HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Լավ է, որ նախագահից չխլեցինք հեղինակային իրավունքը

Կառավարությունում ՀՀ նախագահի սեպտեմբերի 15-ի ելույթին լրատվամիջոցները լրջություն չհաղորդեցին. մամուլի անդրադարձներն ավելի շատ հումորի ժանրից էին, իսկ սոցիալական ցանցերի մեկնաբանությունները` բացառապես գրոտեսկի ժանրից: Նախագահի ելույթում լրագրողների համար նորություններ չկային, մամուլը շատ հաճախ է այդ մասին գրում, պարզապես դրանք հնչեղություն չեն ստանում, որովհետեւ նախագահն ու կառավարությունը չեն արձագանքում:

Կառավարությանը խրատներ տալու առիթը Ազգային գրադարանի վերանորոգման համար պետական բյուջեից հատկացված գումարի յուրացումն էր, սակայն այն պատճառ դարձավ, որպեսզի անդրադառնան գնումների գործակալության միջոցով պետական բյուջեի օրինականացվող թալանին, նախագահի բնորոշումով՝ «ատկատին»: Մենք՝ լրագրողներս, այդ բառը չենք գործածում, բայց տարիներ շարունակ գրել ենք այդ մասին, հրապարակումներում անուններ են նշվել, դեպքեր են նկարագրվել, նույնիսկ անթաքույց արված գործարքների մանրամասներ են ներկայացվել, որոնք ուշադրության չեն արժանացել (տես` «Արդար եւ անկողմնակալ» մրցույթներ` կանխորոշված հաղթողներով): Այս հրապարակման իրական «ձեռքբերումն» այն եղավ, որ մրցույթը չեղյալ համարվեց, սակայն դա չի նշանակում, որ նոր անցկացվող մրցույթը օրինականության շրջանակում էր: Գնումների գործակալության մի պաշտոնյա այս հրապարակման առիթով առանց անհանգստության նշույլի ինձ ասաց. «Բա որ մի քանի տարի առաջ տեսնեիր, մրցույթի հայտն էլ չէին ընդունում ու դռնից հետ էին ուղարկում, գիտե՞ս՝ ինչքան բան է փոխվել»:

Այդ դեպքից անցել է ավելի քան 5 տարի, դրանից հետո գնումների գործընթացը բարելավելու, այսպես ասած՝ թափանցիկ դարձնելու եւ այլ բարեփոխիչ ձեռնարկներ են իրականացվել: Ինչպես տեսնում ենք, «բարեփոխումներից» հինգ տարի հետո, երկրի ղեկավարը հայտարարում է, որ գնումների գործակալության միջոցով փոշիացվել է Ազգային գրադարանի վերանորոգման նպատակով պետության բյուջեից հատկացված 700 մլն դրամը: Չեմ ուզում թաքցնել, որ «Հետքի» խմբագրությունում տեղյակ էինք Ազգային գրադարանում տեղի ունեցող թալանին, սակայն այս հարցում հետեւողական չգտնվեցինք: Նախագահի ելույթից «ազդված» մի պահ մեղավորության զգացողություն ունեցա, որ ժամանակին այդ մասին չգրեցի, հետո սթափվեցի, հիշելով մեր այն բոլոր հրապարակումները, որոնցում ահազանգ կար յուրացումների, անօրինականությունների, կոռուպցիայի մասին, բայց դրանք ուշադրության չարժանացան:

2012 թ.-ին «Հետքը» տարբեր ոլորտներին վերաբերող մի քանի տասնյակ հոդվածներ է հրապարակել, որոնցից յուրաքանչյուրն այդպիսի մի չարաշահման պատմություն է, ցանկության դեպքում ընդամենը պետք էր ստուգել հրապարակված փաստերը, հաստատել կամ հերքել, հաշվարկներ իրականացնել եւ տեսնել, թե տարեկան այդ ոլորտից որքան կարելի էր խնայել:

Այս դեպքում էլ հաշվարկներ չներկայացվեցին, թե որքան է կազմել «ատկատը», սակայն նախագահը Կառավարության անդամներին հիշեցրեց կենսաթոշակների պատմությունը, որը բացահայտելուց եւ համակարգի գործունեությունը վերանայելուց հետո իրենց հաջողվում է տարեկան 12 մլրդ դրամ խնայել: Համեմատության համար նշենք, որ մեկ մարզին զարգացման ծրագրեր իրականացնելու նպատակով հատկացված տարեկան գումարը երբեմն ավելի քիչ է լինում: Դարձյալ համեմատության համար նշեմ, որ հատկացված 12 մլրդ դրամով մարզի մի շարք համայնքներում նախատեսվում են դպրոցների, նախակրթական հաստատությունների, բուժհիմնարկների վերանորոգումներ, ճանապարհաշինություն է իրականացվում, ջրագծեր են փոխվում եւ այլն (թեկուզեւ «ատկատի» կանոններն այստեղ էլ են գործում):

Նման դեպքերում կամ մենք՝ լրագրողներս, պետք է պատասխանատվության ենթարկվենք պետությանն ու իր կառույցներին վարկաբեկելու համար, կամ պետք է բացատրություն տրվի, թե ինչու են անպատիժ մնում իրականացնողները: Հակառակ դեպքում, տարեկան մեկ անգամ նախագահի հնչեցրած ելույթներն այս կամ այն ոլորտում առկա չարաշահումների կամ հանրության շրջանում ունեցած անվստահության մասին, միայն ժպիտ կառաջացնեն: «Չկա մի կազմակերպություն, որտեղ այս կամ այն չափով այդ խնդիրն առկա չլինի»,- իրավացիորեն նշեց նախագահը, սակայն այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչու հենց այս դեպքը զայրացրեց նրան:

Ընդամենը մեկ ամիս առաջ ներկայացրել ենք «Երեւան Ջուր» ընկերությունում տեղի ունեցող ապօրինությունները, որտեղ, մասնագետների մոտավոր հաշվարկներով, ամսական մոտ 1 մլրդ դրամ է գրպանվում: «Երեւան Ջուր» ընկերության ղեկավարությունը մեզ ցույց է տալիս ծակոտկեն խողովակները եւ ասում, որ ինքը չի կարող բնակչությանն ապահովագրել թունավորումներից, որովհետեւ գումար չկա խողովակները փոխելու համար: Նախագահի վերահսկողականում լավատեղյակ են ողջ պատմությանը եւ ոչինչ չեն ձեռնարկում:

Տպավորությունս այն է, որ իշխանավորների համար նսեմացում է համարվում լրագրողների հրապարակումներին լրջություն հաղորդելը եւ առհասարակ, չորրորդ իշխանությանն այս երկրում դերակատարություն վերապահելը: Հիմա նույնիսկ հանգիստ եմ, որ Ազգային գրադարանում տեղի ունեցած թալանին չենք անդրադարձել, եթե այդ դեպքի մասին, չեմ ասում գնումների ոլորտում առկա կոռուպցիայի, դարձյալ լրագրողները գրեին, երեւի անհետեւանք կմնար: Հաստատ, լրագրողի հրապարակման հիման վրա Գնումների գործակալության ղեկավարին աշխատանքից չէին ազատի: Ուրեմն լավ է, որ նախագահից չխլեցինք հեղինակային իրավունքը, եւ նա այս անգամ կառավարությանը սաստելուց բացի գործնական քայլ կատարելու հնարավորություն ունեցավ:

Մեկ տարի առաջ «Հետք»-ը հրապարակեց գանացի հետաքննող լրագրող Անաս Առիմիյաու Անասի մասին, որին գործընկերները միջազգային մրցանակի էին արժանացրել իր երկրի մաքսային ծառայությունում իրականացրած հետաքննության համար: Հետաքննությունը հրապարակվելուց հետո մեկ ամսվա ընթացքում 200 մլն դոլար չմուծված հարկեր են վճարվել երկրի բյուջե: Այդ հաշվարկը հնարավոր է եղել կատարել, որովհետեւ, ինչպես լրագրողն է ներկայացրել, ամեն ինչ սկսվել է նրանից, երբ իր բջջայինին զանգահարել է Գանայի նախագահ Ջոն Աթա Միլին եւ խնդրել է աջակցել կոռուպցիայի բացահայտման գործում:

Գործընկերների այն հարցին՝ իսկապես նախագահը տեղյակ չէ՞ր, թե ով է կաշառք վերցնում, և ինքն էլ կոռուպցիոն շղթայի մասը չէ՞ր, գանացի լրագրողը պատասխանել է. «Հեշտ չէ ասել, թե որքան ազնիվ կամ որքան կոռումպացված է որևէ նախագահ: Բայց առնվազն նախագահն առաջին քայլն է անում՝ հայտարարելով, որ «ես կարծում եմ՝ կառավարությունում կոռուպցիա կա, եկեք և օգնեք ինձ մաքրել կառավարությունը: Ուրեմն նման նախագահին մենք պետք է որոշակիորեն վստահենք ու հարգենք»:

Կուզենայի այս խոսքերն ասելու հնարավորություն մեզ էլ տրվեր, սակայն ցավալիորեն, մեր երկրի նախագահները մշտապես մերժել են լրագրողներին: Այն, ինչ մենք ենք արել, հիմնականում անտեսվել է, հատկապես, երբ դա վերաբերվել է պետական կառույցներին ու բարձրաստիճան պաշտոնյաներին: Չեմ ուզում նսեմացնել գանացի մեր գործընկերոջ դերը, սակայն մեր բացահայտումներն իրենց նշանակությամբ պակաս կարեւոր չեն  եղել: Պարզապես մեր բոլոր նախագահներն անտեսել են ԱՄՆ 3-րդ նախագահ, ԱՄՆ-ի Անկախության հռչակագրի նախագծի հեղինակ  Թոմաս Ջեֆերսոնի երեքդարյա փորձություն անցած խոսքերը. «Եթե ստիպված լինեի ընտրել՝ ունենալ կառավարություն առանց թերթերի, թե թերթեր առանց կառավարության, առանց մտածելու կընտրեի երկրորդը»:

Մեկնաբանություններ (2)

Քրիստինե
Հարգելի Ann երեքդարյա փորձությունը ընդամենը երեքհարյուրամյա պատմություն է ենթադրում, մեկ դարի 100 տարի է, ոչ թե հազար;
Դարդ-
ով կարող է հերքել, որ Հայաստանը դարձել է ալան-թալանի երկիր, կատարողներն էլ պետական պաշտոնյաները և ծառայողներն են, որոնք իրենց փորձը փոխանցում են հենց իրենց որդիներին, ժառանգություն տալով իրենց պաշտոնները՝ թեկուզ մեկ այլ ոլորտներում։ Դրա համար էլ Հայաստանում կոռուպցիայի և հանցագործությունների դեմ երբեք արդյունավետ պայքար չի մղվի, քանի- քանի ծրագրեր էլ կազմվեն։ Հայաստանի հողում չծնված և Հայաստանի ջուրը չխմած նախագահները և պաշտոնյաները կարծես թե նպատակ են դրել Հայաստանը օտարացնելու

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter