HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պոչանքային հորդառատ հոսքերը թափվում են Ախթալա գետակ ու գնում դեպի Դեբեդ

Սեպտեմբերի 23-ին  «Հետքը» Ախթալայի Սարահարթ թաղամաս գնացող կամրջից  500 մետրի վրա՝  ճանապարհի հարակից  անտառում, հանդիպեց լեռնահարստացման կոմբինատից իջնող խողովակից թափվող հորդառատ  պոչանքնային հոսքերի: Դրանք անարգել թափվում են Ախթալա գետակ, այնտեղից էլ   հոսում են Դեբեդ:  Ակնհայտ է, որ  հոսքերը իրենց մեջ պարունակում են ԼՀԿ-ի արտադրական  պոչեր: Դա  փաստում էր ոչ միայն  տարածքում թափված հոսքերի գույնը, այլև Ախթալա գետակի հարևանությամբ, բարձրադիր լանջի վրա առաջացած փոքրիկ  պոչամբարը: Վերջինս  ակնհայտ երևում է նաև Ախթալայի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցու  բակից:

Պոչանքային այս հոսքերը նոր չեն: Դրանց մասին «Հետքի» հարցմանը Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը սեպտեմբերի 24-ին պատասխանեց. «Դրանք  հոսում են ամիսներ շարունակ: Ամենայն հավանականությամբ դա  Ճոճկանի պոչամբարի չգործող  շրջանառու համակարգի ջրերն են»: 

Պոչանքային այս  հոսքերի մասին «Հետքը» այսօր խնդրեց նաև  «Մեթըլ Փրինս Էլ Թի-Դի» կորպորացիայի գլխավոր տնօրենի  տեղակալ  Օրբելի Թարմինյանի  մեկնանաբությունը. «Չեմ կարող  այս պահին ասել: Կպարզեմ և  Ձեզ  կտեղեկացնեմ մի փոքր ավելի ուշ»,- ասաց գլխավոր տնօրենի տեղակալը: Իսկ կարճ ժամանակ անց  Օ. Թարմինյանը «Հետքին» հայտնեց. «Դուք ճիշտ եք, դրանք շրջանառու համակարգի ջրերն են: Մի քանի օր առաջ ընկերությունում մշակվել է բնապահպանական լուրջ պլան, այդ խողովակից պոչանքային հոսքերի կանխումը մտած է այդ ծրագրի մեջ, մենք թերթին լրացուցիչ կհաղորդենք, թե ինչ ժամկետում ենք պարտավորվում ավարտել  այդ հոսքերի վերացումը»,- ասաց Օրբելի Թարմինյանը, ով ընդամենը մի քանի ամիս է, ինչ աշխատում է ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ:  

Նույն պոչանքային հոսքերի մասին այս տարվա հունիսի 24-ի «Հետքի» հարցմանը ն  ԼՀԿ-ի նախկին  գործադիր տնօրեն, ներկայումս  ԼՀԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալի խորհրդական Լյովա Վարդանյանը պատասխանել է. «Ինչու, շրջանառու համակարգը պետք է աշխատեր, ես տեղյակ չեմ, կստուգեմ Ձեզ կտեղեկացնեմ»: Խուսափողական այս պատասխանը դեռ այն ժամանակ փաստել է, որ  Ճոճկանի պոչամբարի  ջրի շրջանառու համակակարգը, այո, տարիներ շարունակ չի գործում, իսկ պոչանքները  շարունակաբար ուղղվում են Ախթալա գետակ, այնտեղից էլ՝ Դեբեդ:  

Հիշեցնենք, որ ԼՀԿ-ն Ախթալա գետակը վաղուց դարձել է մեռած գետակ, իսկ Դեբեդի ջրերով ոռոգվող Ախթալայի, Շնողի, Քարկոփի, Ճոճկանի, ինչպես նաև Նոյեմբերյանի տարածաշրջանի շատ գյուղերի գյուղատնտեսական մթերքներ  լուրջ սպառնալիք են բնակչության առողջության համար:

Որպես կանոն «Հետքի»  հրապարակումներից մի քանի օր հետո Ախթալայի լեռնահարստացման  կոմբինատում  հայտնվում են  ՀՀ բնապահպանության  նախարարության տեսուչներն ու հատուկ հանձնաժողովները, որոնց եզրակացությունները այդպես էլ չեն հրապարակվում եւ խիստ գաղտնի են պահվում:  

Ոչինչ չի փոխվում նաև Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի բնապահպանական պարտավորությունների  կատարման գործելակերպում: Ստեղծված իրավիճակում մնում է հարց տալ ՀՀ կառավարությանը` ով և որ իրավունքով է առ այսօր հանդուրժել և կանաչ լույս վառել Սերոբ Տեր-Պողոսյանին պատկանող կոմբինատի շրջակա միջավայրը ոչնչացնող գործունեությանը:     

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter