HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկական գյուղերը՝ վտանգավոր սողանքային գոտում (վիդեո)

Սողանքների ակտիվ օջախներում գտնվող գյուղերի բնակիչների համար միակ ելքը վերաբնակեցումն է: 

Ամեն տարի ձնհալի ժամանակաշրջանը Ողջաբերդի բնակիչները սարսափով են անցկացնում. գյուղն ամեն վայրկյան կարող է գետնի տակ անցնել, եւ սա միայն ժամանակի հարց է:

Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղը, որը մայրաքաղաք Երեւանից ընդամենը 20 կմ է հեռու, Հայաստանի 3 հազար տարբեր չափերի սողանքային ամենաակտիվն օջախներից մեկն է: 1017 բնակիչ է ապրում գյուղում, այդ թվում` 170 երեխա:

Ողջաբերդի բոլոր տներն են վթարային: Հողը հոսում է, տները` իջնում, պատերը` ճաքեր տալիս եւ հետզհետե փլուզվում:

Ողջաբերդի սողանքը շարունակական եւ դանդաղ է տեղաշարժվում, սակայն երկրաշարժը, առատ տեղումները կամ մարդկային միջամտությունը կարող են նպաստել, որ սողանքն ակտիվանա:

Ակտիվ սողանքային տեղաշարժերը Ողջաբերդում սկսվել են 70-ական թվականներին,  երբ Ազատ գետի ջրերն ուղղորդվել են գյուղ` առատորեն տրամադրվելով տնտեսություններին: Մինչ այդ, գյուղ մտնող ջուրը միայն լեռնային փոքր աղբյուրներից էր գոյանում: Սողանքներն առավել ակտիվացել են 1980-ականների վերջին, իսկ 1990-93թթ. սողանքն ընդգրկել է գյուղի ողջ տարածքը: 

Ողջաբերդում Գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանական գիտությունների ինստիտուտի իրականացրած վերջին` 2005-2006թթ. ուսումնասիրությանը մասնակցել է նաեւ ինստիտուտի ավագ գիտաշխատող, երկրաբանական գիտությունների թեկնածու Հայկ Բաղդասարյանը: Նա ասում է, որ Հայաստանի համար Ողջաբերդը բավականին մեծ սողանք է` զբաղեցնում է ավելի քան 500 հա տարածք, զարգացած է կավային գրունտների մեջ:

«Գյուղի կառուցապատված հյուսիս-արևելյան մասի տարածքում, սողանքի պոկման պատի տիրույթում, արձանագրվում են մեծ չափերի հասնող առանձին պոկված քարաբեկորներ, նկատվում են քարաթափումների կուտակումներ, ըստ երևույթին դրանք երկրաշարժի հետևանքով են փլուզվել: Փաստերը վկայում են այն մասին, որ տները վտանգված են: Եթե երկրորդ երկրաշարժ եղավ, առանձին քարարաբեկորներ կարող են պոկվել ու հասնել այդ տներին»,- ասում է նա:

Գյուղի մանկապարտեզը եւ մշակույթի տունը վաղուց են հիմնահատակ փլուզվել: Ողջաբերդի 3 դպրոցներն էլ վթարային են եւ արդեն 8 տարի է՝ չեն գործում: 82 դպրոցահասակ երեխա շարժական տնակներում է դասերն անցկացնում:

Հարութ Մարգարյանի տունն ամբողջությամբ փլուզվել է, եւ երեք անչափահաս երեխաներից բաղկացած ընտանիքը մնացել է փողոցում: Գյուղապետարանը ստիպված է եղել բուժկետը տեղափոխել շարժական տնակ, իսկ նախկին տարածքը տրամադրել Մարգարյանների ընտանիքին:

Ողջաբերդի համայնքապետարանի հաշվապահ Հայկանուշ Բաբայանը պատմում է, որ Ողջաբերդի այգիների 70 տոկոսը չի մշակվում, 1270 հա-ից 700 մետր բանջարեղեն է մշակվում ընդամենը, ցորենի դաշտերը չեն մշակվում, հիմնականում խոտհարքներ են հնձվում, այն էլ միայն ձեռքով, որովհետեւ տեխնիկա օգտագործել չի թույլատրվում: Գյուղացիների միակ հույսը տնամերձ հողամասերից ստացված բերքն է:

Ողջաբերդով է անցնում Երեւան-Գառնի ավտոճանապարհը, որը զբոսաշրջության տեսակետից խիստ կարեւոր է, սակայն ճանապարհն էլ ժամանակ առ ժամանակ փլուզվում է:

«Մի շաբաթ առաջ ամբողջ մայրուղին վերանորոգել են, հիմա նույն ուղղությամբ նորից փլուզվում է: Մեր գյուղին ապագա չկա»,- ասում է Հայկանուշ Բաբայանը:

Ողջաբերդ համայնքը զարգացման ոչ մի հեռանկարային ծրագիր չունի: Գյուղացիներն ազատված են հողի հարկից, համայնքը բյուջե գրեթե չունի, միայն մեքենաներից գոյացող գույքահարկն է (1.2 մլն դրամ) եւ պետության տրամադրած սուբսիդիան (8 մլն դրամ), որը բավարարում է միայն համայնքապետարանի աշխատակիցների աշխատավարձը վճարելուն եւ սոցիալապես անապահով որոշ ընտանիքներին օգնելուն: 

«Սողանքը կանգնեցնել, կայունացնել մեր օրերում դժվար է»,- ասում է Հայկ Բաղդասարյանը: Հակասողանքային միջոցառումներ կիրառելը Ողջաբերդի մեծ չափերի սողանքի համար մասնագետը մեր օրերում իրատեսական չի համարում, նախ՝ որովհետեւ պահանջվում են մեծ ֆինանսական, նյութական, աշխատանքային ռեսուրսների ներգրավում, եւ շատ հաճախ սպասված ու ցանկալի արդյունք չի ստացվում, առավել եւս հետագայում նույնպես սողանքի ակտիվացումը չի բացառվում: Ավելի նպատակահարմար է հետզհետե վերաբնակեցնել բնակիչներին, որը եւ փորձում են իրականացնել:

Համայնքի ղեկավար Նորայր Մելքոնյանն ասում է, որ 140 ընտանիք փուլ առ փուլ պետության կողմից ստացել է աջակցություն: Սկզբից տրվել է միանվագ օգնություն միայն տանտիրոջը` շուրջ 10 մլն դրամի չափով` կապված տան մեծության եւ կից կառույցների, շինությունների հետ: Այնուհետեւ` բնակարանի սերտիֆիկատներ: Վերջին փուլում 4 ընտանիքի է բնակարան տրամադրվել:

Սակայն վերաբնակեցման գործընթացը դանդաղում է սուղ ֆինանսական միջոցների պատճառով: Բնակիչների անհատական դիմումներին կամ գյուղապետի պաշտոնական գրություններին նույն պատասխանն է եկել. եթե մոտակա տարիներին գումար լինի, ուսումնասիրություն կկատարվի, կտարբերակվեն առավել անկայուն տները եւ առաջնահերթ կփոխհատուցեն դրանց:

Գյուղապետ Մելքոնյանն ասում է, որ գյուղում 140 տուն մնացել է, որոնց դեռ պետությունը չի փոխհատուցել: 140 տնից 100-ում երիտասարդ ընտանիքներ են ապրում, բայց նրանց չեն հաշվառվում, որովհետեւ առանձին չեն ապրում: Գյուղում նորակազմ ընտանիքներն առանձնանալ չեն կարող, քանի որ նոր տուն կառուցել չի թույլատրվում, որեւէ տիպի շինարարությունն արգելված է Ողջաբերդում:

Մելքոնյանի խոսքերով՝ այդ ընտանիքներում եղած առանձին ծխերին, օրինակ` ամուսնացած որդիներից մեկի ընտանիքին, հավելյալ գումար չի տրամադրվել: Այդ պատճառով ընտանիքի մի մասը շարունակում է ապրել նույն վթարային տանը: 

Ավագյանների ընտանիքին ընդամենը 10 հազար դոլար փոխհատուցում է տրվել: Այդ գումարով Ջրվեժում կարողացել են  միայն հող գնել: Ավագյան եղբայրներից մեկն իր ուժերով փոքրիկ տնակ է կառուցել այնտեղ եւ տեղափոխվել, մյուս եղբոր ընտանիքը` 72-ամյա մոր հետ դեռ գյուղում է ապրում: 

Գյուղի վերնամասի վերջին տունը Զադոյաններինն է: Սողանքային ժայռի տակ վթարայնության 3-րդ կարգ ունեցող տանը Նելլի եւ Էդվարդ Զադոյանները 13 երեխա են մեծացնում, 11-ը` անչափահաս: Այժմ սպասում են 14-րդ երեխայի լույս աշխարհ գալուն: Նելլիի աչքերը խոնավանում են, երբ հիշում է ժայռից գլորվող հսկա բեկորի մասին, որը հրաշքով կանգ է առել տան մոտ, այլապես փրկվելն անհնար կլիներ: 

Նրա ամուսինը՝ Էդվարդ Զադոյանն ասում է, որ իրենք չեն կարող տեղափոխվել այդ տնից, որովհետեւ իրենց չեն փոխհատուցել եւ մոտ ապագայում չեն էլ տարհանի, քանզի գյուղում ավելի վատթար պայմաններում ապրողներ կան:

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տարերային աղետների բաժնի պետ, փոխգնդապետ Արթուր Մուրադյանն ասում է, որ գումար ստացած ընտանիքները նախկինում ոչ մի պարտավորություն չեն կրել, եւ գումարը հաճախ նպատակային չեն օգտագործել, այդ պատճառով գյուղում դեռ շարունակում են ապրել գումար ստացող բնակիչներ: Դրանից հետո գումարը տրամադրվում է երկու փուլով` 40%-ը ստանում են եւ ազատում տարածքը, իսկ հետո, երբ վթարային տունը քանդվում է, փոխհատուցման մնացած 60%-ն է տրամադրվում:

Այսօր Հայաստանում կա ավելի քան 3 հազար տարբեր չափերի սողանքային օջախ: Բացի Ողջաբերդից, ամենաակտիվներից են Հաղարծինը, Կապանը, Դիլիջանը, Գոշը, Գնիշիկը, Օձունը եւ այլ վայրեր: 233 բնակավայր Հայաստանում սողանքավտանգ տեղամասերում է, որից 123-ը առավել վտանգավոր է: Սողանքներն առավելապես տարածված են Դեբետ, Հրազդան, Որոտան, Ողջի, Աղստեւ, Ազատ եւ Արփա գետերի ջրավազաններում: 

Վարչապետի հանձնարարականով խնդիրը բարձրացվել է, եւ քաղաքաշինության նախարարությունում նոր աշխատանքային խումբ է ձեւավորվելու` ուսումնասիրություններ կատարելու նպատակով: Խմբում ընդգրկվելու է նաեւ Արթուր Մուրադյանը:

133 բնակավայրում առաջնահերթ կանխարգելիչ միջոցառումներ է անհրաժեշտ իրականացնել: Արթուր Մուրադյանն ասում է, որ մինչ այժմ սողանքի դեմ պայքարի շրջանակներում ծախսվող գումարներն ուղղված են եղել խիստ վթարային տներից բնակիչների վերաբնակեցմանը, կացարանով ապահովմանը: Կանխարգելիչ միջոցառումների համար 2011-12թթ.-ին միջոցներ չեն հատկացվել:

Սակայն սողանքային գոտիներում տեղի ունեցող երկրաբանական փոփոխություններն ավելի են բարդացնում իրադրությունը:  

«Այստեղ իրավիճակը ամեն ամիս է փոխվում: Ուսումնասիրություն անցկացնելուց հետո գումար է պետք, որպեսզի հանձնաժողովի եզրակացությունն իրագործելի լինի: Եթե մի քանի ամիս էլ անցնի, իրավիճակը փոխվելու է»,- ասում է Ա. Մուրադյանը:

Ինչ վերաբերում է Ողջաբերդին, ապա տեղացիներից մեկի՝ Ռաֆիկ Ռաֆայելյանի խոսքերով, վտանգված է ոչ միայն գյուղի ապագան, այլ նաեւ անցյալը: Նա պատմում է, թե ինչպես է տեղափոխել իր ծնողների ոսկորները նախկին շիրիմից, որովհետեւ սողանքների հետեւանքով գերեզմանոցը հիմնահատակ փլուզվել է, շիրիմներն անցել են հողի տակ: Ով հասցրել կամ կարողացել է, տեղափոխել է հարազատների ոսկորները նոր գերեզմանոց, որը նույպես սողանքային է:

Լուսանկարում` Զադոյանների ընտանիքը

Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» (# 655) պարբերականից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter