HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերապահումները հրամայական էին ԱՊՀ պայմանագրի ու ՀԱՊԿ արձանագրության համար

Սեպտեմբերի 10-ին ՀՀ Ազգային ժողովում քննարկվեց, իսկ 11-ին` վավերացվեց 2011թ. հոկտեմբերի 18-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված ԱՊՀ-ում Ազատ առեւտրի գոտու մասին պայմանագիրը:  Իսկ սեպտեմբերի 13-ին` քառօրյայի վերջին նիստում մեկնարկեց 2011թ. դեկտեմբերի 20-ին Մոսկվայում ստորագրված «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների տարածքներում ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներ տեղակայելու մասին» արձանագրութան քննարկումը, որն ընդհատվեց պատգամավորների ելույթների վրա: 

Դեռեւս օգոստոսին «Ռուսական գահի բանագնացները» հոդվածաշարի ներքո վերլուծելով Հայաստան ժամանած ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաների այցերը, «Հարսնացուն հյուսիսից. Վալենտինա Մատվիենկոյի այցը» հոդվածում ուշադրություն էի հրավիրել Սերժ Սարգսյանի հետ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի զրույցի վրա: Ինչպես ռուսական կողմը բացահայտեց, «Վ.Մատվիենկոն առաջ էր քաշել ԱՊՀ-ում Ազատ առեւտրի գոտու մասին պայմանագրի եւ ՀԱՊԿ մասնակից երկրներում  ռազմական բազաներ տեղակայելու մասին Արձանագրության վավերացումն արագացնելու անհրաժեշտության հարցը: Հայաստանի նախագահը բացատրել էր, որ Հայաստանի Ազգային ժողովում այդ փաստաթղթերի վավերացման հետաձգումը կապված է խորհրդարանական ընտրությունների եւ ներկայումս արձակուրդ գնալու հետ: Սակայն, անմիջապես աշնանային նստաշրջանի մեկնարկից հետո այդ փաստաթղթերը կներկայացվեն վավերացման», հուլիսի 11-ին ռուսական կողմին հավաստիացրել էր Սերժ Սարգսյանը:

Իսկ օգոստոսի 8-ին Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպման վերլուծության մեջ («Յո՞ երթաս Երեւան «ճանապարհային քարտեզով») հիմնավորել էի, որ Կրեմլը սպասում է նախկինում Երեւանի տված խոստումների կատարմանը, որոնց թվում էին նաեւ ՀՀ Ազգային ժողովում հիշյալ պայմանագրի ու արձանագրության վավերացումը:

Մասնավորպես նշել էի, որ «ԱՊՀ ազատ առետրի գոտու մասին պայմանագրով Հայաստանը ԱՊՀ տարածքում հայտնվում է նոր կոնֆիգուրացիայով առեւտրատնտեսական կապերի մեջ, դրանով իսկ  պարտադրված մտնելով հակասությունների դաշտ մի կողմից ԵՄ-ի հետ Հայաստանի Ասոցացման համաձայնագրով, մուտքի դյուրինացված արտոնագրային ռեժիմով, Խորը և համապարփակ ազատ առեւտրի գոտով ստեղծվելիք իրավական ռեժիմի, մյուս կողմից` ԱՊՀ համանման համաձայնագրերով ստեղծվելիք ռեժիմի միջեւ: Այսինքն, այս դեպքում Մոսկվան սպասում է, որ Հայաստանն ինքը կսահմանափակի ԵՄ-ի հետ իր հարաբերությունների դաշտը` վավերացնելով «շառոտ» պայմանագիրը: Երկրորդով` «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների տարածքներում ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներ տեղակայելու մասին արձանագրությամբ Հայաստանը կրկին սահմանափակում է երրրորդ երկրների հետ իր ռազմա-տեխնիկական համագործակցության դաշտը, քանի որ այլեւս առանց Ռուսաստանի համաձայնության չի կարողանա իր տարածքում թույլ տալ այլ երկրների զորամիավորումների կամ ռազմական ենթակառուցվածքի օբյեկտների տեղակայում, անգամ` դրանց շուրջ սակարկություն: Իսկ եթե Մոսկվային նաեւ հաջողվի Երեւանին այնպես միացնել Մաքսային միությանն ու հետագայում Եվրասիական Միությանը, որ ԵՄ-ի համար անիմաստ դառնա Երեւանին իր կողմը գրավելը, ապա Հայաստանը մեկընդմիշտ մնում է ռուսական ազդեցության դատապարտված ֆորպոստ»:

Նաեւ դրանց վավերացմամբ էի պայմանավորել Վ.Պուտինի պաշտոնական այցի օրվա ազդարարումը (նշվել էր, թե այն տեղի կունենա հարմար պահի). «Իսկ թե Ռուսաստանի դաշնության նախագահ Վ.Պուտինը երբ «պահը հարմար» կհամարի պաշտոնական այցով Հայաստան գալու համար, ինչի հրավեր արդեն իսկ արել է ՀՀ նախագահը, դեռ հստակ չէ: Ամեն ինչ կախված է նրանից, թե արդյո՞ք աշնանը կայանալիք ՀԱՊԿ զորավարժությունների ժամանակ Երեւանը հասցրած կլինի վավերացնել ՌԴ-ի համար կարեւոր արձանագրությունն ու պայմանագիրը, հումանիտար ծրագրերը` տեղից շարժված կլինե՞ն, եւ արդյո՞ք խառը հանձնաժողովը մշակա՞ծ կլինի երկուստեք համաձայնեցված «ճանապարհային քարտեզը»: 

Եւ ահա, վավերացված է ԱՊՀ-ում Ազատ առեւտրի գոտու մասին պայմանագիրը: Սեպտեմբերի 12-ին ՀՀ նախագահը Անվտանգության խորհրդի նիստ հրավիրեց, որի օրակարգում էր նաեւ 2012թ. տեղի ունենալիք «Փոխգործակցություն-2012» ՀԱՊԿ համատեղ զորավարժությունների ռազմաքաղաքական փուլի հարցը, որոնք մինչ այդ հետաձգվել էին մեկ անգամ: Սեպտեմբերի 13-ին սկսվեց ՀԱՊԿ Արձանագրության քննարկումը, միջկառավարական խառը հանձնաժողովն էլ աշխատում է: Ասել է թե` ՌԴ նախագահի պաշտոնական այցը սարերի ետեւում չէ եւ Երեւանը թափով նախապատրաստվում է այդ այցին: Սակայն, դրան չէ, որ ուզում եմ անդրադառնալ…  

ԱՊՀ պայմանագիր. Մեկ քայլ դեպի Եվրասիական միությո՞ւն

ԱՊՀ-ում Ազատ առեւտրի գոտու մասին պայմանագրի քննարկումն Ազգային ժողովում ուղղակի լուրջ մտահոգությունների տեղիք տվեց, քանի որ երկրի բարձրագույն քաղաքական մարմնում ըստ էության բազմակողմանիորեն չարծարծվեցին պայմանագրի հետ կապված այն հեռահար նպատակները, որոնք փայփայում է Ռուսաստանը: Այդ առումով չքննարկվեց նաեւ պայմանագրի միջազգային ու տարածաշրջանային կոնտեքստը: Իսկ խորհրդարանն էլ գործադիրից չպահանջեց առավելագույնս հստակ ու միարժեք դիրքորոշումներ հայտնել պայմանագրի վավերացմանը հաջորդելիք հնարավոր զարգացումների կապակցությամբ: 

Մինչեւ պայմանագրի քննարկումը` սեպտեմբերի 3-ին Աժ պատգամավորներից Հրանտ Բագրատյան էր միայն, որ ասուիսի ժամանակ հիմնավոր մտահոգություններ հայտնեց պայմանագրից բացվող հնարավոր զարգացումների կապակցությամբ: Նա, անշուշտ, հիմնականում ներկայացրեց պայմանագրի առեւտրատնտեսական ասպեկտը` անհամաչափ համարելով ազատ առեւտրի ենթակա ապրանքատեսակների  մասով պայմանագրում Հայաստանի կատարած բացառությունները, այն դեպքում երբ այլ երկրներ դա արել են հարյուրավոր ապրանքատեսակների համար: Այս կապակցությամբ նա պայմանագիրը գնահատել էր Հայաստանի շահերին դեմ` նշելով, որ չնայած այն կոչվում է ազատ առեւտրի գոտու մասին, սակայն իրականում արտացոլում է ապագայում ողջ ԱՊՀ տարածքում Մաքսային միության ձեւավորման սկզբունքները: Ըստ այդմ` եզրակացրել էր, որ այն Հայաստանը տանում է դեպի Ռուսաստանի գլխավորությամբ գործող Մաքսային միություն. «Ոչ թե մտավախություն ունեմ, այլ պայմանագրում այդպես էլ ասվում է, որ հաջորդը կլինի Մաքսային միությունը: Հստակ գրված են կետեր ապագա Մաքսային միության սկզբունքների մասին»:     

Իսկ Ազգային ժողովում պայմանագրի քննարկումը կատարելապես խղճուկ էր, որի մասին խոսում է ոչ միայն ելույթների քանակը, այլեւ բովանդակությունը. ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը ներկայացրել է պայմանագիրը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը, պայմանագրի վերաբերյալ իրենց տեսակետներն են ներկայացրել Էդուարդ Շարմազանովը եւ կրկին Հրանտ Բագրատյանը` իր վերոնշյալ մտահոգությունների կրկնությամբ (հասկանալիորեն նա չէր կարող անդրադառնալ պայմանագրի բոլոր, այդ թվում` քաղաքական ասպեկտներին): 

Պատասխանելով Հրանտ Բագրատյանի մտահոգություններից հատկապես Մաքսային միութանը վերաբերողին, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ընդգծել է, թե համաձայնագրի վավերացումը Հայաստանին չի պարտավորեցնում անդամակցել Մաքսային միությանն ու չի կաշկանդում ապագայում այլ համաձայնագրեր կնքելու հնարավորության տեսակետից: Այդ համատեքստում նա հիշեցրել է, որ Հայաստանն ավարտել է Եվրամիության հետ ազատ առեւտրի խորը եւ համապարփակ գոտու շուրջ համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների առաջին փուլը, շուտով կարող է նման համաձայնագիր ունենալ նաեւ ԵՄ հետ, եւ կրկնել էր ՌԴ նախագահի այն խոսքը, թե եվրասիական ինտեգրացիան չի հակասում եվրոպական ինտեգրացիային, այլ լրացնում է: Նախարարը մանրամասնել էր, թե Ազատ առեւտրի գոտին եւ Մաքսային միությունը ինտեգրման տարբեր մակարդակներ են, իսկ Մաքսային միությանը մեր երկրի անդամակցության հարցը քննարկման փուլում է, ինչի առնչությամբ ոչ մի որոշում չի կայացվել: Այսինքն հասկացրել էր, որ եվրասիական ինտեգրացիոն սխեմաներից մեկին միանում են, այժմ էլ` քննարկում են երկրորդին միանալը: 

Այսպիսի պատասխանից հետո նախարարին առնվազն պետք էր վերստին հիշեցնել ԵՄ անդամ առանցքային երկրի` Գերմանայի նախկին դեսպանի զգուշացումը, որ «Հակասող ու անհնարին կլինի, օրինակ, միանալ ԵՄ-ի հետ Խորը և համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագրին եւ միաժամանակ մաս կազմել Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի միջեւ կնված Մաքսային միությանը կամ Եվրասիական միությանը»: Կառավարությանը պետք էր զգուշացնել, որ «քննարկման փուլից հետո» Մաքսային միությանը միանալը նշանակում է խաչ քաշել նաեւ ԵՄ-ի հետ բանակցությունների` թե առաջին ավարտված փուլի, թե մյուս` չսկսված փուլերի վրա: 

Կրկին Եվրասիական միության ու Ռուսաստանի աշխարհաքաղաքական նպատակների մասին 

Իրականում վավերացված պայմանագրի, նրա միջազգային ու տարածաշրջանային կոնտեքստի եւ առաջիկայում սպասվող զարգացումների մասին ասելիքը շատ պետք է լիներ, որից պարզ կդառնար, թե ի՞նչ դիրքորոշումներ պետք է հստակ սահմանի Հայաստանը, որից նահանջել չի պատրաստվում, եւ ի՞նչ քայլեր պետք է անի խորհրդարանը: 

Վ.Պուտինի` նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Եվրասիական միության նախակարապետը հանդիսացող Մաքսային միության անդամների թվի ու աշխարհագրության ընդլայնումը դարձել է ռուսական քաղաքականության գերակայություններից մեկը, որի շրջանակներում էլ գործարկվել են Եվրասիական ինտեգրացիայի մի քանի սխեմաներ: Ռուսաստանը փորձում է բազմամակարդակ այդ սխեմաների մեջ առաջնահերթ ներդնել Արեւելայն գործընկերության տարածաշրջանի երկրներից Ուկրաինային ու Հայաստանին, ապա` Մոլդովային: Նպատակն այդ երկրներին Եվրասիական միության ուղեծրին մերձեցնելն է: 

Եթե նախկինում Ռուսաստանը անընդունելի էր համարում Արեւմուտքի ռազմա-քաղաքական ընդլայնումը դեպի արեւելք (առաջին հերթին` ՆԱՏՕ-ի), իսկ ԵՄ-ի տնտեսական առաջխաղացման դեմ կտրուկ չէր ընդվզում, ապա այժմ նա իրեն չափազանց վտանգված է զգում անգամ եվրոպական տնտեսական, քաղաքական ու հումանիտար նախագծերից` տեսնելով որ դրանց արդյունքում ինքն այդ տարածաշրջանը զիջում է «առանց ճակատամարտի»: Նույնպիսի խնդիր Ռուսաստանը փորձում է լուծել իր համար կարեւոր մեկ այլ տարածաշրջանում` Կենտրոնական Ասիայում, որտեղ էլ ԱՄՆ-ի ու Չինաստանի կողմից դուրս մղվելու վտանգի տակ է զգում իրեն:   

Արեւելյան գործընկերության 5 երկրներից առաջին հերթին Ուկրաինային ու Հայաստանին թիրախ ընտրելը բացատրելի է նախ նրանով, որ այս երկրների իշխանությունների հետ Ռուսաստանն ունի սերտ ու չլարված հարաբերություններ: Իսկ Մոսկվան էլ նրանց քաղաքական որոշումների վրա ազդելու բավարար լծակներ ունի: Բացի այդ, Ուկրաինան ԵՄ-ի արեւելայն ծրագրերի համար բնական հանգույց ու պլացդարմ է, իսկ Հայաստանը` հարավկովկասյան (էներգետիկ) միջանցքի թիկունքը: Եթե այդ թիրախներ խոցված են, ապա խոցված է նաեւ ողջ  տարածաշրջանի եվրապականացումը: 

Այս իմաստով ԵՄ-ի հետ հիշյալ երկրների մերձեցման ճակատում խնդիրներ ստեղծելը, ինչպես նաեւ` նրանց գրավչությունը Եվրոպայի համար պակասեցնելը տապալում է ոչ միայն Արեւելյան գործընկերության ծրագիրը, այլեւ եվրասիական ինտեգրացիան դարձնում է այդ երկրների միակ ընտրությունը: Հետեւաբար պատահական չէ, որ ողջ ամառվա ընթացքում ռուսական քաղաքականությունն առաջին հերթին աշխատում էր Կիեւի ու Երեւանի  վրա, որպեսզի նրանք մեկ քայլով մոտենան Եվրասիական միության ուղեծրին: Իսկ այդ քայլը ազատ առեւտրի գոտու մասին պայմանագրի վավերացումն էր` իբրեւ ճանապարհ դեպի միասնական տնտեսական տարածություն, որը հենց Եվրասիական միությունն է: Վերջինս Եվրոպական միության ռուսասատանակենտրոն անալոգն է` իր պատճենված ինստիտուտներով. ազատ առեւտուր, մարդկանց ազատ տեղաշարժ, ընդհանուր մաքսային ռեժիմ եւ 2015թ.-ից միասնական տնտեսական քաղաքականություն որոշող «կառավարություն»` Եվրասիական տնտեսական հանձնաժողովով: 

Հենց դեպի այդ նպատակակետը շարժվելուն էլ միտված են Եվրասիական միության համար երկրների հավաքագրման ավազան դիտարկվող ռեգիոնալ կազմակերպություններում (ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵվրաԶԷՍ), ինչպես նաեւ` երկկողմ, ձեւաչափերով  այնպիսի պայմանագրերի ստորագրումը, որոնք նույն Ուկրաինային եւ Հայաստանին կդնեն Մաքսային միությունը կազմող Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի հետ այնպիսի առեւտրատնտեսական ռեժիմի ու կապերի մեջ, որ դա ԵՄ-ին կկանգնեցնի իր առեւտրատնտեսական հարաբերությունները նրանց հետ խորացնելու նպատակահարմարության հարցի առջեւ: Այդպիսի նշանակություն ունի ԱՊՀ-ում Ազատ առեւտրի գոտու մասին պայմանագիրը, որը Վ.Պուտինի բնորոշմամբ` երկրների առեւտրատնտեսական հարաբերությունների հիմքում ընկած հիմնարար պայմանագիր է` կոչված փոխելու «հետխորհրդային տարածությունում առեւտրատնտեսական կապերի կոնֆիգուրացիան»: 

Գիտակցելով, որ միայն այս պայմանագիրը ամբողջովին չի լուծում Արեւելյան գործընկերության տապալման հարցը, Ռուսաստանը Ուկրաինային եւ Հայաստանին առայժմ ոչ պաշտոնապես ակնարկում է միանալ նաեւ Մաքսային միությանը, որից հետո, նրանք այլեւս ոչ գրավիչ կդառնան ԵՄ-ի համար, իսկ Արեւելյան գործընկերությունն առանց այդ երկրների` իմաստազուրկ: 

Այս ուղղությամբ ՌԴ իշխանությունները դիմեցին եւս մեկ  խորամանկ քայլի: Առաջինն ապահովվեցին, որպեսզի պաշտոնական Կիեւը համաձայնություն տա խնդրո առարկա պայմանագիրը վավերացանելուն (այդպիսի պաշտոնական հայտարարություններ Ուկրաինայից հնչեցին ճիշտ այն ժամանակ, երբ Վալենտինա Մատվիենկոն, ապաեւ` Սերգեյ Նարիշկինը ամռանը ժամանեցին Երեւան), ինչից հետո Հայաստանի նման փոքր, շրջափակված ու կախյալ երկրի վավերացման հարցը լուծելը այլեւս մեծ դժվարություն չէր:  

Հետեւաբար, գործադիր թե օրենսդիր մարմիններում բոլոր նրանք, ովքեր նշված պայմանագիրն իր դրույթներով ու այսպիսի պայմաններում համարում են Հայաստանի շահերից բխող, ու նաեւ նրանք, ովքեր դեմ չեն հետագայում Մաքսային միությանը միանալուն, պարտավոր են բացատրել, թե այս ամենից ո՞վ է առավելապես շահում. Հայաստա՞նը, որ այս տարիների ընթացքում ազատ առեւտրի երկկողմ պայմանագրեր է ստորագրել իր իսկ ընտրած երկրների հետ, թե՞ Ռուսասաստանը, ով այս գործընթացը բացառապես ծառայեցնելու է ԵՄ-ի ծրագրերը տորպեդահարելուն: Նրանք պետք է այս հարցի պատասխանը տան այն համատեքստում, որ Հայաստանի անվտանգության քաղաքականությունը խասխված է բազամաազիմուտ արտաքին եւ դիվերսիֆիկացված տնտեսական քաղքականության վրա, իսկ այս քայլով վտանգվում է հենց այդ քաղաքական ուժագծերից մեկը: Իսկ որ Հայաստանի կողմից այդ «հակաեվրոպական դավադրությանը» միանալու արդյունքում ԵՄ-ը կարող է այլեւս «ոչ բարի աչքով» նայել մեզ, սա եւս պետք է ի նկատի ունենալ:

Անշուշտ, դժվար է պատկերացնել, թե ներկայիս կարողունակությամբ Հայաստանը կարող էր չվավերացնել այդ պայմանագիրը: Բայց Երեւանը կարող էր եւ պարտավոր էր նախ քաղաքական հայտարարություն հնչեցնել, որ եվրասիական ինտեգրման ուղղությամբ չի խորանալու այնքան, որ վտանգի եվրոպական ինտեգրումը:

Այն ինչ հնչեցվեց ՀՀ վարչապետի կողմից վավերացման հաջորդ օրը` ԱԺ-ում կառավարության հարցուպատասխանի ժամանակ, հետեւյալն էր. «Հայաստանը Եվրասիական միություն մտնելու պաշտոնական առաջարկ դեռեւս չի ստացել, քանի որ միության ձեւաչափին, մեխանիզմներին ու գործիքներին, նրա ապագա անդամների պարտավորություններին վերաբերող քննարկումները չեն ավարտվել»: Նա նաեւ նշել է, որ «ներկայիս իրողությունները հաշվի առնող» ու «համագործակցության մեխանիզմները կատարելագործող» այդպիսի ձեւաչափ, մեխանիզմներ, գործիքներ ու պարտավորություններ «սահմանող փաստաթուղթը պատրաստելուց հետո կկազմակերպվեն բաց քննարկումներ»: Եւ վերջապես, ՀՀ վարչապետը ասել է, թե` «մենք ճիշտ չենք համարում այդ ինտեգրացիոն գործընթացների (եվրասիական եւ եվրոպական) հակադրումը, եւ այդ առումով Ռուսաստանի իշխանությունների հայտարարությունները համընկնում են մեր դիրքորոշման հետ: Մենք այդ ինտեգրացիոն գործընթացները դիտարկում ենք իբրեւ փոխլրացնող»

ՀՀ վարչապետը կարող է ճիշտ չհամարել դրանց հակադրումը: Բայց ԵՄ-ի հստակ ուղերձներն այդ հակադրության մասին, ավաղ, առնչություն չունեն մեր, առավել եւս` ռուսական իշխանությունների դիրքորոշումների հետ: Դրանք «կա’մ…, կա’մ..»-ի մասին են այն պահից սկսյալ, երբ Հայաստանը կմիանա Մաքսային միությանը: Եւ այստեղ ո’չ «քննարկելու» բան կա` ինչպես Էկոնոմիկայի նախարարն է ասում, ո’չ էլ` «բաց քննարկումների», ինչպես վարչապետն է «Ոչ»-ի կամ «Այո»-ի պատասխանատվությունը գցում հանրության վրա: 

Հետեւաբար, Ազգային ժողովը, եւ առաջին հերթին` ընդդիմադիր խորհրդարանական ուժերը պետք է ոչ միայն համակողմանի ու քաղաքական տեսանկյունից քննարկեին պայմանագիրն ու նրա միջազգային կոնտեքստը, այլեւ կառավարությունից պահանջեին ավելի միարժեք ու հստակ դիրքորոշումներ, քան ռուսական դիրքորոշումը կրկնելն էր: Իսկ ավելի ստույգ ու ամենակարեւորը. պայմանագրի վավերացման ժամանակ խորհրդարանը ինքը պետք է գործադիրից պահանջեր Ռուսաստանի դիրքորոշման  հայաստանաշահ վերաձեւակերպմամբ վերապահում ներկայացնել այն տեսքով, որ ԱՊՀ  Ազատ առեւտրի գոտու մասին պայմանագրի դրույթները Հայաստանի համար կգործեն այնքանով, որքանով որ դրանք հակասության մեջ չեն լինի ԵՄ-ի հետ Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի մասին համաձայնագրի դրույթների հետ: Դրանից պարզ կլիներ` Ռուսաստանի հրամցրած դիրքորոշումը իրականությո՞ւնն է, թե՞ ընդամենը ծուղակ Հայաստանին գործընթացի մեջ մխրճելու համար : 

ՀԱՊԿ արձանագրություն. վերապահումը հրամայական է

Օգոստոսին իմ կողմից փորձագիտական ու քաղաքական հանրույթի ուշադրությանն արժանացրած մյուս պայմանագիրը 2011 թվականի դեկտեմբերի 20-ին Մոսկվայում ստորագրված «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների տարածքներում ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներ տեղակայելու մասին» արձանագրութունն էր: Այն նախատեսում է. «Կողմերն իրենց տարածքում կազմակերպության անդամ չհանդիսացող պետությունների զորամիավորումներ (ուժեր), ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներ տեղակայելու որոշումներ ընդունում են մյուս Կողմերի հետ անհետաձգելի խորհրդատվություններ (համաձայնեցումներ) անցկացնելուց հետո եւ նրանց պաշտոնական առարկության բացակայության դեպքում»: Այն նաեւ նախատեսում է, որ «Արձանագրության կիրառության կամ մեկնաբանության հետ կապված վիճելի հարցերը լուծվում են շահագրգիռ Կողմերի հետ խորհրդակցությունների եւ բանակցությունների ճանապարհով»: 

Հայաստանի ինքիշխանությունը սահմանափակող այս պայմանագրի ու նրա միջազգային  համատեքստի քննարկումը սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովում բարեբախտաբար անցավ մի փոքր ավելի բուռն ու քաղաքական քննարկումների մթնոլորտում: 

Չեմ կարող համաձայնել Նիկոլ Փաշինյանի այն տեսակետի հետ, թե խնդիրը չպետք է դիտարկել արտաքին քաղաքական կողմնորոշումների հարթության վրա. միմյանց հետ այլեւս բացահայտ մրցակցող եվրոպական ու եվրասիական նախագծերի համատեքստում ԱՊՀ Ազատ առեւտրի գոտու մասին պայմանագրի ու ՀԱՊԿ-ի սույն արձանագրության վավերացման պարտադրանքը այլեւս վկայում է, որ Հայաստանի ընտրության պահը հեռու չէ եւ այդ երկընտրանքը հարուցված է` անկախ նրանից, մենք ուզում ենք դա տեսնել, թե ոչ: Խնդրի վերաբերյալ վերջնական դիրքորոշում որդեգրելու համար չեմ կարող բավարար համարել նաեւ նրա այն առաջարկը, թե պետք է Արձանագրությունը դիտարկել պրագմատիզմի տեսանկյունից` ի՞նչ է Հայաստանը շահում սրանից եւ ի՞նչ է տալիս դրա դիմաց: Եթե անգամ այդ դիտանկյունից հարցի պատասխանը լինի Արձանագրությունը չվարերացնելը, այդուհանդերձ ցանկալի է դրան Հայաստանի արժեքային կողմնորոշման տեսանկյունից նայելը: Դա հենց ինքնին պրագմատիզմ ու լայն իմաստով անվտանգություն է` մարդու իրավունքների, ժողովրդավարության, իրավական պետության ու ինքնիշխանության ապահովումից մինչեւ քաղաքական անվտանգություն: Մինչդեռ տասնամյակների ընթացքում հայոց երեք նախագահությունների կողմից անվտանգության դիմաց ինքնիշխանության մակարդակի փուլ առ փուլ մսխումը հնարավոր է դարձել պարգմատիզմի ու ռեալպոլիտիկի հայկական տարբերակի (արժեքների վրա չհենվող) արդյունքում, որն ավելի շատ հիշեցնում է գավառական շուստրիություն` իր տխուր հետեւանքներով: 

Առավել քան համաձայնել հնարավոր չէ Խոսրով Հարությունյանի այն փաստարկի հետ, թե Արձանագրությունը պետք է վավերացնել նաեւ այն պատճառով, որպեսզի Հայաստանն ապացուցի, որ ինքը կանխատեսելի պետություն է եւ հավատարիմ է իր ստանձնած պարտավորություններին: Այսպիսի փաստարկն առավել քան ցցուն ու ապացուցված է դարձնում այն փաստը, որ Մոսկվան լուրջ անվստահություն ունի Երեւանի վարևած քաղաքականության ու նրա եվրոպական ընթացքի հանդեպ, եւ այս արձանագրության նպատակը ոչ այնքան հավելյալ գործիքներով Հայաստանի անվտանգությունն ապահովելն է, որքան Հայաստանին աքցանին մեջ պահելը` նրան զրկելով բոլոր առումներով ինքնուրույն քաղաքականություն վարելու, այս ոլորտում իր անվտանգության շահերից բխող համաձայնությունների գալու առումով:   

Խորհրդարանի համոզված եվրազիստներ Արտաշես Գեղամյանն ու Հայկ Բաբուխանյանն էլ իրենց երկարաշունչ աշխարհաքաղաքական դատողությունների միջոցով ունկնդիր հանրությանը թուրքական ու ադրբեջանական սպառնալիքներով վախեցնելու փոխարեն արժեր, որ անդրադառնային, թե ինչո՞ւ է Հայաստանը այս տարիների ընթացքում այնքան անմրցունակ ու անպաշտպան դարձել, որ պատերազմի մեծացած ռիսկերի պայմաններում հանուն անվտանգության ապահովման  հարկադրված է եւս մեկ չափաբաժին զիջել իր ինքնիշխանությունից: Ասել է, թե ինչու ենք անընդհատ զիջում մեր ինքնիշխանությանից հանուն անվտանգության մակարդակի բարձրացման, բայց արդյունքում անընդհատ անվտանգությունն է պակասում: 

ԱԺ պատգամավորներ Կորյուն Նահապետյանի, Էդուարդ Շարմազանովի ելույթների մասին չեմ խոսում, այլապես կսկսեի այն հարցից, թե եթե մենք շրջապատված ենք թշնամի պետություններով` Թուրքիայով ու Ադրբեջանով, ապա մեր հանդեպ թշնամական մտադրություններ ունեցող Թուրքիայի առջեւ ինչու էինք ոչ վաղ անցյալու ցանկանում բացել մեր սահմանը եւ ինչո՞ւ էին իրենք նուն մոլեռանդությամբ պաշտպանում հայ-թուրքական նախաձեռնողականությունը:

Թերես Ալեքսանդր Արզումանյանն էր, որ անդրադարձավ Արձանագրության վերաբերյալ ՍԴ-ի որոշմանը եւ Հայաստանի ինքնիշխանության խնդրին: Զավեշտալի է դառնում, որ այս էլ որերորդ անգամ ՍԴ-ն գնահատում է պայմանագրի «համահունչությունը» Սահմանադրության այլ հոդվածի (այս դեպքում` Սահմանադրության 9-րդ հոդվածը): Միինչդեռ միարժեք է, որ մտահոգությունը կապված է ու պետք է քննարկվի, թե ինչպես է Արձանագրությունն անդրադառնում Սահմանադրության հենց 1-ին հոդվածի վրա, որով ամրագրվում է Հայաստանի Հանրապետության` ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն լինելու հանգամանքը: Այսինքն` այս ամենից հետո երկրի անկախությունից ու ինքնիշխանությունից բան մնո՞ւմ է, թե արդեն պետք է ահազանգ հնչեցնել անկախության թույլատրելի նվազագույն շեմին մոտեցած լինելու կապակցությամբ; Բայց նման հարցերի քննարկման փոխարեն, ցավոք, քաղաքական կոնյուկտուրան այնքան գերակայեց, որ ինքնիշխանության կրճատվելու մասին Արզումանյանի արած ակնարկին հաջորդեց Խոսրով Հարությունյանի պատասխանը, թե այժմ այն կրճատվում է այնքան, որքան որ կրճատվել է 1995թ.-ին` երբ ԱԳ նախարարը Արզումանյանն էր եւ մեկնարկում էր Հայաստանի ու Ռուսաստանի ռազմավարական դաշնակցության դարաշրջանը:        

Օգոստոս ամսին սույն Արձանագրության շուրջ իմ հարուցած քննարկմանն արձագանքելով` ՌԱՀՀԿ փորձագետ եւ «Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը չափազանց կարեւոր մի դիտարկում կատարեց. «Իսկ այդ Արձանագրությունում կա՞ գոնե մեկ կետ, որը ուղղակիորեն կարգելի ՀԱՊԿ անդամ երկրներին զենք եւ զինամթերք վաճառել ՀԱՊԿ որեւէ անդամի հետ պատերազմի մեջ գտնվող որեւէ երկրի: Իհարկե ո՛չ: Այլապես ինչպե՞ս է Մոսկվան Ադրբեջանին նորագույն զինատեսակներ վաճառելու: Հիշեցնենք, որ անցյալ տարի Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը մինչև 2044թ. երկարացնելուց անմիջապես հետո պարզ դարձավ, որ Ռուսաստանը զուգահեռաբար Ադրբեջանին է վաճառել հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) Ս-300 Ֆավորիտ նորագույն երկու համակարգեր, որոնցով ըստ էության ի չիք է դարձրել Հայաստանի կողմից Բաքվի ռազմական նկրտումների զսպման հիմնական կռվանը` հեռահար հրթիռների գործոնը: Հետաքրքիր է, որ 2011թ. նույն նիստում (ՀԱՊԿ), որտեղ Հայաստանը համաձայնություն է տվել սեփական տարածքի տնօրինման հարցում թույլտվություն հարցնել ոչ միայն Ռուսաստանից, այլ անգամ Ուզբեկստանից եւ Տաջիկստանից, ՀԱՊԿ երկրները, այդ թվում` Հայաստանը, նաև հավանություն են տվել Կրեմլի հոխորտանքներին` ընդդեմ Եվրոպայում ամերիկյան ՀՕՊ համակարգերի տեղակայման»: Ահա եւ մեխը, որ պետք է միս ու արյուն ստանար հայոց խորհրդարանում թե’ քննարկումների, թե’ վավերացման եղանակի միջոցով:

Բարեբախտաբար, այս մի Արձանագրության վավերացումը, անգամ ելույթների մի մասը` դեռեւս առջեւում է: Ուստի բոլոր նրանք, ովքեր դեմ են Արձանագրությունը, կամ էլ դեմ չեն ՀԱՊԿ-ին ու փորձում են այս արձանագրությունը ներկայացնել կամ գնահատել իբրեւ Հայաստանի անվտանգությունն ապահովող գործիք, պարտավոր են Կառավարությունից վերապահում պահանջել այն մասին, որ Հայաստանը հարգելու է Արձանագրությամբ ստանձնած իր պարտավորութունները եւ խնդրո առնչությամբ որոշումներ է կայացնելու միայն իր այն դաշնակիցների համաձայնության առկայության դեպքերում, որոնք զենք ու զինամթերք չեն վաճառել/վաճառում Հայաստանին վտանգ ներկայացնող երկրներին` Ադրբեջանին ու Թուրքիային: Այսպիսի վերապահումը հրամայական է, իսկ դրանք չպահանջելու բոլոր հիմնավորումները` ընդամենը դատարկախոսություն: 

Ստյոպա Սաֆարյան,
վերլուծաբան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter