HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Ինչպես օգտագործել Ալիևի սաֆարովյան «նվերը»

Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու և Ալիևի կողմից ներման արժանացնելու կապակցությամբ բանաձև ընդունելու համար պաշտոնական Բաքուն Եվրախորհրդարանին մեղադրել է հայկական լոբբինգի ազդեցության տակ ընկնելու մեջ:

Մինչդեռ անցած տարիներին, երբ միջազգային կազմակերպությունների կողմից պրոադրբեջանական շեշադրումներ պարունակող նման բանաձևեր էին ընդունվում, տարատեսակ գործընթացներ ծավալվում, ինչպես օրինակ, 2004-ին ԵԽԽՎ-ում ղարաբաղյան հարցով տխրահռչակ հանձնաժողովի ստեղծումը, 2010-ին հենց Եվրախորհրդարանի կողմից կիրիլովյան հայտնի թիվ 1622 բանաձևի ընդունումը,  2011-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ ընտրվելը, Ադրբեջանը, չգիտես ինչու, չէր հիշում հայկական լոբբինգի և դրա կախարդական ազդեցության մասին:

Այս հանգամանքը ցույց է տալիս, որ Սաֆարովին հայրենիք վերադարձնելու ու հատկապես նրան ներում շնորհելու, մեծ շուքով ընդունելու, զինվորական կոչումը բարձրացնելու և 8 տարվա աշխատավարձը տրամադրելու միջոցով կատարած հանցագործությունն արդարացնելու արդյունքում Ադրբեջանն ինքն իրեն գցել է տեղեկատվական-քարոզչական, դիվանագիտական փակուղու մեջ և նման անհեթեթ պատճառաբանություններով ու մեղադրանքներով փորձում է դուրս պրծնել դրանից: 

Սա նման է շախմատային պարտիայի այնպիսի դրվագի, երբ փորձելով իրացնել թվացյալ հաղթողական առավելությունն ու դիրքը, դրանից առաջացած ինքանվստահության ավելցուկը, կողմերից մեկը կատարում է անհաշվենկատ քայլ, և հետո միայն հասկանում, թե ինչ կարող է դա նստել իր վրա:

Սակայն սխալ քայլ կատարելը, նույն շախմատային տրամաբանությամբ, դեռ չի նշանակում հակառակորդի անխուսափելի հաղթանակ: Դեռ պետք է հասկանալ՝ այդ հակառակորդն ինքը տեսնու՞մ է իրեն ընձեռնված հնարավությունը կամ տեսնելու պարագայում՝ ունի՞ արդյոք այն իրացնելու բավարար կարողություն և հմտություն, թե՞ ոչ:

Հենց այս իրավիճակում է հիմա գտնվում հայկական կողմը, որը նոր-նոր սկսում է դուրս գալ իր թիկունքում և ի հեճուկս իրեն Սաֆարովին արտահանձնելու և հերոսացնելու էմոցիոնալ-շոկային վիճակից: Այն ստիպում է վերաիմաստավորել, թե իրականում դիրքային ինչ առավելություն է տալիս սաֆարովյան այս ադրբեջանահունգարական գործարքը և թե ինչպես կարելի է այն օգտագործել:

Նախ՝ Սաֆարովին աշխարհի առջև հերոսացնելը, որն ընդհանուր առմամբ ադեկվատ գնահատվեց միջազգայի հանրության կողմից, թույլ է տալիս քարոզչական և դիվանագիտական ճակատներում հետևողականորեն զարգացնել այն թեզիսը, որ ԼՂ հիմնահարցում Ադրբեջանը ոչ թե իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու կամ՝ ղարաբաղցիների ինքնորոշման իրավունքը ստորադասելու նպատակ է հետապնդում, այլ ԼՂ-ի էթնիկ նկարագիրը փոխելու և «Ղարաբաղն առանց հայերի» յուրօրինակ օպերացիա իրականացնելու: Այսինքն՝ որ նրա իրական թշնամին ոչ թե Հայաստանն է, այլ հայությունը՝ դրանից բխող բոլոր ռասիստական հետևանքներով:

Սա պետք է հնարավորություն ստեղծի Գուրգեն Մարգարյանի գազանաբարո սպանությունը և դրա համար Սաֆարովին ազգային հերոս դարձնելը շաղկապել Բաքվի, Սումգաիթի ջարդերի, Շահումյանի, Մարտունաշենի հայաթափման հետ՝ դրանով առարկայորեն ցույց տալու համար, որ 1988-ից առ այսօր Ադրբեջանը չի հրաժարվել հայերի նկատմամբ էթնիկ զտումների քաղաքականությունից:

Սա ոչ այնքան քարոզչական, որքան երկարաժամկետ կտրվածքով քաղաքական շատ հստակ ծրագրային մոտեցում է: Ինչպես ցույց  է տալիս Արևելյան Թիմորի, Կոսովոյի, Հարավային Սուդանի հարցերում միջազգային հանրության դրսևորած վարքագիծը, ազգային ինքնորոշման հիմնարար սկզբունքը, որն ընկած է ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկիի «Եզրափակիչ ակտի» հիմքում, առաջնային և ուղենիշային է դառնում միայն այն ժամանակ, երբ միարժեքորեն հասկանալի է դառնում, որ էթնիկ փոքրամասնությունների, տվյալ տարածքի ազաբնակչության ֆիզիկական ոչնչացումը մետրոպոլիայի սահմաններում և նրա կողմից անխուսափելի է:

Այսինքն՝ այդ էթնիկ միավորին անկախության շնորհումն ընկալվում է նրանց անվտանգության ապահովման ամենահիմնական մեխանիզմներից մեկը: Եթե դա զուգակցվի ԼՂ-ի հայության անկախություն ձեռք բերելու անխոցելի իրավական բազայի վրա, ԼՂՀ-ի ներկայիս կարգավիճակի ճանաչումը միջազգային հանրության ընկալումներում կսկսի դառնալ հակամարտության լուծման լավագույն, ըստ էության, միջոցը:

Ալիևը իր այս քայլով փաստացի ցույց տվեց, որ հայերի սպանությունը ցանկացած ձևով ոչ միայն արդարացվում, այլ նաև խրախուսվում է, հետևաբար ԼՂ ազգաբնակչությանը սպասվում է ուղղակի ֆիզիկական հաշվեհարդար ցանկացած այնպիսի դեպքում, երբ ադրբեջանիցները ոչ թե նույնիսկ ԼՂ, այլ ներկայումս նրա անվտանգության երաշխիքը հանդիսացող հարակից շրջաններ ներթափանցելու հնարավորություն ունենան:

Խոսքն այստեղ չի վերաբերում, իհարկե, այդ շրջանները պահելու կամ հանձնելու մասին: Այլ նրա, որ իր այս քայլով Ալիևը նաև հիմնավորեց, որ ԼՂ-ին հարակից՝ Ադրբեջանի վարչական տարածքները հանդիսացող շրջանները գտնվում են ԼՂՀ պաշտպանության բանակի վերահսկողության ներքո ոչ թե այն պատճառով, որ հայերը պարզապես տարածք են ուզում խլել և օկուպանտ են, այլ որովհետև դա միակ միջոցն է ԼՂ բնակչության ֆիզիկական անվտանգությունն ապահովելու համար և առանց որի՝ Բաքուն անմիջապես սկսելու է առնվազն ԼՂ-ի ողջ տարածքի հեռահար ռմբակոծումը:

Այս տեսանկյունից Սաֆարովին արդարացնելը և հերոսացնելը հայկական դիվանագիտությանը հնարավորություն է տալիս փաստարկված ներկայացնելու, որ անկախ նրանից՝ ինքնավարության որքան բարձր կարգավիճակ է խոստանում ղարաբաղցիներին Ալիևը, դա ուղղակի խաբկանք է:

Նախ՝ Հունգարիային փաստացի խաբելով և Սաֆարովի ազատազրկումն իրենց մոտ շարունակելու ստանձնած պարտավորությունը բացահայտորեն խախտելով, Ալիևի վարչակարգն ապացուցեց, որ չի կարելի հավատալ անգամ պետական մակարդակով իրենց տրված խոստումներին ու հավաստիացումներին: Բնականաբար, այս տեսանկյունից որքան էլ մարդկայնորեն անընդունելի լինի, զուտ քաղաքական հաշվարկների տեսանկյունից Սաֆարովի ազատության մեջ համառորեն երկար մնալն օգնում է այս հարցում միջազգային հանրության մոտ այդ համոզմունքը ձևավորելուն:

Երկրորդ պատճառն ավելի պարզ ու հասկանալի է. միջազգային հանրությունը առավել քան ուժեղ և անընդհատ ազդակներ պետք է ստանա առ այն, որ ուղղակի անհնար է մարդկանց կյանքն ու անվտանգությունը թողնել միայն էթնիկ պատկանելության համար կացնով մարդ սպանողներին ու նրանց արդարացնող-հերոսացնողներին: Սակայն սա պետք է դնել ոչ թե Ադրբեջանի դեմ տեղեկատվական ու քարոզչական պատերազմի հիմքում, այլ հենց միջազգային հանրության, կոնկրետ երկրների, կոնկրետ կազմակերպությունների հետ քարոզչական ու դիվանագիտական աշխատանքի հիմքում:

Պետք է հասունացնել, միջազգային կազմակերպություններին, երկրներին հասցնել այն գաղափարը, որ ԼՂ-ի անկախությունը չճանաչելու, Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն առաջնայնություն տալու պարագայում միջազգային հանրությունն ինքն է պատասխանատու դառնալու ղարաբաղցիների և հայերի կյանքի համար:

Սա չի նշանակում, թե Հայաստանը պետք է դնի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացը շարունակելու նպատակահարմարության, կամ էլ հենց այս պահին բանակցությունների հիմքում բացառապես ԼՂՀ-ի ներկայիս կարգավիճակը ճանաչելու հարցը: Այս պահին նման քայլի դիմելը նույնիսկ չափազանց վտանգավոր արկածախնդրություն կլիներ և հավասար Ադրբեջանի կողմից մեզ տրված սաֆարովյան խաղաթուղթը հենց այնպես վատնելուն:

Այս դեպքից հետո արդեն բանակցությունների ներկայիս սառեցվածությունը սկսում է առավելապես բխել հայկական կողմի շահերից այն պարզ պատճառով, որ բանակցությունները կամ ավելի ճիշտ դրանց բացակայությունը սկսում է ծառայել ոչ միայն առկա ստատուս-քվոյի պահպանմանը, այլև հաստատմանը՝ որպես պատերազմից խուսափելու լավագույն միջոց:

Խնդիրն այն է, որ բանակցությունների այս վիճակը նշանակում է, որ Մինսկի խումբը, չունի կողմերին ուղղված այսպես կոչված հաշտեցման նոր առաջարկություններ կամ գաղափարներ և տրամադրվել է բացառապես մեկ հարց լուծելուն. թույլ չտալ պատերազմի վերսկսում, ինչն այլ կերպ նշանակում է ներկա ստատուս-քվոյի պահպանում: Կամա թե ակամա, ԵԱՀԿ ՄԽ-ն վերածվում է առկա ստատուս-քվոն պահպանելու երաշխավորի, իսկ միջազգային հանրությունը՝ ի դեմս թեկուզ Եվրախորհրդարանի այս վերջին, սաֆարովյան բանաձևի, արդարացնում ու խրախուսում է ՄԽ-ի նման նպատակադրումը:

Հայաստանի դիվանագիտությունը, թերևս, չի սխալվում բանակցություններից դուրս չգալու մասին հստակ ու պաշտոնական դիրքորոշում հայտնելիս: Մերոնց սխալն այն է, որ առաջ չեն քաշում ԼՂ բնակչության անվտանգության առավելագույն երաշխիքներ պահանջելու թեզը և դրանով չեն փորձում չեզոքացնել տարածքները նախապես վերադարձնելու ադրբեջանական նախապայմանները, որոնք նաև ընկած են մադրիդյան հիմնարար սկզբունքների հիմքում: 

Դրա լավագույն միջոցը հենց այս փուլում բանակցություններում ԼՂՀ-ի պարտադիր ներգրավման պայմանի առաջադրումն է: Սա ոչ թե բանակցությունների ձևաչափի փոփոխություն է նշանակում, ինչպես փորձ կարվի ներկայացնել, այլ դեռևս 1992թ. հաստատված իրական ձևաչափի վերականգնում՝ լրիվ հիմնավորված ու հասկանալի պատճառներով:

Ամեն դեպքում, քանի դեռ այս ուղղություններով էական ոչինչ չի արվում այսօրվա իրականությունն առայժմ հայկական կողմին ոչինչ չի տալիս: Հիմնական պատճառն այն է, որ դեռևս չի նյութականանում ստացած դիրքային առավելությունը:

Եվրապառլամենտի ընդունած բանաձևը, որը առայժմ միակ քիչ թե շատ շոշափելի արդյունքն է, չափազանց թույլ է ու եթերային, որովհետև այնտեղ չեն երևում այն լծակները, այն մեխանիզմները, որոնք կարող են կաշկանդել Ադրբեջանին իր նախաձեռնություններում և գործողություններում և սահմանափակումներ դնել ղարաբաղյան բանակցություններում Բաքվի հավակնություններում: ԵՊ-ն (Եվրապառլամենտ) իր այս բանաձևով ոչինչ չի պարտավորեցնում Ադրբեջանին, թեև ուներ դրա խողովակը՝ մասնավորապես Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում Բաքվի հետ ասոցացման համաձայնագրի շուրջ վարվող ֆունդամենտալ բանակցությունները, որը Բաքուն անգամ մեծագույն ցանկության դեպքում շրջանցել չէր կարող:

Այս բանաձևից չի երևում, որ Արևմուտքը հրաժարվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր հարցերում հավասարություն դնելու և այդ բալանսը պահպանելու մտադրությունից: Հետևաբար, բանաձևից լուրջ սպասելիքներ չպետք է ունենալ, մանավանդ եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանը հանդիսանում է ԵՄ-ի ստրատեգիական գործընկերը էներգետիկ և կոմունիկացիոն ոլորտում, ինչը մշտապես գերազանցել է ժողովրդավարության, հումանիզմի հիմնարար արժեքներին:

Սեպտեմբերին նախատեսված է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջանային այցը ստեղծված այս նոր իրավիճակում: Շատ շուտով կմեկնարկի ԵԽԽՎ  հերթական, աշնանային նստաշրջանը, հեռու չէ նաև ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի աշխատանքների մեկնարկը: Սրանք այն հիմնական ճակատներն են, որտեղ պետք է հստակ ուրվագծվի, թե ինչ ուղղությամբ է ընթացք տալու հայկական դիվանագիտությունը Ալիևի տված այս եզակի հնարավորությանը կամ պատրաստվու՞մ է արդյոք որևէ ընթացք տալ առհասարակ:

Մեկնաբանություններ (2)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Այս հոդվածի հեղինակն էլ չի ուզում հասկանալ/ընդունել հետևյալ պարզ ճշմարտությունը. Եվրոպային/Արևմուտքին ՄԻԱՅՆ ու ՄԻՄԻԱՅՆ հետաքրքրում է այն,որ Կասպից ծովի նավթը (և գազը) ԱՆՎՏԱՆԳ գնա Եվրոպա: Նրանք ԹՔԱԾ ՈՒՆԵՆ 2 քերծի արանքում գտնվող Հայի գոյության և/կամ անվտանգության վրա: Հենց որ Ադրբեջանի նավթը պրծնի կամ ԱՆՀԱՍԱՆԵԼԻ դառնա,նրանք հենց ՆՈՒՅՆ ԳԻՇԵՐՆ են հեռանալու՝ Հայաստանին թողնելով միայն իրենց խոստումները: Քանի՞ Խրիմյան Հայրիկի թղթե-երկաթե շերեփի պատմություն է ձեզ պետք: Եվ Ի՞ՆՉՈՒ և ԻՆՉՊԵ՞Ս պիտի միջազգային հանրությունը չանաչի ԼՂՀ-ն,եթե Հայաստանը,ՍՐԱՆԻՑ ՀԵՏՈ ԷԼ, պիտի մասնակցի նույն բանակցային պրոցեսին,թեկուզ եթե Արցախն էլ մասնակցի բանակցություններին: Ե՞ՐԲ պիտի էս ազգը հույսը,առաջին հերթին, դնի ԻՐ վրա ու դուրս գա ստրուկ/վասալ ազգի սինդրոմից:
Հայ
Վարազ Սյունի ջան, ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր։ Հասկացողին մեկն ասա, չհասկացողին հազարը։ Աշխարհը բազմանշանակ ուժի ու կատարված փաստի հետ է հաշվի նստում։ Միշտ։ Մնացյալը պարապ գրոց բրոց է ու կեղծ ժամավաճառություն։ Միայն Աստվածաշնչի Ժողովող գրքի առաջին և վերջին գլուխները կարդալը բավարար է հասկանալու համար այս պարզ, հստակ ու միանշանակ իրականությունը։ Այսօր մենք պարզապես թույլ ենք, կամ բավարար ուժեղ չենք։ Ցավալի է, սակայն իրական փաստ է։ Ի դեպ ձեր կարծիքի հետ համամիտ եմ։ Հարգանքներով՝ նույնպես Եվրոպայում ապրող մի պարզ Հայ մարդ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter