Ռամիլ Սաֆարովը, Թուրքիան, հունգարա-ադրբեջանական գործարքը եւ պատերազմի թուրք-ադրբեջանական արկածախնդրությունը- 3
Գուրգեն Մարգարյանի սպանությանը նվիրված սույն հետաքննության նախորդ երկու մասերում հիմնավորել էինք, որ ոճրագործ Ռամիլ Սաֆարովը.
- շարքային ռասիստ էր, ում խրոնիկ հայատյացությունը, պատանեկության շրջանից սկսյալ, սնուցվել էր Թուրքիայում` ուսումնառության տարիներին, որտեղ էլ տարբեր գործիքներով նրան սովորեցրել էին մարդ սպանել,
- «հերոս» երեւալու ու իր վրա ուշադրություն հրավիրելու մարմաջ ուներ, թեպետ նրա ինտելեկտուալ հնարավորությունները (այդ շրջանում ունեցել է միջնակարգ դպրոցի շրջանավարտի ցածրագույն ինտելեկտ` 5 բալանոց սանդղակով 1, կրթության նկատմամբ անտարբերություն) թույլ չէին տալիս նրան առաջնորդ լինել որեւէ լուրջ միջավայրում,
- իր հոգեբանական տեսակով միանգամայն հարմար հումք էր որեւէ գործողության, այդ թվում՝ հանցագործության դրդելու համար, քանի որ դրսից խիստ կառավարելի էր ու այլոց ազդեցությանը ենթարկվող,
- սպանությունը պլանավորել էր ավելի վաղ, դրան նախապատրաստվել էր երկար ժամանակ` մանրակրկիտ զննելով հայ սպաների անցուդարձը, թեպետ չէր սովորում նրանց խմբում ու անգամ մոտիկից չէր ճանաչում նրանց,
- հորինել է փետրվարի 18-ի «միջադեպը» (իբրեւ թե հայերն իրեն ողջունել են “hi” դիմելաձեւով, ինչ-որ բան քրթմնջացել ու ծիծաղել իր վրա) սոսկ հանցագործությունը փետրվարի 19-ին կատարելը «հիմնավորելու» նպատակով:
Մինչդեռ քրեական գործում ամենաուշագրավ պահերից մեկը մարդասպան Ռամիլ Սաֆարովի ու ադրբեջանցի հետախույզ, հատուկ զորքերի սպա Անար Ալիեւի փոխհարաբերություններն են, որոնց մասամբ անդրադարձել ենք նախորդ մասում: Ավաղ, գործի բուդապեշտյան քննությունն այդպես էլ չբացահայտեց Անար Ալիեւի կապը հանցագործության հետ, քանի որ Իլհամ Ալիեւի վարչախումբը նրան փախցրեց Բաքու արդեն իսկ խիստ հասկանալի մտահոգություններից դրդված, որոնց էլ կանդրադառնանք ստորեւ…
Ադրբեջանցի հետախույզը տեղյակ չէ՞ր «պլանավորված ու երկար նախապատրաստվող» ոճրից…
Պլանավորված հանցագործությունից Անար Ալիեւի «անտեղյակության» ալիբին առաջինը «ստեղծել» է հենց Ռամիլ Սաֆարովը: Եւ դա անելու ձեւը պետք է ի սկզբանե տարօրինակ դիտվեր թե՛ քննչական մարմնի, թե՛ հայկական պաշտպանական կողմի համար:
Մարդասպանը նախ դա արել է անուղղակի եղանակով, երբ իր ցուցմունքում պատմում է, թե ինչպես է փետրվարի 18-ի երեկոյան` ժամը 19:00-ի մատույցներում, «Տեսկո» խանութից միայնակ գնել կացինը, սրոցաքարը եւ դանակը, դրանք բերել իր սենյակ ու պահել անկողնու տակ, ապա` «անգլերենի առաջադրանքն անելուց հետո», դուռը փակել ու սրել է կացինը, դուրս եկել միջանցք, գնացել լոգասենյակ՝ ծխելու, եւ վերադարձել սենյակ, արթուն է մնացել մինչեւ լուսադեմի ժամը 5:00-ն ու գնացել սպանությունը կատարելու… Ասել է թե` Անար Ալիեւն այս ամենի հետ «կապ չունի», ու վերջինիս մարդասպանն այդ ողջ ընթացքում չի տեսել:
Հարցաքննության ընթացքում Ռամիլ Սաֆարովը քիչ հետո ավելի ուղղակի է «հերքում» իր հայրենակցի առնչությունը սպանությանը. «Երբ մյուս ադրբեջանցի հայրենակիցս արթնացավ (նա արդեն սպանությունը կատարել ու լուսադեմին գնացել էր Անարի սենյակ-հեղ.), նա ամբողջությամբ շոկի մեջ էր: Նա նայեց կացնին եւ տեսավ վրայի արյունը, եւ կարծում եմ, որ հենց այդ ժամանակ գիտակցեց, թե ես ինչ եմ արել: Նա սկսեց լացել, ու դրանից հետո ոստիկանությունը եկավ: Ես հայտարարում եմ, որ իմ ադրբեջանցի հայրենակիցը ոչինչ չգիտեր իմ պլանների մասին: Չնայած, ես նրան չէի պատմել, թե ինչ եմ ցանկանում անել, որովհետեւ նա լուրջ հեռանկարներ, նպատակներ ու ձգտումներ ունի, եւ ես չցանկացա նրա կյանքը նույնպես խորտակել» փետրվարի 19-ի առավոտյան Անարի հետ իր հանդիպումը, նրա ռեակցիան նկարագրելուց հետո ահա այսպես` հանկարծակի Ռամիլ Սաֆարովը որոշում է հեռու պահել Անարին բոլոր տեսակի կասկածներից ու, առանց քննիչի հարցին սպասելու, նման հայտարարություն է անում:
Ոճրագործի կողմից Անար Ալիեւին իր պլանների մասին տեղյակ չպահելը դատավարությանը հետեւած Հայկ Դեմոյանը մեկնաբանել է նրա հանդեպ Սաֆարովի ունեցած արհամարհական վերաբերմունքով: Այդ եզրահանգման համար Դեմոյանը վկայակոչում է արդեն բժշկական փորձաքննության ժամանակ Սաֆարովի ասածը Անար Ալիեւի հասցեին. «Ես իմ գործընկերոջ հետ չցանկացա կիսվել, քանի որ նա ռանգով ցածր է, պատերազմ չի տեսել եւ ոչինչ չէր հասկանա, իսկ ես չէի ցանկանա նրա խղճահարությունն առաջացնել: Ինձ թվացել է, որ նա անգամ չի նկատել կամ չի ցանկացել նկատել հայերի սանձարձակությունները»: Հիշենք, որ Անարն էլ իր ցուցմունքում էր անուղղակի ստորադասել Ռամիլ Սաֆարովին, թե ինքը ուժեղների խմբում էր, իսկ Ռամիլը` թույլերի, ինքը շատ երկրներում էր եղել ու կրթությանը լուրջ է վերաբերվում, իսկ մարդասպանը թքած ուներ ամեն ինչի վրա:
Արհեստածի՞ն, թե՞ իրական էր երկու ադրբեջանցիների միջեւ այս նկատելի լարվածությունը ու փոխադարձ վերաբերմունքը: Հանցագործության մասին Անար Ալիեւի անտեղյակ լինելու կամ նրան անտեղյակ պահելու վարկածը, դրա պատճառը (փոխադարձ արհամարհանքն ու թերագնահատումը) առավել հավանական կլինեին, եթե Ռամիլ Սաֆարովը նախ՝ ստած, ապա` Անարի համար անհաջող ալիբի ստեղծած չլիներ: Իսկ դա ջրի երես հանեց հենց ինքը` Անար Ալիեւը:
Անար Ալիեւը նախօրեին եղել է Ռամիլ Սաֆարովի սենյակում ու տեսել է դանակը, կացինը…
Անար Ալիեւի ցուցմունքում Ռամիլ Սաֆարովի հետ կապված մի պահ կա, որը մարդասպանը թաքցրել է իր հարցաքննության ընթացքում, երբ նշել է, թե Անարը «ոչինչ չգիտեր իմ պլանների մասին», ինչպես նաեւ` փետրվարի 18-ի երեկոն ամենայն մանրամասնությամբ նկարագրելիս չէր ասել, որ ժամը 19:00-ից հետո Անարի հետ հանդիպում, այնուամենայնիվ, եղել է…
Ռամիլի սենյակ գնալու ու երկուսի հանդիպման փաստն ակնհայտ է դարձնում Անար Ալիեւը. «Նա ինձ ցույց տվեց «Տեսկո»-ում գնված դանակը: Ես նկատեցի ու դուրս քաշեցի կացինը (հավանաբար, անկողնու տակից, քանի որ Ռամիլ Սաֆարովը նշել էր, որ այնտեղ է պահել այն-հեղ.) ու հարցրեցի, թե իր ինչի՞ն է պետք դա: Նա բացատրեց, որ հոր համար է գնել: Ինձ պատասխանը տարօրինակ թվաց, ու նա պատասխանեց, թե այստեղ (կացինը-հեղ.) շատ ավելի էժան է»:
Վերստին ընդգծենք, որ մարդասպանը չի նշել, թե փետրվարի 18-ի երեկոյան ինքը հանդիպել է որեւէ մեկին, այդ թվում` Անար Ալիեւին: Մինչդեռ երկուսի ցուցմունքներում հակասությունը նկատելի է. Ռամիլ Սաֆարովը հերքել է պլանավորված սպանության մասին Անար Ալիեւի անգամ իրազեկվածությունը, թաքցրել է, որ կացին, սրոցաքար ու դանակ գնելուց հետո վերջինս եկել է իր սենյակ, դրանք տեսել է այնտեղ եւ իրենց միջեւ այդ ամենի շուրջ որեւէ հարցուպատասխան է եղել: Իսկ Անարը ցուցմունք է տալիս, թե դրանք տեսել է ու տարօրինակ է համարել իր հարցերին Սաֆարովի տված պատասխանները: Այս ամենն ավելի կասկածելի է դարձնում Անարի պատմածը. երբ սպանությունից հետո Ռամիլ Սաֆարովը մտել է նրա սենյակ ու հայտարարել. «Ես դա արեցի»: Դրանից հետո Անար Ալիեւը սկսել է բարձրաձայն լաց լինել: «Ես նրան հարցրեցի, թե ինչո՞ւ դա արեց: Նա (մարդասպանը-հեղ.) պատասխանեց, թե իբր, երբ տուն գնաս, բոլորին կպատմես, որ ես արել եմ այն, ինչը պետք է անեի, եւ թող նրանք չհուզվեն…»:
Միանգամայն տարօրինակ է, երբ հանցագործություն կատարած ոճրագործը մտնում է հանցագործությունից «անտեղյակ» մեկի սենյակ ու ասում` «ես ԴԱ արեցի», այն դեպքում, երբ դիմացինը չգիտի, թե «ԴԱ»-ն ի՞նչ է: «Անտեղյակ» հետախույզն էլ միայն կացնի վրայի արյունից է հասկանում, թե ի՞նչ է «ԴԱ»-ն ու նրան հարցնում է, թե «ինչո՞ւ արեց ԴԱ» ու լաց է լինում: Զավեշտն ավելի է մեծանում, երբ մարդասպանը «անտեղյակին» հանձնարարում է, թե վերջինս ում որ պետք է պատմի «ԴԱ»:
«Ես դա արեցի», թե՞ «Տեսա՞ր, ես դա արեցի»
Միանշանակ է, որ «քնաթաթախ» Անարը գիտեր, թե ինչ էր ԴԱ-ն, քանի որ նախօրեին եղել էր Ռամիլի սենյակում ու տեսել հանցագործության գործիքները: Առավել հավանական է, որ դա եղել է այն ժամանակահատվածը, որը Ռամիլ Սաֆարովը ներկայացնում է իբրեւ «անգլերենի տնային առաջադրանքները կատարելու» հատված: Առնվազն տարակուսելի է (եւ հենց սկզբից էլ կասկածելի պետք է համարվեր), որ սթափորեն հանցագործություն կատարելու պատրաստվող ոճրագործը, ով պետք է առանց դիմադրության հանձնվեր ոստիկաններին, մի հատ էլ տնային առաջադրանքներն է կատարում, երբ հրաշալի գիտեր, որ իրավապահներին հանձնվելուց հետո իրենից «առաջադրանքը պահանջող» այլեւս չի լինելու… Եւ խիստ հավանական է թվում, որ Անարը հենց այդ ընթացքում է այցելել Ռամիլի սենյակ ու ամբողջությամբ չպարզված ծավալով զրույց ունեցել Ռամիլ Սաֆարովի հետ հանցագործության կապակցությամբ:
Ակնհայտ է նաեւ, որ Անարը քննիչին պատմում է իրենց զրույցի ընդամենը կեսը` եւ առաջին հերթին իր համար ալիբի ստեղծելու նպատակով. նա ստիպված էր սոսկ այդ հատվածը պատմել, քանի որ վստահ չէր կարող լինել, որ Ռամիլ Սաֆարովը քննիչին չի պատմի նախօրեին իր սենյակում Անարի հետ ունեցած ամբողջ խոսակցությունը: Եթե Անարը չպատմեր իրենց հանդիպման մասին, իսկ Ռամիլը պատմեր, ապա Անարի նկատմամբ ավելի մեծ էին լինելու կասկածները, եւ նա չէր կարողանալու սպրդել գործից որպես առնվազն հանցագործության մասին իմացող, բայց չհայտնող: Բայց նա չէր կարող պատկերացնել, որ «պարտիզան» մարդասպանն ընդհանրապես թաքցնելու է այդ հանդիպումը, ավելին` տպավորություն է ստեղծելու, թե արհամարհում է Անարին: Այսպիսի փակուղային իրավիճակում էլ Անարը հարկադրված եւ ինքն իրեն պաշտպանելու համար «վառեց» Ռամիլ Սաֆարովին:
Եթե կատարված հանցագործությանը Անարի միակ առնչությունը լիներ միայն կացինը տեսնելու պահը, բայց ոչ ծրագրված սպանության մասին իմանալը, ապա խնդիր չէր լինի: Ռամիլը առնվազն կխոստովաներ, որ Անարը տեսել է կացինը, բայց միեւնույն է, ինքը նրան չի ասել դրա իրական նշանակությունը: Սակայն Անարի գործը բարդանում էր այն առումով, որ Ռամիլ Սաֆարովն արդեն իսկ բազմաթիվ տեղերում վկայել էր, որ սպանությունը «փետրվարի 26-ին է պլանավորված եղել», ինքն էլ «երկար է նախապատրաստվել դրան»: Ուստի, հարցաքննությունների ընթացքում Անարն ավելի շատ բան պետք է պատմեր, եթե ոչ անգամ փետրվարի 18-ի ու իրենց զրույցի մասին, ապա Ռամիլ Սաֆարովի, նրա հետ ունեցած տարբեր զրույցների մասին: Դժվար թե հետախույզը չիմանար կամ չտեսներ, թե ինչով է զբաղված իր հայրենակիցն այնտեղ: Առավել եւս, դժվար թե Ռամիլը նրան երբեւէ պատմած չլիներ իր մտադրությունների մասին:
Այս առումով չափազանց կարեւոր հարցեր անպատասխան են մնացել. իրականում ի՞նչ են խոսել ադրբեջանցի երկու սպաները հանցագործության նախօրեին կամ ավելի վաղ: Արդյո՞ք, իսկապես, Ռամիլն Անարին չի հայտնել իր պլանների, մտադրության, այդ թվում` կացնի, դանակի ու սրոցաքարի իրական նշանակության մասին ու չի առաջարկել միասին «հերոսանալ»: Արդյո՞ք Անարի պատասխանը չի եղել, որ ինքը «լուրջ հեռանկարներ, նպատակներ ու ձգտումներ ունի եւ չի ցանկանում խորտակել իր կյանքը», ինչի մասին բարձրաձայնել է Ռամիլը: Արդյո՞ք Անարի տված մերժումը կամ մահափորձի վերաբերյալ վերաբերմունքը չէ ընկած բժշկական փորձաքննության ժամանակ Ռամիլի այն հանդիմանական ռեպլիկի հիմքում, թե «Անարը կարծես թե չի նկատում կամ չի ցանկանում նկատել հայերի սանձարձակությունները»: Արդյո՞ք հենց այդտեղ չէ, որ Անարը խղճահարություն է դրսեւորել Ռամիլի հանդեպ` իբրեւ պատերազմում կորուստներ տեսած մեկը: Միգուցե դա՞ է պատճառը, որ այդ խոսքերից նեղսրտած Ռամիլը խոսում է իրենից ռանգով ցածր ու պատերազմ չտեսած մեկի խղճահարությանը չարժանանալու պատճառով Անարին իր պլանների մասին տեղյակ պահելու աննպատակահարմարության մասին: Եւ ընդհանրապես, հնարավո՞ր էր, որ Ադրբեջանի զինված ուժերի հետախույզ ու հատուկ զորքերի սպա Անար Ալիեւը, որ ինտելեկտուալ կարողություններով ավելի բարձր էր ու նպատակասլաց, չիմանար կամ տեղյակ չլիներ իր հայրենակցի մտահղացումների ու պլանների մասին: Արդյո՞ք հանցագործության կատարման հանդեպ Անարի թերահավատությունը չէր պատճառը, որ Ռամիլը սպանությունից հետո իրեն գցում է նրա սենյակ ու մոտավորապես ասում` «Տեսա՞ր, ես դա արեցի»: Ովքե՞ր էին Սաֆարովի արարքի հաշվետվության հասցեատերերը, ո՞ւմ Անարը պետք է փոխանցեր, թե Ռամիլն արել է այն, ինչ պետք է աներ»…. Եւ այսպես բազում այլ անպատասխան մնացած հարցեր:
Սակայն, սա միակ լուրջ խնդիրը չէր, որ Անար Ալիեւն իր ցուցմունքներում ստեղծել էր իր եւ ոճրագործի համար: Ու Բաքվի համար այդ անցանկալի հանգամանքները կենսական անհրաժեշտություն էին դարձնելու Անարին փախցնելն ու մեկուսացնելը….
Շարունակությունը՝ հաջորդիվ
Ստյոպա Սաֆարյան,
վերլուծաբան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել