HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկ տարի է` արվեստի միությունը չեն գրանցում Ջավախքում

«Արեգ» արվեստի բարեգործական միության համար 4 լեզվով պատրաստված կնիքը ջավախքցի գրող Սիլվա Սիփանուհու մոտ է, սակայն այն օգտագործել չի կարող: 1999 թվականին Ջավախքի Տուրցխ գյուղում բացված «Արեգ» արվեստի բարեգործական միությունը, մի քանի տարվա ընդմիջումից հետո, ջավախքցի գրողներ Գուրի Եթերը և Սիլվա Սիփանուհին ուզում են վերագրանցել և նոր թափով սկսել դրա գործունեությունը:

Այդ նպատակով դեռևս անցյալ` 2011 թվականի սեպտեմբերից արվեստի միության վերագրանցման փաստաթղթերը հանձնել են Վրաստանի արդարադատության նախարարություն, որպեսզի արվեստի միությունը իրավաբանական անձի կարգավիճակ ստանա ու կարողանա պատշաճ գործունեություն ծավալել: Սակայն մինչ օրս որևէ պատասխան չեն ստացել` ոչ արվեստի միությունն են գրանցել, ոչ էլ մերժում են ուղարկել: Մինչդեռ, Սիլվա Սիփանուհին ասում է, որ ինքը 1000 լարիի չափ գումար է ծախսել (շուրջ 250 հազար դրամ) այդ փաստաթղթերը վրացերեն պատրաստելու և թարգմանելու համար:

«2010 թվականին ապրիլի 7-ին Տուրցխում բացեցինք երաժշտական դպրոց, երկու ամիս դասերը եղավ, ունեինք լավ մասնագետ` կոնսերվատորիայի շրջանավարտ Հարություն Մուրադյանն էր, ուեինք 22 աշակերտ, կային կողքի գյուղերից` Զակից, նաև հեռավոր գյուղերից` անգամ Ալաստանից, իսկ հիմա որ պետք է վերահաստատվի արվեստի միությունը և մենք որպես իրավաբանական անձ հանդես գանք ու կարողանանք մեր հաշվեհամարը բացել, և սփյուռքը պատրաստ է հովանավորել, որ մենք դասերը սկսենք դպրոցում, Վրաստանը մեր արվեստի միությունը չի վերահաստատում»,- ասում է Սիլվա Սիփանուհին:

Երաժշտական դպրոցը արվեստի միության բաղկացուցիչ դպրոցներից մեկն է, որի համար ՀՀ սփյուռքի նախարարությունը գործիքներ է տրամադրել: Սիլվա Սիփանուհին ասում է, որ նախարարությունը պատրաստակամություն է հայտնել նորից անհրաժեշտ գործիքներ տրամադրել դպրոցի գործունեության համար, սակայն Թբիլիսին մինչև հիմա լռում է:

«Ես դիմել եմ շրջանային դատարան, ասացին` նրանք պիտի մերժեն, նոր դիմենք դատարան,- ասում է Սիլվա Սիփանուհին և հավանական պատճառը նշում,- նրանք չեն ուզում, որ մենք ապրենք Ջավախքում, ուզում են, որ քաղաքավարի հեռանանք գնանք, կորչենք, ձուլվենք ուրիշ ազգերին»:

Արվեստի միությունը պատրաստ է սկսել իր աշխատանքը: Արդեն իսկ 55 աշակերտ է գրանցված և 5 դասատու:  Տարածք նույնպես ունի, իսկ Տուրցխի հանրային դպրոցը տրամադրել է առաջին անհրաժեշտության կահույքը` սեղան-աթոռ: «Գործիքները կան, դասատուները կան, աշակերտները կան, բայց լրիվ գտնվում ենք օդի վրա,- ասում է Սիլվա Սիփանուհին,- ես խնդրում եմ Վրաստանի կառավարությունից, ղեկավար մարմիններից մարդկային մի փոքր վերաբերմունք ցույց տան տեղում ապրող հայերի հանդեպ»:

Երաժշտական դպրոցը դեռ գրադարան չունի, սակայն տիկին Սիլվան մտահոգվում է, թե ինչպես է երաժշտական գրքերը Հայաստանից հասցնելու Ջավախք, քանի որ արդեն իսկ տխուր փորձ ունի նույնիսկ հոգևոր գրքեր Ջավախք տանելու հարցում: Սիլվա Սիփանուհին վրդովված է, նույնիսկ հուշում է հոդվածի վերնագիրը դնել «Բավրայի անցակետը` մազե կամուրջ, թե սատանի դուռ», գուցե դրանից ազդվեն:

Այս հարցի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով գրավոր դիմել ենք Վրաստանի արդարադատության նախարարությանը: Դեռևս պատասխան չենք ստացել: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter