HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտակը երբեք դպրոց չի գնացել

Մոտ 13 տարի առաջ Լոռու մարզի Աքորի գյուղի բնակիչ Սասուն Գրիգորյանը արտագնա աշխատանքի մեկնեց: Այդ ժամանակից նրա մանկուց հաշմանդամ որդու` Արտակի համար հայրական սերն ու հոգատարությունը երազանք են: Արտակը ծնվել է գայլի երախով: Հարևանների բնութագրմամբ՝ նա շատ խելացի, հարմարվող, աշխատասեր և «ականջով  տղա  է», սակայն աննկարագրելի վատ է ապրում:  Արտակը դեռևս չի կարողանում խոսել, հազիվ թոթովում է, սակայն իրենց 4 անձից կազմված ընտանիքի գոյությունը պահպանելու համար փորձում է նեցուկ լինել մորը`38-ամյա Ալվարդին: «Դե երեխու գործը` ամառը խոտ ա կրում, ձմեռը փետի է գնում:  Շատ աշխատող է Արտակը, բայց, որ էդ ձևի ա…»,- ցավով ասում է Ալվարդը:   

Աքորուն հարող Սեդվու անտառների անտառապահ Մուշեղը մինչև վերջերս  Արտակին արգելել էր անտառից  ցախ դուրս բերել: Ալվարդը պատմեց, որ    անտառապահ Մուշեղը, այդուհանդերձ, վերջերս Արտակին ասել է. «Արի տար, Արտակ ջան, բայց ցախից բացի՝ ուրիշ բան հանկարծ դուրս չբերես անտառից»:   

Արտակը երբեք դպրոց չի գնացել և տառաճանաչ չէ: Դպրոց գնալու համար Ալվարդը Արտակի թղթերը աղջկա թղթերի հետ պատրաստել է, որ միասին նույն դասարանում նստեն: Աքորու դպրոցի նախկին տնօրեն Ասյա Թոմոյանը, սակայն, աղջկան դպրոց է ընդունել, Արտակին` ոչ: Թե ինչու հաշմանդամ երեխայի  ուսուցման, գոնե գրավոր խոսքի ձևավորման համար  առանձին մանկավարժ չի տրամադրել՝ նախկին տնօրենը ասաց. «Ես չգիտեի, որ կարող եմ այդպես վարվել, բացի այդ, Արտակը այն ժամանակ բացարձակապես չէր խոսում, նա սկսել է խոսել երկրորդ վիրահատությունից հետո»: 

Ալվարդն ասում է, որ երկրորդ վիրահատությունից հետո, երբ Արտակն արդեն 14 տարեկան էր, տնօրեն Թոմոյանն իրեն ասել է, որ Արտակին դպրոց տանի, բայց արդեն ինքն ու Արտակը չեն ցանկացել: Առաջին անգամ Արտակը վիրահատվել է 3,5 տարեկանում` Նորքի 2-րդ մանկական հիվանդանոցում, Լոռու մարզպետարանի ֆինանսական աջակցությամբ:  10 տարի անց կատարել են երկրորդ վիրահատությունը: Մոր տեղեկացմամբ՝ Արտակին 2 տարի առաջ Երևանի Արաբկիրի հիվանդանոցում արտասահմանցի մի բժիշկ է վիրահատել (մայրը չհիշեց  բժշկի ազգանունը), այս անգամ՝ «Վորլդ Վիժն» կազմակերպության Ալավերդու զարգացման կենտրոնի ֆինանսական աջակցությամբ: Երկրորդ վիրահատությունից հետո Արտակը սկսել է խոսել: «Բժշկությունն ասաց, որ նոր է օպերացիան, հետո աստիճանաբար լեզուն կբացվի»,- ասաց մայրը: 

Տնակը «Լոգարանը»

Արտակը մոր և երկու քույրերի հետ բնակվում է Աքորի մտնող ճանապարհաեզին,  դպրոցի դիմացի լանջին տեղավորված մի խարխուլ, կենցաղային տարրական պայմաններից զուրկ տնակում: Առաջին հայացքից անհնար է երևակայել, որ այդ տնակում մարդիկ են ապրում: «Ջուր, բաղնիք, զուգարան չունենք: Էնա ստի, ընդի ենք մեր բնական կարիքները հոգում: Երեխեքին էդ վաննումն եմ լողացնում, էդ էլ կեսորանցս վաննեն ա»,- տնակի առաջ ընկած մանկական  փոքրիկ լողակոնքը ցույց տվեց Ալվարդը: Վերջինս ասաց, որ ջուրը տնակից մոտ 1 կմ հեռու գտնվող գյուղի «Քոթուկի» աղբյուրից է բերում:  Տնակում միայն լույս կա, այն էլ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի միջամտությամբ է տրվել: Ջրի հարցով Ալվարդը դիմել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի Հյուսիսարևելյան մասնաճյուղի Ալավերդու տեղամաս. «Տեղամասի պետ Կոլոլյանն ասավ՝ հաշվիչն ու խողովակն առ, բայց միջոց չունեմ, ինչո՞վ առնեմ»,- դժգոհեց Ալվարդը: 

Ամուսնու մեկնելուց հետո Ալվարդը ընտանիքի գոյությունը հազիվ է պահպանել. «Էն ա 35 հազար դրամ նպաստով ու Արտակի 18 հազար դրամ թոշակով ենք ապրում: Մեկ էլ` ստեղ-էնտեղ մոշ կամ հոն ենք հավաքում»: Թաղամասի մթերային խանութի սեփականատեր Լարիսա Պետրոսյանից տեղեկացանք, որ խանութին Ալվարը 55 հազար դրամ պարտք ունի. «Թոշակն ու նպաստը ստանալուն պես Ալվարդը  պարտքը բարեխիղճ փակում է»: 

Մեր այցելության պահին տնակի դուռը փակ էր, գյուղացիներն ասացին, որ Ալվարդը փոքր աղջկա հետ դաշտում կարտոֆիլ է հավաքում: Ալվարդն ասաց, որ  աշխատանքի համար դաշտի տերը կարտոֆիլ, կաթ և այլ կաթնամթերք է տալիս:  Հետո նա ձեռքով ցույց տվեց  տնակի առաջ թափված մի բուռ ցախը և  հպարտությամբ ասաց. «Էս փետը տղես է բերել»:

-Արտա՞կը,- հարցրի:

-Հա, բերել ա, որ ձմեռը վառենք,- պարծեցավ մայրը:

 Ալվարդի ընտանիքը 7 հավ և 8 ճուտ ունի: «Նոր են ձվակտրվել, սաղ ամառը ձու են ածել»,- ասաց նա: 

Տնակի առաջ Արտակին երկար սպասեցի: Մայրն ասաց, որ  հարևան բակերում  երեխաների հետ խաղում է: Քույրն ու մայրը գնացին տղայի հետևից, սակայն նրան չգտան: Հարևաններն ասացին, որ Արտակը մթից վախենում է, ուր որ է՝ կհայտնվի: Նա հանկարծ հայտնվեց: Ինձ տեսնելուն պես փախավ: Ալվարդն ասաց, որ Արտակը   շատ է երազում հեռուստացույց ունենալ. «Ասա քեզ համար տելեվիզոր եմ առնելու` կգա»,- ասաց մայրը: 

-Արի, Արտակ ջան,  քեզ համար հեռուստացույց եմ առնելու,- կանչեցի ես: Արտակը սրընթաց ներխուժեց տնակ: Նրա հետևից մտա տնակ, նա բարի ժպիտը դեմքին, մահճակալին նստած՝ ինձ էր սպասում: Հարցերիս կարճ պատասխաններ տվեց:

- Սիրու՞մ ես հեռուստացույց նայել,- հարցրի նրան:

-Հա:

-Որ հեռուստացույց ունենաս, որտե՞ղ ես դնելու: Արտակը ձեռքով ցույց տվեց ճաշասեղանը:

-Հորդ մասին  երբևէ մտածու՞մ ես:

-Հա:

-Ինչու՞ ես մտածում:

-Իմ հերն ա:

-Ու՞մ ես ամենից շատ սիրում:

-Մորս:

 -Ո՞վ է մտերիմ ընկերդ:

-Չունեմ: 

Հրաժեշտից առաջ Ալվարդն ասաց, որ ամուսինը` Սասունը, վերջերս իր հետ հեռախոսով խոսել է: «Էն ա ասում է՝ գալտեմ, գալտեմ, բայց ես արդեն հույս չունեմ»,- ասաց սպասելուց հոգնած կինը: Հուսախաբ չլինելու համար Արտակը մորը  զգուշացրել է. «Կարող է՝ սկի չգա էլ»: Ալվարդի ունեցած տեղեկություններով՝ Սասունը Ռուսաստանում ամուսնացել է, նոր կին և 4 երեխա ունի: 

Իմանալով Արտակի՝ հեռուստացույց ունենալու երազանքի մասին` Ալավերդու  «Ֆլորա» ռեստորանի ավագ խոհարար Արմեն Քեֆիլյանը իր որդու ննջարանի «SONY»  հեռուստացույցն անմիջապես նվիրեց Արտակին, որն էլ «Հետքը» սեպտեմբերի 24-ին   փոխանցեց տղային: Թե ինչպես Արտակն ընդունեց հեռուստացույցը՝ դիտեք  ներկայացված տեսանյութում: 

Մեկնաբանություններ (6)

Gohar
Ես պարզապես զարմացած եմ,քանի որ երկու տարի առաջ այս ընտանիքի մասին մի քանի անդրադարձ է եղել հեռուստաընկերությամբ և ինտերնետային կայքում, որից հետո այս ընտանիքին հեռուստացույց են նվիրել, ինչպես նաև օգնել են սննդով, հագուստով և գումարով: Խնդրում եմ նայել հետևյալ հղումները: http://www.youtube.com/watch?v=EAc1UGIxhLk http://www.youtube.com/watch?v=LLJM_qkjn94&feature=related http://www.youtube.com/watch?v=poTMzqoahWA&feature=related http://www.youtube.com/watch?v=RhmB0Ol-Tps&feature=related
Լարիսա Փարեմուզյան
Գոհարիկ , այդ ինչքան փող ու սննդամթերք ես տվել այս մարդկանց , որ մի երկու տարի նրանց բավարարեր: Լավ եք արեք, որ տվել եք, բայց, եթե չես հասկացել քեզ բացատրեմ, որ սննդամթերքը կերել, փողն էլ ծախսել են, հեռուստացույցն էլ մարդիկ ասում են փչացել է, ինչ անեինք, նրանց նոր հեռուստացույցով օգնելու փոխարեն, քեզ գովեինք:
Gohar
Տիկին Փարեմուզյան, սննդամթերքն ու փողը ես չեմ տվել այդ մարդկանց, այլ անծանոթ մարդիկ: Իսկ հասկացողության հետ կապված խնդիրներ չունեմ, բացատրությունների կարիք չկա, ու բոլորովին ցանկություն չունեմ, որ որևէ մեկը, այդ թվում նաև Դուք, ինձ գովեք: Ինձ համար անընդունելի է այս մարդկանց հոգեբանությունը, որ տարիներ շարունակ ոչինչ չեն ձեռնարկում ու միայն սպասում են օգնության,խնդիրը ընդամենը սրա մեջ է: Ի դեպ, արդեն անիմաստ եմ համարում այս թեմայով քննարկումը:
լոռեցի
Հապա նայեք էդ կնոջ թշերին, ուժ ու առողջություն էկաթում, և ինքն էլ իր երեխաներն էլ աշխատանքի ընդունակ են; Երևում է-հանդերին մոտ են ապրում; Թող իրենց ձմեռվա ապրուստը հոգան; Իրենք էլ և թոշակ են ստանում, և նպաստ; Իսկ ինչքան մարդիկ կան, որ մենակ են իրենց ճակատագրի հետ;
Anna
Ճիշտն ասած կարդալուց որոշել էի մեր փոքր հեռուստացույցը առաջարկել, բայց վերջում կարդացի որ արդեն տվել են: Համենայնդեպս մեկ հեռուստացույց էլ կա, եթե կարիք կա, պատրաստ եմ տրամադրել, ինչպես նաև հագուստ` նոր և ոչ միայն, իմ վերարկուները, որ արդեն ինձ փոքր են, պայուսակ, գրքեր և այլն, մագնիտոֆոն: Կարող եմ Ձեր խնբագրություն զանգահարել և պայմանավորվենք:
Susanna
SHAT HUZISH HODVAC E,.DJBAXTABAR EREXAN SHAT CANR AXQATUTYAN MEJ E GTNVUM EV SHNORHAKALUTUN ARMEN QEFILIANIN EREXAIN AJAKCELU HAMAR. NA ALAVERDIUM SHAT HARGVAC MARD E.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter