HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դսեղի բյուջեից՝ ընտրակաշա՞ռք

Սեպտեմբերի 9-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով Լոռու մարզի Դսեղ գյուղի գյուղապետ է ընտրվել 77-ամյա դսեղեցի Նորիկ Քոչարյանը: Նորընտիր գյուղապետը ղեկավար աշխատանքի մեծ փորձ ունի, մասնագիտությամբ շինարար է. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարության բաժինը, աշխատել՝ տարբեր շինարական կազմակերպություններում: Իսկ կենսաթոշակի անցնելուց հետո Նորիկ Քոչարյանը, որպես տեխնիկական գծով ինժեներ,աշխատել է «Լինսի» հիմնադրամում:

Դսեղի նորընտիր գյուղապետի շտաբից օրերս «Հետքին» տեղեկացրին, որ գործող գյուղապետ և ընտրությունների ժամանակ գյուղապետի պաշտոնի համար իր թեկնածությունն առաջադրած Գառնիկ Հովսեփյանի կողմից «օգոստոսի 24-ին հրավիրվել է ավագանու նիստ, որտեղ անօրինական որոշում է կայացվել՝ Դսեղի մի շարք բնակիչների ֆինանսական օգնություն ցույց տալու համար»: Ըստ Նորիկ Քոչարյանի շտաբի անդամների՝ Գառնիկ Հովսեփյանն այդ որոշմամբ համայնքի բյուջեի գումարներից ընտրողներին բաժանել է ընտրակաշառքներ: Ինքը՝ Նորիկ Քոչարյանը, «Հետքին» խնդրում է կանխել ավագանու նշյալ որոշման իրականացումը:

Դսեղի գյուղապետարանում մեր ուսումնասիրություններից պարզվեց, որ օգոստոսի 24-ին գործող գյուղապետ Գառնիկ Հովսեփյանը հիրաված ավագանու նիստին համայնքի ավագանու 6 անդամներից մասնակցել է 4-ը: Գ.Հովսեփյանի կողմից մեզ ներկայացրած «Դսեղ գյուղի մի շարք բնակիչների ֆինանսական օգնություն հատկացնելու մասին» ավագանու N 28 և N 29 որոշումների տակ ստորագրել են ավագանու 2 անդամներ` Ն. Դալլաքյանը և Կ. Ղազարյանը: Նիստին ներկա ավագանու անդամ Լ. Վանյանը որոշման ձեռնպահ է քվեարկել: Իսկ Ա. Ղազարյանը որոշման տակ ընդհանրապես չի ստորոգրել:

Սրանից ելնելով էլ նորընտիր գյուղապետ Նորիկ Քոչարյանի շտաբի անդամները շեշտում են, որ Դսեղի ավագանու վերոնշյալ երկու որոշումն էլ անօրինական է, քանի որ գյուղապետի առաջարկությանը կողմ է եղել ավագանու ընդամենը 1/3-ը: Մինչդեռ Գառիկ Հովսեփյանը հիմնվելով այդ որոշումների վրա նախընտրական քարոզչության օրերին համայնքի բյուջեից ֆինանսական օգնություն է հատկացրել Դսեղի գյուղի 22 բնակչի: Օրինակ՝ Մարինե Պարգևի Եղիկյանին տվել է 185 հազար, Անի Նորայրի Եղիկյանին՝ 225 հազար, Սոնա Մելիքի Սարգսյանին՝ 150 հազար, Անի Վարդանի Ռամազյանին՝ 90 հազար, Վանուհի Սամվելի Եղիկյանին՝ 200 հազար դրամ և այլն:

Դսեղի ավագանու՝ օգոստոսի 24-ի N 28 և N 29 որոշումների կապակցությամբ գործող գյուղապետ Գառնիկ Հովսեփյանը «Հետքին» ասաց. «Ես օգնություն չեմ տվել, որ մարդիկ տանեն իրենց գրպանը դնեն: Միգուցե շատ չէ ճիշտ, սակայն իրականությունն այն է, որ մենք գյուղի ուսանողներից գումար ենք վերցրել հարկ ձևակերպելու հանար, որպեսզի հետագայում այդ գումարները փոխանցենք՝ որպես նրանց ուսման վարձ»:

Գառնիկ Հովսեփյանի խոսքերով՝ ամեն ինչ կատարվել է օրենքի շրջանակներում. «Առաջին անգամ չէ, որ ես նման բանի հանդիպել եմ: Էսօրվա դրությամբ վարչապետն էլ ֆոնդ է ստեղծում ուսանողներին օգնելու համար: Չքավոր ընտանիքների մարդիկ են»:

Այդուհանդերձ, կատարված բյուջետային գործընթացների խախտում է, նախ՝ ըստ երեւույթին կատարել է բյուջեի եկամուտների կեղծ հավաքագրում, երկրորդ՝ փաստորեն, ավագանու չկայացած որոշմամբ նախընտրական շրջանում ընտրողներին, որպես ֆինանսական օգնություն, համայնքի բյուջեից հատկացվել է 2,8 մլն դրամ:

«Որ գյուղացին այդ գումարները արդեն մուտքագրել է, մենք նրանց ֆինանսական օգնության տեսքով հետ ենք վերադարձրել այն: Ովքեր դեռևս չեն մուտքագրել , մենք նրանց այդ գումարները կվերադարձնենք մուտքագրելուց հետո»,- ասաց Գառնիկ Հովսեփյանը:

«Դրանով միաժամանակ համ հարկային պարտավորություններն է կատարվում, համ էլ օգնում ենք չքավոր ուսանողներին: Սա է ամբողջ գաղտնիքը»,- հավելեց գործող գյուղապետը:

Բայց ո՞րն է «չքավոր ուսանողների» շահը, եթե նրանց ուսման վարձերը մտնում են համայնքի բյուջե, այնուհետեւ որպես օգնություն վերադարձվում: Այս հարցին Գառնիկ Հովսեփյանը չպատասխանեց: Վերջինիս տեղեկացմամբ՝ Դսեղ համայնքի այս տարվա բյուջեն 39 մլն դրամ է: Համայնքի բյուջեի սղության պատճառով դժվարություններ են ծառացել նույնիսկ գյուղի մանկապարտեզի ֆինանսավորման հարցում:

Մեկնաբանություններ (2)

Anna
Հլը էս Քյոփակին է
Aram
Are these five(listed) women invalids, mothers or wife's of martyred soldiers, do they have invalid members in the family, are they related to Garnik Hovsepian and/or do they have something else in common?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter