերեն նրան ասացի` “Դադարացրու, ի՞նչ ես անում» -հեղ.): Ես ասացի, որ սա իր գործը չէ, սա հայերի ու ադրբեջանցիների խնդիրն է: Դրանից հետո ես կացինը շրջեցի սուր ծայրով ու հարվածեցի վզի միջնամասին, ու էլ չգիտեմ թե որտեղ, բայց նրա ոտքին նույնպես հարվածեցի»:

Արդեն իսկ նկատելի է, որ Սաֆարովը դետալ առ դետալ մշակված սպանությունն ի կատար է ածել հենց փետրվարի 19-ին ոչ թե նախօրեի երեկոյան «ողջույնի» հորինված «միջադեպի», այլ առաջին հերթին` այն պատճառով, որ նրա ուկրաինացի սենյակցին է բացակայել, ով գնացել էր հարազատի թաղման արարողությանը մասնակցելու… Եւ հետեւաբար ակնհայտ է վերջնական որոշում ընդունելու հանգամանքը. դրանից ավելի հարմար պահ չկա հանցագործությունը կատարելու համար, եւ միգուցե հնարավոր չլինի այն իրականացնել փետրվարի 26-ին, ինչպես պլանավորված էր:

Չեմ կարող անգամ բացառել, որ թիրախ սենյակին` 218/a-ին մոտ ապրող Ռամիլ Սաֆարովը անգամ տեղյակ էր, որ այդ օրերին Գուրգենի սենյակցին` հունգարացի Կուտի Բալազը վատառողջ է, ով փետրվարի 18-ին երեկոյան ժամը 8:00-ից սկսել է ֆուտբոլ դիտել, երկրորդ խաղակեսից հետո նրան է միացել մարզադահլիճից վերադարձած Գուրգենը, ապա խաղը միասին քննարկելուց հետո նրան խնդրել է «գնալ հայկական երկրորդ սենյակ` ջուր եռացնելու, քանի որ նա (Հայկ Մակուչյանը-հեղ.) եռացնող սարք ուներ, իսկ ես բորբոքված անգինա ունեի եւ ցանկանում էի տաք թեյով դեղահաբ ընդունել»: Գուրգենը բերել է եռացրած ջուրը, Կուտին խմել է թեյն ու լոգանք ընդունել, ապա մեկ ժամ հեռուստացույց նայել: Իսկ Գուրգենը երկրորդ անգամ Հայկ Մակուչյանի սենյակ է գնացել մոտավորապես երեկոյան 9:30-ին (այնտեղից նա վերադարձել է, երբ Կուտին քնած է եղել ու շարունակել է պարապմունքը մինչեւ կեսգիշեր): Մինչ Կուտին ու Գուրգենը ֆուտբոլ են դիտել ու քննարկել, ապա` Գուրգենը ներսուդուրս է արել, գրեթե նույն այդ ընթացքում ոճրագործը, դասերն է աևրել, դուռը փակել ու սրել է կացինը, ապա դուրս է եկել միջանցք ու գնացել լոգարան` ոչ այնքան ծխելու, ինչպես ինքն է ասում, որքան «հետախուզելու» Հայկի սենյակ գնացող-եկող Գուրգենին, ինչը թաքցնում է…   

Նկատելի է, որ Ռամիլ Սաֆարովը ուղիղ չի պատասխանում իրեն տրված հատկապես վերոնշյալ հարցին, թե արդյոք գիտեր 218/a. սենյակում բնակվողներին ու նրանց անունները: Եթե դա ասեր, ապա կարող էր այդ կամ հաջորդող հարցաքննությունների ընթացքում հետեւել քննիչի այն հարցը, թե որտեղի՞ց ու որքանո՞վ էր ճանաչում նրանց: Իսկ ինքն էլ, քանի որ շփում չէր ունեցել նրանց հետ, ստիպված էր լինելու հնչեցնել Կուտիի, Գուգենի ու Հայկի հետ հետ նույն խմբում սովորած մյուս ադրբեջանցի սպայի` Անար Ալիեւի անունն ու նրանից լսած կարծքիները` ներչքաշելով քրեկան գործում: Եթե Սաֆարովն Ալիեւի անունը չտար. ապա չէր կարողանալու հիմնավորել, թե ինչպե՞ս ու ինչ հանգամանքներում է ինքը ճանաչել Կուտի Բալազին իբրեւ «լավ տղա», մինչդեռ վերջինս իրեն` ոչ, ինչպես եւ նշել է իր ցուցմունքում: Դրա համար բավարարվում է մի տեղ նշելով, թե գիտեր, որ Կուտին «Հունգարիայի քաղաքացի է» (բնականաբար  հաստատ ոտնձգություն չէր անի ողջ երկիրն իր դեմ չհանելու համար), ապա նշելով, որ նա «լավ տղա է» ու «չէր ցանկանում ցավ պատճառել»:

Այն որ Կուտի Բալազը «լավ տղա է», կարող էր Սաֆարովին պատմած ու ասած լինել միայն նրան ճանաչող, հետախույզ Անար Ալիեւը, ում առնչությունը հանցագործությանը Սաֆարովը իսպառ բացառեց հենց իր առաջին ցուցմունքում: Բայց նա տեղյակ չէր սարսափելիից` որ Անար Ալիեւն իր ցուցմունքներում հակասություն է թույլ տալու, ու ասելու է, որ նախապես տեսել է հանցագործության գործիքները, որի պատճառով էլ ադրբեջանական կողմի որոշմամբ «վկան» մեկընդմիշտ անհետացվելու էր թե գործի քննությունից, թե իսպառ…

Բացի այդ Սաֆարովը թույլ էր տվել մեկ այլ խոշոր վրիպում. չէր հորինել հայերի հետ շատ ավելի լուրջ «միջադեպ», որը նրանից ակնկալում էին Բաքվում: Ինչպես նաեւ` այնպես էր աքլորացել ու այնքան սփաթ էր ցուցմունք տվել, որ միջադեպի կամ պատմական թշնամանքի թողած հետքի ազդեցությամբ հանցագործության պահին աֆեկտի կամ սթրեսի տակ գտնվելու պահը իսպառ բացառվելու էր թե իր ցուցմունքներով, թե նշանակված բժշկական փորձաքննությունների եզրակացություններով:          

Շարունակությունը հաջորդիվ 

Ստյոպա Սաֆարյան,

Վերլուծաբան 

Մեկնաբանություններ (1)

Arman
Why are you bothered with a representative of a sick nation who has killed our fellow citizen? Turn on Armenian television (Armenia TV) and see how a group of Armenians are speaking Russian on national television. I am wondering, what would Armenians in France or the US think when they see that program? All those parents who tell their children not to forget Armenian. I was also wondering how I should approach this phenomenon. Should I see those Armenians who speak Russian on Armenian tv and where there are not even Armenian subtitles, as mere slaves? Or should I see them as an embodiment of something bigger, an embodiment of cosmopolitism. Or is this a sign of longing to the 'good old' Russian times? Is this just a way how nations who have been treated as inferior and as slaves behave even after they gain independence? Is this a lack of self-respect? Or is there nothing wrong with speaking the language of your former masters on national television without any translation in Armenian? You demand respect for the Armenian language in Georgia. How can you demand this? You do not even have respect for your own language. I am writing this comment in English. I can read and write Armenian as well. But I do not want to write in the language of slaves.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter