HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանյան ֆուտբոլ, հայաստանյան իրականություն

Այս շաբաթ մեկնարկեց 2012/13 թթ. մրցաշրջանի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությունը: Ամբողջ Եվրոպան ապրում է ֆուտբոլով, կարելի է ասել, որ այս յուրօրինակ տոնին մասնակից են նաեւ հայաստանցի երկրպագուները, անշուշտ՝ ոչ անմիջականորեն: Իսկ որպես երկիր Հայաստանն այսօր ՉԼ-ում ներկայացված է միայն երկու ֆուտբոլիստով՝ Հենրիխ Մխիթարյանով («Շախտյոր» Դոնեցկ, Ուկրաինա) եւ Զավեն Բադոյանով («ԲԱՏԷ», Բորիսով, Բելառուս): Հայաստանյան ակումբների համար թե ՉԼ-ի, թե Եվրոպայի լիգայի խմբային փուլերը շարունակում են երազ մնալ:

Մեր թիմերի համար առավելագույնը եղել է որակավորման շրջափուլերում մեկ փուլ հաղթահարելը: 1994-ից ի վեր (երբ անկախ Հայաստանի թիմերը սկսեցին մասնակցել եվրոպական մրցաշարերին) սա է եղել մեր ակումբների հնարավորությունների «առաստաղը»: Եվ այսօր հայ մարզասերին մնում է ընդամենը երկրպագել եվրոպական հզոր ակումբներից որեւէ մեկին կամ նրանց, որոնցում հանդես են գալիս հայ ֆուտբոլիստներ:

Ներկայումս եվրամրցաշարերի արդյունքներով մեր երկիրը հայտնվել է հետնապահների թվում, ինչպիսիք են գաճաճ երկրներ Անդորրան ու Սան Մարինոն: Հենց սա է մեր ակումբային ֆուտբոլի այսօրվա իրական պատկերը: Ու չնայած մեր ազգային եւ երիտասարդական ընտրանիները հաջող ելույթներ են ունենում միջազգային ասպարեզում՝ մարզադաշտ բերելով ֆուտբոլասերին, ակումբները եվրամրցաշարերից առաջ շատերի աչքում դատապարտվածի կարգավիճակ են ստանում, ինչը հեռու չէ իրականությունից: Վաղուց արդեն մերոնց համար կարծես առաջնայինը «կարեւորը մասնակցելն է» սկզբունքն է, երեւի նաեւ «գոնե մեկ փուլ անցնել»-ը:

Այնպես չէ, որ մեր ակումբներն ունեն ներուժ, բայց վատ են խաղում. նրանք ցույց են տալիս այն արդյունքը, ինչին առավելագույնս ունակ են: Եվ ակումբային ֆուտբոլի թշվառ վիճակի հիմնական պատճառն այն է, որ չունենք եվրոպական չափանիշներով գոնե միջին կարգի առաջնություն, ինչը հնարավորություն կտար մրցունակ թիմերով ներկայանալ արտասահմանյան խաղադաշտերում: Հայաստանի բարձրագույն ու առաջին խմբի առաջնություններում հանդես է գալիս ընդամենը 9 ակումբ: Վերջերս լուծարվեց Աբովյանի «Կինգ Դելյուքսը», եւ այժմ առաջին խմբում հանդես եկող 9 թիմերից միայն «Ալաշկերտն» է, որ բարձրագույն խմբի ներկայացուցիչներից որեւէ մեկի դուստր թիմը չէ: Այլ կերպ ասած՝ «Ալաշկերտն» արդեն ապահովել է իր մասնակցությունը բարձրագույն խմբում գալիք մրցաշրջանում, որովհետեւ մրցակից չունի (դուստր թիմերը բարձրագույն խմբում խաղալու իրավունք չունեն):

«Կինգ Դելյուքսի» լուծարման արդյունքում ոչ միայն կորավ քիչ թե շատ առկա հետաքրքրությունը առաջին խմբում ընթացող պայքարի հանդեպ, այլեւ մարզային թիմերի թիվը պակասեց եւս մեկով ու հասավ 3-ի: Միայն Գյումրու «Շիրակը», Դիլիջանի «Իմպուլսն» ու Կապանի «Գանձասարն» են պահում մարզերի պատիվը: Երեւանում կենտրոնացած առաջնությունը լավ արդյունքների բերել չի կարող, քանզի մարզերում հաստատ կան տաղանդավոր շատ պատանիներ, որոնք այդպես էլ մնում են չբացահայտված այն պարզ պատճառով, որ պատանեկան առաջնություններում խաղալուց հետո չեն տեղափոխվում պրոֆեսիոնալ թիմեր: Իսկ եթե մարզերից յուրաքանչյուրը ունենա գոնե մեկ ներկայացուցիչ, ոչ միայն հետաքրքրությունն ու մասսայականությունը կաճի մարզաձեւի հանդեպ, այլեւ հսկայական հոսք կլինի տեղի մարզադպրոցներ: Իսկ քանակը միշտ էլ որակ է ապահովում:

Պիտի փաստենք, որ ինչքան էլ լավ խաղան մեր ազգային կամ երիտասարդական ընտրանիները, հաջող ելույթները շարունակություն չեն ունենա, եթե ներկա սերնդին չլինի արժանի հերթափոխ: Արտասահման տեղափոխված մեր ֆուտբոլիստները՝ լեգեոներները, եւ սփյուռքում բացահայտված հայազգի տաղանդավոր մարզիկները մեծ ուժ են հաղորդում հավաքականին, սակայն կադրերի հիմնական դարբնոցը, միեւնույնն է, Հայաստանի ներքին առաջնությունն է: Կարող ենք ասել, թե հիմա էլ մեր երիտասարդները տեղափոխվում են արտասահման, այնտեղ մեծ փորձ են ձեռք բերում ու օգուտ տալիս հավաքականին, սակայն արդյոք դա բավարար է, եւ արդյոք կարելի է ասել, որ այս ընթացքը շարունակական կլինի միշտ: Գլխավորապես 3 ակումբների՝ «Փյունիկի», «Բանանցի» ու «Միկայի» կադրերի վրա հիմնվելը լավ օրվա մասին չի խոսում: Սրանք ֆինանսապես ապահովված կառույցներ են, բայց եթե մի պահ պատկերացնենք, որ, ասենք, ակումբներից մեկի կամ երկուսի տերերը հիասթափվում են ու լուծարում ակումբները, հասկանալի է, թե ինչ հետեւանքներ կարող է այդ ամենը ունենալ մեր ֆուտբոլի վրա:

Ակումբների լուծարումը երբեք էլ խորթ չի եղել մեր իրականությանը: Հայաստանում ֆուտբոլը եկամտաբեր բիզնես չէ, այն ուղղակի մեկ-երկու գործարարի հոբբի է, որոնք միայնակ են կրում բոլոր ծախսերն ու դժվարությունները եւ ցանկացած պահի կարող են հրաժարվել թիմ պահելուց: «Կինգ Դելյուքսը» դրա վերջին վառ օրինակն է: Բավական էր, որ դրա տերը՝ տրանսպորտային փոխադրումներով զբաղվող Արթուր Հարությունյանը (Պալաչ), ֆինանսական դժվարություններ ունենար, ակումբը լուծարվեց: Ֆուտբոլիստները հայտնվեցին կոտրած տաշտակի առաջ, սակայն ՀՖՖ-ն ընդառաջեց, եւ չնայած տրանսֆերային պատուհանը փակվել էր, նրանցից ոմանք կարողացան տեղափոխվել այլ թիմեր: Այնինչ ոգեւորությունը մրցաշրջանի սկզբում մեծ էր, ու հետաքրքիր պայքար էր սպասվում «Կինգ Դելյուքսի» եւ «Ալաշկերտի» միջեւ: Ժամանակին նման մի «բում» առաջացրեց «Երեւան Յունայթեդը», որը նույնպես թիթեռնիկի կյանք ունեցավ:

Այստեղ հարց է ծագում՝ ֆուտբոլային հստակ քաղաքականություն, մշակված մոտակա ու հեռահար ծրագրեր եւ առաջին հերթին ֆինանսական կայուն հենք, կամ որ ավելի կարեւոր է, դրա երկարաժամկետ երաշխիք չունենալու պարագայում թանկ հաճույք համարվող ֆուտբոլային ակումբ հիմնելը նվիրվածությու՞ն է, թե՞ արկածախնդրություն: Չէ՞ որ ակումբի տերը պատասխանատվություն է կրում ամբողջ կոլեկտիվի համար, եւ ցանկացած նման քայլ հանգեցնում է ֆուտբոլիստների գործազուրկ դառնալուն: Բացի այդ՝ միջին աշխատավարձերն էլ առանձնապես բարձր չեն, սակայն շատ մարզիկների միակ եկամուտն են, ու այնպես չէ, որ ֆուտբոլիստը, մնալով առանց ակումբի, կարող է շատ հեշտ նոր թիմ գտնել: Մի խոսքով՝ ակումբ հիմնելուց առաջ պետք է առաջին հերթին մի լավ ծանրութեթեւ անել, հետո նոր գործի անցնել, այլապես կարելի է կանգնել ու մյուսներին էլ կանգնեցնել դաժան փաստի առաջ:

Ակումբների նման անկայունության պատճառներից հիմնականն այն է, որ ամբողջ կառույցը կախված է մի հոգուց՝ հիմնադիր-սեփականատիրոջից: Եթե նայենք, թե ովքեր են մեր թիմերի հովանավորները, կտեսնենք, որ բոլորն էլ նույն սեփականատիրոջ ընկերություններն են: Չկան իրարից անկախ հովանավորներ, որոնցից մեկի ֆինանսական դժվարությունները չեն հանգեցնի ակումբի համար ծանր հետեւանքների:

Այս պարագայում կարելի է նշել պետության աջակցության պակասը կամ ավելի ճիշտ՝ բացակայությունը: Խոսքը ոչ թե ֆինանսապես սատար կանգնելու մասին է, այլ ադմինիստրատիվ գործառույթների: Պետության անտարբերության ապացույցն է այն, որ նույնպիսի թշվառ վիճակում է ավելի քիչ ծախսեր պահանջող մինի ֆուտբոլը՝ ֆուտզալը:  Դպրոցներում ու բուհերում ֆիզիկական կուլտուրայի դասաժամերին մատների արանքով նայելը, մանկապատենական մրցույթների նվազ քանակը, հատկապես մարզերում ենթակառուցվածքների բարոյական ու ֆիզիկական մաշվածությունն ու լքվածությունը, պետության հոգածության բացակայությունն ամբողջ համակարգի հանդեպ մեր ֆուտբոլը շարունակելու են պահել նույն ցածր մակարդակի վրա:                  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter